ՀՐԱՉՅԱ ՄԻՐԶՈՅԱՆ

Կյանքի 79-րդ տարում վախճանվել է գրականագետ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, 2012 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ Հրաչյա Միրզոյանը:
Ծնվել է 1940 թ. մարտի 13-ին ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Դոստլու (այժմ` Բարեկամավան) գյուղում: ԵՊՀ պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո պաշտոնավարել է համալսարանում` որպես փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ (1989-2000 թթ.), փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության (1998-2004 թթ.), փիլիսոփայության և հոգեբանության (2004-2009 թթ.) ֆակուլտետների դեկան: Տարբեր տարիների աշխատել է նաև Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում (1994-1997 թթ.), Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1997-2003 թթ.): 1992 թվականից «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրն էր:
Հրաչյա Միրզոյանը մի շարք մենագրությունների, հարյուրից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Մեծ է նրա վաստակը, մասնավորապես նարեկացիագիտության բնագավառում` «Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը» (2006), «Նարեկացիական հետազոտություններ» (հոդվածների ժողովածու, 2010) ծանրակշիռ հատորներով: Հրատարակել է նաև «XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն» (1983), «Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի» (2006), «Հայ գրքի և գրատպության պատմության փիլիսոփայական անդրադարձներ» (2015) մենագրությունները:
Տասնամյակների իր գործունեության և վաստակի համար արժանացել է մի շարք մրցանակների և պարգևների:
Ճանաչված գրական-գիտական-մշակութային գործչի, անաչառ ու սկզբունքային մարդու և գործընկերոջ հիշատակը վառ կմնա նրա հարազատների, մտերիմների և բազմաթիվ ընթերցողների սրտերում:

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։