կամ անդունդի խորքը
կամ այս կապույտն ի վեր
Սլավի – Ավիկ Հարությունյան
Ուոլթ Ուիթմենն ասում էր, որ գրողը պետք է գնա և բացահայտի «նոր միջավայրեր կյանքի», քանի որ ստեղծագործողի ինտուիտիվ կենսականությունը պահողը շարժումն է: Արդյոք բոլորը խոսում և գրո՞ւմ են նույնի մասին կամ մտածում փոխել այն: Ենթադրելի է` ինչ մտածում ես դու, նույն կերպ և մտածեն ուրիշները, սակայն իրականության մեջ ամենևին այդպես չէ, քանի որ այլքը, վերջիվերջո, ինչքան էլ ենթակա լինեն ընդհանրական գաղափարին, համենայնդեպս, ինքնուրույն հոգեմտավոր համակարգ ունեցող սուբյեկտ են: Հետևաբար, այս իմաստով հետաքրքիր է, թե ինչպես է ընկալվում այլազգի ընթերցողի կողմից հայերենից թարգմանված գրական ստեղծագործությունը: Իհարկե, ամենից առաջ հետաքրքրում է, թե հայ գրողն ինչ գործերով է (հատկապես թեմատիկ առումով) ներկայանում օտարալեզու ընթերցողին:
2019 թվականին իսպանական «Carena» հրատարակչությունը լույս է ընծայել Սլավի-Ավիկ Հարությունյանի «Dias de paz-Խաղաղ օրեր» երկլեզու (իսպաներեն, հայերեն) բանաստեղծությունների ժողովածուն (իսպաներեն թարգմանել է Նարինե Այվազյանը, նախաբանը գրել է բանաստեղծուհի Իսաբելա Ռեզմոն): Ուշագրավ է, որ «Խաղաղ օրեր»-ը վերոնշյալ հրատարակչության կողմից է տպագրված, Սլավի-Ավիկ Հարությունյանի հեղինակած երրորդ գիրքն է (նախորդները՝ «Ուշացած հեռագրեր», 2011 թ. և «Անթռչուն երկինք» եռալեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, 2015), ուստի՝ ակնբախ է, որ հայ բանաստեղծն անծանոթ չէ իսպանախոս գրական միջավայրին, ինչպես և իտալական, ֆրանսիական, անգլիական, գերմանական գրական լեզվաշրջանակներին: Եվրոպայում հայտնի հրատարակչության կողմից շարունակաբար տպագրվող գրքերը ցույց են տալիս պոետ Հարությունյանի պահանջված լինելը, որի վառ վկայությունն են նրա սպառված գրքերն ու հրատարակված գրքերին վերաբերող գրախոսականները, որոնք գրել են Եվրոպայի գրական դաշտում հայտնի իտալացի Ջուլի Գռեկոն (Կարծում եմ` Սլավի-Ավիկ Հարությունյանի պոեզիան հիշողություններ արթնացնող է, այն չի սահմանափակվում ինքն իրենով, այլ շարունակում է երկխոսությունն ընթերցողի հետ, քանզի այն արտասովոր է արտապատկերվում մեր երևակայության մեջ, որ մեր առջև այլ տեսարաններ, այլ տարածքներ և ճանաչողության նոր հորիզոններ են բացում), իսպանացի Խոսե Մեմբրիվեն (Առօրյայից խոսել անժամանակի լեզվով, պատմել մեր հույզերի մասին` որտեղ երկրի հոգու միասնական ամբողջություն, դա նշանակում է փոխակերպել մեր համեստ իրավիճակը, հասցնել այն տիեզերքին, յուրաքանչյուր վայրկյանի շնչով հագեցած պոեզիա կերտել), մեկ այլ իսպանացի` Իսաբել Ռեզմոն (Մեկ գրքի մեջ ժողովել այսքան սահուն խոսք, բառապաշար, խաղալ բայական ժամանակաձևերով, ինչպես որ անում է այս հեղինակը, ներհայեցողության ծանր վարժանք է, քանզի թվում է` ընթերցելիս զգում ենք` ինչպես է հեղինակը մեզ դարձնում առաջին դեմք` ավելի մոտեցնելով այն ամենին, ինչն ուզում է հաղորդել: Ընթերցելով և զգալով առաջին դեմքից` զգում ենք, որ ապրում ենք բանաստեղծությունը: Բանաստեղծությունն անցնում է թղթի սահմանները և ներկայանում ճանաչողական մակարդակում, որտեղ կան արդեն, հիման, այս պահը): Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծություններին անդրադարձել են ավելի քան երեսուն եվրոպական կայքեր և իրենց էջում տեղադրել նրա բանաստեղծությունները` համապատասխան տարբեր գրախոսականներով և կենսագրականով: «Խաղաղ օրեր» բանաստեղծությունների ժողովածուին անդրադարձս հարկ եմ համարում սկսել` ներկայացնելով գրքի ետնակազմի երկլեզու մակագրությունն ամբողջապես. «Այս գիրքն ընդգրկում է եվրոպական արդի պոեզիայի նշանավոր ներկայացուցիչներից մեկի` Սլավի-Ավիկ Հարությունյանի առավել հայտնի բանաստեղծությունները: Նրա պոեզիայի բազմազանությունը ստեղծում է բացառիկ երևույթների գեղարվեստական մի եզակի աշխարհ, որտեղ, ինչպես առօրյան, այնպես էլ բանաստեղծական ընկալումները միախառնվում են` ջնջելով արվեստի և իրականության միջև սահմանները, դրանով իսկ տեղաշարժելով ժանրի դասական պատկերացումները: Այդպիսով նրա պոեզիան վերածվում է մե՛կ հեռագրի, պատումի, էսսեի, մե՛կ էլ հառնում է իբրև էպիկական կառույց: Կարծում ենք, որ բանաստեղծական այս նոր փորձառությունները 21-րդ դարի խոստումնալից ոճերից են»:
Հակադրության ճշմարտություն և գենեզիս: «Խաղաղ օրեր» բանաստեղծական ժողովածուի երկլեզու ձևաչափը, որտեղ զուգահեռված են հայերենն ու իսպաներենը, ինչը բավականին հաջող տարբերակ է, բանաստեղծի անհատականությունը հասկանալու բնագիր-թարգմանություն է ամբողջության մեջ: Ինձ համար մի փոքր անակնկալ էր գրքի վերնագիրը, քանի որ ճանաչում եմ Սլավի-Ավիկ Հարությունյանին կյանքում ու գրականությունում, առավել ևս, գիտեմ` ցանկացած պոետ իր ապրած կյանքում էլ նույն պոետն է, ու գրած բանաստեղծություններն էլ նրա ապրումներն են: Ս.-Ա. Հարությունյանը խառնվածքով ասես բախում փնտրող է. լարվածությունից առաջացած լիցքերը, ըստ նրա, կյանքն իմաստության տանող գործոններ են, «նորից – նորից – նորից / դեպի կյանք / դեպի մահ / դեպի անդինը / նորի՛ց ուղի / դեպի այնտեղ / որտեղ հաստատ վստահելի էր / Աստված» (« Ուղի «) և Եվրոպային (աշխարհին) ներկայանալ խաղաղ օրերով, թերևս գրքում միակ հաշվեկշռված մտածումի և հուզական իրականության հակադրության գեղարվեստական արդյունքն է, որը վերապահումով «սիրտ մտնող» գյուտի պես բան է. չէ՞ որ, ի վերջո, բոլոր թեմաների հիմքում դրված անկյունաքարը խաղաղությունն է, որը գրավական է՝ հաղթահարելու պոետով իմաստնացած ամեն մի հայտնության «նյութի» դիմադրությունը, ինչը բանաստեղծական հնարանք կլինի թե իրականություն, միևնույն է, «հիմա / հանգիստ եմ ապրում / խաղաղ // հեռացող օրերը / հիշվում են մանրակրկիտ / ժամ / առ / ժամ / անգամ հրեշտակներ են հայտնվում / գիշերներին // և / պատմում են / մտերմիկ որ իրենց հնարել են/ մեր / մոլորված օրերը» («Խաղաղ օրեր»): Գրքում հեղինակ – հերոսը մտավորական անհատն է, ողբերգական անհատը, որը փորձում է տիեզերական այս քաոսի մեջ վերագտնել իր ժառանգական կենսախինդ անհատականությունը և ամենուրեք կանգնած է ցավի առջև. «մի խոսքով, սիրո տեսակ / մի խոսքով այս ճայը / որ միշտ թռչում – կախվում է // ծովի կապույտի / ալիքների կապույտի / փրփրուների տակ / պահած կապույտի – / հազար ու մի կապույտի / մեջ // մեռնելուց առաջ / այդպես մի վերջին անգամ / սիրում են // ինչպես հարյուր տարի առաջ / ինչպես պարզապես սիրում են // ինձ մի՜ սպանիր / ինչպես հարյուր տարի առաջ» («Կարմիր – նարնջագույն – մարջան»):
Սլավի-Ավիկ Հարությունյանի պոեզիայի գենեզիսը բացելու համար պետք է նախ և առաջ մեկնվի մարդ – բանաստեղծի ակունքը: Բանաստեղծը խորքային, ինքնատիպ քրոնոտոպյան զգացողությամբ անհատականություն է և «Խաղաղ օրեր» գրքում գալիս է առաջին հերթին հենց քաղաքացիական կյանքում իր գործունեությունը դրսևորած ոգեղեն ձիրքից (Փիլիսոփայություն), մանավանդ երբ նրա կյանքը հարուստ է անակնկալ շրջադարձերով ու ոդիսականներով, որոնց սկիզբը ամենևին էլ չի հաշվարկվում Հարությունյանի ծննդյան օրվանից, ոչ էլ արգանդային կյանքի ամիսներից: Նրա գենեզիսը դրանից շատ ու շատ առաջ է սկսվել իր գենի իմաստության խորխորատներում: «Ո՞վ է իմ սկիզբը // կրկնակի մեռած եմ ինձ զգում / երբ աչքերս / սխալ են լալիս: // քամին / խճճում է / արմատներս / ժամանակը իմ լեզուն է» («Սկիզբ»): Սլավի-Ավիկ Հարությունյանի ժամանակատարածքային ընկալման չափորոշիչը գեներով պայմանավորված մտածումներն են` օբյեկտիվ և սուբյեկտիվ ազդակներից երևակվող, ուր բանաստեղծությունն ու փիլիսոփայությունը միմյանց հակադրվելով` դառնում են համարժեք ու փոխմիահյուսված գեղագիտություն, որը կարելի է ձևակերպել այսպես` բանաստեղծություն բանաստեղծության մեջ. « Ես միայն ուզում եմ ասել / որ արևը / հեքիաթի / վերջին / վիրավոր խնձորն է` / ռումբի նման / կարմիր հորիզոնին / կպած // ուր որ է / կկախվի / ամռան / արտերի / վրա» ( « Մարտից առաջ»): Խնձորն ու ռումբը իրականության մեջ իրենց գոյության շարժումային ընթացքով նպատակային հակադրության մեջ են, ինչպես կյանքը և մահը, և այդ հակադրություններն էլ հենց փիլիսոփայության գեղարվեստական արտահատությունն են դարձել բանաստեղծության մեջ` ստեղծելով յուրովի լրացում-զուգահեռական բանաստեղծական աշխարհ: Ս.-Ա. Հարությունյանի բանաստեղծություններում հայրենական սերը շատ նուրբ զգայնությամբ արտահայտվում է հակադրությամբ, որ միմյանց լրացնող, ասես տարանջատ Հայրենիքի ու Երկրի միասնություն է, ինչն ամբողջանում է գեղարվեստական մի այլաբանական տիրույթում. «Երկիր / որտեղ ճանապարհորդում ես / առանց անձնագրի / առանց վախի / ապրում – սիրում / աղոթում կիրակնօրյա / լույսին – հույսին // անհո՛ւյս / անհո՛ւյս // կանայք մթան եզրին լուսնի շորերով / պանդխտության են ուղարկում/ ամուսիններին/ այնպես բուրում է / առավոտի օդը / գետերը ցատկում են / դեպի անդունդները / մեր սեփական կործանումն է / այդ վիհերում» («Հայաստան»):
Պատկերաշարժային մտածողության փիլիսոփայությունը: Գեղարվեստական նկարագրություններն ինչքան էլ հիանալի լինեն, միևնույն է, պահի արձանացումներ են, թեկուզ և իրենց, այսպես կոչված, հազար ու մի «ներքին» շարժումներով: Կյանքն, ի վերջո, պահերի շարան է, շարժում, և ուզենք թե չուզենք, ընկալվում է որպես պատկերների հարափոփոխ ընթացքի արտացոլանք մեր մտատեսողական համակարգում, հետևաբար մեր մտածողությունն էլ պետք է լայնաֆորմատ լինի և ծնվի պատկերաշարժից: Նոր ժամանակների մտածողության լակոնիկությունն ու արագությունն առաջնությունը տալիս են ոչ թե իրականության անշարժ, ստատիկ վիճակներից եկող ասոցիացիաներին, այլ իրականության դինամիկ, շարժուն վիճակների զուգադրականությանը, այն որակվում է իբրև պատկերաշարժային մտածողություն, որը կոորդինացված է չորս չափումներով. «թռչունները / խաղաղ / կտցահարում են / ամառվա / մուգ դեղին / մայրամուտի / հանգչող / հասկերի / բիբերը» («Մարտից առաջ»), այս մեկն էլ ուրիշ ձևաչափով «մորս թխած / պոպոքով գաթայի շունչը / լցվում է սենյակս // հարևան – բարեկամ / որ եկել են / բարի ճանապարհ ինձ / մաղթելու /խոհանոցում վայելում են / մորս թխած գաթան / ու ֆռթացնելով / թեյ են խմում // հետո / տղամարդիկ պիտի / ինձ տան / իրենց / խելոք խորհուրդները /յուրաքանչյուրը / հիշելով բանակի իր կյանքից / պատմություններ // կանայք / կփսփսան գլուխները օրորելով` / այ – յա – յա – յա» («Օր»): Որտեղ միտք, այնտեղ` փիլիսոփայություն, ուստի՝ պատկերաշարժային մտածողությանը հարազատ է քրոնոտոպով պայմանավորված փիլիսոփայությունը: Սլավի-Ավիկ Հարությունյանի պոեզիային ևս բնորոշ է այսօրինակ մտածողությունը, իսկ այն «…գործողություն է` տրամաբանության ու զգացումի` իրար լծորդվող փոխակերպումով, ինչն էլ բացահայտում է տեքստային պատկերների շարժումներում որոշակի իմաստ` ենթագիտակցական շերտերը վեր հանող` հանգեցնելով իրական տրամադրության ու ասելիքի «(Հակոբ Հարություն, «Գիր և կեցություն», 2016 թ., «Պատկերաշարժ, զգացողություն, միտք»):
Ս.-Ա. Հարությունյանի «Խաղաղ օրեր» ընտրանին (պատկերաշարժային մտածողության շրջանակում) լեզու-ժամանակը կենսապատում ու գեղարվեստորեն վավերացնում է պոետի ապրած կյանքը՝ ես-ի ու դու-ի փիլիսոփայական պարզ բանաձևով, որտեղ դու-ն փոփոխական է, ես-ը՝ հետևողական, կայուն բացահայտող որոշիչ գործոն է. «ամպրոպից հետո կսկսվի անձրևը / ամեն ինչ կմաքրվի ինձնից/ ինչ քեզ հետ կապված չէր» («Ամպրոպից հետո»): Բանաստեղծին շրջապատող ամեն ինչը դու-ն է` շնչավոր ու անշունչ, տեսիլք ու իրականություն: Այդ բանաձև -մեկնումը նա ոչ թե պատմելով կամ նկարագրելով է անում, այլ պատկերաշարժային վերարտադրությամբ, որն արգասիքն է համառիթմիկ բառ ու զգացողության` պայմանավորված հիշողությամբ, ներկայով ու գալիքով: «ես ապրում եմ / և վերջացող սահմանը իմ / և հայրենիքի / աղետաձև մի ցավ է // գետերը նկարում են / առավոտներ և / ավիշը նրանց սպիտակ փրփուրն է / դառնում / առավոտի մեջ// այդ գետերից հետո / ապրում է իմ հայրենիքը / իսկ գետերը / արյուն են հուշիս / օտար / ծովեր են / թափվել» («Սկիզբ»): Այլաբանությունը բանաստեղծություններում իր հարաբերական զգացողությամբ գեղեցիկ պատկեր և շարժ է իրեն հատուկ փիլիսոփայությամբ. «աճյունս վառեին / որ թռչունները մոխիրներս տանեին / այնտեղ / ուր ազգանունս անսխալ / շշնջում են քամիները» («Այնտեղ»):
Բառ – տողը բանաստեղծական ինքնուրույն գեղարվեստական միավոր: Պոետի յուրաքաչյուր բառ ինքնին իմաստակիր է և կարող է ուրվանախանշել բանաստեղծության մեջ համապատասխան գեղարվեստական մոտիվ ու զարգացում, ի դեպ, բառը զարմանալիորեն իմաստային առումով երբեք միանշանակ չէ, այն պայմանավորված է նրա հայտնված տեղից, պահից, ժամանակից, և նրա ներունակ բազմերանգությունը, սուբյեկտիվ ընկալումից ելնելով, կարող է հուշել մտքի զարգացնան նորանոր գեղարվեստական մոտիվներ: «Խաղաղ օրեր» բանաստեղծությունների ժողովածուում Հարությունյանը հաճախ բանաստեղծությունները կառուցում է բառ-տողերով. կետադրության բացակայության պայմաններում բանաստեղծությունը դառնում է ընդհանուր մի տող` աստիճանակարգված բառ-տողերով. «մասրենին / կրակից / կարմիր է/ մայր / մտնող / աշնան / մշուշում / բոցվում է / շուրթերը / կարմիր են / կրծկալը / ամուր է / եղունգները` / սուր// հերարձակ/ հպվում է / հմայում / խաբում է / տրվում / ծիծաղում / ծակում է // ուզում ես / հեռանալ / ա՛խ / այսպես / վառվում է / վերևից / կրակ է / թափում ու / համբույր // մասրենին / սարի / պռնկին /չոքել է / ծնկներին / աղոթք կա / ինքը / ժպտում է / թե ձեռ տաս / կխայթի / կհոսի արյունդ / կարմիր / կկաթի / կխառնվի / կույս / լույսին // շուրթերի / կարմիրը / համբույր է / բոցը / կիրք ու / սեր է / աշունը / մահիճ է / մշուշ // ինչ լինի / թող լինի // մնում եմ» («Մասրենի»): Բանաստեղծությունը դիտավորյալ մեջբերեցի ամբողջությամբ, որ առավել տեսանելի լինեն նրա դինամիկան, մտքի զարգացման արագությունն ու ազատությունը: Ուշագրավ է, որ այս բանաստեղծության մեջ հեղինակը օգտագործել է տրոհման և առոգանության մեկական նշաններ: Ընդհանրապես «Խաղաղ օրեր» գրքի չկետադրված բանաստեղծություններում տրոհման նշանների հատուկենտ կիրառումը, մեղմ ասած, վիճարկելի է. չկա, ուրեմն չկա. պետք է մինչև վերջ վստահել ընթերցողին, մանավանդ չկետադրված բանաստեղծության կարևորագույն նպատակներից մեկը ընթերցողի հետ մտազգայական պահը համահեղինակելն է, սակայն առոգանության նշանների պարագայում, կարծում եմ, ճիշտ է ու անհրաժեշտ նրանց առկայությունը. «ես միայնակ թռչուն եմ / երկնքի խոռոչների / և ձորերի – վիհերի մեջ / կախված // քամո՞ւն հանձնվեմ մի պահ / թող ինձ քշի // կամ անդունդի խորքը / կամ այս կապույտն ի վեր» («Միայնակ թռչուն»):
Բառ-տողը միտքը հաղորդելու ամենասեղմ միջոցն է, որը Ս.-Ա. Հարությունյանը վերածում է պոետական սյուժեի դրվագի` առանձնահատուկ տրամաբանությամբ ու զգայաշարժով հասցնելով անակնկալ հանգուցալուծման. «սառնամանիքներին / ոտքերիդ տակ / դավադիր / ճռճռում է / ձյունը / ոտքերդ / որ չսահեն / ուսերդ պիտի / ուղիղ պահես» (« Սիբիրում»):
Բանաստեղծական սեղմախոսքի ձգտող բանաստեղծը օգտագործում է բառի բազմիմաստային ունակությունն ու այն արձակում այնպես, ինչպես փամփուշտը, որ երկու նապաստակ է խփում: «Խաղաղ օրեր» բանաստեղծական ժողովածուում, հաճախ ճիշտ գտնված ու բանաստեղծության մեջ իր տեղում հայտնված բառը, որպես թագադիր բառ, հավաքում, ամփոփում, իմաստավորում է ողջ ստեղծագործությունը, նվազագույն դեպքում ՝ պարբերությունը. «այստեղ /կրակում են / բարձր ճախրող / թռչունների վրա // մնացածների համար / թակարդներ են (ընդգծումը՝ Հ. Հ. ) / լարել / թփուտներում («Որս»), ի դեպ, վերոշարադրվածում մեջբերված «Սիբիր» բանաստեղծության մեջ նույնպես նման բառ է հանդիսանում «ուսերդ»-ը: Բառը, որպես պարբերություն իմաստավորող ինքնուրույն միավոր, կարելի է ներկայացնել «Ճիշտը» բանաստեղծությունից մեջբերված օրինակով. «Իսկ մարդիկ – նորից պիտի / սովորեն ապրելը / կենդանիներից ու թռչուններից / մանավանդ՝ արագիլներից»:
Սովորականի հոգեվիճակային գեղագիտությունը: Առասպելական ոգի ունի բանաստեղծի կանոնիկությունից դուրս կյանքը: Հայտնվելով կենցաղային իրադրությունում, որտեղ բնատուր հարաբերություններ են, նա չի կարող փախչել ինքն իրենից, միաժամանակ չի կարող ուրանալ իր աստվածատուր շնորհն ու կրթված աչքով աշխարհին ներկայանալի չդարձնել առօրյայով քողարկված սովորականի գեղագիտության հմայքը` ազատ բանաստեղծության անբռնազբոս անկեղծությամբ. «չեմ սիրում ապրելը // « nexum «-ով / սկսվող / առավոտներով / Միկոյանի / ժամանակներից / ճաշացուցակ մտած / ցորնապուրով / առանց / սուրճի / ու / ծխախոտների / չեմ սիրում փողոտ ժամանակները / երբ / շատանում են / ծանոթ – ընկերները / բայց չգիտես ինչու` ավելի շատ / կնոջ կողմի բարեկամներով» (« Չեմ սիրում»): Հարությունյանի սովորականի գեղագիտությունն աշխարհի կենցաղային մակարդակի վարն ու վերը լույս – հայացքով պեղելն է տիեզերական հարթությունում և արժևորելը, սովորականն անսովոր հոգևորով և փոքրիկ բանից, ամենաչնչին կենցաղային դրվագից կորզել մեծ Բանը` դարձնելով գեղարվեստ. «երբեմն / համարյա անծանոթ / կանանց գրկում / հասկանում ես / որ կյանքը / հաղթանակների համար է // և կրծքիդ տակ նորից / ալեբախում քաղաքը» («Քաղաք»): Մեջբերեմ կենցաղում ձևավորված մի ուրիշ մարդկային փոխհարաբերություն. «ներքևի հարևանը գալու է մեր տուն / թե ջուրը նորից կաթում է / ծխելու է / մեր տանը անշտապ / մոխիրը թափելու է / մեր լվացարանի / մեջ» («Մի՜ մեռիր»): Սլավի-Ավիկ Հարությունյանի նուրբ դիտողականությունը բանաստեղծությանը չի թողնում գետնամած կենցաղագրության մակարդակին, այլ նրան բարձրացնում է բանաստեղծին վայել ոգեղեն տիրույթ, որտեղ այն վերածվում է մարդու հոգևոր կեցությունն արժևորող վիճակի: Ահա այս վիճակային դրվագներն են, որ ներսից բացվել են կարողանում մի անակնկալ ոգեղենությամբ, որոնց ազդակ է հանդիսանում ուշադրությունից դուրս մնացած անգամ չնչին շտրիխ, երկրորդական թվացող փոքրիկ ժեստ, ինչով և բնութագրական է հոգեվիճակային պոեզիան. «դիմացի շենքերի / պատշգամբներին / անտարբեր լվացքներ` / տարօրինակ կերպով, թառին կախված` / (չգրված տող–կախելու պարան) / ներքնաշորեր / խնամքով /անամոթ / անպատեհ / բայց / բայց ոչ ոք չի՞ գրգռվում: // փողոցները՝ կոկիկ – սրբած / տերևների կույտեր` ծխացող / և ինչքան աշուն – ինչքան շատ աշուն / մանր / անձրևի հետ / խառնված»: («Փոքրիկ քաղաքներ»):
Հոգեվիճակային պոեզիայի գեղեցիկ նմուշ է «Երկինք և երկիր» բանաստեղծությունը, որ զետեղված է «Խաղաղ օրեր» գրքում: Պատահաբար կարդացի այն նաև ռուսերեն լեզվով «Литературная Россия» թերթում և կարծում եմ, որ Ն. Մելեշկինի թարգմանությունը բավականին վիճահարույց է բանաստեղծության հոգեվիճակային բնույթի տեսանկյունից, ու նրա մոտ, թերևս, նյութական է նպատակն առանց պահի վիճակային առանցքի, ինչից սկսվում է բանաստեղծության իրականի և երևակայականի առեղծվածը. «քայլում եմ / քայլում եմ / քայլում եմ / որ գտնեմ պահը / ուր / երկինքն ու երկիրը / պիտի միանան // ճամփան չի հոգնում երկար քայլելուց» (« Երկինք և երկիր»): Բանաստեղծը, լինելով ոչ սովորական որոնումների մեջ, փնտրում է իրեն, բայց, չգիտես` ինչու, շրջանցում է ու չի ուզում խոստովանել, որ երկնքի և երկրի ժամադրավայրն իր ներսում է, իր մենությունում, այս իմաստով Կոստան Զարյանն ասում է. «Իմ մենության թևերը երկուսն են և ուժգին կապված երկրին ու երկնքին, կյանքին ու մահին», իսկ Սլավի-Ավիկ Հարությունյանին կարծես թվում է, թե. «սարդը / սեփական ոստայնում / խճճվել է մենակ» («Այս տունը»), և աշխարհը, որը վերջիվերջո պոետի տունն է, ու նա խորհրդավոր մտածում է. «այս տունը նման է ինձ ու քեզ / դատարկ է»: Այո՛, երբ դատարկ է հոգու տունը, ուրեմն բացակայում է երկրի և երկնքի հպումը, հետևաբար և չկա հենման կետ հավերժի ընթացքում ինքն իրեն գտնելու, որ արժևորվի աշխարհ գալու իմաստը, ուրեմն պետք է գտնել այն. «ես հոսում եմ իմ / հունով, / փնտրի՜ր, / ու եթե կարող ես, հանիր ինձ այս / հունից, / մի պահ նայիր աչքերիս մեջ / և կզգաս, որ յուրաքանչյուր մարդու / աչքերում / կա հոգի, / որը կարիք է զգում գտնվելու» ( «Փնտրիր»), և կարևորը «հիմա կրկին / ընթացք է պետք /միայն // խելառ / խելառ / խելառ // երբ դեռ / մենակ ես / անդափնի /անդրոշակ / անփառք // ուժեղ» (« Ընդվզում»), իհարկե, հարկավոր է կայուն մնալ, միշտ դեմքդ առաջ. «ճամփան կորչում է երբ ետ ենք շրջվում» («Կորուստ»):
«Խաղաղ օրեր» բանաստեղծությունների ժողովածուն առանձնահատուկ է նաև բանաստեղծական մի երակով, որում նույնպես հոգեվիճակային միջավայր է հոսում: Այդ բանաստեղծական հոսքը Ս.-Ա. Հարությունյանի հակիրճ, աֆորիզմին հատուկ խտացված ու սուր մտքով փոքրիկ մի քանի տողանոց բանաստեղծություններ են, որոնց գնահատումն, անկասկած, «ուրիշ չափման միավոր ունի», և ասես գրված են բնաբանային տրամաբանությամբ, իբրև չարտագրված բանաստեղծության բնաբան. «հորիզոնի վրա հեռացող կարմիր
/ նժույգները / ասես արյան կաթիլներ լինեն // ձիերը իմ վիրավոր ընկերներն են»
(«Ձիերը») ու մնում է ընթերցողին մտքի մեջ այն շարունակել ու լռության խորհրդում խոկալով` զարգացնել իր մեջ ձևավորված բանաստեղծությունը` հասունացնելով այն արդեն պոետի հետ ընդհանուր, հարազատ հոգեվիճակային մի տիրույթի` խոհեմ խենթության, որտեղ նույնանում են բանաստեղծը, խոսքը, ընթերցողը, հոգին, աշխարհը մետաֆիզիկական ելևէջներում. «այստեղ չեմ հասցնում / ապրել / անտանելի երկար է ժամանակը» («Ժամանակը»), և միևնույն է «երբ ուղիղ է / ճամփան/ մոլորվելը հեշտ է» ( «Մտորում»), միշտ էլ կյանքը կարծես ճակատագիրն է կանխորոշում «դռներ կան / որ փակվում են / երբ մոտենում ես» («Դռներ») և այլն, և այլն… և այս ամբողջ խոհափիլիսոփայությունը Սլավի-Ավիկ Հարությունյանի հոգու հաղթանակ տանող «Աստղային պատերազմն» է ասվածի և չասվածի իմացյալ անպարփակությունում. «ինչի մասին ահա խոսում են / ես արդեն գիտեմ / երբ այսքան բարձր են խոսում / գիտեմ նաև ինչի մասին են լռում»:
Վերջնախոսք: Սլավի-Ավիկ Հարությունյանի «Խաղաղ օրեր» գրքի մասին բովանդակալից խոսքեր ասվել են ու դեռ կասվեն գրականագետների կողմից, ուստի՝ հակիրճ ու սահմանափակ անդրադարձս վերաբերում է «Խաղաղ օրեր» գրքի այն առանձնահատկություններին, որոնք ես արժևորում եմ, և, իմ կարծիքով (հնարավոր է աչքովս չի ընկել), ավա՛ղ, մինչ օրս գրի տեսքով ուշադրության չեն արժանացել գրախոսների կողմից կամ էլ ներկայացվել են կցկտուր:
Կուզեի, հատկապես մեր ընթացիկ օրերի մտահոգություններին համապատասխան, Եվրոպայում ու եվրոպացիների համար տպագրված գրքից մեջբերել «Մի տխուր օր լիներ» բանաստեղծությունից հատված, որում Ս.-Ա. Հարությունյանը ներկայանում է իր քաղաքացիական կեցվածքով. «Մի տխուր օր լիներ / Առանց ճատրակ խաղացող / Մեր թագավորների, / Որ վերջում հասկանում ենք / Որ խաղալ չգիտեն: / Նրանց մասին / Մեր / Գիրք գրող / Գրողները / Հեռու մնային // Սեքսուալ ռևոլյուցիաներից – / Արուին իր տեղը պահեին, / Էգին իր. / Ամորձատված ներքինին էլ / Հերոս չդառնար / Աղջիկներից / Առավել / Սև «գելենվագեն> սիրող / Այս տղերքի համար»:
«Խաղաղ օրեր» գիրքը եկել է հաստատելու, որ հայկական ժամանակակից պոեզիան, հանձին Սլավի-Ավիկ Հարությունյանի, ներկայանալի և ընդունելի է Եվրոպայում, այն գեղարվեստական մակարդակով համաքայլ է ընթանում արդի գրական տենդենցներին, որոնց հետ շատ ընդհանրություններ ունենալով հանդերձ, բնականաբար, առանձնանում է նաև նրանցից հային բնորոշ զգայուն ներաշխարհով, մտահոգևոր գենային յուրահատուկ համակարգով, և իհարկե, արևելքցու բնատուր, խորաթափանց, նուրբ ճաշակով:
«Խաղաղ օրեր» բանաստեղծությունների ժողովածուն ներծծված է հայկական ոգով, այն «Երկինք և երկիր» բանաստեղծությամբ սկսվում է և «Իմ երկիրը» բանաստեղծությամբ ավարտվում, ասել է թե` Սլավի-Ավիկ Հարությունյանի պոեզիան անպաթոս Հայաստանն է. «Տեսե՜ք – տեսե՜ք – տեսե՜ք / Ինչպես / Այստեղ / Այսօր դեռ / Սպիտակ ճայերն են` / Սևանի / Մայրամուտին / Արևի / Պաղ / Ցոլքերի / Տակ / Հպարտ / Բացված / Թևերը` լայն / Թեթև / Թռիչքի մեջ` // Խաչված»: Այստեղ է, Հայրենիքում, որ պոետը կարող է իր գրածին անգամ հակասել ու պատճառ չփնտրել սիրելու համար:
Հետգրություն.
ես պատերազմում / ողջ եմ մնացել, / կնոջ գրկի մեջ չե՜մ / մեռել սիրուց / ինձ անիծել են / երգից ու երկրից – / կորչեի՜ր այնժամ, պատահական երգ:
Սլավի–Ավիկ Հարությունյան