ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ․ ԵՎՍ ՄԻ ԱՍՈՒՊ ԾԼԼԱՑ ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻՑ / Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2026 թվականի ապրիլի 5-ին, Զատիկի՝ Սուրբ Հարության խորհրդով լեցուն օրը, իր երկրային ընթացքն ավարտեց հայ մտքի և պայքարի նշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ Զորի Բալայանը։ Նրա մահը, դառնալով կենսագրական վերջնական հանգրվան, միաժամանակ բացում է վերլուծական դաշտ, որտեղ առաջնայինը դառնում է ոչ թե ձևական հիշատակի խոսքը, այլ՝ նրա գործունեության տեղայնացումը և վերարժևորումը հայ արդի մտքի, ազգային ինքնագիտակցության ձևավորման և պատմական հիշողության քաղաքականացման փոխկապակցված գործընթացներում։

Զորի Բալայան երևույթը սկզբունքորեն չի ենթարկվում ժանրային կամ մասնագիտական պարզ դասակարգման։ Նա այն լուսավոր սերնդի մտավորականներից էր, որոնց համար գրականությունը երբեք չէր սահմանափակվում գեղարվեստական ինքնաբավությամբ, այլ՝ դառնում էր ազգային գոյության հիմնախնդիրների ձևակերպման լեզու և հանրային դիմադրության միջոց։ Նրա բուռն գործունեությունը ձևավորվեց խորհրդային ուշ շրջանի գաղափարաքաղաքական հակասությունների բովում, որտեղ թույլատրելիի սահմանները մշտապես փոփոխվում էին, իսկ ազգային հարցի բարձրաձայնումը խիստ վերահսկողության պայմաններում կարող էր ճակատագրական նշանակություն ունենալ։ Ստեղծված բարդ իրավիճակում նրա խոսքը վաղուց դադարել էր լինել «գրական»՝ դասական իմաստով․ այն վերածվել էր դիրքորոշման, քաղաքացիական խիզախության դրսևորման։

Նրա հեղինակած «Օջախ»-ը դարձավ ոչ միայն գրական ստեղծագործություն, այլև դիսկուրսային միջամտություն։ Այդ աշխատության մեջ նա փորձեց վերականգնել պատմական արդարության սեփական չափորոշիչները՝ հակադրելով դրանք խորհրդային պաշտոնական պատմագրությանը և տարածաշրջանային հակահայ նարատիվներին։ Պատահական չէ, որ այդ գիրքը հայտնվեց բազմակողմանի ճնշման տակ՝ արժանանալով թե՛ թուրք-ադրբեջանական պատմագրության, թե՛ ԼՂԻՄ կուսակցական վերնախավի քննադատությանը։ Սա վկայում է մի պարզ իրողության մասին․ Զորի Բալայանի գրականությունը գոյաբանական վտանգներին դիմակայելու հրամայականով վերածվել էր մարտնչող քաղաքականության՝ բառի խորքային իմաստով։

Արցախյան շարժման տարիներին նրա դերակատարությունը դուրս եկավ անգամ գաղափարական ներգործության շրջանակից։ Նա դարձավ այդ շարժման այն սակավաթիվ գործիչներից մեկը, որը կարողացավ ձևակերպել դրա պահանջները ոչ միայն ներազգային, այլև համամիութենական և միջազգային լսարանի համար հասկանալի լեզվով։ Խորհրդային քաղաքական հարթակներում, մասնավորապես՝ Միխայիլ Գորբաչովի, Ալեքսանդր Յակովլևի և ուշխորհրդային այլ բարձրաստիճան գործիչների հետ հանդիպումներում, ինչպես նաև Բորիս Ելցինին ուղղված իր գրություններում նա հետևողականորեն ներկայացնում էր Արցախի հիմնախնդիրը՝ որպես իրավաքաղաքական անարդարության համակարգային հետևանք՝ մերժելով այն «էթնիկ հակամարտության» պարզունակ շրջանակում դիտարկելու փորձերը։

Զորի Բալայանի քաղաքական վարքագծում առանձնահատուկ տեղ ունի անձնական զոհողության պատրաստակամությունը՝ որպես քաղաքական խոսքի շարունակություն կամ ազգային գաղափարների մարմնավորում։ 1990 թվականի սեպտեմբերին այլ նշանավոր հայ գործիչների հետ միասին նրա հացադուլը Մոսկվայում դարձավ ոչ միայն բողոքի ակցիա, այլև քաղաքական պահանջների խստաշունչ ձևակերպում․ ԼՂԻՄ իրավական կարգավիճակի վերականգնում, կենտրոնական իշխանության պատասխանատվության բարձրացում։ Այս քայլը նրան տեղադրում է այն գործիչների շարքում, որոնց համար խոսքն ու գործողությունը տարանջատելի չէին։

Պատերազմի տարիներին Զորի Բալայանի կերպարը ձեռք բերեց նաև խորհրդանշական շերտ։ Ռազմաճակատում իր գրեթե մշտական ներկայությամբ, հայրենի հողը պաշտպանող և ազատագրող զինվորների հետ անմիջական շփմամբ նա վաստակեց «Կոմիսար» անվանումը, սակայն նրա հիմնական առաքելությունը մնաց հաղորդակցական և քաղաքական․ Զորի Բալայանը ձգտում էր Արցախը դուրս բերել ներփակ աշխարհագրական տարածքից և դարձնել միջազգային քննարկման առարկա։ Այդ իմաստով նրա շուրջերկրյա ճանապարհորդությունները «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով կարելի է դիտարկել որպես ոչ դասական դիվանագիտության օրինակ, որտեղ խորհրդանիշը վերածվում է քաղաքական ուղերձի, իսկ Արցախի դրոշը՝ շարժվող փաստարկի։

Զորի Բալայանի կենսագրական ուղին ինքնին վկայությունն է նրա ազգանվեր գործունեության բազմաշերտության։ Նա ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին՝ Ստեփանակերտում։ Ծառայել է Բալթիական նավատորմում (1953–1957), ապա ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտը (1963)։ Տասը տարի աշխատել է Կամչատկայում՝ որպես բժիշկ, հետագայում՝ Երևանում՝ բուժական ֆիզկուլտուրայի համակարգում։ Խորհրդային տարիներին եղել է հեղինակավոր «Լիտերատուրնայա գազետա»-ի սեփական թղթակիցը Հայաստանում, ինչպես նաև՝ «Բայկալյան շարժում» միջազգային էկոլոգիական նախաձեռնության համանախագահ։ Նրա մտավոր և քաղաքական ակտիվությունը դեռ 1960–70-ականներին արդեն ուղղված էր Հայ դատի և Արցախի հարցի միջազգայնացմանը։

Հատկանշական է նաև, որ երիտասարդական ավյունով ճամփորդությունների և աշխարհաճանաչման որոնումների փուլում Բալայանի կենսուղին ստացավ վճռորոշ ուղղություն Բագրատ Ուլուբաբյանի շնորհիվ։ Վերջինիս նախաձեռնությամբ և համոզմամբ՝ նա վերադարձավ հայրենիք՝ իր ամբողջ ներուժը նվիրելով Արցախյան շարժմանը։ Այդ քայլը դարձավ ոչ միայն կենսագրական շրջադարձ, այլև հավատքի ձևակերպում, որը ուղեկցեց նրան ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում։

Նա ԽՍՀՄ Գերագույն խորհրդի (1988–1991), հետագայում՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի (1992–1995) պատգամավոր էր։ Մասնակցել է ռազմաքաղաքական որոշումների մշակմանը, կազմակերպել մարդասիրական օգնություն, մշտապես գտնվել առաջնագծում։ Նրա գործունեությունը գնահատվել է ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային տարբեր պարգևներով, իսկ 2006 թվականին նա արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

Այդուհանդերձ, Զորի Բալայանի ժառանգությունը չի չափվում պաշտոններով կամ պարգևներով։ Նրա հիմնական ներդրումն այն է, որ նա կարողացավ համադրել երեք առանցքային հարթություններ՝ գրական խոսք, հրապարակախոսական սրություն և քաղաքական գործողություն։ Նա ձևավորեց ազգային պայքարի այն մոդելը, որտեղ գաղափարը չի մնում տեքստի մեջ, այլ՝ վերածվում է գործողության, իսկ գործողությունը՝ նոր դիսկուրսի։

Այսօր, երբ Արցախի հարցը կանգնած է նոր, ողբերգական իրողությունների առջև, Բալայանի գործունեության քննադատական վերարժևորումը դառնում է ոչ միայն հիշողության պահպանման, այլ նաև քաղաքական իմաստավորման խնդիր։ Նրա փորձը հուշում է, որ ազգային շարժումները հաջողում են միայն այն դեպքում, երբ ունեն հստակ ձևակերպված գաղափարախոսություն և միջազգային հաղորդակցության ռազմավարություն։

Զորի Բալայանի կերպարը, իր ամբողջ հակասականությամբ հանդերձ, մնում է ուշագրավ ակադեմիական և հասարակական վերլուծության առարկա։ Սակայն հակասականությունն այստեղ թուլություն չէ, այլ՝ պատմական իրականության հետ անմիջական շփման հետևանք։ Նա պատկանում էր այն սակավաթիվ գործիչներին, որոնց խոսքն ու ներկայությունը մշտապես համընկնում էին պատմության բեկումնային պահերի հետ։ Եվ այդ պատճառով նրա հիշատակը չի սահմանափակվում հուշով․ այն շարունակում է գործել որպես հարցադրում, որպես մարտահրավեր և որպես պարտավորություն ապագայի հանդեպ։

Զորի Բալայանի անմահ գործը, նրա բազմամյա ու անդադրում առաքելությունն ու ձևակերպած գաղափարական հենքը, որոնք սնվել էին հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների պատմական փորձով՝ արյամբ, աշխատանքի ծանրությամբ և գոյապայքարի լարվածությամբ, այսօր ենթարկվում են բիրտ փորձության։ Մեր օրերի իրականության մեջ այդ ժառանգությունը հաճախ բախվում է ոչ միայն արտաքին թշնամանքի բացահայտ ճնշմանը, այլև ներքին քայքայիչ գործընթացներին, որոնք խաթարում են հավաքական դիմադրության և ինքնագիտակցության հիմքերը։ Սակայն նույնիսկ այս պայմաններում Արցախը շարունակում է գոյություն ունենալ ոչ միայն որպես տարածք կամ քաղաքական խնդիր, այլ՝ որպես ազգային գաղափարի խտացում, համախմբման առանցք և վերազարթոնքի հնարավոր մեկնակետ։ Եվ հենց այս իմաստով այն դուրս է գալիս ժամանակավոր պարտությունների սահմաններից՝ պահպանելով իր տեղը հայ պատմական գիտակցության մեջ, ինչպես որ անխզելի և շարունակական է մնում նաև հայ ժողովրդի մշտնջենական գոյությունը։

 

Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

պ․գ․թ․, դոցենտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաքական զարգացումների գիտական խմբի գիտաշխատող, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար