«ՀՄԱՅԱԳԻՐԸ» ԿԱՄՈՒՐՋ` ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ՀՈԳՈՒ ՄԻՋԵՎ / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

 

 

Եվ թեև ոչինչ չի կրկնվելու`

ես երջանիկ եմ դարձյալ` լի-ու-լի:

Կարինե Աշուղյան

 

Հայկյան տոմարով Արեգ ամսվա գիշերահավասարի օրն է ծնվել իմ բանա­ստեղծ քույր Կարինե Աշուղյանը, և այսօր, ծննդյան տոնի խնդությամբ, կարոտով, միաժամանակ` լուսավոր թախիծով, նորից ձեռքս եմ վերցրել նրա վերջին` «Հմայագիր» ժողովածուն…

Լռության մասին գրերը

կարմրում են իրենց`

անգամ չնչին չափից,

պատահում է նաև`

ուշաթափվում են

իրենք իրենց

երկարությունից… (էջ 125)

Ահա թե ինչպիսի չափ է սահմանել Կարինեն վաղօրոք, և հիմա, առանց ուշաթափվելու կամ առանց դույզն-ինչ կարմրելու, պիտի փորձեմ իմ լռության բովանդակությունը տեղավորել մի սրտաչափ տարածքի մեջ, որտեղ բառն ամենախիտն է իր ճշգրիտ տարողությամբ…

Ես ընծայում եմ Բառերն անձրևին

և գետն եմ լցնում Բառերը բուռ-բուռ…

…Մեկը կթերթի ալիք առ ալիք

բաց գիրքը ծովի

և ալիքների վրա կկարդա

թարգմանված Բառեր`

ճշգրիտ… …

ինչպես Բառը նախածին… (էջ 132)

Երբ սիրելի մարդու երկրային ուղին ամփոփվում է, սիրող սրտերից սկիզբ է առնում նրա երկնային ուղին: Այն յուրաքանչյուրի հոգու բաղադրությամբ` իր ներքին հետագծով առանձնակի է. իմը` բարձր կամարների վրա բացված` Կարինեի սիրած գույն-գույն ծաղիկներով թանկ հիշողություն է բուրում…

Իսկ երբ գրողի, բանաստեղծի մասին է խոսքը, կամուրջն ընդարձակվում է, և գրավոր ժառանգության ամեն մի նշանագիր մի ուղեցույց-զարդանախշ է դառնում` հետագա անցումի, նոր ընթերցումի և հավերժությանը հանդիպած բանաստեղծի Հոգու միջև…

…Ահա և կամուրջն ամենավերջին

իմ և աշխարհի, իմ և զավակիս,

իմ և իմ միջև…: (էջ11)

«Հմայագիր մայրերեն», «Նայիր ինձ, տղաս», «Միայն թե կարողանամ»… Կարինե Աշուղյանի մայրական տարերքը, որ հավասարազոր էր բանաստեղծումի տարերքին, «Հմայագիր» ժողովածուի ոգենյութն է` այն ուժը, որից ինքն իր ներսով զորանում է` ամեն անգամ անցում կատարելով խավարից դեպի լույսը, ինչպես որ Վահագնի ծնունդով գարնանային գիշերահավասարից հետո լույսն է հաղթում խավարին: Կարինե մարդն ու քաղաքացին, Կարինե կինը, որ ամբողջ էությամբ գեղեցիկն է ինքնին` իր «աներբ սիրո», իր «սիրարբուն օրերի» ամենա­նվիրական թրթիռով` «աստղոտ աչքերով» մինուճար որդու հանդեպ սերը համակշռում է ծնողի, հայրենիքի ու աշխարհի` կյանքի հանդեպ իր մեծ սիրո հետ, և դարձյալ այսպես է բանաձևում…

Երջանկությունս

ամեն առավոտ

քո աչքերով է

ինձ ժպտում, տղա՛ս,

երջանկությունս

քո անունն ունի… (էջ21)

Այն օրերին, երբ դեռ լույս պիտի տեսներ Կարինե Աշուղյանի «Հմայագիր» ժողովածուն, մի պահի մեջ աշխարհի կարգն ու ընթացքը ասես փոխվել էին: Սպասված ժողովածուի` արդեն իրենց տեղերը գտած բանաստեղծությունները, օրեր առաջ հենց իր ձեռքով նշանագրված, արդեն զարմանալի ուղեցույցներ էին հենց իր հետագա դժվար ու զարմանալիորեն թեթև՜ անցումի…

Չգիտեմ` ինչպե՞ս մեկնել ձմռանը,

երբ պարզել է քեզ գարունն իր ձեռքը,

կամ հանգիստ լքել

գարնանը` ինչպե՞ս,

երբ արդեն մոտ է ժպիտը ամռան,

և կամ անափսոս ամռանը փախչել,

երբ քեզ հպվել է համբույրը աշնան:

Ինչպես սուսուփուս աշնանը գնալ,

երբ զրնգում է փաթիլը ձմռան-

Տե՛ր, անվերջ քաղցր է արբեցումը մեր

Հերթագայությամբ այս կարոտների: (էջ 78)

Աստծու հետ է այստեղ Կարինե Աշուղյանի զրույցը, և, այսուհանդերձ, Աստծու մասին քիչ էր խոսում. իր ներսում էին բոլոր տարակույսներն ու փիլիսոփա-գիտնականի արված-չարված հարցա­դրումները, զուսպ ու բնական, իսկ բանաստեղծ Կարինեն հենց բանաստեղծորեն էլ գիտեր վստահել` հարազատի պես վստահել իր Արարչին, ինչպես որ երեխան է կասկածավոր վստահ, երբ մի պահ մոլորվում է ու տեսադաշտից կորցնում ծնողին, բայց գիտե, որ նա ուր որ է` իր կողքին է լինելու…

… Իրականում ես

մենակ կլինեմ,

երբ Դո՛ւ չլինես:

Ի՜նչ փառք, որ Դու կաս:

Աստված,

չէ՞ որ կաս… (էջ 82)

Ավելի նուրբ ու անհավակնոտ փառաբանություն, քան բերված այս տողերն են, ինձ որ` քիչ է պատահել, եթե միայն հղումներ չանենք մեր միջնադարին: Իսկ գաղտնիքը համոզմունքն էր. Կարինե Աշուղյանը բնազդորեն գիտեր իր տրվածքի ակունքը և, անտարակույս, բանաստեղծելու, բանաստեղծորեն ապրելու իր ճակատագիրը:

Բանաստեղծությունը, որ «գուցե պոետների գույնն է նախասիրած» կամ «երկու բառի միջև լռության ճիչն է», Կարինեի տարերքը եղավ ամենայն ժամ, և ինչպես կանխասացի իր տեսիլքում էր` բանաստեղծությունը

Լույս աշխարհին փարած

մահկանացուի հայացքն է (էր)

վերջին երկվայրկյաններին: (էջ 129)

Բայց դա` դեռ հետո…

Բարեբախտություն էր, որ Կարինեն հասցրեց նաև որպես ընթերցող կարդալ իր «Հմայագիրը» և քայլ անելով էջից էջ` շարունակեց գրել գերխիտ ու թանձր թանաքով… Բարեբախտություն էր գուցե, որ գրքի արժանի պարգևը ստացավ, եղավ սիրելիների սիրո և ուշադրության կենտրոնում, գնահատվեց ու արժևորվեց… թեև  որտե՞ղ է այստեղ բարեբախտությունը` լի ամենօրյա ցավով ու լուռ տառապանքով:

Բայց իրական և գուցե ամենամեծ բարեբախտությունն այն եղավ, որ պատուհասի առաջին օրերում դեռ մանուկ իր մինուճարին, ի վերջո, Կարինեն հրաժեշտ տվեց արդեն որպես երկու տարով հասունացած տղամարդու: Իսկ լուռ տառապանքն, այնուամենայնիվ, բառի վերածվեց… նաև` «Քիմիաթերապիա» վերնագրի տարողությամբ.

 

…արդեն գիտեի` որդուս լուսերես

պատկերն այլևս երբեք ու երբեք

չտեսնելու վախն ու վտանգը սուր,

և նրա աստղոտ աչքերի լույսով

այլևս երբեք չողողվելը`

բոլոր անհնար ու հնարավոր,

գրված-չգրված սոսկանքների մեջ

ամենադժոխք դժոխքն է դժնի…

«Ապրելու կամք» էր տասնհինգ բանաստեղծություններից կազմված շարքի վերնագիրը, որտեղից մեջբերում եմ նախորդ հատվածը: 2019-ին այն ընթերցվեց ու վերընթերցվեց` տպագրվելով «Հրապարակ» թերթի մշակութային հավելվածում, այնուհետև տարածվեց համացանցով մեկ… Ու հիմա, մեկնաբանությունից դուրս թողնելով այս շարքի որևէ տող, ես միայն ուզում եմ հիշել, որ դրանք Կարինեի վերջին բանաստեղծություններն են` գրված ամենածանր օրերին… Իսկ այն, թե նա ինչպես էր կարողացել թերթը թաքցնել իր` առանց այն էլ վախվորած մոր հայացքից, ինձ համար հիմա էլ գերագույն չափն է Կարինեի` մոր հանդեպ անվերջորեն փայփայանքով լցված սիրո…

«Ինչ հրաշալի…»,- այսպես է վերնագրված այս շարքի մի բանաստեղծություն, որից ուզում եմ մեջբերում անել.

…իմ լա՛վ աղջիկ,

մի՛ արտասվիր,

մենք ճանապարհ

կընկնենք մի օր

դեպի յոթ ծով,

յոթ սար այն կողմ,

և, իմ արև,

դեռ կլինենք

շատ երջանիկ,

փոքրիկ Կարիկ…

Դե ուրեմն` ամեն տարվա Արեգ ամսվա գարնանային գիշերահավասարի օրը, որ հենց Կարինե Աշուղյան բանաստեղծի ծննդյան օրն է, մենք նաև փոքրիկ Կարիկի ծնունդը շնորհավորենք` մեկ վայրկյան իսկ չկասկածելով, որ նա ամպերի գրկում է, և մի պահ խնդությամբ նայենք վեր` ներառելու համար աշխարհին այնտեղից նայող մանկան մաքուր հայացքի տեսողությունը… ու մրմնջանք` «…հրաշալի է նայել ծովերին, որ այլ ինչ չեն, քան Յոթերորդ երկնի` ամպի չափ մաքուր հայելիները»…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։