«ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԸ» ՍԵՐԲԵՐԵՆ

Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպի պարսկերեն թարգմանությունից գրեթե երկու ամիս անց` մի նոր թարգմանություն, այս անգամ Սերբիայում:
Վերջին տարիներին մի շարք հայ հեղինակների գրքեր լույս տեսան պարսկերեն, ինչ վերաբերում է «Բանկ Օտոմանի» թարգմանությանը, ապա ընդունելությունն իսկապես հրաշալի էր: Գիրքը ներկայացվեց Թեհրանի գրքի տոնավաճառում և տեղում էլ փառահեղ շնորհանդես արվեց` Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի ներկայությամբ:
Սերբիայի պարագայում պատկերն այլ է, քանի որ վեպն իր բովանդակությամբ լիովին համահունչ է այդ երկրի և ժողովրդի պատմամշակութային համատեքստին: Սերբերը, բալկանյան բոլոր ժողովուրդների պես, դարեր շարունակ «բախտ» են ունեցել տառապելու օսմանյան լծի տակ, բնականաբար, նրանց համար վեպն ամբողջությամբ արժանահավատ, հասկանալի ու առավել հոգեհարազատ պիտի լիներ:
Գիրքը լույս է ընծայել Սերբիայի առաջատար հրատարակչություններից «Ֆիլիպ Վիշնյիչը»: Ռուսերենից սերբերեն է «հնչեցրել» փորձառու թարգմանիչ Միլիվոյե Բաչովիչը:
Սերբերենը «Բանկ Օտոմանի» հինգերորդ թարգմանությունն է` ռումիներենից, ֆրանսերենից, ռուսերենից և պարսկերենից հետո, ինչը նշանակում է, որ այս վեպը անկախությունից հետո լույս տեսած հայ գեղարվեստական երկերից ամենաթարգմանվածն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։