ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ, հրապարակախոս, ԱՐՍԵՆ ԳԼՋՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Հակոբ Պարոնյանի գրական ժառանգության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գրողը ոչ միայն խորապես գիտակցել է գրական մշակույթի տեղական մակարդակը հաղթահարելու՝ դարաշրջանի համաշխարհային փորձը, աշխարհի և մարդու արդիական հայեցակարգը յուրացնելու կարևորությունը, այլև գործուն քայլեր է կատարել խնդիրը վճռելու ուղղությամբ: Նա, որպեսզի կյանքի գիտությանը և բարձր աշխարհայեցությանը տիրապետի և «ստեղծագործության նյութի»1 վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմի, հետևողականորեն մշակել է աշխարհի` ժամանակի, պատմության, դարաշրջանի, քաղաքակրթության և հասարակության գեղարվեստական ըմբռնումը, որը հրատապությունը չի կորցրել նաև մեր օրերում: Փորձենք դրանք համակարգված ներկայացնել:
Պարոնյանը Ժամանակը, Պատմությունը, Դարը դիտել և դրանց խորհուրդը ներկայացրել է հին հունական դիցարանի կերպարների միջոցով: Քրոնոսը` Երկնքի` Ուրանոսի, և Երկրի` Հռեայի միությունից ծնված տիտանը, տիրական ազդեցություն ունի մարդկանց, առարկաների, գործերի և, նույնիսկ, աստվածների վրա: Նա անողորմ է, ամենակուլ և նենգամիտ: Երբ ուղեկից է ունենում ողջամտությունը և խոնարհումը, մարդկանց բարիք է բերում, իսկ երբ գործակցում է մահվան, զառամության, խաբեության, ոչնչացման, քնի և այլ սարսափելի աստվածների հետ, ճանապարհից շեղվածներին վրեժխնդրություն, խաբեություն, կռիվ ու դժբախտություն է պատճառում: «Աշխարհիս վրա ժամանակն է, որ կ՛ընե ամե՛ն բան»2,- նշել է նա:
Երկրի վրա Մեծ ժամանակը դրսևորվում է Պատմության միջոցով, որն առնչվում է և՛ ամբողջությամբ վերցրած մարդկության, և՛ առանձին սերնդի, ընտանիքի կյանքին ու փորձին, շարունակել է միտքը Պարոնյանը: Բացարձակ Ժամանակ և Պատմություն գոյություն չունի: Պատմությունը ոչ թե ներկա և անցյալ քաղաքական անցքերի և իրադարձությունների շղթա է, ինչպես ներկայացնում են ուսյալ գիտունները, այլ` հանրության ներքին և արտաքին զսպանակներ ու շարժիչներ ունեցող կյանքի որոշակի և բազմազան ընթացք: Պատմությունն ըմբռնելու համար անհրաժեշտ է խորամուխ լինել հանրության կյանքի բոլոր փաստերի մեջ` դրանց կապն ու փոխպայմանավորվածությունը վերլուծելով: «Պատմությունը» «դիտակ մ’է, որով մարդս ետևը կը նայի ու առջևը կը տեսնա» (5,292),- գրել է նա և ընդգծել. «Խորհելու և խոսելու ազատություն» գոյություն ունի, բայց պատմության ընթացքը «հասկանալու ազատություն» լինել չի կարող, ճշմարտությունը մեկն է… (տե՛ս 8,334):
Պարոնյանը մերժել է իր դարաշրջանում լայնորեն տարածված այն պատկերացումը, թե Նոր Դարերի պատմությունը քաղաքակիրթ ընթացք է: Նման ձևով մտածողները խորապես մոլորված են, համոզմունք է հայտնել գրողը, ուժի օրենքը իշխում է նաև Նոր ժամանակներում: Ինչպես «կենդանիների», այնպես էլ մարդկանց աշխարհում «փղի պես ապրիլ փափագող մրջյունն փղի ուժն ունենալու է» (5, 29):
Պարոնյանը, խոր զգալով համաշխարհային գործընթացների ռիթմը, ուշադրության կենտրոնում է պահել ժամանակի, պատմության, դարաշրջանի և քաղաքակրթության առաջադրած խնդիրները: Նա, Մ. Նալբանդյանի նման, այն տեսակետն է պաշտպանել, թե. «…ժողովուրդը ուղեկից է ժամանակին և մնացել և մնում է նորա ազդեցության տակ…», հետևաբար, եթե «Ժամանակը վազում է հառաջ, ուրեմն և ժողովուրդը պիտոյ է վազե…»3: «Ժամանակն երբեմն թռչուն կը ներկայացնեն, երբեմն՝ կառք, երբեմն՝ նավ և երբեմն՝ գետ» (10, 282),- գրել է Պարոնյանը, բայց գլխավորը ներկայացնողների ճաշակն ու կարծիքը չէ, այլ` ժամանակի և պատմության անկանխակալ ըմբռնումը, առանց որի հնարավոր չէ մարդկության և ազգերի անցած ուղին, առանձին դարաշրջանում և հասարակության մեջ մարդկանց գործունեության իմաստը ընկալել, ազգերի առաջնորդների և գործիչների արարքները գնահատել: Պետք է զգուշանալ ժամանակի և պատմության մեջ «ամեն բան վարդագույն տեսնելե», «ամեն ինչ ծիրանեգույն նկատելե». «Այն ազգերն, որ իրենց հանճարովն մարդկային զարգացման պատմությունն նշանավորող և փայլուն էջերով կը պճնեն և կը զարդարեն, բնականաբար իրավունք կ’ստանան իրենց մեծությանը պատշաճ թվական ունենալ. իսկ, ընդհակառակն՝ այն ազգերն, որոնք հետամնացության մեջ հաստատամտության մրցանակին կ’արժանանան, չեն կրնար մեծ ազգաց թվականն ընդունիլ առանց ծաղու նշավակ լինելու» (10, 283):
Անհատի և ազգի, ամբողջությամբ վերցրած մարդկության կյանքում Մեծ Ժամանակի պատմաշրջաններից յուրաքանչյուրն իր ինքնուրույն իմաստն ու նշանակությունն ունի, ընդգծել է Պարոնյանը: Անցյալ գործերի հետևանքը ներկան է, իսկ ժամանակակից գործերով պայմանավորվում է ապագան: Ներկան ապրող մարդուն և սերնդին տրված իրական գործունեության դաշտ է, որտեղ նրանք ստանում են պատմություն կերտելու հնարավորություն: Մարդկության ընթացքից ետ չմնալու համար անհրաժեշտ է սեփական կյանքի ժամանակը և ռիթմը համապատասխանեցնել համաշխարհային պատմության ժամացույցին:
Քաղաքակրթության ձևավորումը հակասական գործընթացների արդյունք է, շարունակել է միտքը գրողը: Նրա ընթացքը նախապես կանխորոշված չէ: Այն պայմանավորված է ժողովուրդների և հանրությունների առաջադիմելու ցանկությամբ, իրենց առջև ծառացած խոչընդոտները հաղթահարելու բանիմացությամբ ու ներդրած ջանքերով: Մարդկությունը դատապարտված է մի կողմից՝ տքնաջան աշխատելու, որպեսզի «ստամոքսի» պահանջմունքները բավարարի: (Եվ քանի որ դա դյուրին չէ, ազգերը, որպեսզի երկրագնդի նյութական բարիքների ավելի մեծ բաժնի տիրանան, դաժանորեն պայքարում են միմյանց դեմ): Մյուս կողմից՝ մարդկությունը, իր «խմորի» մեջ բանականության, հոգեկանության տարրեր ունենալով, ձգտում է դրանք զարգացնել: Ամեն ժողովուրդ պատմության մեջ հաստատում է ի՛ր ժամանակը, որը պայմանավորված է սեփական կեցության և առաջադիմության խնդիրները վճռելու մակարդակով: Այն ազգերը, որոնք նշանակալի հաջողության են հասնում, դառնում են պատմություն կերտողներ, աշխարհի տերեր, իսկ մյուսներն ասպարեզից հեռանում են:
Պատրանք չպետք է տածել հանրության կյանքը տնօրինող «փայտյա մարդկանց» ու տնաբույս «առյուծների ու կատուների» նկատմամբ՝ կարծելով, թե նրանք են ղեկավարում մարդկության պատմության «նավը» և պահպանում ժայռերից ու ստորջրյա խութերից, նշել է գրողը: ժողովուրդը պետք է գիտակցի, որ իրականում «նա՛վն է, որ զիրենք հառաջ կը տանի, և ղեկն է, որ առաջնորդություն կ’ընե իրենց» (5, 31): Հանրությունը պետք է գիտակցի, թե ովքե՛ր և ի՛նչն է խանգարում առաջընթացին և ու՛մ և ինչի՛ դեմ պետք է «պատերազմել» (տե՛ս 9, 226):
Պարոնյանն ազգային քաղաքակրթության համար կարևորել է դավանանք և կենսահաստատ գործունեության ծրագիր տվող մշակույթի, դպրոցի, ուսուցչի և արվեստի դերը: Անհրաժեշտ է, ընդգծել է նա, նաև բարոյական այնպիսի արժեհամակարգ ձևավորել, որի փարոսներն են ամուսնությունը, ընտանիքը, սերը, կրոնը, հայրենիքը, առաջադիմությունը և ճշմարտությունը: Մեծ ժամանակը` անցյալը, ներկան և ապագան, մեկ ամբողջություն են կազմում, ընդգծել է նա, իսկ քաղաքակրթության ու մարդկանց գաղափարների ու գործերի անսխալ գնահատականը տալիս է միայն «Կռոնոսի ժամացույցը» (10, 569):
Ազգի պատմական զարգացումը և առաջադիմությունը տարբեր բաներ են, նշել է Պարոնյանը: Դրանցից առաջինի խորհուրդը մարդու և ժողովրդի հանրային կյանքի առանձին կողմը կատարելագործելն է: Զարգացումը, եթե ընդհանուր ուժեղացման պահանջի հետ չի կապվում, կարող է անկմանը ծառայել: Մարդու և ժողովրդի կյանքում, հետևաբար, ավելի կարևոր է ընդհանուր առաջադիմության գաղափարը հաստատելը: Ընդ որում, առաջադիմության ուղու վրա գտնվելն ինքնին ընթացքը դեպի բարձրը չի ապահովում: Առաջադիմություն լինում է միայն այն դեպքում, երբ ժողովուրդը ծավալում է ծրագրված և հետևողական գործունեություն. «Տարիներն էլ մարդուս պես են՝ իրենց աղոթողներն ու անիծողներն ունին» (10, 382):
«…Մարդիկ և ազգերը ներկա թվականիս չափով չափելը հիմարություն է»,- ընդգծում էր Մ.Մամուրյանը: Մարդկության կյանքի ու պատմության առանձին թվականի գնահատման համար հիմք պետք է ընդունել «յուրաքանչյուր ազգի բարոյականության, իմաստության և ազատության մեջ ըրած քայլերն»4 և ոչ թե… եկեղեցականների ընթացիկ գործերի ժամանակագրությունը: Ազգի պատմությունն ընդհանրական հասկացություն չէ, իր հերթին ընդգծել է Պարոնյանը, այն պայմանավորված է ազգի ինքնագիտակցությամբ, ժամանակը տնօրինելու բանիմացությամբ, առաջադիմության ճանապարհի խնդիրները վճռելու կամքով, ուժով, աշխատանքով: Ազգերը, սկզբնավորելով մարդկության պատմությունը, միաժամանակ են ճանապարհ ընկել, սակայն յուրաքանչյուրի ընթացքի արդյունավետությունը տարբեր է եղել: Ուստի, նրանց, որպես պատմության նույն աստիճանի վրա գտնվողներ, չպետք է դիտել: Քաղաքակիրթ կյանքի ողջամիտ ուղի բռնած ազգերը, կազմակերպելով իրենց ընթացքը, ձգտում են ըստ ամենայնի իրականացնել մարդկային ճշմարիտ կեցության նպատակները, իսկ մյուսները խրվում են արատների, ախտերի, մոլորությունների մեջ: Բոլոր սերունդները մասնակցում են պատմության կերտմանը, բայց ոմանք՝ դրական գործերով, ուրիշները՝ սխալ գործելով, նշել է նա: Շատերը պատրանք են տածում, թե այսօրվա սխալները վաղը կուղղվեն, որը սխալ է: Այսօր պատժվում ենք անցյալի սխալների համար, վաղը պատժվելու ենք այսօրվանի համար (տե՛ս 10, 303): Ինչ ցանենք, այն ենք հնձելու (տե՛ս 10, 641):
Պարոնյանը Հայաստանի քաղաքական «վերքի» հետ կապված նույն տագնապն է ունեցել, ինչ Մ. Նալբանդյանը, որը զգուշացնում էր. «Տարիները փայլում են փայլակի շուտությամբ, օրերը թռչում են՝ որպես մի վայրկյան: Վախենում ենք և իրավունք ունինք վախենալու, թե մի՛ գուցե, մինչև հայը կշտանա յուր մահանման քնից, լուսինը անդնդասույզ գնա հորիզոնից ներքև»5: Հայ մարդը պետք է գիտակցի, որ ինքն անգլիացիների, ֆրանսիացիների, գերմանացիների, նույնիսկ հույների հետ նույն պատմական ժամանակի, նույն «թվականի» մեջ չի ապրում, նշել է Պարոնյանը. նրանք «մեզմե անհամեմատելի կերպով բարձր են ամեն տեսակետով»: «Ունի՞ս անոնց պես հարստություն, գիտություն, արհեստ, դյուցազնություն: Ի՞նչ ունիս անցյալիդ մեջ, ի՞նչ կը վայելես ներկայիդ մեջ և ի՞նչ կը հուսաս ունենալ ապագայիդ մեջ` եթե այս ընթացքիդ մեջ հարատևես, այսինքն, միշտ փափագիս, որ ինքնզինքդ չճանչնաս» (10, 262):
Որոշ գործիչներ ուրախանում են, թե 1884 թվականին ենք հասել, իսկ ես չեմ ուրախանում, նշել է գրողը: Իմ կարծիքով, սա մեր ազգային կյանքի թվականը լինելու հարմարություն չունի: Նորություն բոլորն են սիրում, բայց ցանկալին ոչ թե սնամեջ ձև պետք է լինի, այլ՝ իմաստալից բովանդակություն: Եթե մենք հին տարվա մեջ լուրջ աշխատանք չենք կատարել, եթե մեր ազգը շարունակում է աղքատ լինել, ինչո՞ւ ենք եղածը վարդագույն տեսնում: Եթե մեր ազգային հիմնահարցերի մասին լրջորեն խորհենք, ապա կըմբռնենք, որ չափազանց հետ ենք գտնվում առաջադեմ ազգերից, ուստի, եկածը մեր ազգային պատմության գուցե ընդամենը 400 թվականն է, քանի որ մարդկային զարգացման արդի ընթացքը խորհրդանշող 1884 թվականի և մեր վիճակի միջև վիհ է ընկած: Մեր ընտանեկան, կրթական, ընկերական, արհեստագործական, առևտրական, գրական, գիտական, վարչական ու խորհրդարանական կյանքի բովանդակությունն արդիականության պահանջներին համապատասխան չի թարմացվել (տե՛ս 10,283): Այդպես է, քանի որ քաղաքական «Ժամանակն գերի ըրած է զմեզ» (տե՛ս 10, 473): Մեր ազգային գլխավոր խնդիրն այդ գերությունից ազատվելը, «հայո՛ց տասնևիններորդ դարի» «պահանջները» (տե՛ս 8, 351) կատարելն է: Հայ ազգն ապրելու և առաջադիմելու համար պետք է ժամանակին համընթաց շարժվի, «ինքզինքը» պատմության «թվականին» «հարմարեցնի», որպեսզի «լուսավորյալ ազգերի վիճակին» «հասնի» և «ճակատաբաց» իրավունք ունենա նրանց ժամանակակիցը համարվել (տե՛ս 10, 263), նշել է այնուհետև նա:
Հայ հանրության ներկա վիճակն անմխիթար է նաև այն պատճառով, որ մեր մեջ քիչ չեն առաջնորդի դերի հավակնող այնպիսի մարդիկ, որոնք հստակ տեղեկություն չունեն անգամ այն աշխարհի մասին, որը «լցնում են իրենց աղմուկով», ընդգծել է Պարոնյանը: Պատկերացում չունեն իրենց կյանքի բովանդակության, ապրած տարիների հանրային արժեքի, նույնիսկ կենսաբանական տարիքի մասին: Ութսուն երկար տարիներ ապրած մարդը, որն ամբողջ կյանքում հոգացել է միայն ստամոքսի պետքերը, իրականում քանի՞ տարեկան է: Մեզանում շատերը կդժվարանան պատասխանել այս իմաստասիրական հարցին (տե՛ս 10, 645):
Պարոնյանը տասնիններորդ դարի քաղաքական բովանդակությունն ընկալելու հարցում մերժել է լայն տարածում գտած որոշ տեսակետներ: Րաֆֆին հայության «փառավոր հաղթությունն» էր համարում այն փաստը, որ, «դիմանալով բարբարոսների այնքան կորստաբեր հարվածներին», «թշնամու սրից մոտ չորսուկես միլիոն հայեր» է ազատել և հասցրել մինչև «տասնևիններորդ դարուս վերջին կիսաբաժինը, մինչև ժամանակի այդ ոսկեղեն միջնասահմանը, որ այսուհետև ազգերին մահ չկա, որ այսուհետև ազգերի ամբողջության ապահովությունը դրված է կատարյալ ազատության մեջ»6: «Ես մարգարե չեմ, բայց այսքանը գիտեմ, հայերին մի փառավոր ապագա է սպասում»7,- ազդարարում էր նա: Մարդկությունն արդեն գիտակցում է «ազգայնության գաղափարի» արժեքը. «…մոտ է այն բարեբախտ ժամանակը, երբ ազգայնության խնդիրը կընդունե յուր վճռական լուծումը, և ազատությունը, արդար օրենքը ու իրավունքը, որ կրոնքները չկարողացան աշխարհ բերել, պիտի ներս մտնեն մարդկային կյանքի մեջ քաղաքակրթության ու լուսավորության ձեռքով»8: Պարոնյանը, անդրադառնալով սույն տեսակետին, ընդգծել է, որ ազգի խնդիրներն արծարծող հայ գրողի կոչումը ապագայի վերաբերյալ «մարգարեություններ» անելը չէ, այլ՝ հանրությանն իր կյանքին սպասվող լրջագույն վտանգները ներկայացնելը, որպեսզի նա կենսական հարցերում կողմնորոշվի: Պատմության կորստաբեր ժամանակները շարունակվում են, նշել է նա, հայությունը կարիք ունի սթափվելու և ուժերը համախմբելու, այլապես նրան մռայլ հեռանկար է սպասում: «Ընթերցո՛ղ, աչքիդ առջև բեր ծովն, որ սաստկաշունչ հողմոցը առջև տակն ու վրա կ’ըլլա,- գրել է նա:- Լեռնացյալ ալյաց ձեռքը խաղալիք եղած նավ մը երևակայե, լեցո՛ւր այս նավն ոչխարներով, դիր այս նավուն մեջ նավապետ մը, որ կը հորանջե, դիր ղեկավար մ’ալ, որ ղեկը ձգած` գլուխը կը քերե և, ահա, աչքիդ առջև բերած կ’ըլլաս ազգերնուս վիճակը» (9,239): «Չըլլա որ ժամանակին վստահիք, ատիկա խաբեբային մեկն է,- հայության սերունդներին զգուշացրել է Պարոնյանը:- Ամեն բան կը խոստանա, բան մը չտար, թե որ տալու ալ ըլլա, տղու պես շուտով տվածը ետ կ’ուզե. այսօրվան տվածը վաղը կ’առնե, վաղը չ’ըլլա նե, մյուս օր կ’առնե: Սիրելու գալով` փախեք իրմե, վասնզի միշտ ձեզի սիրելու ժամանակը չէ, պիտի ըսե», «վերջեն վրանիդ պիտի խնդա» (տե՛ս 8,19): Բայց դրանից պետք չէ հուսալքվել: Եթե «նախանձոտ» ժամանակին հակադրեք ճշմարիտ հայրենասիրությունը, ժամանակը կարող է «թառամել», «բարկութենեն ճաթել» (տե՛ս 8, 20): Եվ միայն այդ դեպքում դուք կապրեք բարի «Ժամանակի» մեջ, որը, «հրաշագործ բժշկի» (տե՛ս 5,271) վերածվելով, կարելի կդարձնի ներկայի մեջ այնպիսի բանիմաց աշխատանք ծավալել, որ «ապագան» «ըլլա ներկա» (տե ՛ս 7, 49):
Մարդկանց կատարյալ երկրի պատկերը. տղամարդը և կինը: Մարդկանց Երկրի Ճշմարիտ, Բարի, Գեղեցիկ գեղարվեստական պատկերի կենտրոնում, իբրև իրական կենսաբեր ու կործանարար ուժերի կրող, Պարոնյանը տեսել է Տղամարդուն ու Կնոջը: Առաջատարը Տղամարդն է՝ իրականության Օլիմպոսում Արամազդի ցանկալի դերին հավակնող: Նա մարդկության կյանքը, կենցաղն ու բարքերը գայթակղություններից զերծ պահելու, մարդկության ընթացքը հսկելու և ապահովելու գործում գլխավոր դերակատարություն և պարտավորություն ունի, համոզմունք է ունեցել նա:
Տղամարդու կողքին անփոխարինելի տեղ ունի Կինը, որի մեջ միահյուսված են կառուցողական և կործանարար շատ ուժեր: «Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքերը հաստատողները կանայք են» (7, 331),- նշել է գրողը: «Շատ անգամ կնկան մը արտասուքին մեկ շիթը օվկիանոսին ալիքներեն ավելի վտանգավոր է. գիտե՞ք որքան նավաբեկություններ եղած են և կ’ըլլան շիթ մը արտասուքի լայնածավալ ծովուն մեջ» (5,131): Կնոջ կոչումը, բնությունից սահմանված, շատ բարձր է, սակայն արդի դարաշրջանում, ցավոք, ներկայանում է չափազանց հողեղեն կերպարանքով: «Կնոջ գեղեցկությունը կը հաստատե, որ ժամանակավ դրախտի բնակիչն էր նա» (7,339), ինչը չես ասի նրա արդի կերպարի մասին: Դրությունը շտկելու, Մարդկանց Երկրի բարձր իդեալները վերականգնելու համար մարդկությունը պարտավոր է նրանց ուղին բանականության լույսով լուսավորել. «Բնությունը կնոջը ըսած է՝ գեղեցիկ եղիր, եթե` կրնաս, խելացի՝ եթե` կուզես, բայց պետք է որ պատվավոր ըլլաս» (7,335): Գրողն այդ խնդրում կարևորել է նաև Տղամարդու կայուն, ամբողջական նկարագիր ունենալը, որպեսզի իզորու լինի կեցության գլխավոր հարցերում բանիմաց վճիռ կայացնել` Կնոջ հակասական էության բացասական ազդեցությունից զերծ մնալով: Առաջին Տղամարդը` Ադամը, Ժամանակին չըմբռնեց Կնոջ բարդ էությունը և խաբվեց, այդ պատճառով արտաքսվեց Աստծո Դրախտից: Նորագույն սերնդի Տղամարդու համար Երկրային Դրախտը (բարձրագույն կյանքը) կարող է դժոխքի վերածվել, եթե արդի դարաշրջանում Ադամի սխալը կրկնի:
Պարոնյանը հայեցակարգային իմաստ ունեցող նման տեսակետով հակադրվել է Եվրոպայից թափանցած այն թյուր տեսությանը, թե կնոջը պետք է «ազատագրել» հանրային ավանդական կապանքներից, որպեսզի կարողանա իր ինքնուրույն էությունը լիակատար դրսևորել: Գրողը, հիմնվելով մարդկության դարավոր փորձի, այդ թվում՝ հայ մշակույթի հիմնարար ավանդույթների վրա, հեգնել է այդ տեսության կողմնակիցներին: Նա պաշտպանել է այն տեսակետը, թե ժողովրդավարության կեղծ պահանջներն անհրաժեշտ է մերժել և առաջնորդվել մարդկության արմատական շահերով: «Միշտ կնկան խորհրդով գործող մը ինչի՞ կը նմանվի,- հարցրել է գրողը և ինքն էլ պատասխանել,- Սանձված էշու մը» (9, 208): Պարոնյանը, այդպես պատասխանելով, հեգնել է ոչ թե կնոջը, ծաղրել է ոչ թե նրան գնահատող, այլ` կեցության օրենքը չըմբռնած, հեշտամոլ կյանքով ապրել կողմնորոշված տղամարդկանց:
Պարոնյանը համոզմունք է հայտնել, որ կնոջ հանրային կոչումը թելադրում է, մանավանդ սեռական պահանջմունքի հարցերում, բանականության շրջանակից դուրս չգալ: Նա հատուկ զգուշացրել է. «Աշխարհակալությունը կանանց համար չէ», կինը մեկ անգամ իրավունք ունի նվաճել՝ իր ամուսնուն (տես 6,334): Իսկ Տղամարդուն պարտավորեցրել է, որպեսզի նա հսկի Կնոջը՝ հանուն նրա իսկ շահի: «Եթե կնոջ մը չարիք հասցնել կուզես,- ընդգծել է նա,- թող որ ուզածն ընե» (7,333):
Աշխարհիկ սիրո ըմբռնումը: Պարոնյանը սիրո զգացմունքը և դրսևորումները համարել է մարդու հոգեկան բարձրացման կարևոր պայման: Մարդ արարածի «խմորի» մեջ ի՛նչ տեսակ զգացմունք ասես չկա, որ, թյուրիմացաբար, «սեր» է հորջորջվում, նշել է գրողը: Ախտավոր մարդիկ, սիրո անվան տակ, հաճախ «անմիտ և անխելք և տարօրինակ սիրահարների կամ ամուսինների» «նախապաշարմունքներ» (տե՛ս 5,268) և անլուրջ, պարսավելի ցանկություններ են ունենում, իսկ մանր բանաստեղծները դրանք գովերգում են: «Բանաստեղծից ոմանք»,- հեգնել է Պարոնյանը, հեշտությամբ մեկ «կնկանից» մյուսին են վազում` «ամուսնանալու», այսինքն, «հոգվո երկրորդ հատոր մը գտնելու» պիղծ ցանկությամբ: Սիրո մասին նման պատկերացում ունեցող բանաստեղծները (և մարդիկ) ծաղրի են արժանի, քանի որ «մարմնապիշներ» են: Նրանց հոգին շատ «հատորներ» ունի, իսկ սերը, զարմանալիորեն, շուտ է ծնվում և վաղ մեռնում, մինչդեռ բանաստեղծի կամ սիրահարի ճշմարիտ սերը, «յուր առարկայի հող դառնալուն պես», չի կարող մոխրանալ… Սիրո մասին զարմանալի պարզունակ պատկերացում է ձևավորվել, որի համաձայն` «պոետ մը կրնա քսան կնկան հետ ամուսնանալ և ամենուն վրա մեյմեկ տաղ գրելով` զանոնք սիրած ըլլալ» (10, 373): «Այս տեսակ բանաստեղծությունը ուրիշ բան չէ, եթե ոչ միայն հանգավոր վայրենություն» (10, 373): Չպետք է անգիտանալ, որ տղամարդու և կնոջ սերը ենթարկվում է համընդհանուր օրենքին: Մեկին ճշմարիտ սիրող կինը կամ տղամարդը նույն կերպ նաև ուրիշի սիրել չի կարող, քանի որ` «Սիրտն չնմանիր մեր ոտքին կամ ձեռքին, որ կառավարենք զայն մեր ուզած եղանակավ» (5, 267): Շեքսպիրն իր հայտնի ողբերգության մեջ բացահայտել է սիրո ոչ միայն վեհացնող, այլև` կործանարար ուժը և մարդկանց ուշադրությունը հրավիրել դրա վրա (Ռոմեոյի ու Ջուլետի մահը պայմանավորված չէր կենցաղային պարզ թյուրիմացությամբ, այլ` սիրո ոչ միայն վեհացնող, այլև` կործանարար ուժով):
Պարոնյանն առանձնացրել է սիրո զգացմունքի երկու տեսակ, որոնցից մեկն անվանել է բարձր (Հին կտակարանի մեջ ներկայացվածը), մյուսը` եսակենտրոն (աշխարհիկ կենցաղում դրսևորվող): Գրողը երկրորդին վերապահումով է մոտեցել՝ նկատելով, թե այն բյուրեղյա զգացմունք չէ: Եսակենտրոն զգացմունքների հիմքում սովորաբար ընկած է նյութական-հուզական բովանդակությունը, նկատել է գրողը: Եսակենտրոն մարդը հաճախ, «սիրելով», ձգտում է «պայմանադրությամբ» (5,252) իրենը դարձնել հակառակ սեռի այն անձին, որն իր վրա զգացական տպավորություն է գործել, և հաճույք ստանալ: Քանի որ նման «սերը» մղում է ստանում ոչ թե հոգեկան, այլ` մարմնական ձգտումից, առարկան շարունակ կարող է փոխել, նշել է գրողը: Դա, ըստ էության, «սեր չէ» (տե՛ս 5,252), քանի որ սիրո բուն աղբյուրն անհատի՝ ոչ այնքան սեռական, որքան` մարդկային հոգեկան արժանիքի նկատմամբ պահանջմունքն է: Տղամարդը կամ կինը վերջինս գնահատելով է, որ սիրում է հակառակ սեռի ներկայացուցչին: Սիրելու խորհուրդը կենդանականության հաղթահարումը և մարդու վեհացումն է: Սերը խարսխվում է իրար արժանի զույգի փոխադարձ խոր զգացմունքի և պատասխանատվության, այսինքն՝ մարդկային էության հոգեկան այնպիսի փոխադարձ արժևորման ու գնահատման վրա, որը նրանց դարձնում է միմյանց համար անփոխարինելի: Սիրո և վսեմ հաճույքի գրավականն այն է, որ անհատները «խորհելու միտք», «գործելու կամք» և, հետո միայն, «սիրելու սիրտ» ունենան (5,241),- ընդգծել է նա: Պարոնյանը սիրո մեջ կարևորել է հոգեկան բաղադրիչը: «Առանց հոգվո գեղեցկության ոչինչ է մարմնո գեղեցկությունն: Միօրինակությունն ձանձրույթ կը պատճառե և հաճախ քուն կը բերե, պեսպիսությունն է, որ հաճույք և զարթնումն կը ծնանի: Մեկ կին մը միօրինակ գեղեցիկ կրնա լինել. կրնա վարդ մ’ըլլալ, բայց չկրնար միանգամայն մանուշակ, շուշան, շահպրակ, քամելիա և այլն ըլլալ: Ամեն օր վարդ հոտոտելն ոչինչ հոտոտել է: Հոգվո գեղեցկությունն է, որ միօրինակ չէ, ամեն օր վերստին կը ծնանի նոր հրապույրներով, նոր թույր կստանա, նոր բույր կը բուրե, երթալով կը գեղեցկանա, կը հրապուրե, կը դյութե, կը հափշտակե, կը տիրե, և կը գահակալե: Ինչո՞ւ ուրեմն զոհենք հոգվո գեղեցկությունն մարմնույն» ( 6, 336-337):
Պարոնյանը աշխարհիկ սերը կապել է ամուսնության, ընտանեկան հարկ ստեղծելու մարդկային պահանջմունքի հետ: Գործնականում, իհարկե, շատ երջանիկ ամուսնությունները հազվադեպ են, քանի որ տղամարդու և կնոջ հոգին շատ բարդ է: Նրանք տենչում են հակադիր բաներ` և՛ սեր, և՛ ընկերություն, և՛ ազատ կյանք, և՛ ազատ բնություն ու մենակություն, մինչդեռ «ամուսնական սերը» սահմանափակում է սեռերի բացարձակ ազատությունը: Բայց չպետք է մոռանալ, որ, սահմանափակելու հետ միաժամանակ, նրանց կյանքը և ընթացքը դնում է ողջամտության շրջանակի մեջ: «Որքան ալ կանանց և ամուսնության վրա ուզածնիս ըսենք,- ընդգծել է Պարոնյանը,- դարձյալ երկուքեն ալ չենք կրնար զատվիլ» (7,327): Անվիճելի է, իհարկե, որ «սերն արքայության բանալիներն ունի», մինչդեռ «ամուսնությունն ալ միշտ դժոխքի դռները կը բանա» (7, 352), սակայն երկրորդը, որպես կանոն, այն դեպքերում է լինում, երբ զույգերն ոչ միայն թերի են, այլև` ամուսնության խորհուրդը չեն ըմբռնում:
Մարդկանց կենցաղում ամուսնությունը սովորաբար վերածվում է «քավարանի», որտեղ ճշտվում է, թե նրանք երկրային կյանքում դրախտի՞, թե՞ դժոխքի են արժանի, նշել է Պարոնյանը: Տղամարդու և Կնոջ խնդիրն այն է, որ ռեալ իրականության մեջ կարողանան իրենց սերը և ամուսնությունը միատեղել՝ վերջինիս գոյության իրավունքը և բարձրագույն օգուտը ըմբռնելով և «հարգելով» (տե՛ս 7,345): Պարոնյանը բարձր կյանքով ապրել ձգտող երիտասարդներին հորդորել է` «սիրահարություն ընել», բայց` ապավինելով ոչ թե թեթևամիտ, այլ` լուրջ, խոր, «տիեզերական» զգացմունքներին, որոնք հանգեցնում են «իրենց սիրածին հետ» ամուսնության:
——
1. Էքերման, Զրույցներ Գյոթեի հետ, Եր., 1975, էջ 17:
2. Պարոնյանից քաղվածքները արված են Երկերի ժողովածու տասը հատորով, հ.1-10, Եր., 1964-1979 թթ. հրատարակությունից` փակագծում նշելով միայն հատորը և էջը` 4, 388:
3. Նալբանդյան Մ., Երկերի լիակատար ժողովածու վեց հատորով, հ. 2, Եր., 1980, էջ 74-75:
4. Մամուրյան Մ, Երկեր, Եր., 1966, էջ 408:
5. Նալբանդյան Մ, Երկերի լիակատար ժողովածու վեց հատորով Հ. 4, Եր., 1983, էջ 25:
6. Րաֆֆի, Երկերի լիակատար ժողովածու տասներկու հատորով, հ.2, Եր., 1980, էջ 20:
7. Նույն տեղը:
8. Նույն տեղը: