ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
արձակագիր, դրամատուրգ, կինոգետ
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
ԱՆՍԱՆՁ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԵԾՅԱԼԸ
Սիրելի ընկեր, Դավիթ, երևանցի տղա, համալսարանական, պիոներպալատական, մշակույթի անպարագիծ դաշտը հերկող՝ մե՛րթ կինոյի մասին հրակայուն սերմեր ցանող, մե՛րթ թատրոնի վերաբերյալ ոսկեփայլ կորիզներ նետելով, մե՛րթ գրականության աշխարհին բազմագույն ու բազմանուն հունդեր դնելով արևոտ գուղձերի մեջ ու ձեռնափով խնամքոտ ծածկելով, մինչև ծլեն ու բերք տան նոր ֆիլմեր, ներկայացումներ ու գրքեր։
Համալսարանի գրական ստուդիայում դու չէիր փորձում շշմեցնել բանից անտեղյակ ոմանց, բայց, հավատա, ովքեր առաջին անգամ էին լսում Ֆոլքների, Մարկեսի, Կաֆկայի, Քամյուի և շատ մեծերի անուններ, մտածում էին վազեն գրադարան ու…
Պիոներպալատի գրական խմբակից էր գալիս քո իմացությունների կարկուտը, սերը հզոր գրականության հանդեպ։ Կարդում եմ քո նոր հատորյակի էսսեները և ուրախանում մտքիդ շաչող, մտքեր շարժող տքնանքից։
Մեր արվեստի ու գրականության, աշխարհի անթվարկելի արժեքները համտեսած հմտությամբ զրուցում ես պարզ ու անկաշկանդ։
Եվ մարդկային կերպարդ՝ անամպ, առանց թաքնամտած որոգայթների գայթակղությանը տրված։
Այո՛, դյուրին չէ դիմանալ տարատեսակ գայթակղությունների, միայն նրանք դա գիտեն, ում համար, ինչպես դու ես գրել «Հորինվածքի արվեստ» խոհագրության մեջ՝ մանկության մեջ ընկերդ… երևակայությունն է։
Ու թող նա քեզ տանի ուր կամենա՝ նա քեզ լավ գրվածքներ է պարգևելու, դու, իհարկե, համոզված ես։
Շնորհավոր ամյակդ, ընկե՛ր ջան։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
***
Արդեն կյանքի յոթերորդ տասնամյակը բոլորած Դավիթ Մուրադյանի մասին գրելիս միտքս ակամա ինձ տանում է տասնամյակներ ետ՝ դեպի անցյալ դարի 60-ականի կեսերը, երբ մենք՝ դեռևս դպրոցական պատանիներ, բախտ էինք ունեցել հաճախելու Երևանի պիոներպալատի, երջանկահիշատակ Սուսաննա Բաբայանի՝ այն ժամանակ արդեն համբավավոր գրական խմբակը: Հիմա էլ, ահա, այսօրվա պես հաճելիորեն վերապրում եմ հեռավոր այն տարիների հրաշալի մթնոլորտը, երբ ամեն մի հավաքին անհամբերությամբ սպասում էինք մեզնից որևէ մեկի գրվածքի ընթերցմանն ու քննարկմանը: Դավիթը մեր խմբի ամենաակտիվներից էր, գրեթե ամեն անգամ մի նոր գործ ուներ ընթերցելու, որի ավարտին հանկարծ հնչում էր ընկեր Սուսաննայի ոգևորող բացականչությունը՝ «Բռա՛վո, Դևի…»: Ճիշտն ասած, այն ժամանակ չէինք հասկանում, թե ինչո՞ւ էր այդպես կոչում Դավիթին: Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ շատ լավ ծանոթ էր նրա տոհմական արմատներին՝ արվեստի աշխարհում ճանաչված նրա ծնողներին ու հարազատներին, և դրանով, մի տեսակ, հատկանշում էր նրան, ընդգծելով մյուսներից իր արտիստիկ շարժուձևով, բնավորությամբ ու հակումներով տարբերվող պատանուն: Ի դեպ, այդ արտիստիզմը տարիների հետ Դավիթի մեջ ոչ միայն չնվազեց, այլև առավել խորացավ՝ հաստատելով սերունդների ու ժամանակների ներքին, անտեսանելի կապի զորությունը: Այսինքն՝ ուզում եմ ասել, պատանի Դավիթի տեսակն ու ապագան արդեն իսկ կանխորոշված էր, որովհետև, ինչպես ինքն էլ է խոստովանել՝ «Ես ուրիշ ելք չունեի: …Ճանապարհը գծված էր»: Բայց, իհարկե, ոչ թե ուղղակիորեն, քանի որ բալետի պարուհի մայրը և Թատերականում դասավանդող հայրը ոչ թե «ցուցամատով ուղղորդում», այլ պարզապես՝ «աչքիս առաջ ապրում էին և դրանով ինձ նախագծում»: Այնպես որ, իր «մանկապարտեզները եղել են Թատերական ինստիտուտն ու Օպերան», որովհետև տանը մենակ չթողնելու համար, «մի օր մեկն էր իր հետ տանում աշխատանքի, հաջորդ օրը՝ մյուսը»: Ինչ վերաբերում է գրականությանը, ապա գրքերը ևս իր հոգեմտավոր աշխարհը նախագծողներից և կառուցողներից էին: Ահա թե ինչու, տասնամյակներ անց՝ արդեն կինոյի ու թատրոնի, պետական ու հասարակական մշակութային հաստատությունների բովով անցած լինելով, արձանագրել է, թե՝ «Ես ինձ համարում եմ գրչի և խոսքի մարդ»: Այդ մասին են վկայում նաև շուրջ կես դարի ընթացքում հրատարակած պատմվածքներն ու վիպակները, հայրենիքում և սփյուռքում բեմ ելած թատերախաղերը, ուղեգրային ակնարկները, որոնց ընտրանին լույս տեսավ բոլորովին վերջերս՝ «Ձեռքով գրված նամակներ» խորհրդանշական վերնագրով: Այդ շարքում առանձին կարևորություն ունեն նաև հենց նշված վերնագիրը կրող խոհագրությունները, որոնք, ըստ էության, յուրատեսակ «նամակներ» են՝ խորքի և բարձրության, օրացուցայինի ու հավերժականի, հաշվարկի ու տեսիլքի, հունի և հոսանքի, հայրենիքի, երկրի ու մարդու, ֆիզիկական ու հոգևոր գոյության և շատ այլ՝ առաջին հայացքից հակասական թվացող երևույթների ներքին դիալեկտիկական կապերի դիպուկ և աֆորիստիկ հայտնագործում-ձևակերպումներով: Վիկտոր Շկլովսկու բանաձևով՝ «անհամատեղելիի համատեղելիությունը»: Եվ, իհարկե, այդ ամենը ստեղծելիս Դավիթ Մուրադյանին ներքուստ առաջնորդել է այն համոզմունքը, թե արվեստում ու գրականության մեջ «առաջին հերթին ամեն ինչ որոշում է ստեղծագործական անհատականությունը»: Մի բան, որ նրա մեջ ժառանգվել ու սկսել է զորանալ դեռ մանկությունից, երբ դարերով իր ժամանակը չափող, հրաշքներով լի անցյալ դարակեսի Երևանի իրենց բակում կամ «գիշերային փողոցում» կանգնած, «հայացքով սուզվում էր երկնքի մեջ»՝ դուրս բերելու համար մեծ կյանքի իմաստներ և օրինաչափություններ, որոնք, թերևս, ամենևին էլ բացարձակ չեն առեղծվածներով լի այս աշխարհում և որոնց ճշմարտությունը ստուգելու համար էլ աներկյուղ հայտարարում է, թե՝ «Ես ինձ հետ բանավիճողին եմ փնտրում, այսինքն՝ հետաքրքիր հասցեատեր…»:
«Չարժեր պետք եղածից շուտ ծերանալ, ուսերին առնել կյանք բացատրողի երկարափեշ պատմուճանը կամ գլխահակ նահանջել՝ կառչելով սեփական ստվերից…»,- մտորում է «Կաղանդի ծառ» պատմվածքի քառասունհինգամյա հերոսը: Մի բան, որ վստահ եմ, չի սպառնում նաև պատմվածքի յոթանասնամյա հեղինակին՝ Դավիթ Մուրադյանին, քանզի հենց ինքն է խոստովանել հարցազրույցներից մեկում, որ իր մեջ «դեռ կա ստեղծագործելու էներգիա, և աններելի է այն չօգտագործել»: Ուրեմն, նախևառաջ քաջառողջություն և ապա ստեղծագործական բեղմնավոր կյանքի բազում տարիներ եմ մաղթում սիրելի ընկերոջս, հայ արվեստի ու գրականության աննահանջ նվիրյալին:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ