Անոն աչքերից արցունքի մանր-մունր կաթիլները լղոզեց մսեղ այտերին և սև չամչաչափ աչքերը ճպճպացնելով ծափ զարկելով` ցնծությամբ տարածեց ձեռքերը:
– Աղջի, ճի՞շտ ես ասում, հնդիկներ են գալու, ես դրանց եմ սպասում, իրանց ցավը տանեմ:
– Հա՛, հա՛,- հարսը մանրիկ քմծիծաղով, լուրը նրան հաղորդելուց հետո, հարցական նայեց:
– Հիմա ի՞նչ, հնդիկ փեսացո՞ւ ես ճարելու:
Անոն խանդավառությամբ իր զույգ թաթերի մեջ առավ հարսին, սեղմեց խմորատաշտից դուրս պրծած փափուկ գնդերի արանքում, որից նիհարիկ հարսի շունչը կտրվեց.
– Բաց թող, այ խելա՜ռ,- շունչը տեղը բերելով, մի կերպ ազատվեց խանդավառվածից:
– Ես դրանց ցավը տանեմ, շատ եմ սիրում իրանց, ո՜ւխ: Կգնամ, իբր թե առևտուր եմ անում, մի տղամարդու հետ կծանոթանամ, իրեն կսիրեմ ու հետո էլ հա՜յդե Հնդկաստան: Էս երկրից կգնամ: Համ էլ ինչ եմ կպել համակարգիչով ծանոթանալու ետևից, էդ է, ներկան կա, էլի: Լկտի, այ լկտի,- զույգ թաթերը խմորահունց կրծքից վեր պահած, ծափ զարկելով երգաձայն ասաց Անոն, շորորալով հիվանդ մոր դատափետող հայացքի տակ:
– Էսօրվանից կովի միս ու յուղ չեմ ուտելու, միայն ձեթով ու ձավարով ճաշ կուտեմ:
– Ինչո՞ւ, հո ծոմ ու պաս չես պահելու,- հարսի քմծիծաղը փոխվեց զարմանքի:
– Հա՛, հա՛, աղոթք էլ կանեմ, հարե կրիշնա, հարե կրիշնա:
– Հերիք է խոսես,- վերջապես զայրացած արձագանքեց հիվանդ մայրը,- խելառ, խելառ դուրս մի՛ տուր:
– Բա Տիկոդ ո՞ւ ր մնաց, թե՞ այդքան ոտանավորներդ, որ իրեն ես նվիրել, սուտ են:
– Տիկոն է՛լ չկա, գնաց Կազան: Քսան տարի անցնելուց հետո եկավ վերջապես, տղայիս գերեզմանի մոտ հանկարծակի հանդիպեցի: Շատ խնդրեց, որ միանանք, որ թույլ տամ աղջկաս հետ շփվի, բայց ես չուզեցի:
– Որովհետև ծտի խելք ունես, քո մոտ ամեն ինչ մի օրով է,- նախատեց հարսը:
Անոն փլվեց աթոռին, ձեռքերը հուսահատ դրեց ծնկներին, աչքերը լցվեցին, մանր-մունր արցունքը քսմսեց այտերին:
– Կյանքը խաղ չէ, որ էդ համակարգիչի խաղերով տարվես, սրա-նրա հետ ծանոթանաս, սիրահարվես ու հիասթափվես: Կյանքդ դարձրել էս ջարդված խաղալիք ու չես կարող վերանորոգել, շուտով աղջիկդ կամուսնանա, իսկ դո՞ւ,- մեղմ ձայնով խրատեց հարսը` փորձանքից փորձանք շտապող Անոյին:
– Բա ի՞նչ անեմ, մեկը չկա ինձ սիրի: Կյանքիս վեպը կիսատ մնաց: Էս դատարկ կյանքով ինչքա՞ ն ապրեմ:
– Կյանքիդ վեպը դեռ չի էլ սկսվել, կիսատ-պռատ, թարս ու շիտակ ապրել ես: Մի փոքրիկ գերեզման ունես ու մի հրաշալի աղջիկ, ով ոչնչով քեզ նման չի: Իր կյանքն ու իր նպատակներն ունի: Եվ լավ է, որ նման չի:
– Ես եմ իրեն մեծացրել, կյանքս չեմ խնայել, ցրտի ու սովի ժամանակ տնակում եմ լույս աշխարհ բերել, առանց հոր ու բարեկամների: Միայն իմ ու խեղճ մորս խնամքով է մեծացել: Էլ ի՞նչ անեի: Մայրս գիշերով գերեզմանների միջով էր գնում աշխատանքի` քաղաքի մի ծայրից մյուսը: Ռեստորանում ամաններ էր լվանում ու ուտելիքի մնացորդը տուն էր բերում:- Դառնացած լռեց:
– Դու էլ հասցնում էիր սեր անել,- նրան չխնայեց հարսը,- գոնե մի քիչ համբերեիր, կյանքը լավանար:
– Էլ ի՞նչ սպասեի, սերս անձրևի տակ եկավ, կպավ, ինձ տուն ուղեկցեց, սիրեց…
– Հա՛, հա՛,- խալաթի փեշերը ծնկներին ուղղելով խոսեց մայրը,- դե գոնե աղջիկ ունեցավ, թե չէ սրան առնողն ո՞ վ էր:
– Ինչո՞ւ,- բորբոքվեց Անոն,- ի՞նչս է պակաս, բո՞ յս, քա՞ շս, թե՞ խելքս:
– Բոյդ ու քաշդ պետք եղածից նույնիսկ շատ են, միայն խելքդ պակասից էլ պակաս է, որ անձրևի տակ մնացածին սիրեցիր,- ծիծաղեց հարսը,- դե լավ, լավ ես արել, հիմա ի՞նչ ես մտածել:
– Դե տես, թե ինչ տղա էր Տիկոն,- Անոն անակնկալ վեր թռավ տեղից, մտավ ննջասենյակ ու ետ եկավ` ձեռքին մի խունացած լուսանկար: Յոթանասունականների մի գանգրամազ ստիլյագ, սրաքիթ կոշիկներով, ճեփ-ճերմակ կոստյումով, բերանի անկյունում մի քմահաճ կիսաժպիտ, կողքին՝ Անոն բրգանիստ, կեցվածքը՝ երջանկություն ու բախտավորություն: Հարսը թերհավատ շուռումուռ տվեց լուսանկարը:
– Էս հո գողական չէ՞ ր:
– Բա ի՞նչ էր, բայց Մոսկվայում բժշկական ինստիտուտն էր ավարտել: Հետո էլ ընկել էր գողական միջավայր,- կես հպարտությամբ, կես ափսոսանքով պատմում էր Անոն իր գտածոյի կյանքը:- Աղջիկս իրեն է քաշել, բժշկության համար խելքը իրենը չի, տեսա՞ր, գերազանցությամբ ավարտեց քոլեջը: Էն ժամանակ Տիկոն փողերը մեր առաստաղից կախված լուսամփոփի մեջ էր պահում, կանաչ դոլարներ, աղջիկս երեք տարեկան էր, եկավ տեսավ, ուզեց միասին ապրենք: Բայց խանդոտ էր, կռիվ սարքեց ու դատապարտվեց, գնաց ու միայն վերջերս` քսան տարի հետո եկավ: Ես չուզեցի միասին ապրել, ինձ շատ է տանջել, հազիվ եմ ազատվել իրենից: Ասացի, որ անդարձ հեռանա, ես փոխվել եմ, իրենից հոգնել եմ, ասացի, որ էլ չեմ սիրում, բայց աչքս ճամփին մնաց.
– Հիմա ուզում ես իրեն մոռանալ,- հարսը մտածկոտ լռեց:- Էդ որոնումներից մի բանի կհասցնեն, բայց թե ո՞ւր, չգիտեմ: Վաղը հնդկական տոնավաճառը բերում են Գյումրի, դու էլ որոշել ես գնալ ու մեկի հետ ծանոթանալ, հետո ի՞նչ:
– Հա՛, հա՛, – կրկին աշխուժացավ Անոն,- կծանոթանամ, հետը կնկարվեմ, նամակ կգրեմ, կշփվեմ:
– Տես, էլի չխաբվես,- հարսը շրջեց սուրճի բաժակը, Անոն ձեռքն առավ խաղաքարտերը և սկսեց գուշակությունը իր բախտի համար:
– Ես իր ցավը տանեմ, տեսնես ո՞վ է լինելու:
– Վաղը ես էլ կգամ քեզ հետ, որ գժություններ չանես,- որոշեց հարսը,- թե չէ մեկ էլ տեսար մեկին տուն բերեցիր, ինչպես գարնանը: Հազիվ Սուդանից պրծանք:
– Սուդանը իմ տղես է, բան չասես,- սպառնաց Անոն,- տեսա՞ր ոնց ինձ հավանեց, երբ դու իրեն դիտողություն արեցիր թատրոնի սպասասրահի բազրիքին կանգնելու համար ու ես էլ իրեն պաշտպանեցի:
– Հա՛, տեսա, ատամները բացած բոյով մեկ կանգնել էր ու հրճվում էր: Լավ արեցի, որ իջեցրի, էդ չտեսները իրենց լավ չէին պահում: Լավ, անցանք առաջ, վաղը քեզ շնորհքով կպահես, դրանցով շատ չհիանաս, բոլորը չէ, որ լավն են:
– Էս շորս հագնե՞մ,- Անոն լայնափեշ ու լայնաբաց ծաղկանախշ շրջազգեստը բերեց կողքի սենյակից, ուր մտնելը գրեթե արգելված էր, քանզի դա մեծահարուստ քրոջն ու իր որդիներին էր պատկանում:
– Հա՛, լավն է, կրծկալ էլ հագիր, էդ քոթոթներիդ զսպիր,- զգուշացրեց հարսը,- թե չէ խոսելիս մարդու դնչին են հասնում:
– Ի՞նչ անեմ, աստված ինչ որ պիտի շատ տար, քիչ է տվել,- ու մատը դրեց գլխին,- ինչ որ պիտի քիչ տար, շատ է տվել,- ու սուտ դժգոհությամբ ափերով վեր հանեց կրծքերը:
– Շպարվիր, օծանելիք ցանիր, հնդիկները սիրում են պճնված կանանց: Մի գեղեցիկ շարֆ էլ կապիր:
– Շատ սիրուն կլինեմ,- մանկական հրճվանքով հասուն կինը նախապատրաստվում էր անհայտությանը:
Հնդկական ապրանքի ճոխությունն ու խնկաբույրը գլխապտույտ առաջացրին Անոյի մոտ: Նա հիացած ու մոլորված կանգնել էր սրահի կենտրոնում ու նայում էր շուրջը: Այդքան հնդիկ տղամարդ երբեք չէր տեսել, բերանբաց մի տաղավարից մյուսն էր անցնում, զրուցում էր ձեռուոտով սրա-նրա հետ, կրակված հայացքը մեխելով այս կամ այն տղամարդու վրա, որոնց շուրջը պտտվում էին չափից շատ շպարված թարգմանչուհիները: Հարսը լուսանկարչական սարքը ձեռքին կրնկոխ հետևում էր նրան` սպասելով հարմար որսին և Անոյի հրահանգին: Մինչդեռ Անոն տենդագին որոնում էր, ուշադրություն չդարձնելով հնդկական անցուդարձին, հագուստների կույտերին, և կանայք մեղուների պես բզզում էին դրանց շուրջը: Նա ուրիշ ապրանք էր փնտրում, ասես մի ստրուկ էր ուզում գնել իր չունեցած գումարով: Վերջապես գտավ մեկին և սլացավ նրա կողմը: Հնդիկ երիտասարդը վաճառասեղանի ետևում նստած, ասես մի բուդդա, խուլ անտարբերությամբ թխվածքի կտորն էր ծամում` աչքը չհեռացնելով առջևում կիտված ապրանքից: Անոն ցնծությամբ մոտեցավ նրան և շողարձակ ժպիտով դիմեց.
– Հի, մեռնեմ ջանիդ, արի նկարվենք:
Երիտասարդի գլուխը բարձրացավ ապրանքի կույտից և ժպտալով ցույց տվեց մանր ու խոշոր փղիկների արձանիկները:
– Չէ՛, չէ՛, արի նկարվենք, ասա՝ ուզում եմ իր հետ նկարվել:
Թարգմանչուհին դժգոհությամբ թարգմանեց, և տղան գլխով հավանություն տվեց:
– Հի, հի,- հնդկերեն իմացության իր ողջ պաշարով Անոն մոտեցավ և ակնթարթորեն ընկավ նրա վզով: Նույն պահին հարսը որսաց պահը և լուսանկարեց: Հնդիկը հազիվ հասցրեց ժպտալ, և նրա ճերմակափայլ ատամնաշարը մի պահ միայն շողշողաց: Հաջորդ պահին լրջացավ ու անցավ իր գործին: Մինչդեռ Անոն ուրախությունից գլուխը կորցրել էր:
– Տեսա՞ր, ինչ լավն էր, ինչ շուտ համաձայնվեց, շուտ տուն հասնենք, նկարը գցենք կոմպիս մեջ, թող տեսնեն, պայթեն:
Ակնարկն ուղղված էր մորն ու ավագ քրոջը, ովքեր Անոյի բախտը ընդմիշտ փակված էին համարում:
– Անունն ի՞նչ էր,- Անոյի ոգևորության վրա սառը ջուր լցրեց հարսը: Նա վայրկենապես սառեց, ապա կտրուկ ետ դարձավ, իր ծանր քաշին անհամապատասխան թեթևությամբ աստիճաններով վեր սլացավ ու քիչ հետո նույն արագությամբ, դեռ աստիճանների գլխից ձեռքը թափահարելով կանչեց` Ջավադ, Ջավադ.
– Հա՞, իսկ ազգանո՞ւնը,- չէր զիջում հարսը:
– Եսի՞մ,- նրան հասնելով ասաց Անոն:
– Բա համացանցում ո՞նց ես գտնելու, որ նկարը ուղարկես:
– Կգտնեմ, քո գործը չի, կմտնեմ Դելի, կգտնեմ:
Լուսանկարը հոյակապ էր, ասես հարյուր տարվա անբաժանելի զույգի պատկեր լիներ, գլուխ գլխի, ժպտադեմ: Երիտասարդի մազափունջը ճակատին լղոզած, աչքերն ու ատամները լայն բացած, իսկ Անոն… Անոն ուղղակի փառահեղ էր, լայնալանջ, դեմքը շողում էր սեփական նախաձեռնության գերագնահատումից, աչքերը կորել էին ժպտացող ծալքերի մեջ, մի թևով շղթայել էր հնդիկի լղարիկ պարանոցը, իսկ մյուսը կանթել կողքին: Լուսանկարը տեղադրեցին համացանցում, Անոն քջջեց ողջ համացանցը, հարյուրավոր Ջավադներ կային, բայց ոչ մեկը էդ խեղճը չէր: Չգտավ, որոշեց հաջորդ օրն իսկ գալ ու ճշտել հասցեն: Հարսը հրաժարվեց ընկերակցելուց: Առավոտ կանուխ կրկին բռնեց տոնավաճառի ճամփան: Սրտատրոփ վեր բարձրացավ, աստիճանների գլխից հայացքով տնտղեց ողջ տարածքը, բայց Ջավադի աթոռը դատարկ էր:
– Նա գնացել է, նրա փոխարեն ուրիշն է եկել:
– Բա ո՞ւր է էդ ուրիշը:
– Հիմա կկանչեմ,- թարգմանչուհին դուրս եկավ սեղանիկի ետևից: Անոյի սիրտը տրոփում էր, քիչ էր մնում տեղից թռնի, բայց համբերությամբ զինված, սպասեց: Եկավ հասուն մի տղամարդ:
– Հի,- նրան ժպիտով ողջունեց Անոն:
– Հի,- անակնկալի եկավ տղամարդը:
– Ուզում եմ իր հետ ծանոթանալ ու նկարվել,- ցանկությունը թարգմանչուհուն հաղորդեց Անոն:
Տղամարդը սիրով համաձայնեց և մոտ կանչեց Անոյին, Անոն թարգմանչուհուն արագ փոխանցեց լուսանկարչական սարքը… Բայց այս անգամ սպասվածից ավելին կատարվեց, տղամարդը փաթաթվեց Անոյին, գլուխը կպցրեց նրա գլխին, մի թևով գրկեց Անոյի անպարագիծ մեջքը և հո՛պ, հրաշքը կատարվեց: Մի քանի անգամ լուսանկարվեցին տարբեր դիրքերով:
– Օ քեյ,- ասաց տղամարդը և թարգմանչուհու միջոցով ցանկություն հայտնեց Անոյի հետ դուրս գալ զբոսանքի: Իրար ձեռք բռնած դուրս եկան, մտան մոտակա մթերային խանութը: Անոն թանկարժեք կոնյակ գնեց և նվիրեց նրան, նա էլ հնդկական օծանելիքի շիշը հանեց գրպանից: Ամեն ինչ անխոս էր կատարվում:
– Ես արդեն իր նշանածն եմ համարվում, քանի որ ձեռքս ամուր բռնեց ու համբուրեց, իրենց մոտ կարգն այդպես է,- հարսին համոզում էր Անոն, ցույց տալով, թե ինչքան ամուր է բռնել իր ձեռքը և իր հսկայական թաթիկով սեղմում էր հարսի նուրբ մատները:- Այ, էսպես, բռնեց ու պաչեց:
– Չեմ հավատում,- չէր համոզվում հարսը,- ախր, դա շատ քիչ է այդքան երջանիկ լինելուդ համար: Ճիշտն ասա, հետո ի՞նչ եղավ:
– Եկեղեցի գնացինք, ինքը մնաց դրսում, ես իր ճամփի համար մոմեր վառեցի, ճիշտ եմ ասում,- վիզը մեղավոր ծռելով հավատացրեց:- Հա, հա, մենակ ձեռքս բռնեց ու պաչեց, ուրիշ ոչինչ, այ էսպես բռնեց,- ոգևորված նորից ձեռքը մեկնեց հարսի ձեռքին, բայց վերջինս խույս տվեց:
– Այ աղջիկ, վերջ տուր, հասկացանք, մատներս քո արջի թաթիկով մի՛ սեղմիր:
– Այգում էլ ձեռքս բռնեց,- ակամա խոստովանեց Անոն, ու աչքերը խորամանկ կայծկլտացին:
– Հա՜,- ծոր տվեց հարսը,- ուրեմն այգի էլ գնացիք, հետո՞ ինչ եղավ:
– Ոչ մի բան, դրանք շատ օրենքներ ունեն, մինչև իրար հասնեն.
– Եղավ,- ցույց տվեց, թե հավատաց հարսը,- ուրեմն քեզանից խելացի է: Բա ո՞նց բաժանվեցիք, անունն ի՞նչ էր:
– Սամի, Սամի է անունը, բոլոր տվյալները տվել է, երեք օրից տեղ կհասնի, կխոսենք: Ասաց, որ մայիսին կգա ու ինձ կտանի Դելի: Մազերս պիտի երկարացնեմ, կովի միս ու յուղ չուտեմ, պիտի նիհարեմ:
– Եվ աստծուդ էլ փոխես, երկիրդ էլ, վա՜յ, Անո, Անո, բա ո՞նց ենք ապրելու առանց քեզ.
– Գնամ, բոլորից պրծնեմ,- միացրեց համակարգիչը և համացանցում տեղադրեց իր ու հնդիկ Սամի լուսանկարը իբրև տարաշխարհիկ երկու սիրահարների, որ վերջապես գտել են իրար: Լուսանկարը շատ արագ տարածվեց և արձագանքները ավելի արագ հասան Անոյին նախատինքի ու լուտանքի բովանդակությամբ:
– Մամ, էդ ո՞վ է, որտեղի՞ց գտար, հո տուն չե՞ս բերել,- Երևանից զանգեց դուստրը, որ բժշկության վերապատրաստման դասընթաց էր անցնում:
– Խելառ, աննորմալ, էդ ի՞նչ նկար է,- հեռախոսով սպառնաց ավագ քույրը, որ այդ օրերին զբաղված էր ավագ որդու պսակադրությամբ և քրոջը չէր հրավիրել հարսանիքի:- Սպասիր գամ, կտեսնես:
Անոն առանց երկար-բարակ մտածելու գոռաց. «Ձեր գործը չի, ես իր նշանածն եմ, շուտով կգնամ, ձեզանից կպրծնեմ: Բա ասում եք, ինձ ոչ մեկ չի սիրի՞, տեսա՞քե:
Հեռախոսն անջատեց, տխուր նայեց հարսի շփոթված դեմքին, աչքերը լցրեց, արցունքի մանր-մունր կաթիլները լղոզեց այտերին ու շշնջաց.
– Ինչո՞ւ չեն թողնում սիրեմ: