Հավայան կղզիները տեսնելու ցանկությունն առաջացավ, երբ իմացա, որ Մեծ կղզում է գտնվում աշխարհի ամենամեծ գործող հրաբուխը: Բացի այդ, շատ էի լսել այդ կղզիների չքնաղ բնության մասին: Տեսածս ավելին էր, քան պատկերացնում էի: Հավայան հիմնական կղզիները թվով ութն են, որոնցից առավել բնակեցված են չորս մեծերը: Դրանք գտնվում են Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում: Այդ կղզիները հայտնաբերել է անգլիացի ծովագնաց կապիտան Ջեյմս Կուկը` 18-րդ դարի 2-րդ կեսին: Կղզիների բնիկները Կուկին ընդունել են ջերմորեն, կարծելով, թե իրենց աստվածներից է, սակայն երբ Կուկը անբարենպաստ եղանակի պատճառով նորից վերադարձել է կղզի, հասկացել են, որ նա աստված չէ և սպանել են: Այժմ Մեծ կղզում կա Ջեյմս Կուկի հուշարձանը:
1900 թվականից Միացյալ Նահանգները Հավայան կղզիները համարել են իրենց տարածք, իսկ 1959 թվականից այն դարձել է երկրի 50-րդ նահանգը: Չնայած կղզիները Միացյալ Նահանգներում են, սակայն նրանցում գրեթե չկան ամերիկյան դրոշներ, ավելի շատ հավայական դրոշներ են, որոնք հիշեցնում են Անգլիայի դրոշը: Դա ունի իր պատճառները: Տեղացի Կամեհամեհա Առաջինը կամ Մեծը կապեր է հաստատում Անգլիայի թագավորության հետ և հիմնում է Հավայան կղզիների թագավորությունը` դիվանագիտորեն նվաճելով չորս կղզիները: Նրա թագավորությունը հիմնվել է 1795-ին: Այժմ Հավայան կղզիների մայրաքաղաքում է գտնվում Կամեհամեհա թագավորական գերդաստանի գեղեցիկ պալատը, որը բացվել է 1882-ին: Պալատը համարում են վիկտորյան ոճի և ֆլորենտական ճարտարապետության յուրօրինակ սինթեզ, սակայն նրա արտաքին տեսքում ակնհայտ է հունահռոմեական ճարտարապետության ազդեցությունը: Պալատը Հոնոլուլուի պարծանքն է, և հավայացիները շատ հպարտ են, որ թագավորություն են ունեցել, և դա Միացյալ Նա- հանգների միակ թագավորական պալատն է: Այդ թագավորությունը սերտ կապեր է ունեցել Եվրոպայի հետ, եվրոպական տիպի են թագավորի և թագուհիների հագուստները, որոնք ցուցադրված են պալատում: 1882-ին Հավայան կղզիների թագավորական պալատը էլեկտրականություն է ունեցել, այն դեպքում, երբ եվրոպական երկրների պալատներն այն դեռ չունեին:
Հոնոլուլուն ունի շատ թանգարաններ և գեղեցիկ քաղաք է` կորած ծաղկած ու բուրումնավետ ծառերի մեջ: Պատահական չէ, որ Մարկ Տվենը գրել է, թե Հավայան կղզիներում ամեն քայլափոխի սպասվում է անակնկալ: Այցելեցինք թանգարանները: Խիստ ուշագրավ էր ժամանակակից արվեստի թանգարանը` իմպրեսիոնիզմի, աբստրակցիոնիզմի և սյուռեալիզմի հետաքրքիր դրսևորումներով: Հոնոլուլուի արվեստի պատկերասրահը ևս հարուստ էր. հատկապես ուշագրավ էին Բուդդայի մի քանի արձանները: Կային հնդկական, չինական, արևելյան այլ ժողովուրդների արվեստի գործեր, իսկ ճապոնական բաժինը ԱՄՆ-ի երրորդ ամենահարուստ հավաքածուն էր:
Մեր հյուրանոցի դիմաց էր կանգնած հավայացիների պարծանք, 1920 թ. օլիմպիական խաղերի չեմպիոն Դյուկի արձանը, որի թևերին տեղացիները կախում են լեյի կոչվող թարմ ծաղկեշղթաներ: Բուն հավայական ճարտարապետությունը զարգացած չէ, այն դեպքում, երբ կղզիներն ունեն քարի պաշարներ: Երբ այդ մասին ասում եմ աղջկաս, նա տեղին նկատում է, թե կղզիները Աստծու բնության տաճարն են և այստեղ ճարտարապետության կարիք չկա: Իրոք, կղզիները թվում են բնության տաճար և պահպանվում են մեծ խնամքով: Կղզիները մաքուր են, մարդիկ շատ ջերմ և ամենուր լսում ես մի բառ` aloha, որը հավայան լեզվով միանգամից երեք իմաստ ունի` բարև, ցտեսություն, սեր:
Բոլոր կղզիներում թե՛ տեղաբնակները և թե՛ զբոսաշրջիկները ժպտադեմ են ու սիրալիր, իսկ եթե չես ժպտում, հարցնում են, հո բան չի՞ պատահել,- ինչպես մի քանի անգամ ինձ հարցրին: Դա ինձ դաս եղավ և այնուհետև սկսեցի մշտապես ժպտալ:
Երբ ոտք դրեցի Հոնոլուլուի օդանավակայան, ինձ թվաց, թե ընկել եմ Ճապոնիա կամ Չինաստան: Հավայան կղզիներում հանգստանում են ամենից շատ և առաջին հերթին ճապոնացիներն ու չինացիները: Սակայն կան ուրիշ երկրներից ևս` Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից և անգամ հայեր Լոս Անջելեսից: Իհարկե, Հավայան կղզիներն ամենից շատ սիրում են ամերիկացիները:
Մաուի կղզու պատմական հյուրանոցում, ուր ապրում էինք, պահպանվում են այն սենյակները, որում ապրել են Ֆրենկ Սինատրան, Կետրին Հեբերնը` չորս անգամ Օսկար մրցանակ ստացած և ուրիշներ:
Հոնոլուլուի տեսարժան վայրերից է «Ադամանդե գլուխ» (Diamond had) սարը, որի նկարներն ամենուր են: Երբ առաջին գաղութարարները եկել են Հոնոլուլու, այդ սարը նրանց աչքին այնպես է շողշողացել, որ կարծել են, թե լիքն է ադամանդներով: Քաղաքային ավտոբուսով, որի վերջին կանգառն է «Ադամանդե գլուխը», հասնում ենք սարին: Մենք վերջին երկու ուղևորներն ենք և հարցնում ենք վարորդին, թե որն է սարը: Նա ցույց է տալիս մի չորացած, խոտով ծածկված ոչ բարձր սար և ասում` սա է: Սարը հիշեցնում է Երևան-Սևան ճանապարհի չորացած սարերն ամռանը: Տեսնելով մեր խոր հիասթափությունը` վարորդն ասում է, որ ետ կտանի հյուրանոց, և փող չի վերցնում:
Կղզուց մեկ այլ կղզի թռչում ենք Բոինգ ինքնաթիռով: Այդ վիթխարի ինքնաթիռներում ազատ տեղ չես գտնի:
Վարձած մեքենայով մեծ կղզին շրջում ենք ծայրից ծայր: Հսկա տարածք է գրավում գործող հրաբուխների արգելոցը: Ամենամեծ գործող հրաբուխը տեսնելուց հետո գնում ենք տեսնելու ավելի փոքրերը, իսկ վերջում, սև սառած լավայի հսկայածավալ դաշտի խորքում պետք է տեսնենք լավայի վրա արված բնիկների նկարները` պետրոգլիֆները: Չնայած հոգնած ենք, սակայն սառած լավայի քարաբեկորների վրա վազում եմ կարծես չզգալով ոչ մարմինս և ոչ էլ հոգնություն: Ես թռչում եմ քարից քար, իհարկե, սպորտային կոշիկներով: Բայց մենք պետք է 7.30-ին լինենք մի քանի ամիս առաջ պատվիրված ռեստորանում, Վոլկեյնո հաուզում, որտեղից մթության մեջ երևում է գործող մեծ հրաբխի կարմիր հսկա ծուխը և մյուս հրաբուխների սպիտակ ծխաքուլաները: Բայց նաև պետք է երեկոյան զգեստ հագնենք, ստիպված դա անում ենք մեքենայում:
Մաուի կղզում կա լավանդայի ֆերմա, մենք այդ տեսարժան վայրը տեղանունը չլինելու պատճառով բաց ենք թողնում, բարձրանում հրաշալի անտառներով պատած մի բարձր սար: Բնության պաշտպանության համար Հավայան կղզիներում շատ քիչ նշաններ են դնում: Ճանապարհը նեղ է և ոլորապտույտ` հազիվ մի մեքենայի համար: Վերջապես հասնելով սարի գագաթը` տեսնում ենք ցուցատախտակ, որի վրա գրված է, թե խոզերի և թռչունների որսի ժամանակն ավարտված է: Ուրեմն այս գեղատեսիլ վայրը որսասար է, ու երբ լեռան կատարից նայում ենք ներքև` անտառը իջնում է` փոխելով իր ծառատեսակները և վերջում օվկիանոսն ու երկինքը միանում են իրար: Երբ զգուշորեն նեղ ճանապարհով իջնում ենք, մի հատվածում տեսնում ենք, թե ինչպես նկարակալի առջև նկարիչը բնանկարի վրա է աշխատում: Հետո գտնում ենք լավանդայի ֆերման, որը շատ գեղեցիկ էր:
Իսկ որքան արտասովոր էր Հանայի ճանապարհը Մաուի կղզում: Այն նույնպես նեղ է և ունի 600 շրջապտույտ, սակայն այնքան շքեղ բուսականություն ունի, որ բերանդ բաց նայում ես: Ճանապարհին կան 40-ից ավելի ջրվեժներ, մեկի ջրավազանում խիզախ լողորդները ժայռից ցած են նետվում և նրանց ցատկից առաջացած ջրացայտերը թրջում են դիտողներին: Հանայի ճանապարհին կան փոքրիկ, էկզոտիկ սննդի կետեր: Մի տեղում, օրինակ, հավայական կերակուր են պատրաստում` խորոված վայրի խոզի միս և բանջարեղեն բրնձով: Ամենը մատուցում են բամբուկի ցողունի և տերևների վրա, ուտում են ձեռքով, այնպես, ինչպես կերել են բնիկները:
Հավայան կղզիների լողափերը խաղաղ չեն, միայն թե աղջիկս գտնում է քիչ փոթորկոտ տեղեր, որ լողանանք: Մաքուր և կահավորված լողափերում կան մեծ հայտարարություններ այն մասին, որ փրկարարներ չկան և կյանքի համար պատասխանատու չեն: Հյուրանոցների լողափերում կարելի է տեսնել, թե ինչպես օվկիանոսի ալիքները ներս են քաշում ոչ հմուտ լողորդներին և ապա ափ շպրտում:
Հավայան կղզիները սերֆինգի հայրենիքն են և պատահական չէ, որ լողափերում կան սերֆինգի տախտակների կայանատեղիներ, մարդիկ երբեմն առավոտյան նախաճաշի են գալիս սերֆինգի տախտակները գրկած:
Կենդանական աշխարհը հարուստ չէ: Ազգային խորհրդանիշեր են Նենե սագը և իրենց սիրելի ծաղիկը: Բոլոր կղզիներում կան պլումերիա ծառեր, որոնց փնջով կախված մեծ ծաղիկներն ուղղակի հմայում են նայողին: Ծաղիկները սպիտակ են, վարդագույն, կարմիր և նարնջագույն: Բոլոր ծաղիկներն արտակարգ հաճելի բույր ունեն: Եղանակը շատ նպաստավոր է, թեպետ հուլիսի վերջն է և օգոստոսի սկիզբը, շոգը տանելի է և առանձնապես խոնավ չէ: Ողջ օրը փչում է մեղմ զեփյուռը:
Ձին, կովը, ոչխարը, շունը, կատուն և ուրիշ կենդանիներ կղզիներ բերվել են միսիոներների միջոցով: Կղզիներում կան սուրճի, բանանի, անանասի, մանգոյի, աստղապտղի, շաքարեղեգի և այլ արևադարձային բույսերի պլանտացիաներ: Երեկոյան կղզիների վրա վառվում են կրակե ջահեր, ինչպես արել են բնիկները: Ռեստորանները հենց օվկիանոսի վրա են, հաճախ ավազի վրա:
Մաուի կղզում կան երկու քաղաք` Հիլոն և Կոնան: Հիլոն հայտնի է որպես հրաբուխների արգելանոցի կենտրոն, իսկ Կոնան սուրճի հիմնական արտադրողն է: Կոնայի սուրճը շատ համեղ է: Հիլոյի բուսաբանական այգին հիացնում է շքեղ բույսերի բազմազանությամբ: Ամենուր արմավենիների և այլ ծառերի բներին բազմագույն և բազմատեսակ խոլորձներ են:
Հավայան կղզիներում չկան օձեր և կարիճներ: Հոնոլուլուի օդանավակայանում խստորեն ստուգում են, որ կղզի չմտնի որևէ սերմ, պտուղ, սողուն, կենդանի, թռչուն: Այդ խստությունը վերաբերում է նաև ԱՄՆ-ի քաղաքացիներին: Նույն կերպ արգելված է իրենց հրաշալի և էկզոտիկ մրգերը դուրս տանելը: Նույն կղզու վրա կա 27 եղանակային գոտի: Մեծ կղզու որոշ հատվածներ չոր են և զուրկ բուսականությունից:
Հետաքրքիր է, որ Մաուի կղզում կա մի հսկայական զբոսայգի, որում, հենց խճուղու մոտ, կանգնած է ՉԺՀ-ի հիմնադիր Սուն Յաթ Սենի արձանը և այգին կրում է նրա անունը: Չինաստանի հեղափոխության առաջնորդը սովորել է Հավայիում և այդ կղզիների հետ մշտապես ունեցել է սերտ կապեր: Հոնոլուլուում է գտնվում Հավայիի պետական համալսարանը, որը համարվում է ԱՄՆ-ի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը: Այն իր մասնաճյուղերն ունի մյուս կղզիներում:
Հավայացիները, որոնց 50 տոկոսն ունի ճապոնական ծագում, 1000 տարի առաջ այդ կղզիներն են եկել Թաիթիից:
Թեև կղզիները շատ հեռու են Միացյալ Նահանգներից` շատ ամերիկացիներ երկար տարիներ հանգստանում են այնտեղ, որովհետև հավայացիները շատ հյուրընկալ են և իրենց հյուրերին մշտապես ճանապարհում են նվերներով:
Բարեբախտաբար եղել եմ շատ արևադարձային երկրներում` Կուբայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Արգենտինայում, սակայն ոչ մի տեղ չեմ տեսել բնության այն գույները, որոնք կան Հավայան կղզիներում: Այնտեղ կանաչը ավելի զմրուխտ է, կապույտը եզակի կապույտ, մանուշակագույնը բացառիկ հմայիչ, և ծիածանի բոլոր գույներով այդ կղզիները շոյում են մարդու տեսողությունը: