ՀԱՄԱՍՏԵՂԻ ԱՂՈԹԱՄԱՏՅԱՆԸ / Մարգարիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

համաստեղԻնձ փրկելով` դու կզուարթանաս:
Գր. Նարեկացի (Բան Գ, Ա)

Համաստեղը գրական առաջին փորձերից սկսում է Աստված-մարդ առնչությունների քննությունը, իսկ «Աղոթա րան»-ում ամփոփում է իր կենսափորձն ու աշխարհընկալումը: «Աղոթարան»ը գրողի հոգու ինքնակենսագրությունն է` օրագրի անկեղծությամբ, անմիջականությամբ գրված: Ամենակարևորը, մենք «Նարեկ» ունենք, իսկ Համաստեղի նպատակը հավատը քննելը չէ: Երկնքի հետ մարդու կապը վերջնականապես խզված չէ, իսկ մարդկությունն ունի ՀԱՅ-ի ու հայ ժողովրդի` Երկնքին անմնացորդ նվիրվածության օրինակը: Ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ:
«Աղոթարան»-ի քնարական հերոսն անցել է Գր. Նարեկացու «Մատյանի» մաքրագործող բովով: Ճիշտ է, անցնող հարյուրամյակները շատ բան են փոխել մարդու կյանքում ու կենցաղում, աշ-խարհընկալման մեջ, զգալիորէն հարըս-տացրել են իմացությունը, բայց իդեալ- ները նույնն են:
«Աղոթարան»ը 20-րդ դարում ապրող մարդու հրճվանքի երգն է, Աստծու, Արարման հրաշքի, Մարդու, Կյանքի, Կնոջ ձոն:
Համաստեղը մարդու առջև բացում է տիեզերքի անսահմանությունը, նրա հո-գին, սիրտն ու միտքն ուղղում դեպի Երկինք, որտեղ չկան մահ ու թույն, վիշտ ու ցավ: Կյանքն ու մահը գրողն ընկալում է անխզելի ամբողջության մեջ ու չի վա-խենում վախճանից. նա լավ է հիշում Նոր Կտակարանի խոսքը. «Որովհետեւ մեզանից ոչ ոք ինքն իրեն համար չի ապրում եւ ոչ ոք ինքն իրեն համար չի մեռնում: Որովհետեւ եթէ ապրենք` Տիրոջն ենք ապրում, եւ եթէ մեռնենք` Տիրոջն ենք մեռնում. ուրեմն թէ ապրենք եւ թէ մեռնենք` Տիրոջն ենք: Վասնզի նոյն իսկ նրա համար էլ Քրիստոսը մեռաւ եւ կենդանացաւ` որ մեռելների եւ կենդանիների վրա տիրի» (Թուղթ Պողոսի առ Հռովմայեցիս ԺԴ:
7-9):
«Աղոթարան»-ում անմոռանալի է մուրացկանի պատմությունը (Աղոթք Դ), որը խորհրդանշում է համատարած խաղաղության և ձյան ճերմակության, աշ-խարհի, բնության ու մարդու ներդաշնակ գոյության պատկերը: «Իրաւո՛ւնք արէք աղքատին եւ որբին. արդարացրէ՛ք խեղճին եւ աղքատին: Փրկեցէ՛ք աղքատին եւ խեղճին, ազատեցէ՛ք ամբարիշտների ձեռքից» (Սաղմոս ՁԲ:3-4). այս կանոնը քաջ գիտե ամեն մի քրիստոնյա: Տանտերը փակում է դուռը: Համոզված կարելի է ասել` մուրացկանի կերպարանքով Տերն էր այցի եկել ու մերժվել: Հավատավոր մարդու համար` սա մեղքերի մեղքն է:
Հակառակ Ավետարանի` մարդը իրենից դուրս է փնտրում իսկական խաղա-ղությունը, երանությունը, երջանկությունը: Փնտրում է և չի գտնում, չի՛ կարող գտնել, քանզի առանց Աստծու` մարդը ենթակա է ատելության ու կրքի հողմերին, իսկ Սերը պարզապես չի ապրում այդ պայմաններում: Չկա Սեր` չկա նաև Աստված, ուրեմն չկան երազ ու հավատ, այլ խոսքով` կա գոյություն, բայց չկա կյանք:
Համաստեղի կրոնազգացողության կենտրոնական դեմքը մարդն է` արարչա-գործության թագն ու պսակը, որն իր զգայարաններով շոշափում, զգում, ընկալում է տիեզերքը, Աստծուն, երկրպագում Նրան` որպես հավերժական բարություն, որի մի մասն է ինքը: Հոգևորի ու մարմնականի միասնության օրենքով` անբաժան են Աստված ու մարդ, Երկինք ու Երկիր, զգացմունք ու զգայարան… Զգայա-րաններով մարդը կառուցում է իր հոգու բնակարանը, ուր բնակվում է Արարիչը:
Համաստեղի կրոնազգացողության մեջ չկա մեղք, քրիստոնեության` նրա ներ-կայացրած տարբերակում չկան դժոխքի վախ ու սարսափ: Բոլոր հանելուկների լուծումը մեկն է` մահը: Ամենօրյա վազքի ու փնտրտուքի պայմաններում մարդը ժամանակ չունի, իսկ ճանաչողության և ինքնաճանաչողության համար հաճախ աչքերի փոխարեն պարզապես սիրտ է պետք ունենալ: Համաստեղը չի վախենում աշխարհից, չի խոսում մեղքի մասին, քանի որ առաջնայինը վայելքն է` որպես աստվածային շնորհ, որ տրված է մարդուն: Զգայարանները ոչ միայն աշխարհընկալման ու ինքնաճանաչման, այլև Աստծու փառաբանության միջոց են:
Հավատավոր մարդու համար մահն էլ է հաստատում Տիրոջ գոյությունը. մարդը «մարմնի ու զգայարանքներուն տաճար» է, ուր ապրում է Տերը: Համաստեղի կարծիքով` կյանքի հավերժական հոլովույթի մեջ չկա վերջ ու վախճանի տխրություն, քանի որ մարդն անբաժան է Արարչից: Մարդու ես-ի մեջ Համաստեղը տեսնում է Աստծու արտահայտությունը: Գրողը չի պարտադրում իր ճանաչած կանոններն ու սկզբունքները, պարզապես ներկայացնում է սեփական կենսափորձով ձեռք բերածը, որ երբեմն հակասական է, իրարամերժ, բայց միշտ անկեղծ է և հուզիչ: Միայն սեփական անձը սիրելու իմաստնության շնորհիվ կարելի է ըմբռնել Տիրոջը: Իրենից դուրս Տիրոջը փնտրող մարդը տաճարներ կառուցեց, կուռք դարձրեց կոճղը, արևը, կրակը, այլ խոսքով` մոլորվեց:
Սաղմոսերգու Դավթի օրինակով՝ Հա-մաստեղն էլ Նարեկացու պես խնդրում է.
Կարեկի՜ց եղիր ինձ որպէս բժիշկ
Եւ ոչ թէ կանչիր դատաքննութեան
իբրեւ դատաւոր (Բան ԻԳ, Բ):
Համաստեղի` բնության գովքի, բնա-պատկերների ու բնանկարի գույների անբաժան մասն է հայրենի Բնաշխարհի կարոտը: Մարդու համար էականը Աստծու արարած աշխարհն ու բնությունն են, իսկ Համաստեղ մարդու հոգու խորքում ծխում է ՀԱՅի անթեղված կարոտը…
Հաւիտենականի խնդությամբ ապրելու միակ միջոցը ինքնաճանաչումն է: Անհատի Սերն առ Աստված դրսևորվում է առաջին հերթին որպես Սեր մարդու նկատմամբ: Ինքնաճանաչողության ճամփան օգնում է Երկրի վրա ապրել տիրոջ, Արարողի, մի բառով` լիիրավ Մարդու լիարժեք կյանքով: Սերը արարման, ստեղծագործության հրաշքի գաղտնիքն է, քանզի միայն Սիրով կարելի է հասկանալ ուրիշի վիշտն ու կարիքը, միայն Սիրո միջոցով կարելի է կարեկցել, օգնել, ամոքել, սրբել արցունքները:
Համաստեղի պոեմում Աստվածը որոշարկված չէ, որովհետև իրական աշխարհի և մարդու ներաշխարհի զուգորդումն է, իսկ այդ աշխարհները շատ են բազմազան, գունագեղ, նույնիսկ` երբեմն իրարամերժ, որպես միասնականության` իրար լրացնող, իրարով պայմանավորված մասեր: Եվ եթե աստվածաբանությունը երբեմն բնորոշում են որպես մարդաբանություն, ուրեմն նրա` Աստծուն ուղղված աղոթքները և մարդուն ներկայացնելու փորձերը կարելի է փոխադարձաբար տեղափոխել ու դիտարկել որպես մարդու աստվածային էությանն ուղղված հուզառատ խոսք և Աստծու մարդկային էությունը ներկայացնելու փորձ:
Համաստեղը լուծումներ չի փնտրում, պարզապես ներկայացնում է մարդուն դեպի Մարդը (որ նույնն է, թե դեպի Աստված) տանող ճանապարհը` կրկին հավաստելով Մարդու երկնային ծագումը: Նարեկացու և Համաստեղի աղոթքները կարելի է հասկանալ նաև որպես մարդու երկու էությունների հետաքրքիր երկխոսություն, որ բացում է ընթերցողի սրտի ու մտքի գաղտնարանները` նրան էլ մղելով անկեղծ ու ջերմ զրույցի ինքն իր, իր էության անքակտելի մասի` Աստծու հետ:
Նարեկացին կամուրջ է նետում մարդու և Աստծու միջև, իսկ Համաստեղը քայլում է դեպի Տերը տանող այդ կամրջով` փայփայելով Աստվածամարդու իդեալը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։