ՔՈՉԱՐՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՆԱՅՔ / Ելենա ԽՈԴԻԿՅԱՆ

001 nkar 11913 թ. Թիֆլիսում, Օսկար Շմերլինգի նկարչության և քանդակի դպրոցի դասարաններից մեկում հնչեց՝ «Հանճար է ծնվել», որը մի ամբողջ կյանքի բնութագիր էր, լավ իմաստով՝ թուղթուգիր: Հայ մեծ նկարիչ Եղիշե Թադևոսյանի բարձր գնահատականին էր արժանացել ընդամենը 14 տարեկան Երվանդ Քոչարի «Միայնակ կինը» յուղաներկ աշխատանքը, որն արված էր ճիշտ ընտրված գույնի, ձևի և կոմպոզիցիայի բարձր զգացողությամբ, ինչը հատուկ է հասուն նկարչին: «Միայնակ կինը» նրա առաջին «կանանցից» մեկն էր մորից և քույրերից հետո:
Մոսկվայի տարբեր դպրոցներում ուսանած երիտասարդը՝ իր ստեղծագործական մտահորիզոնում համադրած արվեստի տարբեր ճյուղեր, տպավորություններ, 1921 թ. վերադառնում է Թիֆլիս և ակտիվ գործունեություն է ծավալում, ստանում է պրոֆեսորի կոչում, դասավանդում է Մարինյան և Հովնանյան դպրոցների բարձր դասարաններում: Այդ օրերից մի օր էր, երբ թիֆլիսյան փողոցներից մեկում, անձրևից պատսպարվելով, իր առաջին սիրուն պիտի շշնջար՝ մի ջերմ խոսք ասել իրեն… Այդ սերը Հովնանյան դպրոցի աշակերտուհին էր՝ երկար մազերով, տխուր աչքերով և զարմանալի գեղեցիկ ձեռքերով Արփենիկը, առաջին ու մաքուր Սերը, որը համարյա միշտ «կուտ է գնում»… Արփենիկն ամուսնացավ (Քոչարը չէր նրա ընտրյալը) և երջանիկ էր (իր ասելով): Իսկ Արփենիկին խենթի պես սիրող Քոչարը քանիցս պիտի փորձեր վերադարձնել նրան… գոնե գրաֆիկական կամ գեղանկար աշխատանքներում:
Երվանդ Քոչարն իր հուշերում պիտի գրեր. «Երբ սիրում ես մի կնոջ, քո սերն ես սիրում նրա մեջ և այդ էլ իր հետ բերում է քո ուզած գեղեցկությունը, թեև դա մի ենթագիտակցական ընթացք է, և մենք այդ գեղեցկությունն ընդունում ենք իբրև իրողություն: Երբ մեկին նկարում ես՝ հափշտակվում ես նրանով և գուցե այդ սիրուց է, որ նրան տեսնում ես ավելի լավ, քան նա իսկապես կա: Դու չես մտածում լավացնել նրան: Ուղղակի նրան այդպես ես տեսնում»:
1923 թ. օգոստոսին Քոչարը Փարիզում է՝ վստահ, որ ասելիք ունի և կստիպի, որ իրեն լսի փարիզյան քմահաճ բոմոնդը: Օտարության առաջին տարիները շատ ծանր էին. գումարը միշտ չէ, որ հերիքում էր, թեև նրա «տարած» արվեստը բարձր գնահատականի արժանացավ հենց առաջին օրերից՝ 1924 թ. փետրվարին ցուցադրվելով «Անկախականների սալոնում»:
1925 թ. նա ամուսնանում է պոլսահայ բանաստեղծուհի Վարդենիի հետ: Վարդենին հարուստ ծնողների դուստր էր և մինչև Փարիզ մեկնելը նշանված էր հարուստ ձեռնարկատիրոջ հետ: Սակայն փեսացուի անսպասելի մահը ճակատագրական շրջադարձ է դառնում Վարդենիի համար՝ նա գալիս է Փարիզ, գալիս է… Քոչարին հանդիպելու համար: Դստեր ծնվելուց հետո Վարդենին ու նորածինը հիվանդանում են թոքախտով, իսկ նրանց վարձած Սեն Միշել բուլվարի փոքրիկ պանդոկի ուսանողական սենյակը շատ փոքր էր և սարսափելի ցուրտ: Սենյակը տաքացնելու համար Քոչարը վառում է… իր նկարները: Իսկ բուժման գումարի համար վաճառում է արվեստանոցը՝ նրանց Շվեյցարիա էր տանելու, բայց մահանում է փոքրիկը, շատ չանցած՝ Վարդենին:
Կնոջ և երեխայի մահը Քոչարը ծանր է տանում, որոշ ժամանակ տառապում է ընկճախտով: Բայց կորստյան ցավն ու պարզապես գոյատևման պարտադրանքը անկարող են կոտրել Քոչարին՝ նա շարունակում է ստեղծագործել: Աստվածատուր տաղանդով օժտված արվեստագետը լավ տիրապետում էր գեղանկարչության բոլոր արտահայտչամիջոցներին՝ լիներ դա քանդակ, գեղանկար թե գծանկար: Այդ տարիներին նա սկսեց Փարիզի համար նորություն հանդիսացող «նկարչությունը տարածության մեջ» նոր արվեստի գործեր ստեղծել: Աստիճանաբար Քոչարի ստեղծագործությունները գրավեցին արվեստագետների ուշադրությունը: Քոչարին սկսեցին ճանաչել:
Որոշ ժամանակ Քոչարը հանդիպում էր Ֆաննի անունով շատ գեղեցիկ հոլանդուհու հետ, բայց նրանց կապը երկար չտևեց: Նրա հասուն սերը Մելինեն էր՝ Մելինե Օհանյանը: Շատ նրբագեղ հայ օրիորդ, բայց ժամանակակիցների հուշերում՝ իսկական փարիզուհի: Քոչարը սիրահարվեց առաջին հայացքից և ամուսնության առաջարկություն արեց: Նրանց սերը փոխադարձ էր, Մելինեի համար Քոչարը ոչինչ չէր խնայում: Քոչարի կյանքը փոխվեց, սիրո հետ ուժգնացավ նաև հաջողությունը, նա մասնակցում էր ցուցահանդեսներին և ցուցադրվում անհատական ցուցահանդեսներում: Մելինեն ոգեշնչում էր Քոչարին իր ջերմությամբ, կանացիությամբ, գեղեցկությամբ, կյանքի հավատարիմ ընկեր լինելով, ինչն էլ ուժ էր տալիս արվեստագետին՝ երջանկացնելու սիրած կնոջը: Այդ երանելի ժամանակը արտացոլվում է Քոչարի ստեղծագործություններում: 1930 թ. նկարում է «Մելինեի դիմանկարը»՝ նուրբ կապույտ և վարդագույն երանգներով բացառիկ գլուխգործոց, որտեղ ասես բացահայտում է իր գորովալի սերը այդ կնոջ մեջ: Այդ տարիներին մեծ ներշնչանքով ստեղծում է կնոջը բացահայտող, կին-տղամարդ հարաբերությունները պատկերող ևս մի քանի գործեր՝ «Բանալիով կինը» (1930), «Կինը և աքաղաղը» (1930):
Երկրորդ համաշխարհայինի նախօրեին Քոչարը քրոջը՝ Մարգարիտին, գրում է, որ վերադառնալ է ուզում Անդրկովկասում «Դիմանսիոնիզմի մանիֆեստի» գաղափարների տարածման, նորագույն արվեստի կենտրոններ ստեղծելու սեփական ծրագրերով աշխատելու և հայրենիքում ապրելու մեծ ցանկությամբ, կամ գուցե կարոտից: Քոչարին հանգիստ չէին տալիս նաև նոր բացահայտումները, ինչը հատուկ էր նրա պրպտող բնավորությանը, և 1935 թ. Մելինեի հետ ցուցակագրվում է հայրենիք վերադարձողների առաջին ցանկում: Մոտ 1700 հայերի հետ «Սինեա» նավով մեկնելու էին 1936 թ. գարնանը, բայց… բաժանվեցին Մելինեի և Երվանդի ուղիները: Նրանց միավորվելու հույս պիտի առկայծեր, երբ 1966 թ. Մելինեն, մի խումբ արվեստասերների հետ, կազմակերպեց Քոչարի անհատական ցուցահանդեսը՝ սպասումով, որ հեղինակը գուցե հրաշքով ներս մտնի «Փարիզ»: Սակայն հրաշք չեղավ, Խորհրդային Միությունը շատ պինդ էր փակել Եվրոպա տանող դուռը: Մելինեն հետագայում պիտի իրեն մեղադրեր, որ չմեկնեց Քոչարի հետ, բայց մնաց անվերջ կարոտը և Քոչարի անունը բարձր պահելու առաքելությունը:
Քոչարը եկավ Թիֆլիս, Մարգարիտի մոտ, Փարիզից բերած մի քանի տասնյակ գործեր թողեց նրա մոտ, կարծես կանխագուշակելով հետագան: Երևանում նրան դժվար տարիներ էին սպասում: 1937-ից սկսվեց արշավանք Քոչարի դեմ՝ հոդվածներ, Եվրոպայից «բերված» արվեստի քարկոծում և, վերջապես, հակասովետական լինելու մեղադրանք: 1941 թ. ձերբակալվեց և միայն հավատարիմ ընկերների շնորհիվ 1943-ին ազատ արձակվեց: Մինչև ձերբակալությունը նա ամուսնացել էր դաշնակահարուհի Թամարի հետ, ով լքեց ամուսնուն՝ չսպասելով նրա վերադարձին…
1946 թվական: Քոչարն ամուսնանում է գրականագետ Մանիկ Մկրտչյանի հետ, ում հետ ապրեց մինչև կյանքի վերջը, ծնվեցին երկու որդիները՝ Քոչարի ժառանգորդները: Մանիկը ուժեղ կամքի տեր կին էր, աջակցում էր ամեն հարցում, զորավիգ էր ամուսնուն, դեմ էր անարդար պայքարին, որ 1936 թվականից մղվում էր Քոչար հանճարի անկոտրում տաղանդը սահմանափակելու համար: Բայց հենց հայրենիքում պիտի վեր խոյանար մեր ազգային խորհրդանիշը՝ «Սասունցի Դավիթը» (1959), «Վարդան Մամիկոնյան» (1975), «Պատերազմի արհավիրքը» (1962), տարածական նկարների մի գեղեցիկ շարք ու էլի շատ գլուխգործոց աշխատանքներ. սա էր Քոչարի վերադառնալու գաղափարը, որը մինչ օրս էլ կարծես իր արժանի գնահատականը չի ստացել, ու դեռ շատերին պիտի մի հարց հուզի՝ իսկ եթե մնա՞ր, եթե չվերադառնա՞ր… միգուցե… Ֆրանսիացի արվեստագետ Վալդեմար Ժորժը ասել է՝ Փարիզի, Եվրոպայի բոլոր հեղինակավոր արվեստագետները Քոչարին միաբերան դասում են մեր էպոխայի՝ 20-րդ դարի ամենամեծ նկարիչների շարքը: Ու սա բազմաթիվ հեղինակավոր կարծիք-գնահատանքներից մեկն է միայն…
1979-ին ավարտվեց Հանճարի կյանքը: Սակայն վերջին կնոջ՝ տիկին Մանիկի շնորհիվ 1984 թ. բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը, որտեղ նա հավաքել էր Քոչարի արվեստը ներկայացնող մեծ հավաքածուն:
Քոչարի կողքին իսկական կանայք եղել են սիրված, անդավաճան, ոգեշնչել են նոր գաղափարներ, ոգևորել և ոգևորվել են՝ իմանալով իրենց կողքինի Ով լինելը. ամեն մեկն իր առաքելությունն է կատարել Քոչարի և քոչարյան արվեստի համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։