Դպրոցական տարիներին Արգենտինան աշխարհագրության դասագրքից բացի ինձ համար ճանաչելի էր Լոլիտա Տորեսի երկու ֆիլմով և, իհարկե, տանգո պարով: Ուսանողական տարիներին Արգենտինայի հայկական խորհրդանիշը դարձավ Ալիսիա Կիրակոսյանը, որի քնարերգությունը Վահագն Դավթյանի հիանալի թարգմանությամբ և Ռոբերտ Ամիրխանյանի հրաշալի երաժշտությամբ գերեց շատերին, այդ թվում` նաև ինձ: Բնականաբար, հետագայում Արգենտինան հայտնի դարձավ Բորխեսով և Էվիտա Պերոնով, Մարադոնայով, Չե Գևարայով և ուրիշ նշանավոր դեմքերով:
Լատինական Ամերիկայի մասին ճշգրիտ պատկերացում չես ունենա` որքան էլ վեպեր կարդաս, կինոնկարներ դիտես, դու պետք է այն տեսնես քո աչքերով:
Արգենտինան հեռավոր երկիր է, անգամ Բոստոնից թռիչքը տևում է 14.5 ժամ, եթե հաշվի առնես նաև տարբեր օդանավակայաններում ինքնաթիռ փոխելը` մոտ 24 ժամ: Առաջին իսկ օրը Բուենոս Այրեսում մեզ սպասում էր հաճելի անակնկալ. երեկոյան պետք է լսեինք աշխարհահռչակ դիրիժոր և դաշնակահար Դանիել Բարենբոյմի համերգը: Նա արգենտինացի հրեա է, նրա ստեղծած նվագախումբը՝ երիտասարդ կատարողներով, կազմված է Իսրայելի ու Պաղեստինի երաժիշտներից. յուրօրինակ խաղաղության ակտ պատերազմող երկու ազգերի միջև: Անակնկալն այն էր, որ համերգի առաջին մասում Դանիել Բարենբոյմը նվագելու էր առավել աշխարհահռչակ Մարթա Արգեռիչի հետ Թեատրո Կոլոնում:
Թեատրո Կոլոնը համարվում է աշխարհի գեղեցիկ թատրոններից մեկը, իսկ Լատինական Ամերիկայում` առաջինը: Թատրոնը կառուցվել է 1880-1908 թվականներին: Բացումը եղել է Վերդիի «Աիդա» օպերայով: Այստեղ երգել է Մարիա Կալասը, իր գործերը ներկայացրել Ռիխարդ Շտրաուսը:
Արգենտինան դեմոկրատական երկիր է, մարդիկ ջերմ են, հատկապես զբոսաշրջիկների նկատմամբ, գիտեն հայերին. շատերից լսեցինք, որ հայերն ունեն իրենց հիանալի դպրոցը, ապրում են ապահով և խոսում են միայն իրենց լեզվով: Ի դեպ, Արգենտինա այցելելու համար ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագիր հարկավոր չէ:
Բուենոս Այրեսում ամեն կիրակի կարելի է մտնել Պլազա դե Մայոյի վրա գտնվող նախագահական պալատ, տեսնել պալատը, անգամ նախագահի սենյակը: Սակայն հերթը հիշեցնում է խորհրդային տարիների Լենինի դամբարանի հերթը, իսկ մեր ժամանակը կարճ է: Աղջիկս բացատրում է աշխատողին, որ մենք հեռավոր Հայաստանից ենք, և իրավունք ենք ստանում անհերթ մասնակցել մեկ ժամ տևող էքսկուրսիային: Ներկա նախագահի աշխատասենյակից բացի տեսնում ենք նաև Էվիտա Պերոնի սալոնը:
Բուենոս Այրեսի տեսարժան վայրերից Տորտոնի սրճարանը հայտնի է տանգոյի շոուով: Այստեղ հաճախ է եղել Բորխեսը, այցելել է նաև Հիլարի Քլինթոնը:
Շատ հարուստ պատկերասրահներ ունի Բուենոս Այրեսը, դրանցից են Ազգային պատկերասրահը և Մալբան: Ազգային պատկերասրահում, Արգենտինայի նկարիչների ու քանդակագործների գործերից բացի, շատ են Վերածննդի և եվրոպական այլ նկարիչների գործերը: Այնտեղ կարելի է տեսնել Ռեմբրանդտի քրոջ նկարը, Վելասկեսի, Գոյայի, Էլ Գրեկոյի գործերից: Կա Վան Գոգ, Գոգեն, Սեզան, Մոնե, Մանե, Ռուսո… և ուրիշներ:
Իսկ Մալբան Լատինական Ամերիկայի երկրների արվեստի գործերի հրաշալի թանգարան է` լի ավանգարդային գործերով, երկրաչափական ու տարածական նկարչական դրսևորումներով: Այնտեղ կան գործեր արգենտինյան նկարիչ Անտոնիո Բերնիից ¥«Ցույց», 1934¤, կոլումբիացի Ֆերնանդո Բոտերոյից, մեքսիկացի Ֆրիդա Կալոյից, բրազիլացի Տարսիլա դո Ամարալից և ուրիշներից: Ինչպես հաճախ` Ֆրիդա Կալոյի նկարների կենտրոնում նկարչուհին է, աջ ու ձախ կողմերում իր սիրած կապիկն ու թռչունը: Մալբան լիքն է այցելուներով: Առանձնացված սենյակում մենակ կամ երկուսով ¥նախընտրելի է մենակ¤ անհասանելիությունը պատկերող նկար-խորհրդանիշն է. մեծ քառակուսու վրա շարքերով` կապույտ, դեղին և կարմիր կլոր լույսեր են վառվում, երբ մոտենում ես որոշակի նշված գծի՝ լույսերը հանգում են, դու պետք է շրջվես ու հեռանաս, արդեն մուտքի վարագույրին հասնելիս լույսերն սկսում են վառվել:
Մենք երկու անգամ ընդհատում ենք Բուենոս Այրեսի մեր այցելությունը, առաջինը՝ Իգուազու և երկրորդը` Ուրուգվայ մեկնելու համար: Իգուազու թռչում ենք ինքնաթիռով ¥2 ժամ¤: Դա բնական ջրվեժների հսկայածավալ տարածք է ¥3 կիլոմետր, 275 ջրվեժ¤, վայրի բնություն, այնտեղ մեկնում ենք հատուկ ավտոբուսներով: Մարդկային վիթխարի ջանքեր են պահանջվել ջունգլիներում կարգավորված արահետներ և նեղ` երկար կիլոմետրերով կամուրջներ կառուցելու համար: Իգուազուում քեզ թվում է, թե տեսնում ես աստվածային աշխարհաշինությունը և տեղափոխվում միլիոնավոր տարիներ ետ: Ջրվեժները կարելի է դիտել և՛ ներքևից, և՛ վերևից, միայն ունեցիր քայլելու ցանկություն ու հետաքրքրասիրություն:
Ջունգլիներում կապիկներ են, գույնզգույն թութակներ, սղոցակտուցներ, այլ թռչուններ և ամենից շատ կուտի-մունդի կոչված, աղվեսի չափսերով գիշատիչ գազանիկներ, որոնք հարձակվում են մարդկանց վրա, եթե նրանց ձեռքին ուտելիք կա, և կարող են կծել. դրա համար ցուցանակները զգուշացնում են` չմոտենալ և չկերակրել նրանց: Մենք չենք հասցնում փչովի նավակ նստել և շրջել ջրվեժների ներքևի հսկա գետում և բացը լրացնում ենք հաջորդ օրը, երբ ջրվեժների մի մասը տեսնում ենք Բրազիլիայի կողմից: Հետաքրքիր է, որ Բրազիլիայի կողմից երևում է ուլունքների նման մարդկանց խիտ ընթացքը դեպի ամենամեծ ջրվեժը՝ «Սատանայի կոկորդ»-ը: Բրազիլիայի կողմում կա մի հատված, որտեղ կանգնելիս տարբեր կողմերից թափվող ջրվեժների ջուրը քեզ այնպես է թրջում, ասես ցնցուղի տակ ես կանգնած: Իգուազուի ջրվեժներն անպայման պետք է դիտել երկու պետությունների հակադիր տարածքներից, այլապես տպավորությունը կլինի թերի: Չմոռանամ ասել, որ Իգուազուն համարվում է աշխարհի բնական յոթ հրաշալիքներից մեկը:
Բրազիլական մասում նստում ենք փչովի նավակը և մեզ հանձնում բնության տարերքին: Նավակը երկու անգամ անցնում է ջրվեժի տակով, թրջվում ես ոտից-գլուխ, իսկական էքստրիմ, սակայն վտանգավորի հետ գերագույն հաճույք:
Արգենտինա վերադառնալիս պարզվում է, որ արգենտինացի վարորդը մեզ Բրազիլիա է տարել որպես արգենտինացի, որովհետև մեր անձնագրերում չկա երկրի սահմանն անցնելու կնիքը, այն դեպքում, երբ անձնագրում ունենք Բրազիլիա մտնելու մուտքի արտոնագիր: Բուենոս Այրեսից հաջորդ օրը` վաղ առավոտյան, մեկնում ենք Ուրուգվայ: Նավահանգստից գեղեցիկ ու հարմարավետ հսկա լաստանավը մեզ հասցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող XVII դարի պորտուգալական Կոլոնիա դել Սակրամենտո քաղաքը: Պարզվում է՝ Արգենտինայում չգիտեն, որ Ուրուգվայի համար հայերը դարձյալ մուտքի արտոնագրի կարիք չունեն և սկզբում հրաժարվում են տոմս վաճառել, հետո չեն ուզում թողնել սահմանն անցնել: Մեզ օգնում է սահմանային ծառայության գիրուկ ու մշտաժպիտ երիտասարդը, որը շարունակ ժպտում է և ինչ-որ բան ուտում: Նա աղջկաս պնդմամբ համացանցից տեղեկանում է, որ հայերի համար Ուրուգվայը բաց երկիր է, և օգնում է նախ՝ գնել տոմսը և հետո՝ անցնել սահմանը: Բոտերոյի կտավներից դուրս թռած այդ բարեհամբույր հաստլիկն իրեն զգում էր գյուտ արածի նման:
Կոլոնիա դել Սակրամենտո ենք գնում մերձարևադարձային տեղատարափ անձրևի տակ: Քաղաքը փոքրիկ է և շատ գեղեցիկ: Հիմնական հրապարակը հիշեցնում է Մեքսիկայի գաղութարարների հիմնած քաղաքները` Մերիդան, Վայադոլիդը: Հրապարակի կենտրոնում՝ անպայման զբոսայգի: Հրապարակի վրա նաև միհարկանի երկարավուն կարմիր փոքրիկ շենք է, որը պորտուգալական XVII դարի հարուստի տուն-թանգարան է: Այն բաղկացած է նախասրահից, ճաշասենյակից, ննջարանից և բավականին մեծ խոհանոցից: Տպավորիչ է հատկապես կարմիր ներկված և ծաղկանկարված ճաշասենյակի կահույքը: Այդ թանգարանը վերականգնվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրանի միջոցներով: Կոլոնիայի եկեղեցին կառուցվել է 1680-ին, Ուրուգվայի առաջին եկեղեցին է և համարվում է քաղաքի մեծագույն զարդը: Օրվա երկրորդ կեսին անձրևը դադարում է, և մենք նորից վերադառնում ենք Կոլոնիա:
Ուրուգվայի բնակիչները սրտաբաց են, մեկ շնչին ընկնող կենսամակարդակով այդ երկիրը Լատինական Ամերիկայում զբաղեցնում է առաջին տեղը` չնայած տնտեսության զարգացմամբ բավականին ետ է մի քանի երկրներից: Ուրուգվայը մեզ համար սիրելի է. սա այն երկիրն է, որն առաջինը աշխարհում ընդունեց 1915թ. հայերի ցեղասպանությունը:
Բուենոս Այրեսի տեսարժան վայրերից է Լա Բոկան: Դա նախկին իտալացի ներգաղթյալների առանձնաթաղ է, որը հիմա կարծես վերածվել է բացօթյա թանգարանի: Համեստ շենքերը իտալացիները ներկել են վառ գույներով` դրանով հատուկ շուք տալով իրենց տներին: Շենքերի պատշգամբներին Էվիտա Պերոնի, Մարադոնայի, Չե Գևարայի գիպսե կրկնօրինակներն են: Լա Բոկան կեղտոտ է, ինչպես կեղտոտ են Բուենոս Այրեսի որոշ փողոցներ` նույնիսկ քաղաքի կենտրոնում: Քաղաքային տրանսպորտը շատ էժան է, տարեցների համար կան արտոնություններ: Դրանք կան նաև որոշ թանգարաններում: Շատ գեղեցիկ է Արգենտինայի պառլամենտի շենքը` կառուցված հունահռոմեական ոճով: Տպավորիչ է Իտալական հրապարակը` Ջուզեպե Գարիբալդիի հսկա արձանով: Բուենոս Այրեսում կան բազմաթիվ շքեղ շենքեր, նաև մաքուր թաղամասեր, փարթամ զբոսայգիներ, արվեստի գլուխգործոցներ, զուր չէ, որ այդ քաղաքը կոչում են Լատինական Ամերիկայի Փարիզ: Քաղաքի բնակչությունը Իտալիայի և Իսպանիայի մարդկանց դեմքերով է. սևամորթներ գրեթե չկան:
Բուենոս Այրեսի տեսարժան վայրերից է Ռեքոլետա պանթեոնը, որը դամբարանների շքեղ քաղաք է` հենց Բուենոս Այրեսի կենտրոնում, առանձնացված բարձր պարսպով: Դա մահվան արտասովոր մի քաղաք է` նեղ փողոցներով ու շքեղ փոքրիկ շենքերով` մարմարից ու գրանիտից: Այնտեղ թաղված են Արգենտինայի նշանավոր քաղաքական գործիչները, զինվորականները, արվեստագետները, նշանավոր ընտանիքների ներկայացուցիչները: Գերեզմանատունը լիքն է այցելուներով, կան նաև բազմաթիվ հայերի դամբարաններ: Միակ գերեզմանը, որի մոտ դրված են մեծաքանակ թարմ ծաղկեպսակներ, Էվա Պերոնինն է: Մարդաշատ է այդ գերեզմանի շուրջը: Արգենտինայում Էվա Պերոնի պաշտամունք է: Հուլիսի 9-ի լայնահուն փողոցի շենքերից մեկի վրա երկու կողմից նրա նկարն է, որը գիշերը երևում է հատուկ լուսավորությամբ:
Քաղաքի կենտրոնական մասի գեղեցիկ, փոքրիկ պալատում Էվա Պերոնի թանգարանն է: Տեսնում ես այդ նրբագեղ կնոջ զգեստները, գլխարկները, կոշիկները: Ցուցադրվում է նրա կյանքը պատկերող կարճամետրաժ ֆիլմ: Դիտում ես նրա թաղումը, որը տևել է չորս օր: Հասարակ մարդիկ հիմա էլ հպարտությամբ հիշում են նրան և հավատում են, թե նա հավերժ ապրելու է ամեն արգենտինացու սրտում:
Արգենտինացիների համար չափազանց մեծ հպարտություն է Հռոմի Ֆրանցիսկ պապը, որի նկարը զարդարում է ոչ միայն Բուենոս Այրեսի բոլոր եկեղեցիները, այլև քաղաքի այլ տեսարժան վայրերը:
Արգենտինան ունի իր Վենետիկը` Տիգրեն, չափազանց հետաքրքիր ամառանոցային քաղաք` Բուենոս Այրեսից մեկ ժամվա գնացքով հասնելու հեռավորությամբ: Ջրանցքների ափերին հարմարավետ տներ են` փարթամ բուսականության մեջ թաղված, և ամեն տուն ունի իր փոքրիկ նավահանգիստը:
Արգենտինայում աշնանը նախագահական ընտրություններ են: Տարօրինակ է, որ նախագահի թեկնածուներից մեկի նկարը շարունակ տեսնում ենք նաև մեծ աղբարկղերի վրա:
Մենք տխրությամբ ենք հրաժեշտ տալիս Բուենոս Այրեսին և թռչում ենք Ռիո դե Ժանեյրո:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ / Արգենտինյան տպավորություններ
