***
Տարեթվեր են պոկվում ծառերից,
Անդնդախորվում կապույտը նրանց,
Այս ծառաստանում ոչինչ և ոչինչ
Պտուղ չէ, եթե արյամբ չէ սնված։
Պտուղ են միայն դարերը պապոտ՝
Ներկայի կարմիր ճյուղերից կախված,
Պտուղ եմ, որը, իր սերմին կարոտ,
Նայում է ճյուղին՝ իրենից դատարկ։
Տարեթվեր են ծառերից պոկվում,
Անդնդախորվում կապույտը նրանց,
Չեն քաղել երբեք աչքերս տրտում
Պատմությունը իմ այսքան վաղահաս…
***
Մայր իմ` գուսան երկինքատեր,
Դու երգեր ես գրում կրկին
Բառ ու հանգով ցորենաթև`
Ծանոթ միայն թռչուններին։
Դու այրում ես թիռն օրերի`
Ստվերներիս տեղում թխված,
Որպես որդու՝ իմ մի ստվերի,
Մեծացնում ես երգում քո տաք։
Երգում ես, մայր իմ յոթներգակ,
Դայլայլաբառ երգեր կրկին,
Ծիածանը որ դառնա թագ
Որդուդ այս նոր թռչնակերպին…
***
Դու չես կարող, գարո՛ւն,
քեզ իմ ճամփից շեղել,
Որքան էլ քո ճերմակ
վարսերում քեզ թաղես,
Հարության պես մի օր,
որ քո քույրն է եղել,
Հարությունդ պիտի սնի
և՛ ինձ, և՛ քեզ։
Պիտի ելնի ճամփից
դժոխասաց մթան
Ու վերստին ձուլվի քո
խաչարմատի հետ`
Բողբոջ, տերև ու ցող
մյուռոնելով դարձյալ
Վաղնջական լույսի աստղազարդերով մեր։
Ես չեմ կարող, գարո՛ւն,
քեզ չսպասել այստեղ,
Չհեթանոսանալ քո
աստվածահուր գույնով,
Որի ամեն երանգ
մի աստված է ահեղ,
Մի աստված է ահեղ խաչամարմընով քո…
***
Այս անտառում ես եմ ապրում
ու մի ծառ,
Ես խշշում եմ,
նա խոսում է մեղմօրոր,
Գարունամյա հայացքներում
մեր ծանծաղ
Գիշեր-ցերեկ լող է տալիս մի որոր։
Մերթ սուզվում է խշշոցիս մեջ
նա արագ,
Մերթ լողում է ծառի բնից
ճյուղն ի վեր,
Մեր ջրերից, որոնք կանաչ են այնքան,
Նա հյուսում է իրեն և
իր բույնն ավեր։
Ծառն հագնում է երազանքներն իմ կանաչ,
Երբ ճամփում է որորը ինձ հոտնկայս,
Երբ գնում է ծառը հյուսնին ընդառաջ,
Ես հագնում եմ երազանքները նրա։
Անտառում ես ու մի ծառ ենք բնակվում`
Երազանքի նախահայրերն աններկա,
Որ ավետյաց մեր հոգին ենք մշտարթուն`
Որորով մերկ, որորով մեր, որ միշտ կա…
***
– Եվ հավատի համար,
և այս մի բուռ հողի
Եվս մեկ պարունակ
պիտի անցնի հոգիդ,
Որ անանուն մի սաղմ,
որով օրն է հղի,
Կոչի իրեն և հող, և խաչ իրեն կոչի։
Լեթարգիական քնով
դրախտ էլ չես հասնի,-
Դանթեն ասաց այսօր ու
ինձ վարից ժպտաց,
Երբ վերում մի կանաչ
քնած տեղից այցի
Եկավ ու լուռ գրկեց
երկինքներս մաշված։
– Եվ այս հողի համար,
և բուռ այս հավատի,
Պիտի լքես և քեզ,
և քո հոգուն անդարձ,
Պիտի դառնաս մի մոմ,
թեկուզ աստված ատի,-
Վարից ասաց Դանթեն ու
ժպտալով գնաց…
***
Հոգիդ նման է մարմընիդ այսօր
(Չնայած վերքդ և՛ լեռ է, և՛ սար),
Այսօր, Հայաստա՛ն, դու կրկին Թլոր
Որձատուրքը քո թաց աչքով տեսար։
Տեսար հառնումդ էպոսավարի,
Երկունքդ` աստծուն
տուն բերող ճամփան,
Որի ամեն մի դռնբաց քարի
Հիշողությունն է
ձագ հանել անպարտ։
Այսօր ինձ գրկեց ավանդող հոգիս,
Հայաստա՛ն, որ զույգ
եղբայրն է հոգուդ,
Եվ լույս շշնջաց կիսափակ կոպիս`
Տեսանելու մինչ
Դավիթ ու Խանդութ…
***
Թևերս հիմա լռում են, տիկի՛ն,
Նրանք կողերն են դառնում Արարչի,
Նրանց երազը նման չէ կրկին
Խաչելությունը ուսած հին Փրկչին։
Նրանք նման չեն հիմա մեկմեկու,
Նախավարժանքն են
նրանք նոր կյանքի,
Որ ընթերցում է մաշված իր գրկում
Թևափոխության առասպելը իր։
Մատնակերպվում են թևերս, տիկի՛ն,
Ունեցածն իրենց երկինք է միայն,
Որը որքան էլ սովոր թռիչքի`
Ալեբախում է հնի արարման…
***
Ու հիմա արագ է հեռանում
Գնացքը, որի մեջ ծնվեցի,
Գանգս, որ կոչել եմ հերահուն,
Հանել է հագուստն իր երգեցիկ։
Մի լույս է` հարությունն ամենի,
Դեմ առած բերանին մշուշի,
Թե գնա ձեռնափայտն ամեհի,
Վախենամ` իմ տեղն այն չհուշի։
Կանգառ է` ալեհեր ու վտիտ,
Ժամացույցն ուր որ է` կկանգնի,
Բան չունի՞ ասելու լույսը ինձ,
Ինձ` որպես մշուշի որդեգրի։
Ձմեռ չէ` դողում է կանգառում,
Ձեռնափայտն – իմ հիմնը գալիքի,
Բայց լույսից նույն պեծն է
դեռ վառում
Գնացքը` իմ դարձի տարիքի…
***
Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է…
Վահան Թեքեյան
Կանձրևի, տղա՛ս, աշունս թաց է,
Արևը վաղուց որդին է ձմռան,
Մի քիչ էլ մնամ. ամառն այն քածն է,
Որ քարից կառնի ինձ կրծքով փարթամ։
Կանձրևի, տղա՛ս, տարիքս թաց է,
Բայց հղանում է նոր կյանքով վերից,
Թեև անձրևից ավելի թաց եմ,
Ավելի չոր եմ, սակայն, ես ջրից։
«Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է»,
Սակայն գարուն եմ կրկին ու կրկին,
Դու ինձ մի խղճա, հոգիս անանց է,
Հույսը` նրա հետ լուսացնող մի կին…
***
Զի արքայության պատառն է համեղ,
Զի զորությունը հոգին է լույսի,
Բազմապատկիր ինձ կանաչներով, Տե՛ր,
Որ խշշոցիդ մեջ խշշոցս բուսնի։
Զի փառքն արքան է վերնակապույտի
Ու հավերժահարսն ամպամածության,
Ինձ դարձըրու իմ ստրուկն ընդերքի,
Որ միջիս տերը հարթի իր ճամփան։
Զի մերձեցումը մարմին ու հոգու
Հղիությունն է հավիտենության,
Տուր ինձ մարմինս ու
ինձ հոգիս տուր`
Չամփոփվելու հանց տապանամատյան…
***
Ուսապարկ է ժամանակը,
ուրիշ ոչինչ,
Մեջը՝ լիքը կայենահյուս
ծափ ու ծիծաղ,
Իր ոսկորին կյանք խոստացած ուսերից կախ՝
Ուսապարկ է ժամանակը,
ուրիշ ոչինչ։
Հեռանում է հողը խռով իր
իսկ որջից`
Հոլովելով ինձ իմ դիով ողորմատաղ.
Ուսապարկ է ժամանակը,
ուրիշ ոչինչ,
Մեջը՝ լիքը կայենահյուս
ծափ ու ծիծաղ…
***
Առ խաչը քո, թևերս տուր,
Նրանք խաչ են ծնված օրից,
Նրանց բեռը կարմրահուր
Հղացում է, ուրիշ ոչինչ։
Տուր թևերս, գնամ դեպի
Աստվածները լեռնածնունդ,
Ուր ապրում է կապտաեզրին
Մի բուռ խունկն ինձ աղոթածուխ։
Տուր թևերս` իմ խաչն անթև,
Աղոթագիրն իմ հնամյա,
Որ չխաչվի հոգիս իր հետ`
Շշնջալով` Տեր, ողորմյա…
***
Այս կողմում և՛ դու ես, և՛ ես եմ,
Մեկ էլ՝ այն «մի ծաղկով գարունը»,
Եկ այսօր քեզանից ես հոսեմ`
Կորզելու գետից քո անունը։
Գարունը թող զույգի ծաղիկը,
Սեր տա ու սեր առնի իր բույրից,
Ջրի հետ իմ ճամփի խաղիկը
Սկսեմ անունիդ համբույրից։
Պտղել է ծաղիկը արդեն, տե՛ս,
Իր ճամփան գտել է գարունը,
Ինչպես իմ խաղիկը հարսնատես`
Պաղ շուրթին քո ջերմող անունը…
***
Քո բախտը քո մարմնում չի ծնվել,
Հեռու է նա քեզնից մի դարով,
Միգահունց ճամփեքը այս բռնել,
Գնում ես դեպի ո՞ւր դու մոլոր։
Այդ կողմում ես չկամ, չեմ եղել,
Տեսել եմ յոթ երկինք ինձ այն կողմ,
Քո բախտով իմ կյանքը հեղեղել,
Հասել եմ աստղերին ես բոլոր։
Ծնվել եմ, չեմ ծնվել՝ չգիտեմ,
Երկունք եմ ես հիշում հին թախտին,
Ասա ինձ, լսեցի՞ր` որտեղ եմ.
Գալիքս տալիք է քո բախտին…
***
Գավդ մինչև վերջ դու ըմպիր,
Զարկել ես, չէ՞, գավիս արդեն,
Չե՞ս ճանաչում դու ինձ, երկիր,
Ես նույն Ռաֆն եմ՝ նույն հողեղեն։
Այս կենացով ըմպում եմ ես
Քո կենացը վտարանդի,
Հիմա տեղդ մթնակրկես
Գիտեմ՝ նեղ է ինձնից անդին։
Այս կենացը դու էլ ըմպիր`
Ձայնիդ կարոտն առնեմ հիմա,
Ձայնը գուցե իմ մահակիր՝
Շշնջում է, բայց կա ու կա։
Ըմպում եմ ես գավս մինչ վերջ՝
Աստվածներդ ուշիմ մնան,
Երկիր, դու էլ, որ մնամ ես
Աստվածներիդ ուսի նման…