Անահիտ ԹԱՐՅԱՆ

ԵՍ ՔՈ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն
Ես քո բռունցքն եմ,
Քո վաղվա հունձքն եմ,
Գալիքն ու նորն եմ, Հայաստա՛ն,
Քո կուռ զրահն եմ,
Փառքիդ սրահն եմ,
Ես քո զինվորն եմ, Հայաստա՛ն:
Սեգ լեռներիդ պես
Անխոց եմ ու վես,
Հաղթ ու հզոր եմ, Հայաստա՛ն,
Քեզնով անպարտ եմ,
Մարդ ու գերմարդ եմ,
Ես քո զինվորն եմ, Հայաստա՛ն:
Քո խաղաղ քունն եմ,
Բերդ դարձած տունն եմ,
Բացվող ջինջ օրն եմ,
Հայաստա՛ն,
Ինձ համար կյանք ես,
Կյանքից էլ թանկ ես.
Ես քո զինվորն եմ, Հայաստա՛ն:
Դու՝ մատյան ու գիրք,
Արմատն եմ քո պիրկ,
Դարերում խորն եմ, Հայաստա՛ն,
Քո վաղվա հույսն եմ,
Հոգուդ վառ լույսն եմ,
Ես քո զինվորն եմ, Հայաստա՛ն:
Մյուռոնն ես բախտի…
Ինձ ո՞վ կհաղթի.
Հայկի քաջ թոռն եմ, Հայաստա՛ն,
Իմ գործն արդար է,
Մեր լույսն անմար է.
Ես քո զինվորն եմ, Հայաստա՛ն:

ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Հայոց երկնքում նորից
թուխպեր են.
Շանթողը մենք ենք՝
ինչպես միշտ,
Հայոց սահմանին
նորից թուրքերն են.
Ջարդողը մենք ենք՝
ինչպես միշտ:

Մեր նենգ ոսոխին
պատժողը մենք ենք,
Հաղթողը մենք ենք՝ ինչպես միշտ,
Թուրքի դավի դեմ մենք
ազնիվ զենք ենք.
Զարկողը մենք ենք՝
ինչպես միշտ:

Աշխա՛րհ, չես ջոկում
հասկն ու որոմը.
Սուրբ հացը մենք ենք՝
ինչպես միշտ…
Է՛հ, դու ես ու քո խոտի խորոմը.
Մեծ հարցը մենք ենք՝
ինչպես միշտ:

Աշխարհի գլխին նորից
թուխպեր են.
Ցրողը մենք ենք՝ ինչպես միշտ,
Աշխարհ խառնողը
նորից թուրքերն են.
Լույս-շողը մենք ենք՝
ինչպես միշտ…

ՍԱՀՄԱՆՈՒՄ
Սահմանում թանձր գիշեր է,
Երկինքն՝ անաստղ ու մթամած,
Լուսինն իր ծիրը կիսել է,
Արդեն ննջում է
կամաց-կամաց…

Սահմանում քունը նեղել է.
Քնել է հովն իսկ թևատարած,
Մորփեոսն ուղին շեղել է.
Այստեղ շրջում է
կամաց-կամաց…

Քար լռություն է հազվադեպ…
Ոսո՞խն էլ քուն է մտել հանկարծ.
Լռել է… չարքն է նրա հետ,
Քինոտ փնչում է
կամաց-կամաց…

Սահմանում լուռ է… Արթուն են
Սոսկ զինվորները մեր
փառապանծ.
Սահմանում, ասես
մարտում են…
Երգը հնչում է կամաց-կամաց…

Սահմանում տղերքն աչալուրջ,
Մահվան խուլ քրքիջն
արհամարհած,
Կռում են և՛ բախտ, և՛ անուրջ.
Հողը շնչում է կամաց-կամաց…

Մեր զինվորները սահմանում
Երկիրն են պահում,
հողը նախնյաց…
Իրենց սխրանքով մութն
են վանում.
Լույսը հրճվում է
կամաց-կամաց…

ՄԵՐ ՄԵԾ ԿՌԻՎԸ
Մեր մեծ կռիվը դեռ չի վերջացել.
Տղանե՛ր, նորից մեկնում եք…
Մենք ձեր ձեռքերին դեռ
ջուր չենք ածել.
Դուք կատակում ու հեգնում եք…

Ամեն մեկդ՝ մի մոր անգին որդի,
Ամեն մեկդ՝ մի տան ճրագ…
Քաջության ուժը
թո՛ղ ձեր մեջ հորդի.
Դուք եղե՛ք հզոր շանթ, կրակ…

Մեր մեծ կռիվը դեռ առջևում է.
Մեկնում եք նորից, տղանե՛ր…
Հոխորտող թուրքը,
որ պարծենում է,
Չի հասցնի «Ալլա՜հ…» բղավել…

Թուրքին այնպիսի մի ջարդ
տվեք դուք
(Մենք վստահում ենք
ձեր բազկին…),
Որ էլ աշխարհում ո՛չ ոք,
ո՛չ մի թուրք
Խեթ չնայի մեզ, մեր ազգին…

Մեր մեծ կռիվը մենք
դեռ պիտի տանք.
Տղանե՛ր, մենք ձեր մեջքին ենք…
Մե՛նք էլ զինվոր ենք ձեզ պես՝
քանի կանք.
Ոչի՜նչ, որ մայր,
քույր և կին ենք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.