Մեր օրերուն վեպ մը գրելը, մանավանդ երեք հատոր ընդգրկող՝ հոգեկան խտացումի լեռնաշղթա մը կրնա ներկայացնել:
Այս վեպին հեղինակը մշակած է նյութը՝ Հայոց ցեղասպանությունը, որ վերապրող հայության հոգիին մեջ կրնար դառնալ, դարձած էր ահռելի Վեզուֆ մը, որ կրնար լավաներու հոսանք ստեղծել որևէ երկրի, որևէ ժողովրդի ամենօրյա կյանքին մեջ:
Ամբողջ ժողովրդի մը խժալուր ջարդը, ամբողջ երկրի մը՝ Արևմտահայաստանի իր բնիկ տարրեն մորթվիլն ու ամայացումը կրնար մի քանի Վեզուֆ ստեղծել որևէ անհատի հոգիին մեջ:
Հոս, այս եռագրության մեջ այդ երկրաշարժը բնորոշողը Հակոբ Սողոմոնյանն է: Հայ մը, որ Ցեղասպանությունը թեև չէ տեսած իր աչքերովը, զոր նկարագրել անկարելի էր, այնքան ահավոր, որ կրնար Հիմալայներն հալեցնել, բայց չկրցավ հալեցնել մեր ժողովուրդը, հավերժի ճամփորդ ժողովուրդը:
Մատչիլ գրել վեպ մը Ցեղասպանությունը իր աչքերով տեսածի ու ապրածի մը պես, միայն հրաշքի համազոր գործ մըն է, որ կրնար Դանտեն անգամ շփոթեցնել:
Ահա նյութը այս եռագրության, որ հեղինակը անվանել է «Թլփատվածները», ամբողջ բանակ մը ոտքի հանելու համար վրիժառուներու բազմություն մը, դաս մը տալու համար Ցեղասպանությունը նյութողներին պատժելու համար:
20-րդ դարի անպատիժ մնացած Հայոց ցեղասպանությունը պատճառ եղած էր նոր ցեղասպանությանց քիչ մը ամեն տեղ, մեր աչքերուն առջև: Ինչպե՞ս լուծել անլուծելի գերլոգարիթմ թվաբանական հարցը… Հեղինակը այս հարցը լուծելու ձեռնարկած է հոգիին բազմամիլիոն բջիջները զորակոչի ենթարկելով, Արարատը իր մեկ ձեռքին բարձրացնել փորձելով:
Այս եռագրությունը մեկ վեպին մեջ ամփոփելը անհնարին ըլլալով, փաստորեն մի քանի վեպի շարք մըն է շնորհիվ հեղինակի երևակայության անհունության, վիպելու կարողության:
Եռագրությունը կպարունակե հերոսներու ոսկե շղթա մը երեք հատորներու ընդգրկումով: Հսկա այս բեմի վրա կհանդիպենք բազմախոսության մը, որ տեղի կունենա հերոսներու միջև: Այս դերին մեջ կան հայեր, թուրքեր, քրդեր ու պարսիկ մըն ալ: Թվենք մեկ մասը այդ հերոսներուն.- թուրք Հաջին, հայուհի, բայց ամերիկյան քաղաքացի լրագրողուհի Սևանը, կես թուրք-կես գերմանուհի, նույնպես լրագրողուհի Գյուլը և հայ Մահտեսյանը: Հոս են մեծախորհուրդ Կասանդրայի կողքին Գրիգոր գրիչը, պարսիկ սրճարանատերը, Հարություն Առաքելյանը, անոր կինը՝ Մարիամը, ասոնց զավակը՝ նորածին Վրեժը, սիրված Մարոն, որ «կպսակվի» իր չսիրած հայու մը հետ, բայց կառևանգվի իր սիրածի կողմե: Հոս են Հաջիի եղբայր Մուսթավան իր ընկերներու հետ, որոնք «Թուրք վրեժի կազմակերպություն» հիմնած են, տակավին խուլիգան վարորդ մը, որ կփորձե զգետնել հայուհի Սևանը… Ասոնք բոլորը մեկտեղած են բազմահունչ երգչախումբ մը, որպես դիրիժոր-խմբավար ունենալով Հակոբ Սողոմոնյանի ցուպիկի շարժումները: Եվ այս արյան գետը հոսեցնող նյութը՝ Ցեղասպանությունը արդար լուծումի հասցնելու լարված ճիգեր կմղեն վեպին բոլոր հերոսները:
Այս ճիգերը՝ Եղեռնից հարյուր տարի հետո:
Հեղինակը այս եռագրության անլուծելի խնդիրի մը դեմ հանդիման գտնվելով հանդերձ ահավոր ճիգով մը կաշխատի լուծել անլուծելին՝ վերապրելով գեհենին ահավորությունը որպես հայ մարդ: Բայց այս վիճակը որպես եռագրության կարդացող ընթերցողը կմղվի մտածել, որ բազմախոսություն ներկայացող վեպը խորքին մեջ մենախոսություն մըն է ու մենախոսը հոս Հակոբ Սողոմոնյանն է, Ցեղասպանությունը իր հետին բջիջներով ապրած հայ մարդը:
Այս բոլորով հանդերձ վեպը ապրող ու ապրեցնող է, երբ աշխարհի բոլոր ահարկու զենքերուն դեմ կա ատոմի ուժը գերակայող սերը:
Ահա այդ սերը վեպին մեջ ներկայացնող թուրք Հաջին ու հայուհի Սևանը, թրքուհի Գյուլն ու հայ Մահտեսյանը, որոնք կքննեն նաև «Թլփատվածներու» հարցը, երբ իրենց միության դիմաց կգտնեն չինական վիթխարի պարիսպը:
Հոգեբանական ապրումներու ամբողջ երկարող շղթա մը, երբ սիրահար զույգերը անքուն գիշերներ կունենան լուծելու համար պատնեշած այս հարցը:
Հեղինակը չէ, որ կուզե ամուսնացնել սիրահար զույգերը: Բայց անոնք կամուսնանան: Անշուշտ, ամուսնությունե պիտի պտուղներ ծնին ինչպես խնձորի ծառի մը վրա պատվաստած ծիրանի ճյուղեն ծնող ծիրան: Անկարելի չէ պտուղներու պարագային: Բայց մարդոց պարագային ի՞նչ պիտի կոչվին պտուղները՝ հա՞յ, թե՞ թուրք: Ահա հարցերի հարցը՝ սիրո՞ պտուղներ…
Անանուն հերոսը վեպին իր Մարոյեն զավակներ պիտի ունենա և զանոնք հայ պահելու համար զինք պիտի մղե հնարներու: Անօգուտ: Արդեն իր տունը գետնափորով հանդերձ փլատակ է և ողջ ընտանիքը ոչնչացած է: Անանունը հարության ոգին ներկայացնող հերոս մըն է հոս Կասանդրայի կողքին, որոնք հեռուն տեսնել գիտեն քանի հեղինակն իսկ են:
Այս վեպը սերը որպես առաջնորդ ընդունելով հանդերձ պատմություն մըն է քաղաքական դեպքերու վերլուծումով, հարուստ նաև հեղինակին ամբարած գիտելիքներով հայ և համաշխարհային մշակույթներու իմացությամբ:
Վեպին մեջ ապրող էակ է Շահան Նաթալին՝ Հայոց Նեմեսիսը հիմնողներու գլխավորը՝ վրիժառուներու առաջնորդ:
Հեղինակի սահուն և պատկերավոր լեզուն եթե մերթ ունի զվարթախոհություն, հումոր, հաճախ կբացատրե հայոց մեծ ու փոքր սխալները, որոնց արդյունքը ահավորին կմոտենա: Ադանայի ջարդն իսկ դաս մը չկրցավ դառնալ մեզի:
Եթե Բեռլինի վեհաժողովին Խրիմյան Հայրիկը ներկայացավ թղթե շերեփով, Լոզանի ժողովին Ավետիս Ահարոնյան թուղթով ներկայանալու չէր, երբ ծագումով քուրդ Իսմեթ Ինոնի իր ողջ ուժով կրցավ փակել Հայկական հարցը:
Ըսած եղանք՝ վեպերու շարք մըն է այս գիրքը:
Հոս հայ զինվոր մըն ալ կթլփատվի անպատվության մատնելով հայ անունը, թշնամին խենեշ է, անոր խիղճը իր յաթաղանն է, իսկ մեր զենքը՝ աղոթքը, մինչև այն օրը, երբ հայ արծիվ հեղափոխականները լեռ բարձրացան: Արդեն ուշ էր, երբ օսմանցին մեզի խաբել կրցավ, ու մենք խաբվելու պատրաստ էինք: Ափսո՜ս, թեև հեղինակին իսկ մտածումով կրնայինք չհասնիլ հոն, ուր հասանք, հասցուցին մեզ:
Վեպը լավ ընթացքի մեջ էր իր հերոսներով, երբ հանկարծ Սևանը կենթարկվի խժդուժ վիճակի: Մանրամասնություններ չկան: Եղածը հասկանալի է:
Մանրամասն տրված է այն պատկերը, երբ թուրքերի խմբակը և հայ հերոսները Սևանի ընդդիմախոսությամբ վեճի մեջ են: Այդպիսի պայմաններու մեջ Սևանի պերճախոսությունը հենած կուգա հեղինակի տրամաբանելու ունակությունեն:
Էթնոհոգեբան մըն ալ կա գրքին մեջ, որ գիտի մատը վերքին վրա դնել և երևույթը բացատրելի դարձնել իրավախոհորեն: Էթնոհոգեբանը կկոչվեր Աիդա Բաբայան: Վանահայր մըն ալ կյանքի կոչված է, որ կարծեք կապ ունի այս վերջինի հետ որպես համախոհ: Այս բոլորը զգալի են Գյուլին կողմե, որ կես թուրք-կես գերման է, բայց սիրով կապված հայ Մահտեսյանի հետ:
Անանունը Դերսիմի մեջ է: Հոս մեծ թիվ մը կկազմեն իսլամացած հայերը: Երբ Անանունը իսլամացած Սեիդին կհայտնե իր հայ ըլլալը, այդ վերջինը զարմացած չէ, գիտե, որ ջելալիները 1604 թ. Դերսիմի հայությանը ջարդեցին, թալանեցին, փախուստի ենթարկեցին, բայց հողն ու տունը պահողները իսլամացան ու մնացին, դառնալով քուրդ, թուրք կամ ալավի: Անոնցմե շատերը պահած են ձեռագիր մատյաններ, մագաղաթներ, հիշելով, որ հայերենն է իրենց կորսնցուցած լեզուն:
Մեր օրերուն Դերսիմի կրոնափոխ հայերու մոտ վերազարթնումի ճիգ մը կնկատվի, հեռավոր հույսի մը ծիլ տալով, թե հողին վրա ապրող հայերուն թիվը խմբակ մը չէ, բազմություն է թեև իսլամացած: Գուցե այդ թլփատվածներն ալ դադրին վախենալե և հայտարարեն իրենց ինքնությունը…
Երբ թուրք վրեժի անդամները կծրագրեն ոչնչացնել «Թլփատվածներ» կոչվողները, Կասանդրան կզանգե Մահտեսյանին, ներկաները կլսեն անոր ձայնը, լսողներուն մեջ Գյուլն ալ կա, երբ Կասանդրան կխոսի զղջումի ու ներելու մասին՝ խոսքը զղջացողի մը մասին է և ներողի մը մասին է, եթե… եթե կարելի է ներել աններելին:
Կասանդրան է դարձյալ, որ կըսե. «Ինչպես անցյալն է ներկա ստեղծում, այնպես էլ ներկան է ապագա ձևավորում ըստ իր պատկերի և նմանության… միստիկական ապագա չունի, կա ռեալ գործողությունների հետևանքով ձևավորվող ապագա»:
Բայց արդյոք Կասանդրան անէացա՞վ: Մենք, որպես ընթերցող, չենք հավատար այս անէացումին: Այդ միջոցին Գյուլը կժպտի Մահտեսյանին, ինչպես Սևանը կժպտի Հաջիին:
Նոր փուլ վեպին մեջ. Նոյյան տապանի փնտրտուքը, որպեսզի մոլորակը փրկվի ավազախրումե: Սևանին ձեռքի երակները սևնալու չափ ուռած են. միայն այդ երակները կրնան ցույց տալ Տապանին գտնված տեղը, երբ Սևանին նույն ձեռքը կրնա Հաջիին ցույց տալ իր սիրտին ճամփան… բազմախոս խոստովանանք: Միաժամանակ Գյուլը Մահտեսյանին աչքերը խոր քննության ենթարկելով կիմանա տապան տանող ճամփան:
Մարդիկ չարացած են այն աստիճան, որ «տառացիորեն հրճվանքի մեջ են ընկնում՝ լսելով իրենց մերձավորներին պատուհասած դժբախտության մասին, իսկ այլոց մասին հասած չարաբաստիկ լուրերից ուղղակի ցնծում են»:
Ուրեմն վրա կհասնին պատերազմները: Գիշատիչներու մոլորակ կդառնա ողջ աշխարհը: Գիշատիչներու այս աշխարհին մեջ եթե օսմանցին գիշատիչ է, անոր դեմ գիշատիչ մը նույն զենքերով հրապարակ գալու չէ՞…
Չէ՞ որ հրեշտակների մոլորակ մըն ալ գոյություն ունի, որ պետք ունի մարդոց օժանդակությանը խաղաղության առաջնորդելով ողջ մոլորակը:
«Թլփատվածներու» շարժումը դուռ կբանա նոր ցեղասպանություններու, երբ անպատիժ են «հին» ցեղասպանությունները…
Ուրեմն ո՞վ կրնա լուծել անլուծելին:
Մենք՝ մարդիկս ենք աշխարհը գիշատիչներու մոլորակ դարձնողները: Ինչո՞ւ աշխարհը չվերածել հրեշտակներու մոլորակի…
Միայն սերը կրնա փրկել Երկիր մոլորակը ի չարե…
Բոլորս պատասխանատու ենք բոլորին համար, երբ մեկ է մոլորակը, մարդկությունը՝ մեկ, երբ որևէ Ներոն կամ Հիթլեր ու նախապես որևէ օսմանցի և չարության աղբյուր, ջինջ աղբյուր մնան ու աշխարհը գիշատիչներու մոլորակի չվերածեն:
Այս է հեղինակի բաղձանքը՝ խոսք ի սրտե առ աշխարհ:
Ո՜վ ականջ ունի լսելո, լուիցէ:
Ամէն:
Հ. Գ.
Հանցագործներ մի՛ փնտրեք: Անոնք անտես են ու տեսանելի, բայց միաժամանակ խաղաղությունն է ցանկալին, որ մայրերը չողբան կորուստը իրենց զավակներուն, ծերերը չկքին պատի մը կործանումին տակ, երեխաները մեծնան ժպիտը իրենց սրտերուն և Վարուժանի օրհնությունը հնչե Հյուսիսային կողմն աշխարհի, Հարավային կողմն աշխարհի, Արևելյան կողմն աշխարհի, Արևմտյան կողմն աշխարհի… Վեպ է այս փաստաթուղթ, հիրավի հավատացեք…