ՌՈՒՍ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ / Մագդա ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

5Lույս է տեսել Ռուզան Տեր-Գրիգորյանի «Ռուս դասականները արևմտահայերեն» գիրքը, որի տպագրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Չնայած մենագրության թեման անմիջականորեն կապված չէ այդ տարեթվի հետ, բայց, ինչպես նշում է Ռ. Տեր-Գրիգորյանը, ամեն դեպքում այն կա. «Մենք անհրաժեշտ համարեցինք,- գրում է նա,- մեկ անգամ ևս ցույց տալ, որ արևմտահայության համար չափազանց ծանր ու դժվարին քաղաքական պայմաններում, երբ կային թուրքական յաթաղանն ու ազգապահպանության խնդիրները, արևմտահայ մտավորականությունը շարունակում էր հետ չմնալ համաշխարհային գրականության զարգացումներից` ազգի գոյության հիմքում դնելով հավատի, կրթության ու մշակույթի առաջընթացը»: Եվ իրոք, ընթերցողի համար ակնհայտ է դառնում այն հարուստ ու լարված հոգևոր կյանքը, որով ապրում էին արևմտահայերը 19-րդ դարի վերջին տասնամյակներում և 20-րդ դարի սկզբում: Նրանք չէին սահմանափակվում միայն ազգային-հասարակական խնդիրներով, իրենց մշակույթով. արևմտահայերենով պարբերաբար հրատարակվում էին համաշխարհային, այդ թվում և ռուս գրականությունից թարգմանություններ, հրապարակվում էին քննադատական հոդվածներ այս կամ այն օտարալեզու գրողների, բանաստեղծների մասին: Այսպիսով՝ արևմտահայ ընթերցողը հաղորդակից էր լինում համաշխարհային գրականության նվաճումներին, ապրում ժամանակի առաջադեմ գաղափարներով և խնդիրներով, արագ արձագանքում դրանց… Եվ այս ամենն արմատախիլ արեց թուրքական յաթաղանը, հայերը ենթարկվեցին հրեշավոր բնաջնջման…
Գրականագետ և թարգմանիչ Ռ. Տեր-Գրիգորյանը (նրա թարգմանությամբ լույս են տեսել Չեխովի, Բունինի, Կուպրինի, Կորոլենկոյի, Պաուստովսկու պատմվածքները) երկար տարիներ զբաղվում է ռուս-հայկական գրական կապերի ուսումնասիրությամբ: Նրա մենագրության առանձին մասեր արդեն հրատարակվել են ոչ միայն մեր հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս (օրինակ, Վենետիկում, «Բազմավեպ» ամսագրում): Այժմ նրա հոդվածները, որոնք առնչվում են արևմտահայ-ռուսական գրական կապերի տարբեր հարցերի, ընդգրկված են մի գրքում, որն ընթերցողին, անկասկած, ավելի լայն ու ամբողջական հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչ տեղ էր հատկացվում ռուս դասական գրականությանը արևմտահայ պարբերական և գեղարվեստական հրատարակություններում, ինչպես էր ընդունվում և գնահատվում այդ գրականությունը քննադատության կողմից, ինչպիսի ազդեցություն ուներ այն ժամանակակից գրական գործընթացում…
Գրքի արժանիքներից մեկը նյութի հագեցվածությունն է: Այն մանրազնին քաղված է արևմտահայերենով լույս տեսած (ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլև Վենետիկում, Վիեննայում, Փարիզում) տարբեր ամսագրերից, թերթերից, որոնցում հրապարակվում էին ռուս գրականությանը վերաբերող թարգմանություններ, հոդվածներ: Հեղինակի տեսադաշտում ռուս դասականների`19-րդ դարավերջի և 20-րդ դարի (մինչև Առաջին աշխարհամարտը) հրատարակություններն են: Կարծում եմ, որ շատ ընթերցողների համար նորն ու անսպասելին մենագրության մեջ ընդգրկված ռուս գրականությանը առնչվող նյութերի քանակն է: Բացի այդ, բոլոր փաստերն ունեն պատմագրական նշանակություն:
Գրքի ենթավերնագրում նշված է հետազոտության երկու հիմնական թեմա` քննադատություն և թարգմանություններ: Նշենք, որ այդ հարցերը ոչ թե առանձին են քննարկվում, այլ՝ փոխկապակցված: Ճիշտ է, մի շարք գլուխների անվանումներում ընդգծվում է հիմնական խնդիրը. օրինակ` «Ռուս դասականները արևմտահայ քննադատության գնահատմամբ», բայց այստեղ կան որոշակի տեղեկություններ նաև թարգմանությունների մասին, քանի որ հաճախ հենց հրատարակված թարգմանություններն էին առաջ բերում ռուս պոետների և գրողների ստեղծագործությունների վերաբերյալ քննադատական հոդվածների և ընդհանուր գնահատականների անհրաժեշտություն: Այսպես, Տեր-Գրիգորյանը մատնանշում է, որ «Մասիս» շաբաթաթերթում, Ա. Փանոսյանի թարգմանությամբ, Լերմոնտովի «Դասալիքը» պոեմի տպագրությունից հետո այնքան մեծացավ ընթերցողների հետաքրքրությունը ռուս պոետի նկատմամբ, որ «Մասիս»-ի հերթական համարներում տպագրվեցին Արփիար Արփիարյանի հոդվածները Լերմոնտովի մասին: Ի դեպ, մենագրությունից մենք տեղեկանում ենք, որ Արփիարյանը բարձր էր գնահատում ռուսական ռեալիստական գրականությունը, նրա ժողովրդայնությունը, ազատասիրական ոգին: Նա հեղինակ էր նաև Լև Տոլստոյի, Դոստոևսկու, Տուրգենևի, Գերցենի, Գոգոլի մասին մի շարք հոդվածների: Արփիարյանի գաղափարակիցներն էին Լ. Բաշալյանը, Կամսարականը, Ե. Տեմիրճիպաշյանը, Ե. Օտյանը… Գրքում կարևորվում է նաև Քերովբե վ. Քուշներյանի, Արշակ Չոպանյանի, Նիկոլ Աղբալյանի և այլ մտավորականների դերը արևմտահայության շրջանում ռուս գրականության և մշակույթի տարածման գործում:
Բնութագրելով այս հետաքրքիր և բավականին հարուստ քննադատական նյութը` Ռ. Տեր-Գրիգորյանը չի անտեսում այն հանգամանքը, որ ռուս գրականության մասին հոդվածներ տպագրվում էին գաղափարական տարբեր կողմնորոշում ունեցող պարբերականներում. դրանցից յուրաքանչյուրն անդրադառնում էր ռուս հեղինակների այն ստեղծագործություններին, որոնք համահունչ էին տվյալ ամսագրի կամ շաբաթաթերթի գաղափարախոսությանը: Բացի դրանից, հեղինակն ընդգծում է, որ այդ գնահատականներում չի կարելի չնկատել նաև կապը արևմտահայության կենսական հիմնախնդիրների, Արևմտյան Հայաստանի հասարակական-քաղաքական վիճակի հետ: Եվ պատահական չէ, որ առաջադեմ քննադատությունը հատկապես առանձնացնում էր Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի և ռուս այլ պոետների ազատատենչ ձգտումները, ինչպես նաև այն ստեղծագործությունները, որոնցում սուր կերպով դրված էին մարդու հոգևոր և ֆիզիկական ազատության խնդիրները, բարոյափիլիսոփայական հարցերը:
Եվս մեկ առանձնահատկություն, որը նշում է հեղինակը. ռուս գրականության շատ ստեղծագործություններ վերլուծվում և գնահատվում էին համաշխարհային՝ հատկապես եվրոպական գրականության համատեքստում: Հաճախ զուգահեռներ էին անցկացվում ռուսական ռեալիստական վեպի և Զոլայի, Դոդեի, Ֆլոբերի վեպերի միջև: Այս տեսանկյունից նա բարձր է գնահատում Գ. Անդրիկյանի՝ Լ. Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի մասին (1909) և Ա. Չոպանյանի «Պուշկինը և Միցկևիչը» (1887) հոդվածները: Հատկանշական է, որ քննադատության սևեռուն հետաքրքրության առարկա են դարձել ոչ միայն ռուս դասականների գեղարվեստական ստեղծագործությունները: Այսպես, առանձին գլխում հեղինակն անդրադառնում է Լև Տոլստոյի այն հոդվածների քննադատությանը, որոնք վերաբերում են գրողի բարոյաէթիկական, կրոնափիլիսոփայական հայացքներին: Այդ հոդվածները, ինչպես նշում է Ռ. Տեր-Գրիգորյանը, հետաքրքրության մեծ ալիք էին բարձրացրել արևմտահայ ընթերցողների շրջանում:
Գրքում ուշագրավ տեղ է հատկացված ռուս դասականների ստեղծագործությունների թարգմանություններին: Ռ. Տեր-Գրիգորյանը նշում է տասից ավելի արևմտահայ պարբերական հրատարակություններ, որտեղ տպագրվել են ռուս գրողների և պոետների թարգմանությունները: Հեղինակն ընթերցողի ուշադրությունը հրավիրում է դեռևս անցած դարի արևմտահայ պարբերական մամուլի էջերում բարձրացված գեղարվեստական թարգմանության որակի հարցերին (1901թ. «Մասիս» շաբաթաթերթում տպագրված Միհրան Հովհաննիսյանի հոդվածը): Թարգմանությունները վերլուծված և գնահատված են առանձին գլուխներում, որոնք նվիրված են ռուս պոեզիայի թարգմանիչներին՝ արքեպիսկոպոս Գաբրիել Այվազովսկուն, Քերովբե վ. Քուշներյանին, Լևոն Շանթին: Հատկապես բարձր է գնահատվում Լերմոնտովի «Մծիրի» պոեմի Շանթի թարգմանությունը: Տեր-Գրիգորյանը նշում է, որ տվյալ թարգմանությունը լերմոնտովյան պոեմի լավագույն թարգմանություններից է: Առանձին գլուխ է նվիրված Հովհաննես Պալյանին. նա թարգմանել է ոչ միայն Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի և մյուս ռուս պոետների բանաստեղծությունները, այլ նաև Չեխովի պատմվածքները… Այդ գլուխներում հեղինակը ներկայացնում է թարգմանիչների ստեղծագործական դիմանկարը, բացահայտում նրանց գրական հետաքրքրություններն ու թարգմանական մոտեցումները: Գրքում կան նաև առանձին ստեղծագործությունների թարգմանություններին նվիրված գլուխներ, ինչպես «Մ. Յու. Լերմոնտովի «Դասալիքը» պոեմը արևմտահայերեն» և «Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հայերեն առաջին թարգմանությունը» (խոսքը 1911 թ. Կոստանդնուպոլսի «Կայծ» ամսագրում պարբերաբար տպագրվող Էդ. Ամատունու թարգմանության մասին է):
Թարգմանություններին նվիրված գրքի բոլոր էջերը առանձնանում են հետազոտողի միասնական մոտեցմամբ: Նա ուշադրություն է դարձնում թարգմանվող ստեղծագործության ընտրության վրա, քանզի այն պայմանավորված է ինչպես ժամանակաշրջանով, դարաշրջանով, այնպես էլ թարգմանիչների նախասիրություններով և քաղաքացիական դիրքորոշմամբ: Վերլուծելով թարգմանությունները՝ Ռ. Տեր-Գրիգորյանը ելնում է ժամանակակից տեսության արգասավոր սկզբունքներից` բացահայտելով բնագրի գաղափարագեղարվեստական ամբողջականության հետ դրանց համապատասխանության մակարդակը: Իր դիտարկումները նա ամրագրում է հստակ օրինակներով: Առանձին դեպքերում վերլուծական զուգահեռներ են անցկացվում բնագրի և արևմտահայերեն-գրաբար կամ արևելահայերեն թարգմանությունների միջև (օրինակ՝ Մ. Լերմոնտովի «Մծիրի» պոեմի Շանթի թարգմանությունը համեմատվում է Հ. Թումանյանի թարգմանության հետ): Ռ. Տեր-Գրիգորյանը անդրադառնում է բնագրի հետ թարգմանության ռիթմիկ-հնչերանգային, իմաստային, ոճական համարժեքությանը: Նա առաջին հերթին ուշադրություն է դարձնում թարգմանված տեքստի բնական հնչողությանը, բնագրին բնորոշ ոճի պահպանմանը: Հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես թարգմանիչները, փոխելով որոշ բառեր և պատկերներ, վերստեղծում են բնագրի գեղարվեստական ամբողջականությունը: Ճիշտ է, որոշ փոփոխություններ նա համարում է չարդարացված (ինչպես, օրինակ, Հովհաննես Պալյանի թարգմանած Նեկրասովի «Ի լուր աղետի գոռ պատերազմի» բանաստեղծությունը, որտեղ առանցքային պատկերը վերստեղծված չէ համարժեք գեղարվեստականությամբ): Նշվում են նաև մյուս թարգմանությունների թերությունները: Այսպես, գնահատելով Լ. Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հրատարակության կարևորությունը, հեղինակը մատնանշում է անթույլատրելի կրճատումները, որոնք խախտում են վեպի կառուցվածքը, ինչպես նաև կերպարներին բնորոշ խոսքի ոճական անհամարժեքությունը. թարգմանության մեջ հաճախ սպասավորները, զինվորականները, գյուղացիները խոսում են նույն ոճական չեզոք լեզվով:
Խնդիրները, որոնք լուսաբանվում են Ռուզան Տեր-Գրիգորյանի մենագրությունում, ունեն ոչ միայն պատմագրական արժեք, այլև հարստացնում են արևմտահայ և ռուս գրական կապերի մասին մեր պատկերացումները: Նրա դիտարկած թարգմանչական շատ խնդիրների կոնկրետ օրինակներ այսօր էլ արդիական են: Կարծում եմ, որ այս գիրքը հետաքրքիր կլինի նաև նրանց համար, ովքեր զբաղվում են գեղարվեստական թարգմանությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.