Օրերս Երևանի համայնքներից մեկում (այո՛, տասներկուսից՝ մեկում) ականատեսն ու ականջալուրը եղա մի չտեսնված-չլսված հրավառության: Ի՞նչն այդպես ինձ զարմացրեց (ներեցեք՝ զայրացրեց պետք է ասեի). հրավառության մասշտաբները (այլ բնորոշում չես կարող տալ…):
Երբ դեռ առաջին, երկրորդ, երրորդ համազարկերն էին երկնքում սփռվում-լուսավառվում, մտքիս մեջ ակամա սկսեցի զարկերը հաշվել՝ հուսալով, որ, ի վերջո, դրանք կավարտվեն: Զարմանքս ու զայրույթս կրկնապատկվեց, բազմապատկվեց, երբ համազարկերի թիվն անցավ մի քանի տասնյակից: Մտածեցի՝ գուցե տարեց ինչ-որ մեկի հոբելյա՞նն են նշում այսպես հանդիսավո՜ր, ճո՜խ, ինչպես ասում են՝ գունավոր լուսաճայթուկներով: Կամ գուցե օլիգարխական հարսնահանդե՞ս է:
Համազարկերը վերջ չունեին. հաշվեցի արդեն հարյուրերորդը, հարյուր տասը, հարյուր տասնվեցը (գուցեև՝ հարյուր քսանը…):
Ցուցամոլության այս շոուն վերջապես դադարեց… որքա՞ն արժեցավ ճոխ (շշմեցուցիչ) հրավառությունը, այլ հարց է: Գուցե այդ գումարով մեկ այլ՝ իսկապես բարի գործ կարելի էր անել, որ այդպես էլ չարվեց…
Եվ իսկապես, ի՞նչ են տալիս նման ցուցամոլ հրավառությունները, ովքե՞ր պետք է վերահսկեն (մեղմ ասած) հաստաքսակ, սանձարձակ աղմկարարներին, որ, ամեն չափ ու սահման անցած, իրենց զոռբայությունն ու «տեսակն» են տարփողում, երբ շրջապատում այնքան աղքատ, օրվա հացին կարոտ մարդիկ կան…
Չպետք է կարծել, թե մենք ընդհանրապես դեմ ենք բոլոր տեսակի հրավառություններին. դրանք թող լինեն մեր ամեն մի հաղթանակի առիթով, հանրայնորեն գիտակցված ու արժանապատիվ չափի ու քանակի սահմաններում, այլ ոչ թե «ինչպես ուզեմ, ինչքան ուզեմ, երբ ուզեմ» ամենաթողության շրջանակներում…
Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ