ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ ԵՐԵՎՈՒՅԹԸ (Չուշացող գրախոսություն Սամվել Մուրադյանի հետազոտության առթիվ) / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Լևոն ՄութաֆյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է թատերագետ, դրամատուրգ
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

2012 թ. լույս տեսավ բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի «Հովհաննես Շիրազ» մեծածավալ ուսումնասիրության Ա գիրքը: Սպասում էինք Բ գրքի հրատարակմանը՝ մեկ ամբողջության մեջ դիտարկելու և արժևորելու Շիրազի ստեղծագործության հանդեպ երկյուղածության աստիճան սեր տածող գրականագետի աշխատությունը: Սակայն Բ գիրքը տակավին ուշանում է՝ անպայմանորեն իր ուշացումը պայմանավորելով հրատարակչական խնդիրներով: Ուստի, անպայմանորեն պետք է անդրադարձ կատարվի Ա գրքին, որը ոչ միայն դառնում է շիրազագիտության ամենաամբողջական և ամենախորքային իրողություններից մեկը, այլև հուշում-թելադրում է մի շարք ընկալումներ և դիտումներ, որոնք նպաստում են ազգային բանաստեղծության մեջ Հովհաննես Շիրազի ներկայության համակողմանի արտացոլմանը, բացահայտում նրա կենսագրության, նրա հանդեպ ձևավորված հանրային ու պետական մոտեցումների բազմաթիվ խորքեր ու շերտեր, որոնք տակավին անծանոթ են եղել և կամ մատուցվել տարբեր տարբերակներով ու մեկնաբանություններով՝ ինչ-որ չափով աղավաղելով բանաստեղծի կերպարը, ժամանակի ու նրա միջև ձևավորված անհաշտ պայքարն ու կռիվը:
Մեր գրականագիտության մեջ տակավին չի կիրառվում շիրազագիտություն եզրը, որովհետև իբրև գիտական հետաքրքրությունների շրջանակ ու ոլորտ՝ այն առաջին քայլերն է անում, չնայած Հ. Շիրազի ստեղծագործությունը երբեմն եղել է գրականագետների հետաքրքրության և ուշադրության կենտրոնում, չնայած գրականագիտական նյութի սակավությանը` հիմնավոր հոդվածներով հանդես են եկել Սուրեն Աղաբաբյանը, Հրանտ Թամրազյանը: Շիրազի մասին կարծիքներ են հայտնել մեր գրականության շատ նշանավորներ: Այնուհանդերձ, բանաստեղծի ստեղծագործության գիտական համակարգման, գիտական-գրականագիտական հայացքի ձևավորման հանգրվանը դեռևս թափուր էր, ու Սամվել Մուրադյանի գիրքն ընդունվում և ընկալվում է որպես առաջին ու հիմնավոր քայլ, որի միջոցով այսուհետև հնարավոր պիտի լինի ճշմարիտ-օբյեկտիվ դիտումներով և թափանցումներով գնահատել բանաստեղծին ու նրա ստեղծագործությունը, կարևորելու նրա տեղը ինչպես ազգային բազմադարյա, այնպես էլ մասնավորաբար հետչարենցյան բանաստեղծության շրջագծերում:
Շիրազն իր գրական երախայրիքը տպագրեց, երբ ողջ էր Եղիշե Չարենցը, ասել է թե՝ չարենցյան բանաստեղծական գոյությունն արդեն իսկ մի շրջածիր էր ձևավորել, որի տիրույթում հայտնվեց նաև Հ. Շիրազը՝ իր «Գարնանամուտը» հռչակելով որպես նորագույն հայ բանաստեղծության հանգրվանային հայտնություններից մեկը, սակայն, այնուհանդերձ, Շիրազի ու նրա սերնդակիցների ստեղծագործությունները քննվում են հետչարենցյան անդրադարձումների մեջ, քանզի, ի տարբերություն Վարուժան-Չարենց ուշագրավ շարունակականության, որի նպատակն էր հաստատել նորարարությունն ու ձևավորել նորագույն բանաստեղծության մոդեռնը, Շիրազն ընթանում էր Հովհ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի բանաստեղծական ավանդույթի ճանապարհով՝ մասնավորաբար իր ստեղծագործական թռիչքներին ու բարձրակետերին հասնելով 1940-50-ական թթ., մի ժամանակաշրջանում, երբ գրական ընթացքից դուրս էր մղված Չարենցը, երբ իրար դեմ կռիվ էին տալիս թումանյանական-իսահակյանական ավանդույթն ու այսպես կոչված պրոլետգրականության կաղապարները: Ս. Մուրադյանն իր ուսումնասիրության մեջ, այնուհանդերձ, շեշտում է Չարենց-Շիրազ որոշակի առնչությունները, մասնավորաբար նշում, թե Չարենցը բարձր էր գնահատել երիտասարդ բանաստեղծի մուտքն ու անգամ մտահոգություն հայտնել, թե կարող են նրան նախանձել ու վնասել, ուստի հենց Չարենցն էր կրճատել, ինչպես հավաստիացնում է Ս. Մուրադյանը, «Գարնանամուտ» ժողովածուի համար Վ. Ալազանի գրած 53 էջանոց առաջաբանը: Գրականագետը, գուցե առաջին անգամ ընդգծված խիզախությամբ, Չարենցի հզոր ներկայության կողքին, շիրազյան քնարերգությունը դիտարկում է որպես ուրույն նորարարություն, համընդհանուր տեխնիցիզմի ու պրոլետգրական այլ արժեքների կողքին՝ հայտնություն, չարենցյան հաստատումների ինքնատիպ շարունակություն: Միաժամանակ, Ս. Մուրադյանը վկայում է, որ Շիրազը գալիս էր թումանյանական-իսահակյանական աշխարհների անդրադարձներից, մեր գեղջկական պարզ երգերից, արևմտահայ քնարերգությունից՝ իր համար ազդեցությունների հենարան ունենալով հատկապես Միսաք Մեծարենցին: Ս. Մուրադյանը շիրազյան երկերի մեջ գտնում է ազդեցություններ Պուշկինից ու Լերմոնտովից՝ այդպես կամենալով Շիրազին դուրս բերել բանաստեղծության նեղ-ազգային տիրույթներից և նրա ստեղծագործությունը քննարկել համաշխարհային գրականության համածիրի մեջ: Գրականագետի միտումն ընկալելի և հասկանալի է. վերանձնային գրականությունը, որը հենվում է դասական ավանդույթների վրա, չի կարող մերձեցումներ չունենալ համաշխարհայինին, չի կարող գոյություն ունենալ իբրև մասնավոր գեղագիտական իրողություն ու փաստ: Եթե Հովհ. Թումանյանն ու Ավ. Իսահակյանը, 20-րդ դարի մեծագույն բանաստեղծը՝ Ե. Չարենցը, իրենց ակունքներն առնում էին ազգայինից ու աստիճանաբար դառնում համազգային գրական երևույթներ՝ սերտակցվելով համաշխարհային գրականությանը, շոշափելով այն գեղարվեստական և գեղագիտական առաջապահ միտումները, որոնք բնորոշ էին համաշխարհային գրականությանը, ապա Շիրազն էլ պիտի հենց այդպիսին լիներ, քանզի նրա մի շարք ստեղծագործություններ իրենց գաղափարական արծարծումներով, ոճաձևային ուշագրավ լուծումներով, բանաստեղծություն-կոմպոզիցիայի ինքնահատուկ կառուցումներով մոտենում էին համաշխարհայինի սահմաններին: Այստեղ, անպայմանորեն, երբեմն օբյեկտիվ դիտարկումն ու գնահատումն իրենց տեղը զիջել են բանաստեղծի հանդեպ անսահման սիրույն՝ առիթ տալով գնահատումների որոշակի չափազանցումների, սակայն այդ չափազանցումները բնավ էլ մեղանչումներ չեն: Ս. Մուրադյանը հիմնավորում է իր տեսակետը, տեսադրույթը, նա ընտրում ու մատուցում է հատկապես «Գարնանամուտ» ժողովածուից այնպիսի ստեղծագործություններ, որոնք տակավին հետազոտված չեն, որոնք ստվերվել են «Գարնանամուտ» և «Թագադրում» բանաստեղծությունների վերջին: Վերջիններս ծրագրային նշանակություն ունենալով Շիրազի համար, բնութագրելով նրա հայտնության առանձնահատկությունը, առիթ չեն տվել խոսելու մի շարք բանաստեղծությունների մասին, որոնք ունեն ներքին ողբերգականություն ու դրամատիկական լիցքեր, որոնցում բանաստեղծական նորարարությունը դառնում է ցայտուն և որոնք որոշակի աղերսներ ունեն Թումանյանի, Պուշկինի և Մեծարենցի ստեղծագործությունների հետ:
Ինչպես հայտնի է, բանաստեղծին Շիրազ անունով կնքել է Ատրպետը՝ շիրազյան վարդերի բույրը տեսնելով բանաստեղծություններում: Ս. Մուրադյանն ընդգծել է սա, կարևորել Ատրպետի դերը բանաստեղծի կյանքում, սակայն չի խորացել Ատրպետի համեմատության մեջ: Իսկ այդ համեմատությունը նոր լույս կսփռեր բանաստեղծի ստեղծագործության վրա: Ինքը՝ Ս. Մուրադյանն էլ, նշում է, որ Շիրազին երբեմն մեղադրել են «պատկերամոլության» մեջ, ինչին անդրադարձել է նաև Վ. Ալազանը, սակայն հենց այս պատկերային խտացումների, բանաստեղծությունն իբրև պատկերի ֆենոմեն դիտարկելու իրողությունն էլ մի նոր բացահայտում է անում շիրազյան բանաստեղծական ինքնության մեջ: Շիրազը ձգտում էր ազգային բանաստեղծության մեջ կենդանի ու վառ պահել արևելյան բանաստեղծությունը, երբեմն հասնել արևելյանի ու եվրոպականի ուշագրավ մեկտեղում-սինթեզին՝ արևելյան պատկերային կոլաժը դիտարկելով որպես ազգային բանաստեղծության նոր տարածք ու դրսևորում:
Ս. Մուրադյանի նպատակն ու խնդիրն է եղել խորքային անդրադարձներ կատարել մի շարք թեմաների, որոնք էլ սույն աշխատությանը հաղորդում են գիտական լրջություն ու խորքայնություն, տարբեր «դիրքերից» քննարկում Հովհաննես Շիրազ երևույթը: Այսպես, աշխատության Մուտք-ը վերածելով ինքնատիպ էսսեի, գրականագետն անդրադարձ է կատարում Շիրազի կենսագրական մի շարք գծերին, Շիրազ-հասարակություն և Շիրազ-ժամանակ կապերին, ցույց տալիս սովետական իրականության մեջ գեղարվեստական ու քաղաքացիական այլախոհության հանդեպ դրսևորված անհանդուրժողությունը, ներկայացնում գրականագիտական մտքի՝ Շիրազի հանդեպ գոյավորված մերժողականության պատճառները: Այստեղ գրականագետը նաև ուղղում-ճշգրտում է Շիրազի հետ կապված մի շարք պատմություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն բանաստեղծի կերպարի ամբողջացման համար:
Ս. Մուրադյանը մեծ տեղ է հատկացրել Հովհաննես Շիրազ-Գյումրի առնչություններին, բանաստեղծի կերպարի մեջ տեսել բնավայրի ինքնատիպությունը, կոլորիտի ու մտածողության առանձնահատկությունը: Ի դեպ, գրականագետն առաջինն է, ով յուրովի է քննարկում Գյումրին, նրա մեջ տեսնում նույն ֆենոմենալ շերտերը, որոնք ի հայտ են գալիս Հովհ. Թումանյանի և Հ. Մաթևոսյանի դեպքում՝ Լոռին հռչակելով ինքնահատուկ գեղարվեստական ծննդավայր և գեղագիտական ուրույն դրսևորումների յուրահատուկ «դեկորացիա»: Ավ. Իսահակյանի ստեղծագործությունների հետազոտողները շատ ավելի արժևորել են Շիրակը՝ մի տեսակ ընդհանրական, երբեմն ոչ խորքային թափանցումներով ձևավորելով բանաստեղծ- գեղագետ- միջավայր ընդհանրությունը: Ս. Մուրադյանը հրաշալի է լուծել իր առջև դրված խնդիրն ու «Բանաստեղծը և ծննդավայր Գյումրին» գլխում տվել ճշգրիտ գնահատականն ու բնութագրումը: Հենց Գյումրու գործոնով է բացատրում գրականագետը Շիրազի մայրերգության ու հայրերգության առանձնակիությունները, գեղարվեստական արժեքը: Շիրազը հոր ու մոր մեջ տեսնում էր իր Գյումրին, Շիրակը, նրանց վերածում ինքնատիպ խորհրդանիշների, նրանցով ամբողջացնում-վեհացնում ծննդավայրի կերպարը: Հովհ. Շիրազի մայրերգության մասին շատ է գրվել, «Հուշարձան մայրիկիս» ժողովածուն համարվել է մեր մայրերգության նվաճումներից, սակայն սա չի խանգարել, որպեսզի գրականագետն ուրույն հայացք հառի, ինքնովի մեկնաբանի ու վերլուծի ժողովածուի ստեղծագործությունները, անդրադարձ կատարի նաև «Հուշարձան հայրիկիս» շարքի բանաստեղծություններին՝ այսպիսով մեր գրականագիտության մեջ նախահիմք ձևավորելով շիրազյան այս ստեղծագործությունների գնահատումների և վերլուծությունների համար:
Ուսումնասիրության հետագա շարադրանքում Ս. Մուրադյանն անդրադարձել է նաև բանաստեղծի հայրեներգությանը, բացատրել-բացահայտել Մասիսի հանդեպ բանաստեղծի անսահման սերը: Մասիսը Շիրազի համար սոսկ լեռ չէր, աշխարհագրական հասկացություն չէր: Այն հայության հավերժության և ինքնության խորհրդանիշն էր, մի հզոր արքետիպ-ներկայություն, որը շունչ ու ոգի էր տալիս բանաստեղծին, դառնում ներշնչանք, Մասիսի կերպարով հնչեցնում համախմբումի ու ազգահավաքի, պատմական վրիժառության ու պահանջատիրության պատգամն ու կոչը:
Գրականագետի աշխատության կարևորագույն ձեռքբերումներից պետք է համարել «Եղեռնը և Սփյուռքը բանաստեղծություններում» գլուխը, որի միջոցով ենք ամբողջապես ծանոթանում Շիրազի ստեղծագործության գաղափարական սևեռումներին, թեմատիկ ընդգծումներին, այս գլխի միջոցով բոլորովին նոր գնահատական է հնչում Շիրազի մասին, արժևորվում են մի շարք ստեղծագործություններ, որոնք տևական ժամանակ սխալ մեկնաբանությունների և տարընթերցումների տեղիք են տվել, նվաստացրել են Շիրազին, ոմանց պարտադրել Շիրազին համարել ժամանակավրեպ, կրկնվող թեմաներով բանաստեղծ: Իհարկե, երբեմն Շիրազի բանաստեղծական ընթացքը հայտնվում էր տեղապտույտի մեջ, բանաստեղծը տուրք էր տալիս թեմատիկ կրկնություններին, երբեմն գահավիժում իր թռիչքների բարձունքներից, սակայն գրականագետն իր խնդիրն է համարել հիմնավորել ամեն մի ստեղծագործության ծնունդ ու գոյություն, ուշագրավ քաղաքական և գեղագիտական չափումների մեջ տեսնել շիրազյան բանաստեղծական գոյությունը, Սփյուռքին ու Եղեռնին նվիրված ստեղծագործություններում տեսնել ու կարևորել քաղաքական ենթաշերտերը:
Ս. Մուրադյանը մեր պոեմային գրականության լավագույն գիտակներից մեկն է, հետևաբար նրա գրականագիտական հաջողություններից պետք է համարել սույն աշխատության «Պոեմների աշխարհը», «Բիբլիական շնչառությամբ» և «Պատմական հիշողության ճիչը» մասերը, որոնցից ամեն մեկն ավարտուն և ինքնուրույն գիտական հետազոտություն է՝ ստեղծված համադրական-վերլուծական ուշագրավ սկզբունքներով, նյութի խորքային մատուցմամբ, գեղարվեստական և գեղագիտական առանձնահատկությունների ընդգծումներով: Ս. Մուրադյանն առաջինն է գիտական հետազոտման նյութ դարձնում Շիրազի այնպիսի պոեմներ, մասնավորաբար վաղ շրջանի, որոնք կարծես հայտնված լինեն մեր գրականության լուսանցքում, որոնք մոռացության են տրվել՝ «թաքուստվելով» «Սիամանթո և Խջեզարե», «Բիբլիականը» և «Հայոց դանթեականը» պոեմների շռնդալից հաջողության աղմուկում: «Մոկաց Միրզան», «Ծովինար կամ սասունցի Դավիթ», «Տիգրան Մեծի վիշտը և հավերժությունը» Հովհ. Շիրազի այն պոեմներն են, որոնցում ավանդականն ու նորարարականը միաձուլված են իրար, որոնցում հայոց պատմության ուշագրավ էջերն են դարձել բանաստեղծական ներշնչումի առիթներ, իսկ ահա «Ծովինար կամ սասունցի Դավիթ» պոեմը Շիրազին մերձեցնում է Թումանյանին ու Իսահակյանին, նրանց, ովքեր մշակել են մեր մեծ դյուցազներգությունը, ձգտել նոր հայեցակարգերով դիտարկել դյուցազնավեպի ճյուղային-դիպաշարային մի շարք առանձնահատկություններ, նոր ժամանակների հոլովույթում քննարկել ազգային խնդիրներն ու առաջնությունները: Գրականագիտական-վերլուծական ակնառու նվաճում է «Հայոց դանթեականը» գլուխը, որը Շիրազի վերջին մեծ պոեմի ամբողջական քննարկում-հետազոտումն է: Մեզ հայտնի էր այս պոեմի մասին Ս. Աղաբաբյանի վերլուծություն-գնահատականը, մինչդեռ Ս. Մուրադյանն ականավոր գրականագետից հետո միանգամայն նոր դիրքերից է գնահատում այս պոեմը, արժևորում, նրա մեջ տեսնում մեր պոեմային գրականության ընթացքի առանձնահատկությունները: Իրավամբ, Շիրազի այս պոեմն է ավարտում 20-րդ դարի մեր պոեմի ճանապարհը և դառնում նրա բարձրակետերից մեկը:
Սամվել Մուրադյանի աշխատության Ա գիրքն աչքի է ընկնում շարադրանքի յուրատիպությամբ: Գրականագետն այստեղ միավորել է գիտական վերլուծությունն ու հետազոտության մեթոդը, գեղարվեստական էսսեն և հուշագրությունը՝ այսպիսով ընթերցողի սեղանին դնելով ոճական թարմությամբ և կենդանի «լեզվով» մի գիրք, որը որքան դասագրքային արժեք ունի, նույնքան էլ մատչելի է ընթերցող լայն շրջաններին:

One thought on “ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ ԵՐԵՎՈՒՅԹԸ (Չուշացող գրախոսություն Սամվել Մուրադյանի հետազոտության առթիվ) / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

  1. Այս տարվա հոկտեմբերին պատիվ եմ ունեցել ծանոթանալու պրոֆեսոր Մուրադյանի հետ: Նա արտակարգ համեստ մարդ է ու կարելի է ասել, որ մեր մակույթի հենասյուներից մեկն է: Առողջություն ու նոր գրքեր եմ ցանկանում, հարգելի ընկեր Մուրադյա՛ն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.