«ՉԷ՛, ԴՈՒ ԽԵԼՔԸ ԳԼԽԻՆ ԿԱՅՍՐ ԵՍ ԼԻՆԵԼՈՒե / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Զորայր Խալափյանը ոչ միայն երբևէ չի խուսափել, այլև մի զարմանալի վստահությամբ խորամուխ է եղել նյութին ենթակա, բայց հանկարծակիի բերող, երբեմն ցնցող մանրամասների մեջ: Սրա պատճառն այն է, որ նա գիտի այդ մեծ կաթսայով` շատերի համար եփվող շիլայի մեջ ի՛նչ համեմունք, ի՛նչ հերթականությամբ, ո՛ր պահին ու ինչքա՛ն պետք է հավելի: Նրա այս մանրամասները հատուկ ուսումնասիրության առարկա կարող են դառնալ, երբ խոսվի այդ համեմունքներից յուրաքանչյուրի մասին: Գրողի պատումի այս յուրահատկությունն իր ծաղկումին է հասնում «Միջնաշենումե, «Մեռնող-հառնողումե, մյուս գործերում և հատկապես «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ Կճուճների թագավորըե վեպում: Զարմանալին ու ֆանտաստիկն այն է, որ նրա «Վասիլումե, որից ինքը ժամանակային առումով հազարամյակից ավելի հեռու է, գունեղ մանրամասներն այնքան անկաշկանդ, հավաստի ձևեր են ընդունում, որ դրանց գերության մեջ հայտնված ընթերցողը, շնչահեղձ լինելով էլ, ուզում է մնալ ու տեսնել, հասկանալ ամեն ինչ` մինչև վերջ: Մտնում ես միջավայրի մեջ և քեզ տեսնում ես հերոսների կողքին, համապրում նրանց մարդկային բարձր ու ցածր բոլոր տվայտանքներով: Զ. Խալափյանի նկարագրած Կոստանդնուպոլիսը 1100 տարվա հեռավորությունից ուղղակի ապշեցնում է: Նա իր խոսքն ամեն անգամ հաստատագրում է` վկայակոչելով Դեմոսթեն Միլետացուն: Բայց, ինչպես նկատել է «Վասիլիե գիտական վերլուծության հեղինակ Ժենյա Քալանթարյանը, ամենայն հավանականությամբ նա հորինել է այս պատմիչին: (Գոնե Ժ. Քալանթարյանի և իմ որոնումներն այս առումով արդյունք չեն տվել): Սակայն, Միլետացուն իր վեպում կերպարային նշանակություն տալով, նրանից «քաղվածե մեջբերումներում նա խտացրել է այն ամբողջ ահռելի նյութը, որ մանրակրկիտ հետազոտել է: Երկու դեպքում էլ գործ ունենք նրա երևակայության ցնցող ուժի հետ: Եթե եղել է Միլետացին, և նրա վկայությունները տեղից այսքան սրամիտ ու հյութեղ են եղել, սրանք ասք դարձնելն ի վերուստ տրված մեծագույն շնորհի նշան է: Եթե չի եղել Միլետացին, ապա գործ ունենք պատմության լուրջ հետազոտողի, վերաիմաստավորողի` պատմական կերպարներին ըստ ամենայնի միս ու արյուն տվող, նրանց պատշաճ արդուզարդով, զենք ու զրահով տեղը տեղին ներկայացնող, նրանց անցած ճանապարհներով անցնելու երջանկությունն ապրած մեկի հետ: Երկու դեպքում էլ միայն Զորայր Խալափյան պետք էր լինել: Անգամ եթե չիմանայինք, որ նա երբևէ չի եղել Ստամբուլում, կզարմանայինք, թե ի՜նչ վարպետությամբ ու ճշգրիտ է նկարագրել իր տեսածն ու ապրածը: Մեր գրականության առաջին պատմավեպի («Թորոս Լևոնիե) ստեղծողը` Ծերենցը, ծնվել է Պոլսում, և զարմանալի չէ, որ կարողացավ իր նախադեպը չունեցող նկարագրություններով վերարտադրել բյուզանդական մայրաքաղաքը: Զարմանալի է, որ Րաֆֆին` իր «Ղարիբ մշեցիումե և իբր` Պոլսից ուղարկած բազմաթիվ նամակներում ականատեսի հավաստիությամբ է նկարագրում քաղաքն ու նրա անցուդարձը: Մեր ժամանակներում Պոլսի նկարագրությունը տեսնում ենք Ալ. Թոփչյանի «Բանկ Օտոմանումե:

Վասիլ Մեծի կյանքի հիմնական դրվագների մեծ մասը կապված են այս քաղաքի հետ: Այստեղ էր, որ սուրբ Դիոմեդեսի վանքի վանահայրն` ըստ իր երազի, անցվոր օտարական, իր առաջին քայլերն անող գեղջուկ բրուտին կայսր դառնալու բախտ էր նախանշել: Վասիլի տարակուսանքին նա պատասխանում է հետևյալ խոսքերով. «Ամբողջ դեմոսն է տենչալով տենչում մի առաքինի կայսր գահի վրա: Ուրեմն, ահա Աստծո հոտի ձայնը երկինք է հասել, որ սուրբ վկայի անունով ինձ այս պատգամը արվեց: Եվ դու ոչ այլ ոք ես, քան վաղվա մեր կայսրըե: Աղավնիներ որսալով, գմբեթի տակ դրանց միսը խորովելով` Վասիլի` իր գոյությունը պահպանելն ակնարկելով, վանահայրը շարունակում է. «Ոչ մի մուրացիկի մտքով չի անցել, քաղաքի պատերի տակ ընկած են անոթի, գոնե այդքան բանը հասկանային ողորմելիները: Չէ՛, դու խելքը գլխին կայսր ես լինելուե: (Մեր այսօրվա վարչապետն էլ մեկը մյուսի ետևից իր անկանխատեսելի քայլերն է անում): «Քեզ ոչինչ չի լինի,- շարունակում է վանահայրը,- քանի որ դա ճակատագրի վճիռն է: Քո ճակատագիրը քեզ կպաշտպանի ամեն չարիքիցե:

Այս մայրաքաղաքում, նախ` որպես կայսերակից, հետո արդեն` կայսր, անմիջապես իր բարեփոխումներն արեց: «Հանդիսություններից հետո Վասիլն իսկույն գործի անցավ: Վարդաս Կեսարի մահով խախտված պետական կառույցներին նոր շունչ հաղորդեց. պաշտոններում շատերին փոխեց ու նորերին նշանակեց. խիստ կարգուկանոն մշակեց նաև բանակաթեմերի համար. անհնարին դարձնելով խռովությունները, հին ու իրենց սպառած եպարքոսների փոխարեն ամեն քաղաքում նորերը կարգեց. այլոց ռոճիկները բարձրացրեց. ոմանց մեծ ու փոքր նվերներով հեռացրեց գրաված դիրքերից. չմոռացավ նաև առևտրի գործը, թեթևացրեց հարկերը օտար ափեր նավարկող նավատերերի համար ու ավելի չափավորեց մաքսային գանձումները և այլն: Նա այնպես կարգադրեց ու դասավորեց մարդկանց, որ ամեն մեկն իր շահի համար գործելով ու դատելով, գործում ու դատում էր կայսրության բարօրության ու երջանկության համար` խելացի փոփոխություններով պետական ու անձնական շահերի զուգակցումը հնարավոր դարձնելով… Չքավոր խավերին ու գյուղացիությանն անգթաբար հարկահանող ու հարստացող լոգոթետներին խիստ հսկողության տակ առավ. հսկողների վրա անգամ հսկող նշանակեց. լոգոթետներից մի քանիսին պատժեց ահավոր պատիժներով, նրանց ցցահանեց մեծ ճանապարհների խաչմերուկներում կամ տեսանելի բլուրների վրա: Վրեժխնդրության կարոտ ու ապստամբելուն մերձ գյուղացիները իրենց բավարարված զգացին, համարելով, որ իրենց վրեժը լուծվեց քրիստոսասեր ու արդար Վասիլ կայսրի ձեռքով… նա նոր դեսպաններ առաքեց հեռու ու մոտիկ երկրներ. և դրսում ևս հասկացան, որ Բյուզանդիան մեծ բարեփոխումների դար է թևակոխելե… «Քնում էր մի քանի ժամ և դժգոհում էր, որ օրերը կարճ են, շուտ է մթնում, կյանքն արագ է անցնում: Կարդացած գրքերի քանակով ոչ մեկը չէր կարող համեմատվել նրա հետ, բայց դարձյալ սիրում էր կարդալ օրական մի քանի ժամ, սիրում էր ընթերցել հատկապես ծովեզրին, մենության մեջ` իր անվտանգությունն ապահովող հետերիայի զինվորներին մեծ հոգս պատճառելովե… «Մյուս սիրած զբաղմունքը Մեսե կենտրոնական պողոտայով, դարձյալ առանց թիկնապահների, ճեմելն էր, մարդկանց հետ խոսելը, առևտրականներին գներից հարցուփորձելը շուկաներում, և այդ պահին ամեն ոք կարող էր նրան կանգնեցնել ու զրուցել, բացի օտարերկրացիներից, որոնց նա առհասարակ տանել չէր կարող և նրանց հետ պաշտոնական զրույցները հանձնարարում էր դրածոներինե… (Ինչպես մեր այսօրվա վարչապետը, մեկը մյուսի ետևից իր անկանխատեսելի քայլերն էր անում):

Եվ ինչո՞ւ էր Զ. Խալափյանը ձեռնամուխ եղել այս հայազգի կայսեր անցած ճանապարհն ու մեծագործությունները ներկայացնելու գործին… Սա անհասկանալի կլիներ, եթե գրքի տպագրությունից շատ չանցած մեր իրականության մեջ համանման երևույթներ չառաջանային, թեև ինքը չէր տեսնելու և գուցե միայն երազում էր իր երկրում բարեփոխումներ տեսնել, գուցեև նրա մարգարեանալու պահերից մեկն էր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.