Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / «ՎԵՊԻԿՆԵՐ»

Քանի օր է՝ գլխումս պտտվում է Րաֆֆու «վեպիկներ» բառը: Ու տեսնում եմ, որ նրա շուրջը իսկապես էլ քայլող, շարժվող, պայքարող, կյանքը առաջ տանող բոլոր մարդիկ մոլեկուլների պես իրենց ճանապարհները գտնող, անդադար շարժվող վեպիկներ էին: Րաֆֆին՝ սովահար, հալածված, հյուծված Րաֆֆին, երբեք չէր կտրվում իր գրչից: Նրանք՝ բոլոր այս վեպիկները, խռնվում էին նրա շուրջը և ուզում էին մեկը մյուսից առաջ ընկնել. երկար էին իրենց տեղերում սպասել հանճարի այցին: Ցույց էին տալիս իրենք իրենց, քարշ էին տալիս նրան դեպի բորբոսնած գրապահոցները, խցկվում էին նրա ճամփորդական պայուսակի մեջ և անհամբեր սպասում իրենց հերթին: Իսկ նա անպայման գալիս էր՝ ոտքով, ավանակով, ձիով, մտքերով… Նա կարողանում էր այդքանին տեղավորել, սիրել, պարարտացնել, աճեցնել, ինչպես Թիֆլիսի իր ասկետական կացարանում բազմաթիվ գույն-գույն, բուրավետ ծաղիկներն էր աճեցնում:
Ծխախոտը և քաղցր թեյը նրա գրասեղանից անպակաս էին: Իսկ թե ինչո՞ւ էր նա գրելիս անպայման կուրծքը հենում գրասեղանին: Երևի ուզում էր այդպես զսպել իր սրտի դղրդոցնե՞րը: Իր այցելություններից մեկի ժամանակ Ա. Ավթանդիլյանը նրան գրասեղանից կտրելու բարի մտադրությամբ մոտ 10 րոպե պատմում է քաղաքի նորություններից: «Նա այդ միջոցին, թե՛ գրել էր և թե՛ լսել էր առանց խանգարվելու: Երբ ես դադարեցի խոսելուց, նա երեսը դարձրեց դեպի ինձ և կրկնեց իմ ասածները՝ առանց մի կետ անգամ մոռանալու՝ իր կողմից նկատողություններ անելով»: Բայց այս մտավոր սուզումների հետ կապված պատմություններից ամենացնցողը վարձու մարդասպան Քարամի պատմությունն է: Քարամը գիշերվա լռության մեջ մտնում է Րաֆֆու սենյակը և նրա թիկունքում կանգնած, ձեռքը սրի դաստակին, դիտում է, թե ինչպես է կուրծքը գրասեղանին հենած գրում իր զոհը և չի էլ զգում ավազակի ներկայությունը: «Ինձ ուղարկել են քեզ սպանելու, բայց ես գործ չունեմ այն մարդկանց հետ, որոնք սրի փոխարեն գրիչ են շարժում: Վեր կաց, շտապի՛ր, քեզ քաղաքից հեռացնեմ»,- ասում է նա:
Իր շուրջը խռնված վեպիկների հետ Րաֆֆին աշխատում էր օրվա ընթացքում առնվազն 14 ժամ: Երբ նրան հարց էին տվել, թե եղե՞լ է արդյոք նա Ռուսաստանում, Սև ծովի ափին, Սիբիրում, Պոլսում, որտեղ կատարվում են նրա նկարագրած գործողությունները, նա պատասխանում է. «Մի՞թե Մոսկվայի բորսան պետք է այցելել մեր վաճառականների խոսակցությունը ուսումնասիրելու կամ ուսանողների բնակարանները տեսնել նրանց նիստուկացը նկարագրելու համար. նույն մարդկանց ամեն օր հանդիպում եմ Թամամշևի քարվանսարայում կամ խմբագրության մեջ»:
Թիֆլիսը՝ մշակույթների այդ խառնարանը, դրանով էր գրավել նրան: Այս քաղաքի փողոցներով անցնելիս, նա իր կապույտ ակնոցի տակից կարող էր տեսնել թե՛ Վիեննան, որտեղ երազում էր լինել, թե՛ Պոլիսը, որը ճանաչում էր միայն այնտեղից եկող թղթակցություններով ու մարդկանց պատմածներով: «Ի՞նչ եք ուզում, սիրուն հավերժահարսո՞ւնք, կախարդական զբոսանքնե՞ր, գեղեցիկ, ծառազարդ ճեմելիքներով… Միով բանիվ, ամեն ինչ, որ կարող են գրավել մեր խելքն ու միտքը, դրանք կտեսնեք այստեղ: Դրանք ցնորական բաներ են»: Իսկ որքան ավելի ցնորական բաներ կային նրա ապրած ժամանակներում, մյուս աշխարհներում ու աշխարհամասերում: Բայց ճակատագիրը նրան զրկել էր այդ ամենից և կարգել էր իր ազգի, իր վեպիկների ու գույն-գույն ծաղիկների պահապանն ու խնամակալը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։