ԶԱՆԳԱԿԸ / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Նելլի-ՍահակյանՄաշտոց-Պուշկին խաչմերուկից ոչ հեռու գտնվող շենքերից մեկի վրա հուշատախտակ է` այս տանն է կյանքի վերջին տարիներն ապրել Թորոս Թորամանյանը: Մեր քաղաքը պատված է հուշատախտակներով, որոնց մեջ քիչ չեն հանրությանը համարյա անծանոթ ազգանուններ, թեև հենց նրանք էլ շատ աչք զարնող են: Իսկ այս համեստ, ամեն հային շատ թանկ անունը` բազալտե տառերով գրված, աննկատ է կարծես:
Նայելով քարի միջից նայող նրա կիսադեմին` հիշեցի մի պատմություն, որն ինձ պատմել է վարպետ Թորոսի աշակերտը` ճարտարապետ Գևորգ Մուշեղյանը:
Վարպետ Թորոսը (այդպես նրան դիմում էր ժողովուրդը) փակվել է աշխատասենյակում և, ուրեմն, նրան խանգարել չի կարելի: Իսկ նա` նրբանկատ ու ամաչկոտ, տնեցիներին ու այցելուներին չի կարող ասել, որ իրեն չխանգարեն: Ուրեմն պետք է ինչ-որ ելք գտնել: Եվ ի՞նչ… նա ձեռք է բերում մի զանգակ, ու բոլորն են հասկանում, որ աշխատասենյակ կարելի է մտնել միայն այն ժամանակ, երբ կհնչի այդ զանգակը: Երբեմն էլ մատիտով պատն էր թակում: Իսկ մնացած ժամանակ հիվանդ, ծանրաշարժ, թեև դեռ ոչ այնքան ծեր վարպետը նստած էր իրեն պահպանող միայնության մեջ` երկար ժամեր: Նրա մտապատկերում Անին է, Արևմտյան Հայաստանի սրբավայրերը, և նա մեկ առ մեկ զննում-շոշափում է հրաշքով փրկված կամ ավերակների վերածված եկեղեցիների ամեն մի քարը, «մեր ժողովրդի հանճարեղ ստեղծագործությունների հիասքանչ բեկորները» (Թ. Թ.-հեղ): Կողքից նայողին կթվար, որ նա մենակ չէ, նրա հետ ստվերներ կան… Բայց ոչ, այդ ամենը ավելի քան ապրող ու կենդանի էր: Հետո նա մտաբերում է վաղեմի բարեկամների դեմքերը: Վարպետ Թորոսը աշխատում է: Սեղանին դրված զանգակը լռում է: Կոպերը փակել են խոշոր աչքերը, որոնք այնքան արտահայտիչ կտավին է հանձնել Մարտիրոս Սարյանը: Ի դեպ, այդ դիմապատկերն արված է Թորամանյանի մահից ժամեր առաջ: Այդ «խոշոր, կրակով բոցկլտացող աչքերը մատնում էին Թորամանյանի վիթխարի հոգեկան ուժերը» (Ռ. Աթայան): Ու կարծես կանխազգալով նրա ոգու ամրությունը` ճակատագիրը նրան այնպիսի ուժգին և բազմաթիվ հարվածներ հասցրեց, որ նա կարո՛ղ էր բողոքել ու ըմբոստանալ, եթե չլիներ անչար ու անքեն: Նրա մահից հետո բժիշկներին ապշեցրեց նրա սիրտը` աներևակայելի չափերի լայնացած, ուժասպառված… Համարվում է, որ այդպիսի սրտով չեն ապրում: Իսկ նա ապրում էր` ոգու ամրությունն էր պահում նրան: Դեռ ամեն ինչ չէր մտածված մինչև վերջ, նրա տեսությունը դեռ ամբողջական չէր, ու մահը համբերատար սպասում էր: Ահա և նրա բուժիչ, պահպանող մենության ու զանգակի գաղտնագիրը: Ու ես հիշում եմ Էրմիտաժի տնօրեն Բ. Պիոտրովսկուն. հեռուստահաղորդման ժամանակ նա ցուցադրեց Սարդուր թագավորին պատկանող մետաղա անոթը, որով նա կանչում էր հպատակներին, և հնչեցրեց նրա ղողանջը…
Այսօր Թորամանյանի աշխատասենյակում ժամանակակից էլեկտրոնային սարք կլիներ, բայց նրա ունեցածը հին, փոքրիկ զանգակ էր, որը բնակարանը լցնում էր մեղմ ղողանջով, ինչը նշանակում էր, որ վարպետ Թորոսը կարճ ժամանակով թողել է իր միայնությունն ու վրա է հասել մտերիմների ու այցելուների ժամը: Մուտքն ազատ է` տնեցիները թող ներս գան, ճաշը բերեն, հեռագրերն ու նամակները, հետո հերթը կհասնի հյուրերին: Հանճարը հանգստանում է:
Թորամանյանը հնչեցնում է զանգակը, ինչպես իր ժամանակին` Սարդուր թագավորը:
Ալեհեր անցյալն ու 20-րդ դարի 30-ական թվականները հատվում են միմյանց: Հրաշալի է, այդպես չէ՞…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։