Տայգա / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Ժամանակը հոսում է: Տիեզերքում ամեն ինչ հոսում է: Ամեն ինչ գնում է: Որտեղի՞ց է գալիս, ո՞ւր է գնում… Միայն Տիրոջն է հայտնի: Միայն ինքն է տեսնում: Միայն Արարչին են հայտնի սկիզբն ու վերջը: Ինքն է ամեն ինչի սկիզբն ու վերջը: Այդ մեծ, անմահներին ու մահկանացուներին անվերջանալի թվացող խաղն Արարիչն է խաղում: Խաղում է, որ մենակ չլինի: Ինքն իրենով լցնում է իր մենակությունը:
Մարդիկ, աստվածները, իրերը, կենդանի ու անկենդան ամեն ինչ ժամանակի հետ, ժամանակի մեջ, ժամանակի վրա նստած գնում են: Ժամանակից իջնելը կա՛մ մահ է, կա՛մ անմահություն: Ծերացած, անպետքացած, լքված ամեն ինչ խարխլվում է, վիճակն՝ անկայունանում, և ժամանակը նրան շպրտում է իր վրայից, դուրս է թքում իր միջից: Ինչպես կատաղի հովատակն է թամբից ցած շպրտում թուլակամ, անվարժ հեծյալին: Ուժեղներն ու անմահները, բարձր ճշմարտություններ և վիճակներ բացահայտած, անտեսանելիի հետ հանդիպած մահկանացուներն իրենք են իջնում ժամանակից և անմահանում: Ժամանակի հոսքից ազատվելով՝ անկախանում են, սեփական շարժում ձեռք բերում և անմահանում՝ իրենք իրենցով, իրենց շարժումով… Ովքեր իրենք են կարողանում իջնել ժամանակից, անմահանում են, որոնց ժամանակն է ցած նետում, ովքեր ընկնում են ժամանակից, մեռնում են, անհետանում: Մարդ լինի թե ժողովուրդ, երբ թուլանում է, ժամանակի համար անպետքանում, դուրս է գցվում ժամանակի միջից, ժամանակի հոսքից, անշարժանում ու մահանում է: Մեռած ծառի նման փտում է, մարմնին սնկեր են աճում, ուտում նրա մարմինը, և նա, նրա անունը, գործերը, պատմությունը ջնջվում են հավերժության մատյանից: Չունենալով սեփական շարժման կարողություն, ժամանակից դուրս գալով՝ անշարժանում են, որովհետև շարժումը ժամանակի մեջ է, առանց ժամանակի շարժումը նույնպես մեռնում է: Իսկ յուրաքանչյուր կանգառ մահ է…
Անծանոթը նույնպես գնում էր: Անհիշելի ժամանակներից գնում էր: Ինքն էլ չգիտեր՝ ո՞ւր, մինչև ե՞րբ: Գնում էր, որովհետև պիտի գնար, ինչպես գետն է հոսում, ինչպես ամպն է լողում երկնքում, ինչպես քամին՝ հյուսիսից հարավ կամ հարավից հյուսիս: Այդ բոլորը սկիզբ ու վերջ ունեին: Իսկ հավերժական ճամփորդը ո՛չ սկիզբն էր հիշում, ո՛չ էլ վերջը գիտեր: Արարիչն ստեղծել էր, և նա պիտի գնար… Ծնված օրվանից գնում էր… Երբ դեռ մարդիկ չկային: Երբ ջուրն ու ցամաքը միասնական էին: Հետո ծովերը ցամաքեցին՝ նոր ցամաքներ առաջացան, ցամաքները ջրի տակ անցան՝ նոր ծովեր ու օվկիանոսներ առաջացան… Այդ ժամանակներից գնում էր… Եթե կանգ առներ, կմեռներ, և նրա հետ ամեն բան կմեռներ աշխարհի վրա… Եվ նա գնում էր… Ո՞ւր, ինչո՞ւ, մինչև ե՞րբ… Միայն Արարչին էր հայտնի… Միայն մի բան գիտեր՝ պիտի գնար, որ աշխարհը լիներ: Եթե կանգ առներ, ամեն ինչ կմեռներ: Եվ նա գնում էր: Քայլում էր, թռչում էր, լողում էր, հանդիպում էր, հրաժեշտ էր տալիս, լաց էր լինում, ծիծաղում էր, տառապում էր, հրճվում էր… Երբեմն մարդ էր, երբեմն մահկանացու էր, երբեմն Ժամանակի աստված էր, երբեմն Անմահ էր… Գնում էր…
Գնում էր կանաչ դաշտերով, անապատով, լեռներով, ծովերով, օվկիանոսներով, քաղաքներով, գյուղերով, մարդկանց ու ժողովուրդների հետ, միայնակ… Գնում էր:
Կարմիր գույնի գետը տայգան երկու մասի էր բաժանել: Գետը տարվա եղանակների հետ տարբեր գույն էր ստանում: Գարնանը, երբ ձյուները հալվում էին, վարարած վտակները լիզում, քերում էին կարմիր ավազը, լուծում իրենց մեջ, իրենք իրենց կարմիր գույնով էին ներկում: Գետը կարմիր էր դառնում: Կարմրում և այնքան էր հորդանում, որ տայգայի երկու մասերն անջատում էր միմյանցից: Երկու տայգաների միջև հաղորդակցությունը դադարում էր, մինչև սկսում էր գործել լաստանավը: Երկու տայգաների միջև հաղորդակցության դադարելը նույնպես կանգառ էր: Ինչ-որ բան մեռնում էր, մինչև սկսում էր աշխատել լաստանավը: Գետի երկու ափերը միանում էին միմյանց, և մեռած շարժումը նորից կյանք էր առնում:
Անծանոթը, հակառակ ափին կանգնած, սպասում էր լաստանավին: Երկու հոգի՝ մեկը կին, մեկը տղամարդ, կանգնած տախտակամածի եզրին, երկու ձեռքով կառչելով երկու ափերը միմյանց կապող մետաղյա ճոպանից, դեպի դիմացի ափն էին քաշում մարդկանցով և անասուններով, սայլերով ու իրերով բեռնավորված լաստանավը: Շարժվում էին դանդաղ: Մինչև հասնեին հանդիպակաց ափին, գնացողներն իջնեին, քշեին, լաստանավից իջեցնեին անասուններին, մինչ լաստանավին բարձրանային հակառակ ափին սպասողները: Բավականին ժամանակ կանցներ, մինչև լաստանավը ետ լողար:
Գետի երկու ափերին տարբեր աշխարհներ էին՝ բաժանվում էին կարմիր գետով: Երկու աշխարհ՝ կարմիր և դեղին, սև և սպիտակ, կանաչ կամ գորշ՝ ով ինչպես տեսներ: Կախված էր նրանից, թե ով որ ափից էր անցնում մյուս ափը կամ քանի անգամ էր անցել մյուսը, որ ափում նրան ինչ էին ցույց տվել:
Անծանոթը, կանգնած կարմիր գետի ափին, մտածում էր մյուս ափն անցնելու մասին: Չնայած նրա համար երկու ափերն էլ նույնն էին, բոլոր գույներն էլ նույնն էին և անցներ թե չանցներ՝ միևնույն էր, բայց սպասում էր լաստանավին: Հետևում էր կնոջ ու տղամարդու շարժումներին, որոնք քափ-քրտինքի մեջ մտած` աշխատում էին այն մյուս ափը հասցնել:
Զգաց, որ մեկը մոտենում է: Առանց շրջվելու և նայելու գիտեր՝ կինն է գալիս: Հեռու շրջկենտրոնից էր: Մոտակա գյուղացիները սովորաբար մի կով կամ այլ անասուն էին քշելով բերում կամ գալիս էին մեծ կապոցներ շալակած: Կինը տարբեր տրանսպորտային միջոցներից օգտվելով՝ հասել էր մոտիկ գյուղ, այնտեղից եկել էր ոտքով: Մոտեցավ, բարևեց, նստեց կայանատեղիի վրա կառուցված կոշտուկներով փայտե նստարանին և խոր շունչ քաշեց:
– Բարև,- պատասխանեց Անծանոթը: Նա դեռ հետևում էր կնոջ և տղամարդու համաչափ, միաժամանակյա, համերաշխ շարժումներին:
– Ոնց որ թե էս կողմերից չեք,- հարցնելու նման ասաց կինը:
Անծանոթը լուռ նայում էր դանդաղ մոտեցող լաստանավին:
– Ոնց որ թե հարավից եք,- նորից հարցնելու նման խոսեց կինը:- Սիրում եմ հարավցի տղամարդկանց:
Անծանոթը գիտեր՝ կնոջ ներսում ինչ կա: Գիտեր, որ գնում է գետի հակառակ ափին գտնվող կանաչ օվկիանոսում կորած, Աստծուց մոռացված փոքրիկ գյուղը, որտեղ մանկապարտեզի շենքի շինարարության վրա աշխատում էին հարավցի տղամարդիկ:
– Հարավցի տղամարդիկ կրքոտ են: Մերոնց նման մեռած չեն: Մերոնք միայն արաղին են զոռ տալիս:
Կնոջ լեզուն փաթ էր ընկնում: Անծանոթը շրջվեց, նայեց նրան: Հարբած էր:
– Երևում է, դու էլ ես հարավցի,- բառերը մեղքի նման ծորացին կնոջ բերանից:- Թուխ ես: Թուխ տղամարդիկ կրքոտ են:- Կնոջ գիշատիչ հայացքը քրքրում էր…
– Ես և՛ հարավցի եմ, և՛ հյուսիսցի: Ե՛վ արևելքից եմ, և՛ արևմուտքից…
Կինը քմծիծաղ տվեց՝ կարծելով, թե տղամարդը կատակում է.
– Դա ավելի լավ է: Չորս տղամարդ միանգամից:- Ու սկսեց ծիծաղել: Ծիծաղը նման էր ձիու խրխնջոցի:- Մինչև հասնեն էն ափին՝ ետ գան, երկու ժամ կանցնի, պարապ ի՞նչ ենք անելու:- Ելավ նստած տեղից, մոտեցավ Անծանոթին: Քայլերից հսկայական ստինքները տռուզ պարկերի նման վերուվար էին անում: Թվում էր, թե հիմա կպատռեն բարակ, առանց այն էլ թափանցիկ շրջազգեստն ու դուրս կպրծնեն:
Անծանոթն զգուշացավ: Կինը կիպ կպավ նրան, շունչը խփեց դեմքին: Շաքարօղու կծվահոտը սրտխառնոց առաջացրեց:
– Մի քիչ հեռու կանգնիր,- հրեց կնոջը:
– Մի՞թե քեզ դուր չեմ գալիս,- էգ կատվի մլավոց լսվեց:
– Բայց չէ՞ որ դու այն ափի տղամարդու մոտ ես գնում:
– Դա ի՞նչ է խանգարում,- նորից փորձեց մոտենալ:- Մինչև լաստանավի գալը բավականին ժամանակ կա:- Կինը մտքում շնանում էր: Աչքերը կրքից պսպղում էին: Արձակեց բարակ շրջազգեստի կոճակները…
Անծանոթը ճանաչում էր այս կնոջը՝ շրջանի ոստիկանապետի կինն էր: Ամեն շաբաթ, կիրակի հավաքվում էին մի պաշտոնյա պոռնիկի տանը, որը շաքարօղի էր թորում: Այնտեղ էին շաբաթ-կիրակի անցկացնում նաև հարավից եկած տղամարդիկ, որոնք աշխատում էին շինարարության վրա: Շրջանի ղեկավարների կանայք գալիս էին ամուսինների հետ, նրանց հարբեցնում, քնեցնում էին և ազատ շնանում հարավցիների հետ: Այս կնոջ բախտը չէր բերել՝ իր ընտրած տղամարդը, չնայած հրեշտակ չէր, բայց զզվում էր հարբած կնոջից: Մի ամբողջ ամիս չկարողացավ ստիպել շնանալ: Մի ամիս հետո հարավցիները շրջկենտրոնից տեղափոխվեցին տայգայի խորքում ընկած այս հեռավոր գյուղը:
Կինը չէր կարողանում մոռանալ: Մտքով միշտ շնանում էր տղամարդու հետ: Երբեմն էլ երազում էր տեսնում: Մերժվելուց ներսը ցավում էր: Քունը փախել էր: Դեռ մինչ այդ ոչ մի տղամարդ չէր մերժել: Մերժելն ավելի էր գրգռում: Տղամարդն ավելի առեղծվածային ու ցանկալի էր դառնում: Ամուսինը փալասի մեկն էր: Աչքում ավելի փալաս դարձավ, երբ հարավցի տղամարդուն ասաց. «Ինչո՞ւ ես կնոջս վիրավորումե: Փոխանակ ըմբոստանար, կռվեր, հարավցուն քաղմաս քարշ տար, սպառնար, հանգիստ ասաց. «Ինչո՞ւ ես կնոջս վիրավորում…ե: Մերժելը նրա համար վիրավորանք էր… «Իսկական փալասե: Անցել էր հարյուրավոր կիլոմետրեր, եկել, որ վերջնականորեն ընկճեր ու տիրանար: Նա չէր հավատում, թե աշխարհում կգտնվեր մի տղամարդ, որ դիմանար իր խոշոր կրծքերի, գեղեցիկ, ողորկ, փայլուն ազդրերի գայթակղությանը:
Կինը նորից մոտեցավ: Բերանի գարշահոտը ռետինի նման ջնջում էր բաց կրծքերի գայթակղությունը: Կարծես սատանային ու հրեշտակին դնես մի ափսեի մեջ:
– Հեռացի՛ր,- կոշտ, հրելու նման ասաց Անծանոթը:- Դու արդեն կին չես: Արդեն մարդ էլ չես: Մի՛ խաբվիր գեղեցիկ մարմնիդ, քանզի հոգիդ նեխած է:
Կինը վախեցած ընկրկեց:
– Բոլորն ուզում են ավելին, քան արժանի են: Ահա աշխարհի դժբախտությունը,- շարունակեց Անծանոթը:- Դու արժանի չես այն տղամարդուն, ում մոտ գնում ես: Գնա և շնացիր նրա ընկերների հետ: Նրանք հաճույքով կուզեն քեզ…
Կինը չհասկացավ, թե ինչ կատարվեց: Այդ մի խոսքով կարծես իրեն փոխեցին, ուրիշ մարդ դարձրին: Մեջը մի բան մեռավ: «Դու արդեն կին չեսե:
Անծանոթ, հզոր, անհաղթահարելի մի ալիք ներսից խփեց իրեն: Զգաց, որ լացը գալիս է: Զարմացած և վախեցած ձգվեց: Թաց աչքերը ցավից կծկվեցին, արցունքները հոսեցին այտերով: Անհասկանալի զգացողություն էր: Մի տեսակ փոքրացավ, կծկվեց և սկսեց բարձրաձայն լաց լինել… Հեռացավ, նստեց կայանատեղիի նստարանին:
Անծանոթը, աչքերը խորամանկորեն կկոցած, նայում էր: Լաստանավը դանդաղ, գետի ականջին մի խաղաղ երգ շշնջալով վերադառնում էր դիմացի ափից: Քամին քնքշորեն սանրում էր ծառերի սաղարթները: Բազմատեսակ թռչունները երգելով կանչում էին իրենց զույգերին: Ափերին զարկվող ալիքների ճողփյունը մե՛կ մոտենում, մե՛կ հեռանում էր: Կինն ու տղամարդը համաչափ ու ներդաշնակ շարժումներով դեպի ափ էին քաշում լաստանավը: Լաստանավին կանգնած մի քանի տղամարդ, ճեղքելով վարարած գետի ֆշշոցը, ինչ-որ բան էին պատմում: Հազիվ ափ հասնող նրանց աղմուկը նման էր ագռավների անհանգիստ կռկռոցի:
Կինը, նստած անտաշ փայտերից սարքած կոշտուկներով նստարանին, լաց էր լինում: Չէր հասկանում, թե ինչ կար այդ անծանոթ, կարծես թե ոչնչով աչքի չընկնող տղամարդու խոսքի ու կծող հայացքի մեջ, որ քանդեց ներսը: Նրան երևում էր իր ներսը, և նա տեսնում էր, որ այնտեղ կենդանի ոչինչ չկա: Սկսել էր զզվել իր նեխահոտից…
Մինչև լաստանավի մոտենալը մի քանի կին ու տղամարդ էլ մոտեցան: Մեկը քշելով մի ցլիկ էր բերում: Մյուսները ծանր կապոցներ ունեին:
– Նայե՜ք, նայե՜ք,- հակառակ ափին ընկած գյուղի երկնքին նայելով՝ ասաց լաստանավին սպասող կանանցից մեկը:
Մի բազե ցանկանում էր մտնել գյուղի վերևի օդային տարածք: Մի քանի ագռավ թշնամական կռկռոցով աշխատում էին փակել բազեի ճանապարհը, բայց նա բանի տեղ չէր դնում: Ագռավների կռկռոցը դարձավ տագնապալի: Սկսեցին ուրիշ ագռավներ էլ հայտնվել: Գալիս էին գյուղի տարբեր ծայրերից: Շուտով երկինքը լցվեց սև չիլագռավներով: Բարձր կռկռալով շրջապատեցին բազեին, սկսեցին սպառնալից շարժումներ անել: Բազեն, չկարողանալով դիմադրել, բարձր կռնչաց, շրջվեց և սլացավ գյուղի օդային տարածքից դուրս: Ագռավներն աղմկելով հետապնդեցին, քշեցին ու վերադարձան: Քիչ հետո կռկռոցը դադարեց:
Բոլորը հմայված նայում էին: Լաստանավի վրայի մարդիկ և այն քաշող կինն ու տղամարդը նույնպես հայացքները հառել էին ագռավների ու բազեի կռվին:
Անծանոթը ժպտում էր: Այդպիսի կռիվներ շատ էր տեսել: Արարիչն ամեն շնչավորի մեջ, մահկանացու թե անմահ, դրել էր այդ բնազդը: Եվ ինչքան բարձր էր բանականությունը, այնքան անխիղճ էր գոյության պայքարը: Միայն մարդը կարող էր անխղճորեն վերացնել թշնամուն կամ հակառակորդին: Այդպես էին խրատում նույնիսկ որոշ ազգերի մարգարեներն ու աստվածները:
«Այդպիսի դաս է տալիս նաև Սուրբ գիրքը: Ուստի հիմա ամեն մի արու երեխայի սպանեք, նաև այն բոլոր կանանց, որոնք տղամարդ են ճանաչել՝ նրա հետ կենակցելովե:
«Հիշի՛ր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը ճանապարհին, երբ դու Եգիպտոսի երկրից դուրս էիր եկել, երբ քեզ ճանապարհին դիմավորեց և քո վերջին շարքերի վրա հարձակվեց ու ետ ընկած բոլոր տկարներին կոտորեց, երբ դու հոգնած ու վաստակած էիր, և քո Աստծուց չվախեցավ:
Ուստի, երբ քո Տեր Աստվածը քո շրջակայքի բոլոր թշնամիներից քեզ հանգստություն տա այն երկրում, որ քո Տեր Աստվածը քեզ կտա՝ որպես ժառանգություն, որ դրան տիրես, այն ժամանակ կջնջես Ամաղեկի հիշատակը երկնքի տակից: Չմոռանասե:
«Ժողովուրդն աղաղակեց, քանի որ փողերը հնչեցին: Եվ եղավ, երբ ժողովուրդը լսեց փողերի ձայնն ու բարձրաձայն աղաղակեց, պարիսպները փլվեցին: Ժողովուրդը քաղաք մտավ՝ ամեն մարդ ուղիղ դեպի առաջ շարժվելով, և քաղաքը գրավեցին:
Ու քաղաքում գտնվող բոլոր տղամարդկանց, կանանց, երիտասարդներին ու ծերերին, նախիրները, ոչխարներն ու էշերը սրի բերանից անցկացնելով՝ ոչնչացրինե:
Լաստանավը հասավ ափ: Տղամարդը պարանը ձգեց, ամուր կապեց ափի սյանը, հերթով իջան: Երբ դատարկվեց, սկսեցին բարձրանալ այս ափին սպասողները:
Կինը դեռ նստած էր ծառի կոշտ ճյուղերից սարքած նստարանին: Տեսքը մտահոգ էր:
– Դու չե՞ս գալիս,- Անծանոթը ժպտում էր:
Կինը բարձրացրեց հայացքը և տխուր նայեց.
– Իբր դո՞ւ ուր ես գնում…
Անծանոթի կրծքում գոլ ջերմություն ծփաց: Կինը մեռել էր: Նա գիտեր, որ յուրաքանչյուր ծնունդի սկիզբը մահն է:
– Ես այն ափը չեմ անցնի,- նորից խոսեց կինը:
– Գալիս ե՞ք, թե՞ չէ,- կանչեց լաստանավը քաշող կինը,- սեր բացատրելու ժամանակ չի…
Բոլորը ծիծաղեցին:
Անծանոթն արագ բարձրացավ տախտակամած: Կինը տխուր հայացքով ուղեկցում էր դանդաղ հեռացող լաստանավին: Սոճիների գագաթներին թառած ագռավները հանգիստ կռկռում էին: Դանդաղ լողացող լաստանավի տակից փախչող փոքրիկ ալյակներն արևի տակ շողշողալով հեծնում էին կարմիր գետին, փոքրիկ չարաճճի երեխայի նման կչկչում ու քիչ հետո լուծվում նրա մեջ:
Կինը դեռ նստած էր: Հեռվից նման էր փետրաթափ, տխուր ագռավի: Դիմացի անտառից սոճու հյութի ու վայրի մեղրի հոտ էր գալիս: Գետը, անտառը, ագռավները և հեռվում կուչ եկած կինը մի հոգեզմայլ երգ էին երգում: Խաղաղության երգ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։