Ծնվել է Ուոթերթաունում (Մասաչուսեթսի նահանգ, ԱՄՆ):
Ավարտել է Դարթմուդի քոլեջը և Կոլումբիայի համալսարանը: Դասավանդել է Յեյլի և Բարնարդի քոլեջներում, Ռութգերսի և Կոլումբիայի համալսարաններում:
Բնակվում է Նյու Յորքում: Հեղինակ է երկու վեպերի, բազմաթիվ բանաստեղծությունների, պատմվածքների, ակնարկների և քննադատական հոդվածների: Արժանացել է գրական յոթ, այդ թվում` Ամերիկյան պոետների ակադեմիայի (1987),
Դ. Վարուժանի (1995), «Արարատե ամսագրի «Լավագույն պատմվածքի համարե (1997) և «Անահիտե (1998) մրցանակներին: 2007թ. Հայաստանի գրողների միությունը
Ն. Գրիգորյանին պարգևատրել է
«Գրական վաստակի համարե մեդալով:
Պապայի* և տատիկի տունը համեմունքներով ու կիտրոնի կահույքաքսուքով էր բուրում: Նախասրահում Անին հանեց կոշիկներն ու հագավ վարդագույն հողաթափերը, որ փափուկ սահում էին արևելյան գորգի վրայով: Սա էր նրա նոր տունը: Չէր կարելի կապույտ ծաղկամանին կամ սագերի երամն արածացնող աղջկա չինական արձանիկին դիպչել: Պապան նստել էր մուգ կարմիր թավիշով երեսապատած բազկաթոռին, բարձրաոտ լուսամփոփի կողքը և օրվա լրագիրն էր կարդում: Անին կարող էր թախտին` բարձի վրա կամ տատիկի գոգին նստել: Սուրճի սեղանին դրված ապակե պնակը բերնեբերան լիքն էր նաբաթով: Անիի բերանում անանուխի կարմրաճերմակ կոնֆետը պտտվում էր անիվի նման:
Տատիկը կոնֆետները թաքցնում էր հացամանի հետևում` գունդ ու կծիկ տոպրակների մեջ: Եվ Անիի համար կարդում էր փաթեթավորման վառ գույնի թղթերի վրա գրված դրանց անունները` Ալմոն Ջոյ, Միլկի Վեյ, Թրի Մուսկետիրզ**: Անին և տատիկը, ետնաբակի սանդղահարթակի թախտին նստած, ձմերուկ էին ուտում և կորիզները ճաղաշարի վրայով դեպի խոտերն էին թքում: Հետո պարտեզ իջան` դաղձ և կարոս հավաքելու: Երկրորդ հարկի սանդղահարթակից ձայնեց մորաքույր Ալիսը (տանը երկու ընտանիքներով էին բնակվում) և խընդրեց, որ դաղձ ուղարկեին իր համար: Անին պոկած տերևները պարանի ծայրին ամրացված զամբյուղի մեջ լցրեց և հետևեց, որպեսզի Ալիս մորաքույն այն ապահով վերև քաշեր:
Երբ հարևանի շունը սկսեց հաչել, Անին ծիկրակեց ցանկապատի արանքից և նրա ցնցվող շեկ գլուխը տեսավ: Գռմռում էր և ճերմակ, սուր ժանիքներն էր մերկացնում: Տատիկը գոռաց.
– Սսկվիր, չար շուն:
Ննջասենյակում, որտեղ ինքն ու մայրիկն էին քնում, Անիի հոր` Դավիթ Սիլվերի շըրջանակված լուսանկարն էր: Գիշերները, անկողին մտնելուց շատ հետո, Անիին թվում էր, թե սրահից հոր մոտեցող ոտնաձայնն էր լսում: Բայց միշտ սխալվում էր: Ի վերջո, նա չէր մահացել: Անին քնած էր ձևանում և մթության մեջ պառկած` մոր սնգրտոցին էր ականջ դնում:
Առավոտյան պապան ասաց.
– Արի միասին գնումների գնանք, անուշիկս:
Շուկայում ճերմակ գոգնոցով ու մազոտ թևերով հաղթամարմին տղամարդը պապայի հետ հայերեն էր խոսում: Նա հալվայից մի հաստ շերտ կտրեց և Անիին մեկնեց: Հալվայի կտորը սկզբում խռթխռթաց բերանի մեջ, հետո հալվեց լեզվի վրա: Հացի խանութում պապան ոսկեատամ տիկնոջից մի քանի կլորահաց ու չորահաց գնեց: Նա էլ էր հայերեն խոսում: Հայերեն էին խոսում նաև չոր մաքրման կրպակի դերձակն ու պառավը, որին մայթեզրին հանդիպեցին:
– Սա Հայաստա՞նն է,- պապայի ձեռքն ամուր բռնելով` հարցրեց Անին:
– Ուոթերթաունն է, Մասաչուսեթսը,- պատասխանեց պապան:
– Քո ազգանունը Սիլվե՞ր է:
Պապան տարուբերեց գլուխը:
– Սիլվերը քո ազգանունն է: Մերը Քերսամյան է:
Տարրական դպրոցի հին շենքը քանդում էին, և պապան Անիին տարավ, որպեսզի տեսներ, թե ինչպես էր ավերիչ գունդը աղյուսե շինության որովայնը մխրճվում: Երբ ատամնավոր հսկայական կտորների վերածված` փլվում էին պատերը, փոշու ամպ էր բարձրանում, և մերկանում էին դատարկ դասասենյակները, հատակները թեքվում ու ներքևի սենյակների գլխին էին կախվում: Հաջորդ օրը, ավերակներից ընդամենը մի քանի մետրի վրա, Անիի մանկապարտեզի ընկերներն առաջին անգամ հավաքվեցին միջին դպրոցի նորակառույց թևի ծալքավոր միջնապատով առանձնացված սենյակում:
Դասամիջոցին Անին կախվում էր դպրոցի բակը շինհրապարակից բաժանող ցանցացանկապատից և փորձում էր մտովի պատկերացնել, թե ժամանակին ինչ տեսք էին ունեցել դասասենյակները` նստարաններ, աթոռներ և երեխաներ: Դասատուն գրատախտակին դեղին կավիճով տառեր է գրել, երբ ավերիչ գունդը զարկվել է պատին: Կործանված հատակի արանքից նրան էին նայում ճչացող ու դողացող աշակերտները:
Անիի ծննդյան հինգերորդ տարեդարձն էր: Ինքն ընկերներ չուներ, և տատիկը սեփական ընկերների թոռներին էր հրավիրել: Տարեդարձի առավոտյան տատիկը սանրեց Անիի մազերը, «ձիու պոչե արեց և կապեց կարմիր թավշյա ժապավենով: Պուտավոր կարմիր զգեստը մոմլաթ հիշեցնող կոշտ կտորից էր, կարմիր շղարշե ներքնազգեստը ճանկռում էր ոտքերը:
Կանաչ թելի օղակից կախված վերարկուի մեծ, սև կոճակով «Կոճակ-կոճակ, ո՞վ գտավ կոճակե էին խաղում, հետո բոլորը տարեդարձի գլխարկները դրեցին, որ ամրացվում էին ճերմակ ռետինաթելերով և նեղում էին Անիի պարանոցը: Լույսերը մարել, բոլորվել էին ճաշասենյակի սեղանի շուրջը և տորթին էին սպասում: Կիսաշրջան կազմած վառվում էին մոմերը, և Անին մի շնչով փչեց-հանգցրեց դրանք:
Նախասրահում զրուցում էին Անին և թմբլիկ Քերոլ Հակոբյանը, ում հետ տատիկի եկեղեցու կիրակնօրյա դպրոցն էին հաճախում: Քերոլի հոնքերը երկարուկ, սև թրթուրների նման ձգվում էին դեղնադարչնագույն ճակատն ի վար, սև մազերը զույգ կողմերից ամուր գրկել էին դեմքը:
– Հայրիկ չունես, չէ՞, – հարցրեց Քերոլը:
– Փողոցն անցնելիս մեքենան է հարվածել, հիմա դրախտում է, – պատասխանեց Անին:
– Հայրիկդ քրիստոնյա չէր, դրա համար էլ դրախտ չի ընկել, – ասաց Քերոլը, – այրվում է դժոխքի կրակների մեջ:
Անին գիտեր, որ հոր մոխիրը ննջասենյակում էր, մետաղյա գլանաձև տուփի մեջ: Անին հավատում էր` հայրիկի հոգին դրախտում էր, որը իր կարծիքով լուսնի մոտ էր, որտեղ մահանալուց հետո ժամանում էին բարի մարդիկ: Նրա պատկերացմամբ դժոխքը երկրագնդի կենտրոնում էր, որտեղ սատանան եղանը ձեռքին հալածում էր չար հոգիներին, իսկ շիկացած լավան թափվում էր նրանց գլխին: Հայրիկը դժոխքում չէր:
Քերոլի աչքերը կատվի աչքերի նման նշաձև էին, անկյուններում` կնճռոտված կիսաժպիտ:
– Ուզո՞ւմ ես չտեսնված ողորկ բան տեսնել,- մի տղա մոտեցավ Անիին:
Անին չէր նկատել, թե նա ինչպես էր նախասրահում հայտնվել:
Տղան պարզեց ձեռքը, բացեց բռունցքը, և նրա ձեռնաափի մեջ մոխրագույն, ձվաձև քարի կտոր փայլեց:
– Մոխրագույն որձաքար է,- ասաց տղան, – ամռանը լողափում եմ գտել:
– Անունդ ի՞նչ է, – հարցրեց Անին:
– Վան Արդավանյան,- պատասխանեց տղան:- Իմ տատիկն ու քո տատիկը զարմուհիներ են:
– Աչքերն ու մազերը սև էին, ժպիտը` վառվող մոմ:
– Արի գնանք, բան եմ ցույց տալու,- ասաց Անին:
Վանը նրա հետևից ննջասենյակը մտավ, Անին մահճակալի տակից հանեց սիգարի ճերմակ արկղիկը: Բացեց կափարիչն ու իր գանձերը ցույց տվեց` վեց հատ կաղին, շշի կափարիչ` հատակին նկար-հանելուկ, ուլունքահատ ապարանջան և մարմարյա գնդիկներով լեփ-լեցուն փափուկ, դարչնագույն կտորից քսակ: Երբ գնդիկները անկողնու խավոտ ծածկոցին դատարկեց, դրանք չխկչխկալով իրար զարկվեցին, հետո խաղաղվեցին, կարծես ինչ-որ բանի էին սպասում:
– Հայրիկինս էին, – բացատրեց Անին:
Վանը վերցրեց «կատվի աչքե կոչվող հարվածող գնդիկը և սկսեց զույգ ափերի մեջ գրտնակել:
– Փոխանակե՞նք, – ասաց:
– Ինչի՞ հետ, – հարցրեց Անին:
– Որձաքարի:
– Եղավ, – Անին ցանկացավ վավերացնել իրենց բարեկամությունը:
Անին ետնաբակի բացօթյա սեղանի մոտ Փենի Բրայթ տիկնիկի հետ «թեյախմությունե էր խաղում: Թեյնիկից ջուր էր լցնում Փենիի գավաթի մեջ և շաքարի փոխարեն գլաքար էր գցում:
– Անի՛, արի տաք շոր հագիր,- ետնադռնից ձայնեց մայրիկը:
Անին դժկամությամբ վեր բարձրացավ աստիճաններով:
Երկու րոպե չանցած՝ վերադարձավ և տեսավ, որ թեյի սպասքը սեղանին էր, բայց Փենի Բրայթն անհետացել էր: Սեղանի տակ ստուգեց, հետո փնտրեց նստարանի և մետաղյա աթոռակի հետևում: Ապա ցանկապատի արանքից նայեց: Հարևանի հսկա շունը երախի մեջ էր առել Փենիին:
Անիի կոկորդից մի սարսափելի ճիչ դուրս թռավ, որ գալար-գալար հորդաց բերանից և սկսեց պտույտներ գործել օդում:
Մինչ պապան ջանում էր ավարը ետ կորզել շան բերանից, տիկնիկի կարմիր զգեստը թըրջված ծվենների վերածվեց, փոքրիկ փորին ատամների խոր հետքեր հայտնվեցին, իսկ ոտքերին` հսկայական անցքեր:
Անին իր սենյակը վազեց և թաքնվեց մահճակալի տակ: Այստեղ նրա փոքրիկ, անթափանց աշխարհն էր, ուր ոչ մի վատ բան չէր կարող պատահել:
Քիչ անց մայրիկը ծնկեց նրա մահճակալի կողքը և փորձեց գլուխը մահճակալի տակ մտցնել: Երկու րոպե առաջ էր վերադարձել փափուկ խաղալիքների խանութից, որտեղից նոր Փենի Բրայթ էր գնել և հիմա ուզում էր մահճակալի տակ խցկել, որպեսզի դուստրը ձեռքը մեկներ ու վերցներ: Տիկնիկի դեմքին հիմար քմծիծաղ էր, և նրանից պլաստմասսայի տհաճ հոտ էր բուրում: Անին դեմքը դեպի պատը շրջեց:
Շուտով խոհանոցից տապակվող յուղի, սոխի ու պղպեղի բուրմունք տարածվեց: Ճաշասենյակից լսվում էր տատիկի կարի մեքենայի տկտկոցը: Տատիկը վերջապես լուռ մոտեցավ Անիի սենյակին և Փենի Բրայթին մահճակալի տակ սահեցրեց: Անին ճանաչեց իր տիկնիկի վնասված ոտքերը, բայց Փենին ուրիշ զգեստով էր` կարմրի փոխարեն կապույտ ու ճերմակ ծալքերով: Անին տիկնիկի զգեստը վեր քաշեց և շոշափեց նրա փորի շուլալված ատամնահետքերը: Հետո ձեռքն առավ նոր տիկնիկը, որ ընկած էր հատակին:
– Մռայլ Փենի և Պայծառ Փենի,- շշնջաց:
Անգլերենից թարգմանեց
ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ
* Ծնողներին նմանակելով` հերոսուհին պապիկին «պապաե է կոչում:
** Տատիկը սխալ արտասանությամբ է ընթերցում` Ալմընդ Ջոյ, Միլքի Ուեյ, Թրի Մասկիթիըզ: