Առավոտը սովորականի պես բացվեց: Ուղիղ ժամը յոթին խռպոտ զնգաց թե հազաց երեխաների ձեռը վերջնականապես հալից ընկած զարթուցիչն ու սկսեց ճիգով արտաբերել «Էրեբունի-Երևանի» խեղված մեղեդին, բայց, ինչպես միշտ, կեսին շնչահեղձ եղավ ու սսկվեց: Հինգրոպեանոց դադար, որից հետո՝ սովորական աղմուկ-աղաղակ, քաշքշոց, իրարանցում, ավանդույթի համաձայն՝ առանց կռվի էլ չկարողացան, տղաները հասցրին իրար մի քանի զնգուն ապտակ տալ և արդեն գոռալով լաց էին լինում, երբ մայրը վրա հասավ, բաժանեց նրանց ու հերթով խցկեց լոգարան: Հետո խոհանոցից տարածվեց ձվածեղի ու թափված կաթի տհաճ հոտը, հետո… Վազգենն աչքերը փակ պառկել էր, մինչև կինը երեխաներին դուրս կտաներ դռնից… Իհարկե, ուշացնելով, դա էլ սովորական բան էր, հիմա երեխաները ստիպված գլխապատառ վա- զելու են դպրոց… Ու միայն երբ համարյա անլսելի շխկաց մուտքի դռան ֆիննական կողպեքը, նա բացեց աչքերը:
Քսան րոպեից արդեն նստած էր ոչ առաջին թարմության սփռոցով ծածկված… չզլացավ զզվանքով մատնացույց անել խունացած, բայց ակնհայտ բիծը… խոհանոցի սեղանի մոտ ու կափարիչավոր մեծ չինական գավաթից անշտապ սուրճ էր խմում: Խմում ու սովորականի պես զննում էր ապշեցուցիչ պատկերված երկու երկնագույն վիշապներին, որ մռութներն իրար հառած՝ ազատ-արձակ փռվել էին գավաթի ձյունաճերմակ երեսին:
– Վազգե՛ն…,- կինը միշտ լրիվ անունով էր դիմում նրան, ընդհանրապես բոլորն ու միշտ նրան Վազգեն էին ասում… Միշտ, նույնիսկ երեխա ժամանակ՝ ոչ մի մտերմավարություն… Բա չէ՜, մոր ութսունամյա քեռու նման, որին անգամ զարմիկները կիսածաղրական-կիսաներողամիտ՝ Վզգո էին ասում, իսկ նա չէր էլ նեղանում… Անլուրջ մարդ է, ինչ անես, մի խոսքով՝ մանկագիր, հեքիաթներ նախադպրոցական տարիքի երեխաների համար, առակներ ու այլևայլ անհեթեթություն…
– Վազգե՛ն,- Անոն հայցող նայեց նրան,- կգա՞ս իմ հետևից:
– Ինչի՞ համար: Մի կանգառն ի՞նչ է, ոտով չե՞ս կարողանում գնաս:- Ա՜յ քեզ բան, օրումեջ՝ արի հետևիցս… Էսքան չարչարանքից հետո… Ստիպված չորս գործի տեղ փոխեցին, մինչև հաջողվեց նրան հարևան դպրոցում տեղավորել, տառացիորեն երկու քայլի վրա… Երկու քայլ, ու տղաներն էլ այնտեղ են սովորում… Ըստ էության, խնդիրը հենց տղաներն էին, մոր հսկողությունը երբեք չի խանգարի, թե չէ ավելի լավ կլիներ Անոն տանը նստեր, աշխատավարձը նույնիսկ բենզինին չի հերիքում…
– Ախր էսօր մայրիկիս մոտ ենք ճաշելու,- հիշեցրեց Անոն:
Հա՛, մայրիկի, ավելի ճիշտ՝ պառավ Սաքոյի… Զարմանալի ժողովուրդ են այս կանայք, միշտ «մայրիկի» ու «մայրիկի», ու երբեք՝ «հայրիկի մոտ», չնայած հայրական տունն է…
– Կգա՛մ,- փնչաց Վազգենն ու նորից սևեռվեց իր գավաթին:
– Չորս անց կես… Հա՛, գիտե՞ս, առավոտը խանութում ինչ լսեցի: Ասում են՝ երեկ հեռուստացույցով են հաղորդել, ՏՍՆ-ով թե «Լուրերով»… Մի խոսքով, գիշերային նորություններից մեկով, գուցե՝ ոչ հեռուստացույցով, այլ ռադիոյով, բայց հաստատ հաղորդել են…
– Ե՞վ,- նրա շատախոսությունն ընդհատեց Վազգենը…,- համենայնդեպս խոսքը ծամոն անելու ֆանտաստիկ ունակություն ունեն այս կանայք:
Անոն լռեց, ընդսմին՝ տեսքը չափազանց խորհրդավոր էր, հետո կրակեց.
– Մասիսն անհետացել է:
– Ի՞նչ Մասիս: Ոչ մի Մասիս չեմ ճանաչում:
– Տե՜ր Աստված, Վազգե՛ն: Մասիսը, ասում եմ… Մասիսը, Արարատը… Սա՜րը:
– Իիի՜՞նչ:
– Մասիսը անհետացել է,- մի քիչ անվստահ կրկնեց Անոն:
– Ի՞նչ զառանցանք է: Ահա՛:
– Ո՞ւր է:
Վազգենը տեղից չշարժվեց. ընդհանրապես ավելորդ շարժումներ չէր սիրում, մանավանդ՝ առավոտ շուտ, բայց կնոջ անկեղծ տարակուսանքը ստիպեց նախ շրջել գլուխը, ապա և վեր կենալ ու մոտենալ պատուհանին:
Եղանակը, ինչպես միշտ տարվա այդ ժամանակ, հրաշալի էր, երկինքը՝ կատարյալ մաքուր, օդը՝ վճիտ, այդ եղանակին, այն էլ առավոտյան, Արարատը հրաշալի է երևում, ասես կողքիդ լինի, հենց Երևանի արվարձանում… Մանավանդ այստեղից, բաց պատշգամբից կարելի է տեսնել նրա մարմնի ցանկացած անհարթություն… Բայց Արարատը չկար: Չկար ո՛չ Մասիսը, ո՛չ Սիսը, միայն հարթ դաշտն էր ձգվում մինչև հորիզոն: Վազգենը ճպճպացրեց աչքերը: Գուցե ինչ-որ բան խառնո՞ւմ է: Գուցե այստեղից չէ՞ր: Բայց հստակ հիշում էր բոլոր մանրամասները… փոքրիկ, կոկիկ Սիսը՝ ձախից, աջից՝ մեծ Մասիսը՝ կլոր, ճերմակ գագաթով ու աջ կողի թեք կուզով… Ծանոթ ուրվագծեր, որոնց այնքան էր վարժվել, որ չէր նկատում, թեև տեսնում էր ամեն օր… Ամեն օ՞ր: Վերջին անգամ ե՞րբ է տեսել Մասիսը: Երե՞կ: Մի տարի առա՞ջ: Երկո՞ւ: Տա՞սը: Այստեղի՞ց: Իսկ գուցե վարչության առանձասենյակի պատուհանի՞ց կամ հայրական տան պատշգամբի՞ց: Սատանայությո՜ւն է… Ասենք, կարևոր չի: Պարզ է, որ Արարատն այստեղից հաստատ չի երևում, չէ՞ որ չհավատաց կանացի անհեթեթ շատախոսությանը… ի՜նչ հիմարություն:
– Անհեթեթություն է,- բարձրաձայն կրկնեց նա:- Հիմարություն, ցնդաբանություն, զառանցանք ու կանացի դատարկախոսություն:
– Բայց չի՛ երևում…,- ուզում էր սկսել Անոն, սակայն Վազգենն անհամբեր ընդհատեց:
– Գլուխս մի՛ տար: Առանց էն էլ ուռում է, լիքը գործ ունեմ: Գնացի՛: Կգամ՝ ոնց որ պայմանավորվել էինք:
Իջնելով դատարկ բակ… Միայն հեռավոր անկյունում բորբոքված աղմկում էր ակնհայտորեն դասից փախած դպրոցական տղաների փոքրիկ խումբը… Ըստ էության, ի՞նչ աղմուկ, ամեն ինչ հանգիստ է… Վազգենը համենայնդեպս նայեց շուրջը, հասկացավ, որ բացվածք է փնտրում շենքերի արանքում, ու զայրացավ իր դյուրահավատության վրա… Ա՜յ թե ականջները կախել է, լա՛վ, ի վերջո, ենթադրենք՝ Մասիսն իսկապես անհետացել է, հետո՞ ինչ: Իրեն՝ Վազգենին ի՞նչ օգուտ այդ Մասիսից: Դե, փայլում է գեղեցկությամբ այնտեղ, սահմանից այն կողմ, թուրքերի մոտ, և ի՞նչ: Չէ՞ որ այն կողմ տարին մեկ էլ չի նայում, քի՞չ հոգս ունի: Կա Արարատը, չկա Արարատը՝ ի՞նչ տարբերություն: Չկա, թող չլինի… Վազգենը շարունակում էր համոզել իրեն, բայց համենայնդեպս չէր կարողանում ազատվել թաքուն տագնապից: Նա ընթանում էր մարդկանցով ու մեքենաներով լեցուն Կոմիտասի փողոցով և ակամա նայում շուրջը, փորձում էր հիշել՝ որտե՞ղ… Հա՛: Հիշեց: Մի թաղամաս այն կողմ, եթե նայես Կասյանի երկարությամբ, Արարատը հրաշալի է երևում: Այնպիսի տպավորություն է, ասես երկնա- գույն վիթխարին տառացիորեն կախվել է շենքերի տանիքներին… Հիմա կհասնի, կնայի, կհամոզվի, որ այդ ամենը անհեթեթություն է, ինչ-որ մեկի ապուշ բլեֆը, ու կխաղաղվի… Ահա, մի քիչ էլ, այ այնտեղ, շրջադարձին, կահույքի խանութի մոտ…
Արարատը չկար: Չկար, ու վերջ: Սա ի՞նչ բան է, ողորմա՛ծ Աստված:
Ցնցումից շփոթված Վազգենը սխալ գիծ մտավ ու հայտնվեց լեփ-լեցուն տրոլեյբուսի ետևը, որի սրահում, չնայած ցեխակոլոլ հետնապակուն, ուղևորների արտակարգ աշխուժություն էր նկատվում, սրահի վերջում խցկված երիտասարդներին հաջողվում էր ձեռքերը թափահարել նույնիսկ անպատկերացնելի նեղվածքի մեջ:
Տրոլեյբուսը միանգամից շրջանցել չհաջողվեց, մինչ այդ Վազգենը ստիպված էր արգելակել կանգառի մոտ և կարող էր տեսնել տրանսպորտի սպասող բազմությանը: Կարծես առանձնակի ոչինչ, չհաշված այն, որ բոլորը խոսում էին… Դե, չասենք բոլորը, բայց այնպիսի տպավորություն էր, որ մարդկանց կեսը ծանոթներ են… Անհեթեթություն է, իհարկե, պարզապես խոսքի են բռնվում անծանոթների հետ, այդպես լինում է, բավական է միայն հիշել 88-ի անմոռանալի ամառը…
Վերջապես դուրս գալով փողոցի մեջտեղը՝ նա ուղիղ տրամվայի գծերով, հետո հանգուցային պողոտայով սլացավ ավելի հեռուն՝ չմոռանալով ժամանակ առ ժամանակ շուրջը նայել… Չէ՛, կարծես ամեն ինչ կարգին է… Գերագույն խորհրդի մոտ, Ակադեմիայի մոտ, այսպե՛ս, այսպե՛ս, մարդկանց մի փոքր կուտակում միայն օպերայի մոտ… Հասկանալի է, պայմանական ռեֆլեքս… Մոտենա՞, չնայած՝ առանց այն էլ ուշանում է…
Վարչությունում աներևակայելի իրարանցում էր: Վազգենն այդպիսի բան չէր հիշում: Միջանցքները լեփ-լեցուն էին մարդկանցով. մտքով չէր անցել, որ իրենց, ըստ էության, փոքրիկ հաստատությունում այդքան մարդ է աշխատում… Այսինքն, իհարկե, գիտեր՝ հաստիքներով որքան են, բայց չէր պատկերացնում, որ՝ 300 հոգի… Եթե նույնիսկ բոլորն այստեղ են… Բավական է, որ ոչ մեծ չորսհարկանի շինության միջանցքները Շիլաչու շուկայի սեպտեմբերյան կիրակնօրյա վաճառաշարքերին նմանվեն: Բոլորը խոսում էին միաժամանակ, թափահարում ձեռքերը, ժամանակ առ ժամանակ անցնում բղավոցի, քաշում մեկմեկու փեշերը, հետն էլ՝ շատերն ամեն վայրկյան տեղփոխ էին լինում՝ մի խմբից մյուսն անցնելով, իսկ խմբերն իրենց հերթին կազմվում ու քանդվում էին անընդհատ… Ինչ-որ բրոունյան շարժում, գումարած՝ ծխախոտի ծխի թանձր ամպերը. ծխում էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք, որ սովորաբար նախընտրում էին իրենց փոքրիկ մեղքը թաքցնել ծառայողական սենյակների կողպած դռների ետևում…
Հայացք գցելով առաջին հարկի միջանցքին՝ Վազգենն արագ բարձրացավ երկրորդ հարկ, բայց իր առանձնասենյակ այդպես էլ չհասավ, խրվեց-մնաց կեսճանապարհին՝ ներքաշվելով բուռն բանավեճի մեջ… Ասենք, դա քիչ էր բանավեճ հիշեցնում. անհոդաբաշխ ողբ, անհասցե անեծքներ, չարագուշակ մարգարեություններ…
– Սա կանխանշա՜ն է,- կիսախելագար աչքերը չռած՝ ծղրտում էր հաշվապահության պառաված օրիորդը… Վազգենը պատահմամբ նրա անունն էլ էր հիշում՝ Աիդա, հավակնոտ ու անհարիր…,- սա վե՜րջն է, ազգի կործանո՜ւմը: Այո՛, այո՛, դուք դեռ կհիշեք ինձ: Սա կանխանշան է՝ ասում եմ:
Եվ շատերը գլխով էին անում: Այդ թվում՝ տղամարդիկ: Ահել ու ջահել: Երեկվա մարդիկ՝ հոգնած, անտարբեր, մի ոտքով թոշակի մեջ, և այսօրվանները՝ եռանդուն, ուժով լի: Գլխով էին անում մտահոգ ու դատապարտված, և դա պայթեցրեց Վազգենին:
– Ի՜նչ անհեթեթություն է,- անփույթ նետեց նա, ավելի անփույթ, քան կցանկանար:- Ի վերջո, Արարատն ընդամենը սար է: Քարի կտոր: Ճիշտ է, բավական մեծ ու բավական գեղեցիկ, բայց՝ քարի կտոր:
Շուրջը անհարմար լռություն տիրեց, նույնիսկ համրության պես մի բան, հետո այդ լռության մեջ պարզորոշ հնչեց ամենավերինի քարտուղարուհու ծվծվան ձայնը:
– Վազգե՛ն Աբգարովիչ, իսկը թուրքի պես եք խոսում:
Վազգենը շառագունեց… Նույնիսկ ականջներում թնդաց արյան հոսքը… Հո վեճի չե՞ս բռնվի ինչ-որ հիմար աղջնակի հետ… ու հանգիստ ասաց.
– Այս պատմությունը, կարծում եմ, թուրքերին մեզանից պակաս չի դառնացնում: Այսպես թե այնպես, Արարատը նրանց տարածքում է:
Նրան պատասխանեց մի ողջ երգչախումբ: Բացականչությունների բոլոր տարբերակները՝ դիվանագիտական «չափազանցնում ես»-ից մինչև գազազած «էդ թուրքերը նույնիսկ կպայթացնեն Արարատը, մենակ թե ցավացնեն հայերին»:
Եվ անմիջապես էլ՝ ենթադրությունը.
– Իսկ եթե հենց թուրքերն են պայթեցրե՞լ:
– Միանգամայն հնարավոր է:
– Հնարավոր է, բայց քիչ հավանական: Ո՞նց կպայթեցնես էդ վիթխարի սարը:
– Ատոմային ռումբով: Կամ ջերմամիջուկային:
– Լա՜վ, խելքներդ մի՛ թռցրեք:
– Ինչի՞ որ:
– Բա ճառագայթո՜ւմը…
– Կարող է՝ ճառագայթում էլ կա, ո՞վ է չափել:
– Բայց պատկերացնո՞ւմ եք՝ ինչ դղըր-դոց կլիներ էդ պայթյունից:
– Հիմարությո՜ւն:
– Ոչ էլ հիմարություն է: Էդ թուրքերը ամեն ինչի ընդունակ են:
– Թուրքերն իրենք ցնցված են,- միջամտեց մի ջահել՝ լրիվ կաթնակեր, երևի ինստիտուտը նոր է ավարտել… Վազգենին անծանոթ ակնոցավոր տղա,- ամբողջ գիշեր ձայներն եմ լսել իրար հետևից, Բի-Բի-Սին հաղորդում էր…
– Ցնցվա՜ծ են, ցնցվա՜ծ,- նրան ընդհատեց տարիքով մեկը՝ անծայրածիր փորով, կադրերի բաժնի վարիչը:- Ձև են անում: Աշխարհն էդ տեսակ կեղծավորներ չի տեսել:
– Իսկ ձայներն ի՞նչ են ասում,- Վազգենի թիկունքից հարցրեց ինչ-որ մեկը,- ի՞նչ է պատահել:
Պատանին տարածեց ձեռքերը:
– Առայժմ ոչ ոք չգիտի: Ոչ մի հետազոտություն… Նույնիսկ ոչ մեկը չի գնացել այնտեղ:
– Ինչո՞ւ,- իր համար անսպասելի զայրացավ Վազգենը:
– Ըստ երևույթին՝ չեն հասցրել: Ընդամենը երեք օր է:
– Երեք օ՜ր: Իբր երեք օրը քիչ է,- եռում էր Վազգենը:- Երեք օրում հեղափոխություն են անում: Պատերազմ են շահում:
– Ախր, չե՜ն իմացել,- շփոթված արդարանում էր տղան:- Միայն երեկ…,- ձայնը ժամանակ առ ժամանակ կորչում էր աղմուկի մեջ,- գյուղացիներ… հովիվներ… գոնե տարրական կրթությամբ մեկը լիներ…
– Երե՜կ: Կարելի է կարծել՝ ոչ թե բիբլիական լեռ է կորել, այլ մանկական խաղալիք:
– Ի՞նչ եք ուզում նրանցից,- անսպասելի բորբոքվեց ձայների սիրահարը:- Դո՜ւք էլ ոչինչ: Արարատը երեք օր է՝ չկա, ու Երևանում գոնե մեկի վե՞ջն է:
Վազգենը շփոթվեց, սակայն բոլորը չէ, որ կիսում էին նրա շփոթմունքը:
– Երևանո՜ւմ, Երևանո՜ւմ… Երևանից Մասիսն ամեն օր չի երևում,- նեղացած մրթմրթաց ճաղատ հաստլիկը՝ վարչության վարորդներից մեկը:- Մառախուղ, ամպ, սմոգ… ի՜նչ ամեն օր, լինում է, որ շաբաթներով չի երևում, մարդիկ ի՞նչ իմանան…
– Բայց չէ՞ որ ոչ մի մառախուղ էլ չկա: Չկա՛:
– Դեռ հայտնի չի:
– Ոնց թե՝ հայտնի չի: Լա՛վ, Երևանը թողենք, բա ավելի մոտ տեղերի՞ց, Արտաշատից, Արարատից:
– Լսե՜ք,- հանկարծ խորհրդավոր շշնջաց ծվծվան քարտուղարուհին,- իսկ եթե չի անհետացել, ուղղակի մշուշի մեջ է: Թա՜նձր-թա՜նձր մառախուղի:
Տղան հեգնոտ քմծիծաղեց, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրան, բոլորն իրար անցան, աղմկեցին:
– Պետք է ստուգել:
– Դե, իհարկե, պետք է գնալ նայել:
– Արարատի շրջան, սահմանի մոտ:
– Խոր Վիրապ է պետք գնալ, այ թե ուր: Էնտեղից Մասիսը ոնց որ ափիդ մեջ լինի:
– Դե գնացինք, ինչ ենք կանգնել:
– Ախր աշխատանքային օր է,- թույլ-թույլ փորձեց հակառակվել կադրերի բաժնի վարիչը, բայց անմիջապես ֆշշացին վրան.
– Ի՜նչ աշխատանքային օր, էստեղ ազգի բախտն է որոշվում, իսկ սա՝ աշխատանքային օ՜ր:
– Գնամ շեֆին ասեմ,- հայտարարեց հաստլիկ վարորդը,- այ կտեսնեք՝ բաց կթողի:
– Էստեղ չի,- դավադիր շշուկով տեղեկացրեց քարտուղարուհին:- Չի եկել: Չի էլ զանգել:
– Ահա, տեսնո՞ւմ եք…
– Երևի վաղուց էնտեղ է:
– Լա՛վ, հերիք է պարապ խոսեք: Վազգե՛ն, գալի՞ս ես:
– Ուշքի չեմ գալիս,- ասաց Վազգենը:
Փողոցները զարմանալիորեն դատարկ էին… ասենք, Սայաթ-Նովայում մայթեզրով սողացող բարձրախոսով մեքենա տեսան, որը բոլորին կանչում էր շտապ միտինգի: Կարելի էր, իհարկե, հետևել նրա կոչին, այնտեղ հաստատ որևէ բան կասեն, բայց Վազգենը չէր սիրում փոխել որոշումները… խորհրդակցել մյուսների հե՞տ… հը՜մ… անկեղծ ասած, խորհուրդ հարցնելու սովորություն երբեք չէր ունեցել, ու նաև՝ ումի՞ց հարցնես: Աիդայի՞ց, որ անպատկառ խցկվեց-տեղավորվեց ետևի նստիքին, քանի դեռ ինքը ուղեկից էր ընտրում: Աստվա՜ծ ազատի:
Երրորդ մաս հասնելիս մեքենաների հոսքը փողոցներում սկսեց աճել. նախ մաթեմատիկական պրոգրեսիայով, հետո՝ երկրաչափական, իսկ քաղաքի շրջագծի մոտ մեքենաների շարասյունը, Վազգենի կապույտ «իննի» գլխավորությամբ, ստիպված էր կտրուկ նվազեցնել արագությունն ու լուծվել ավելի քան ծանրաբեռնված տրանսպորտային հոսքի մեջ… իսկական պիկ ժամ… լա՛վ, հիմա դուրս կգանք քաղաքից, էլի մի քանի շրջադարձ ու… Ո՞ւ: Ապշահար Վազգենը քիչ էր մնում արգելակեր… բարեբախտաբար՝ քիչ էր մնում, քանի որ մեքենայի մեջ կխրվեր վարչության պետի տեղակալի՝ ետևից եկող «Մոսկվիչը», ավտոմեքենաների անվերջանալի շարքը ետևից սեղմում էր… իսկ ի՞նչ կա առջևում: Առջևում… Վազգենը շվվացրեց… Ամբողջ մայրուղին, ավելի ճիշտ՝ տեսանելի հատվածը լցված էր տարատեսակ մեքենաներով, որ շարժվում էին… ավելի ճիշտ, փորձում էին շարժվել… նույն ուղղությամբ: Ի՜նչ հավաքածու է: «Ֆիատ», «Զապորոժեց», «ԿամԱԶ», տաքսի, «Շտապ- օգնության» միկրոավտոբուս, նույնիսկ հրշեջ մեքենա… միայն վերամբարձ կռունկն էր պակասում… ասենք, երբեք մի ասա երբեք, կռունկն էլ կհայտնվի, այ հսկա սառցարանը խրվել-մնացել է մեջտեղում, կղզու պես, երկու կողմից շրջապատված դանդաղ հոսող գետաբազուկներով… Այ քեզ բա՜ն: Եվ այդ ամբողջ զանգվածը սահում է Արտաշատի կողմը… ասենք, «սահում է»-ն չափազանց է… գուցե՝ սահո՞ւն… Մեքենաները ժամանակ առ ժամանակ ելնում էին ճամփեզր, փորձում անցնել խոպանով, խրվում, վերադառնում մայրուղի, խանգարում իրար, կանգ էին առնում, մարդիկ դուրս էին թափվում. բոլոր մեքենաները տառացիորեն լեփ-լեցուն էին.. վեճեր էին ծագում, սկանդալներ, նույնիսկ քաշքշոց, մայրուղու վրա համատարած բղավոց էր… չխոսելով արդեն շչակների մռնչոցի մասին, իհարկե, վարորդներն անընդհատ ազդանշան էին տալիս, և բազմաձայն գվոցը՝ շարքային, գեղգեղաներ չունեցող հինավուրց շչակից մինչև նորաձև ու ահավոր թանկ զիզի-պիզիները, որ երգում էին «Կնքահոր» մեղեդին, ու «Շտապօգնության» սարսափազդու կանչերը՝ խլացնում էին ամենն ու ամենին: Շուտով Վազգենը տեսադաշտից կորցրեց վարչության «պատվիրակության» մյուս մեքենաները, ասենք, մեքենաների ու վարորդների այդ կույտում, որոնց մեծ մասը կտրականապես մոռացել էր բոլոր երթևեկության կանոնները… եթե, իհարկե, երբևէ դրանց հետ գոնե գլխարկի ծանոթ էին եղել… դժվար էր հետևել որևէ բանի, բացի մերձակա, կիպ ընթացող հարևաններից… ճիշտ է, երբեմն նրան հաջողվում էր արագ հայացք նետել աջ, որտեղ պետք է հառնած լիներ արդեն մոտիկ Արարատը… անկեղծ ասած, երբեմն նաև ձախ էր նայում… չնայած՝ կարծես ստույգ հիշում էր, բայց հարյուրտոկոսանոց համոզվածություն չկար, ուղևորների ձայներն էլ էին կիսվել, երկուսը աջ կողմի օգտին, երկուսը՝ ձախի… Արարատն, ասենք, ո՛չ աջից կար, ո՛չ ձախից:
Վերջապես հեռվում հայտնվեցին ծանոթ պատերն ու նրանց գլխին կախված աշտարակը… ասենք, ոչ թե աշտարակ, այլ՝ կոնաձև վեղարով խոշորացած տաճարի գլուխը: Խոր Վիրա՜պը… իսկ Խոր Վիրապից հետո, իհարկե, պետք է լինի Արարատը… գրո՜ղը տանի, Վազգենը բացարձակ համոզված էր, շատ հաճախ էր տեսել այդ պատկերը բնանկարների անվերջանալի հերթում, որ ցուցադրվում են «Սարյանի մոտ», և ուր Անոն սիրում էր գնալ շաբաթ ու կիրակի օրերը. ահռելի, ամբողջ տեսադաշտը գրավող Արարատն ու նրա ֆոնին՝ փոքրիկ, ասես նույնիսկ անիսկական վանքը… այո՛, հենց այդպիսին էլ կա, փոքրիկ ու կարծես ոչ իսկական՝ բայց վանքը հիմա հառնում էր վճիտ, թանձր-երկնագույն ֆոնին… երկինքն այսօր գեղեցիկ է, ոչինչ չես ասի, բայց այնտեղ, Խոր Վիրապից այն կողմ բոլորովին նրա տեղը չի… թող կորչի գրողի ծոցը… չնայած, ի՞նչ կապ ունի երկինքը, երկինքն այստեղ բոլորովին մեղք չունի… իսկ ո՞վ է մեղավոր… ա՜խ, իմանաս ում արածն է… այսպիսի բանի համար գլուխը պոկելն էլ քիչ է…բայց, ավաղ, պոկող չկա, հո տեր Աստված չի պոկելու… Վազգենը քմծիծաղեց: Արդեն Աստծուն է՞լ հավատաց… ասենք, Աստծու միամիտ մտքով նման բան չէր էլ անցնի, ավելի շուտ՝ բնական երևույթ է… ավելի վատ, բնության հետ չես վիճի…
Նեղ, մայրուղուց բաժանվող ճանապարհին, որ ոլորք էր տալիս խաղողի այգիների միջով, արդեն իսկական խցանում էր: Ո՛չ րոպեանոց, ո՛չ մի քանի ժամով, դարերի՜ խցանում: Առաջին իսկ հայացքից այն գնահատելով՝ Վազգենը մեքենան դժվարությամբ հանեց ճամփեզր ու կանգ առավ:
– Իջե՛ք:
Նա բարձրացրեց ապակիները, կողպեց դռները և մոլորված ուղեկիցներին գլխավորելով՝ շտապեց առաջ:
Արդեն առաջին երկու տասնյակ մետրից հասկացավ, որ խելամիտ է վարվել. առջևում կանգնած մեքենաները դատարկ էին, իսկ տերերը շտապում էին… այո՛, շտապում էին խրվել խիտ ամբոխի մեջ, որը լցրել էր վանքի բոլոր մատույցները և, ըստ երևույթին, նաև բուն վանքի ողջ տարածքը: Վազգենը գործի դրեց արմունկները, ինչը չէր արել առնվազն տասը տարի… չէ՜, շատ ավելի, երևի այն ժամանակից, երբ, դեռ ուսանող, հրմշտվում էր կինոթատրոնների տոմսարկղերի մոտի խառնաշփոթի մեջ… հա՜, վաղուց էր… սակայն զգացումը կիսամոռացված ճակատամարտի, որն անպայման պետք է շահել, տիրեց նրան… ավելի ճիշտ կլիներ ասել՝ խլեց ու տարավ, տարավ առաջ, դեպի բլրալանջին փակչած տաճարի պատերը:
Աստիճաններն ու բլրի ստորոտը խրկված էին, դեպի դարպասները տանող շրջանցիկ ճանապարհով, պարզվեց, նույնպես անհնար էր անցնել, բոլորն ուղիղ գծով էին մագլցում, Վազգենն էլ էր մագլցում, սայթաքում, սահում ներքև, կառչում իր նման մագլցողներից, հայհոյում ի պատասխան հայհոյանքների, հրմշտվում ու մղվում առաջ:
Ի վերջո, համենայն դեպս հայտնվեց վերևում, դարպասների մոտ, և կարող էր տեսնել բլրի ստորորտը… Իսկ ստորոտն այդ տառացիորեն մոլեգնող մարդկային ծով էր… ոչ միայն ստորոտը, ողջ շրջակայքում վխտում էին մարդիկ: Ամբոխը խռովվում էր, գվում, այսուայնտեղ հանպատրաստից մինի-միտինգներ էին բռնկվում. հռետորները ճառում էին՝ բարձրանալով մարդկային զանգվածի մեջ թաղված մեքենաների վրա… Անցնելիս Վազգենն արդեն հասցրել էր պատառիկներ լսել. «Մենք մենակ չենք, ողջ աշխարհը ցավակցում է»… «Բիբլիական լեռը»… «Բոլոր քրիստոնյաները հուսաբեկ են, Հռոմի պապը ցնցված է»… «Նախագահ Բուշը դիմել է»… «Սփյուռքը, Վատիկանը, Նոյի տապանը» կարգի հավերժական դատարկաբանություն… և այլ անհեթեթություններ: «Հայերը հավատարիմ են իրենց,- չար մտածեց Վազգենը:- Գործելու փոխարեն իրենց մխիթարում են ցավակցություններով»… գործե՛լ, գործե՛լ, բայց ինչպե՞ս… պարապ կանգնած են. բայց տես ինչքան ժողովուրդ է հավաքվել, հարյուր հազարից ոչ պակաս… դե, իհարկե, ողջ տարածության վրա՝ մայրուղուց մինչև սահմանի գիծը, ազատ տեղ չկա… սահմանագի՞ծը… Դե, իհարկե: Վազգենը նայեց սահմանի երկու կողմում տարածված դաշտին, ու զայրույթից եռաց: Դատա՜րկ է: Ոչ մի շունչ: Ոչ մեկին չի հետա- քրքրում՝ կանգնա՞ծ է Արարատը հողի վրա, թե ոչ, բացարձակապես թքած ունեն… Գրո՛ղը տանի, պետք է վերջ տալ սրան: Պե՛տք է, պե՛տք է… Հիմա կամ երբեք:
Վազգենը ճեղքեց-անցավ հարթակի ծայրը՝ ջանալով տեսանելի լինել ներքևում կանգնածներին և… ինչ-որ ակնթարթ քիչ էր մնում երկնչեր, բայց արագ հավաքեց իրեն ու ձեռքերը թափ տալով՝ գոռաց.
– Հե՜յ, ժողովո՛ւրդ: Գնանք այնտեղ: Այնտեղ, ուր Արարատն էր: Մեր ձեռքերով շոշափենք: Համոզվենք, որ աչքներս մեզ չեն խաբում: Լսո՞ւմ եք, մարդի՛կ:
Սկզբում ոչ ոք չարձագանքեց բղավոցին, բայց շուտով նրա շուրջը համախոհների մի խումբ հավաքվեց, որը շարունակ աճում ու աճում էր:
Հաջորդ երկու ժամն ասես մշուշի մեջ անցավ: Կատաղի վեճեր, «սահմանը սահուն հատելու» քննարկում… Վազգենը սկզբում հակված էր, այսպես ասած, քաղաքակիրթ տարբերակին, սակայն ենթարկվելով «հարձակողական» մարտա- վարության կողմնակիցներին… «կորչի դիվանագիտությունը, դեպի Արարատ»… ու նաև ընդունելով նրանց գլխավոր փաստարկը՝ «ժամանա՜կը, ժամանա՜կը», ի վերջո տեղի տվեց: Սկսվեց կամավորների ցուցակագրումը… իսկ կանա՞յք, տանե՞լ, թե՞ չտանել… Տղամարդկանց մեծ մասը հակվում էր չտանելուն, բայց միջին տարիքի մի տասնյակ հիստերիկ տիկիններ… ինքնին՝ ոչ առանց խելառ հաշվապահուհու մասնակցության… նաև մնա- ցածը, հաստատ՝ նրա պես պառաված օրիորդներ. չգիտես ինչու՝ ամենաբարձր հարգի մոլեռանդներ ստացվում են հենց պառաված օրիորդներից… մի տասնյակ այդ ապերասան տիկիններից իրենց աղաղակներով շեղեցին բոլորին… ինչ-որ մեկը փորձեց խելքի բերել նրանց «իսկ եթե կռվի կարի՞ք լինի» կարգի դատողություններով… այո՛, իսկ եթե հարկ լինի կռվե՞լ… դժվար թե, իհարկե, բոլորը դեռ հիշում էին նախիջևանյան սահմանի պատմությունը… ճիշտ է, այնտեղ այլ էր, երկու կողմից՝ մուսուլմաններ, իսկ այստեղ թուրքերն են… գլխավորը, որ սահմանապահները թուրք են, ով գիտի դրանց, կսկսե՞ն կրակել, չե՞ն սկսի… գուցե իսկապե՞ս պետք լինի… Վազգենը կնճռոտեց ճակատը. ինչպե՞ս կռվել, ինչո՞վ… ինչ-որ մեկն արդեն շտապում էր որսորդական հրացանների ետևից. «էստեղ, հեռու չի»… ինչ-որ երիտասարդներ առաջարկում էին «վայրկյանական» մի երկու տասնյակ ավտոմատ ճարել, տեղանքի քարտեզ էլ հայտնվեց, որի վրա հաշվարկում էին երթուղին… զարմանալին այն էր, որ բոլորը, Վազգենին շրջապատած մարդիկ, նրան դիմում էին որպես առաջնորդի, ոչ ոք կասկածի չէր առնում այդպիսին լինելու նրա ունակությունը… ասենք, ի՞նչ զարմանալի բան կա, ամբոխը հոտառությամբ է զգում պոտենցիալ առաջնորդին… Մինչ այն պահը, երբ դաշտի վրա սկսեց պտտվել անհասկանալի պատկանելության ուղղաթիռը, Վազգենն արդեն իրեն ոչ մեծ ու վատ զինված, բայց վճռական բանակի շտաբի պետ, եթե ոչ գլխավոր հրամանատար էր զգում: Վստահ հրամաններ էր արձակում՝ ձայնի տիրական երանգնե-րով… Վազգենն ինքն էլ թաքուն հաճույք էր ստանում հնչողությունից… կամավոր օգնականների վրա համարյա հիպնոսող ազդեցություն էին թողնում, նույնիսկ թվաց՝ ավելի բարձրահասակ է դարձել. այն խղճուկ մետր ու յոթանասունը չէր, չէ՜, համարյա մետր ու իննսուն…
Ուղղաթիռը դժվարությամբ, ամբոխին վախեցնելով, բայց նստեց չնչին տարածության վրա, ու բարձրախոսներով տղաները սկսեցին ժողովրդին համոզել հիմա- րություն չանել, «արկածախնդրության չտրվել»՝ ինչպես ոչ ինքնատիպ արտահայտվեցին… դեռ լավ է, որ «սադրանքների չտրվելու» կարգի ինչ-որ բան դուրս չտվեցին… Հորդորներին գումարվում էին խոստումները, որ նախագահն ու կառավարությունը միջոցներ են ձեռնարկում, որ… Վազգենին հաջողվեց ճեղքել-մոտենալ բարձրախոսին, պարզ ասած՝ խլել այն այդպիսի լկտիությունից ապշած նախագահական մունետիկներից մեկից… «գրողի ծոցը նախագահը, գրողի ծոցը կառավարությունը… ինչպե՞ս կարելի է վստահել նրանց այն բանից հետո, երբ թույլ տվեցին… նրանց ողորմածությամբ ենք հայտնվել այս վիճակում…», ինչ-որ տեղ հոգու խորքում հասկանում էր, որ անհեթեթություններ է դուրս տալիս, բայց նրան լրիվ տիրած համընդհանուր խելահեղության տարերքը մթագնում էր ուղեղը, թվում էր՝ իսկապես էլ կարելի էր «թույլ չտալ»…
Ուշքի եկած էմիսարները խռովարարի ձեռքից խլեցին բարձրախոսն ու սպառնացին ձերբակալությամբ, բայց այստեղ արդեն միջամտեց ամբոխը, ու Վազգենին բաց թողեցին… «լա՛վ, լա՛վ, առեք ձեր «առաջնորդին»… ու նույնիսկ թույլ տվեցին խոսել… Անսպասելի «ժողովրդական վստահությունից» հարբած Վազգենը շրթունքներին հարմարեցրեց բարձրախոսը, մտովի ինչ-որ զարմանահրաշ զարդա- նախշով կարգաբերեց պատմական դարձվածքը, երբ հանկարծ…
– Նայե՜ք: Նայե՜ք ախր…
Վազգենին սևեռված հայացքները մի ակնթարթում փոխեցին ուղղությունը: Դեռ չհասկանալով, բայց ցավոտ զգալով, որ համընդհանուր ուշադրությունը, որին հենց նոր լիովին տիրում էր, մի վայրկյանում կորսվել է, նա իրար անցավ, ջղաձգվեց…
– Սո՜ւս,- կողքին կանգնած տարիքով տղամարդը քաշեց Վազգենի ուսից՝ դարձնելով ձախ, սահմանի կողմը ու լուռ հրեց թիկունքից: Վազգենը դանդաղ շրջվեց՝ աչքի պոչով որսալով համընդհանուր համերաշխ շարժումն ու լսելով՝ ինչպես է խաղաղվում, լռում բազմաձայն ամբոխը: Լռության երկար ակնթարթ ու միասնական կրծքի անպարագիծ հոգոց… Վազգենը հասցրեց միայն վերջը որսալ՝ օդով սահող ծփանքը… ավելի՛ ուժեղ, ավելի՛, երկինքը կոտորակվեց… ինչպես խաղաղ ջրի երեսին անսպասելի քամուց կոտորակվում է նրա արտացոլումը… ու հանկարծ ծփանքն անհետացավ, անսպասելի, առանց նախազգուշացման, օդը նորից հանդարտ ու թափանցիկ դարձավ, երկինքը շիտակվեց՝ հողից դեպի վեր, և այդ երկնքում, ինչպես հայտածիչի մեջ իջեցված լուսանկարչական թղթին, հայտնվեց ու հստակվեց հսկա ու հրաշալի Արարատը:
Վազգենը միայն երեկոյան հասավ տուն: Կինն ու երեխաները տանը չէին… ու նոր միայն հիշեց, որ ճաշի էր հրավիրվել պառավ Սաքոյի մոտ… վաղո՜ւց-վաղո՜ւց: Քաղաքի մյուս ծայրը հասնելու ցանկու- թյուն արդեն չուներ, ասենք՝ բաքն էլ դատարկ էր… Զանգելով ու հանգստացնելով տագնապած Անոյին, իբր մոռացել էր… նրա հետ իր արկածներից չխոսեց, ինչի՞ համար, մոռացել էր ու՝ վերջ, այդքանը նրան հերիք է… միայն ասաց, որ բաքը դատարկ է ու թող երեխաների հետ գիշերը մնա մոր մոտ… մոր մոտ, ոչ թե հոր… դիտմամբ, ուզում էր շոյել նրա կանացի ինքնասիրությունը… Զանգեց-պրծավ, հանեց պիջակը ու մոտեցավ հյուրասենյակի պատուհանին… իհարկե, հյուրասենյակի, առավոտյան ինչպե՞ս չէր հիշել, ուրիշ կողմից էր փնտրում… Արդեն իրիկնանում էր, սակայն պարզ եղանակ էր, և մգացող երկնքի ֆոնին հստակ երևում էր կապտագորշավուն կամ գորշակապտավուն ուրվապատկերը. փոքրիկ կոկիկ Սիսն ու մեծ Մասիսը՝ աջ կողի թեք կուզով… Նա ակամա հպարտություն էր զգում. մեր վաղնջական, հինավուրց, դարեդար մեր, գեղեցիկ Մասիսը, ամենաչքնաղ լեռը Աշխարհի… ու նաև՝ որոշակի դժգո- հություն… կարող էր, չէ՞, մի քիչ ուշ վերադառնալ կամ դառնալ անտեսանելի… ինչ էր, օպտիկական խաբկա՞նք, միրա՞ժ… թե՞ իսկապես… կարևոր չէ՝ անհետացել էր, չէր անհետացել, կարող էր համբերել մի քիչ… գոնե մի քանի ժամ… ավելի լավ է՝ մի քանի օր… Որքա՜ն ծրագրեր, որքա՜ն… Վազգենը տրորեց ճակատը: Նրան մինչ այս թվում էր… չէր թվում, միանգամայն համոզված էր… համոզված էր, որ գոհ է իր և՛ աշխատանքից, և՛ դիրքից՝ հաստատուն, ապահովված, պատկառելի… ասենք, ի՞նչ է նշանակում՝ մինչ այս: Մի՞թե հիմա այդպես չէ: Հիմարություն ու անհեթեթություն:
Վազգենը ջղային քաշեց-փակեց վարագույրը, ետ քաշվեց պատուհանից ու նստեց բազկաթոռի մեջ, փոքրիկ սեղանիկի մոտ, լրագրերի տրցակի առջև:
«Ռադուգա» (Տալլին), թիվ 3, 1994
Թարգմանությունը՝
Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆԻ