Ալեքսանդր Մանթաշովն իր գերդաստանի «անհաս գագաթն» էր: Բնական է, որ նրա նախնիները ևս նշանավոր մարդիկ պիտի եղած լինեին. բարձր լեռը սարահարթում հենց այնպես չի հայտնվում… Բայց նրա արմատները անցյալի փոշով են պատված, առավել հավաստի փաստը նրա հոր՝ Հովհաննեսի մայրական կողմից է մեզ հասել. նրանց (Հայթմազյանցների) տոհմից է Թիֆլիսի Ս. Գևորգ հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Ֆիլիպը…
Բայց Մանթաշովի հայրը վաճառական էր, մանուֆակտուրայի գործի տեր: Ալեքսանդրը ընտանիքի միակ զավակն էր: Ի դեպ, յուրօրինակ վիճակագրություն կա՝ տաղանդավոր մարդկանց մեծամասնությունը ընտանիքի միակ երեխան են եղել… Հոր վաճառականական գործերին օգնելու նպատակով պատանի Ալեքսանդրը մեկ անգամ չէ, որ եղել էր Իրանում ու Եվրոպայում: Ուշիմ տղայի համար սա հզոր ազդակ էր՝ այդքան վաղ հասակում ստացած վառ ու խայտաբղետ տպավորությունները ընդլայնում են մտահորիզոնը (Շեքսպիրն էլ է նկատել, որ ջահել տնակյացների խելքը չի զարգանում…):
Մեծ բարերարի կայացման կարևոր գործոն էր նրա բարեսրտությունը՝ կարեկից, զգայուն ու ազնիվ սիրտը: Առանց այդպիսի սրտի կփակես քո անբավ հարստությունը յոթ կողպեքի տակ կամ էլ անիմաստ կծախսես՝ փողը քամուն տալու սկզբունքով, ու էլ ինչ խոսք կարող է լինել բարերար, այն էլ՝ ճշմարիտ բարերար դառնալու մասին: Իսկ Մանթաշովը ինչպիսի նպատակասլացությամբ որ փող էր վաստակում, նույն կերպ էլ ծախսում էր: Միայն թվում է, թե ամեն մեկը կարող է փող ծախսել: Իսկ ես կասեմ, որ դա ևս արվեստ է: Մանթաշովը կարողանում էր ազնվականորեն բաժանել փողը: Ինչպես օգնում էր ռեալական դպրոցի աշակերտներին՝ չմոռանալով նաև նրանց ծնողների մասին: Աննկատ թղթադրամը սահեցնում էր պատանու գրպանն ու հարցնում նրա հոր առողջության մասին: Ինչպես չասես՝ մեկդ հազար դառնա: Ու դառնում էր, ժամանակն անցնում է, իսկ երախտագիտության խոսքերը նրա հասցեին դույզն ինչ չեն պակասում:
Եվ այսպես. սկզբում՝ վաճառականի զավակ ու ինքն էլ՝ վաճառական, հետո՝ նավթարդյունաբերող, բանկիր և, ի վերջո, հասարակական ու ազգային գործիչ – սա էր նրա կյանքի ուղին: Նա կարողանում էր կազմակերպել իր և իրեն շրջապատողների կյանքը: Իզուր չի ասված՝ մարդու կյանքի ընթացքը գծում են նաև նպատակները. մեծ նպատակ՝ մեծ կյանք: Իսկ Մանթաշովի դեպքում նպատակներն անձնասիրության շրջանակներից վաղուց էին դուրս եկել: Բացառիկ էր նրա գործարարական տաղանդը, գումարեք աներևակայելի աշխատունակությունն ու կստանաք փայլուն արդյունք: Նոբել եղբայրների ու Ռոտշիլդի կապիտալները միասին Բաքվում կազմում էին 21 միլիոն ռուբլի, իսկ միայն Մանթաշովինը՝ 30 միլիոնից ավելի: Եվ ամեն նավթային մագնատ չէր կարող բարեկամանալ հանճարեղ քիմիկոս Դմիտրի Մենդելեևի հետ, իսկ նրանց ծանոթացրեց Մանթաշովի՝ նավթային բնագավառը խորապես ուսումնասիրելու ձգտումը: Սա է, որ անհասանելի է նորօրյա մեր օլիգարխներին, ովքեր ապրում են «Ես քեզ, դու ինձ»-ով ու նրանց, անգամ խոշոր բիզնեսը, մնում է «մանրիկ»: Չէ, շահույթ բերում է, բայց ոչ՝ անուն, քանի որ չմտածված ներդրումները միայն անվանարկում են:
Մանթաշով ու Կոմիտաս. այս պատմությունը մեծ բարերարի գուցեև ամենափառավոր էջն է:
19-րդ դարի սկզբում քիչ չէին հարուստ հայերը, բայց միայն մեկը երիտասարդ ու անհայտ Կոմիտասին ռոյալ գնեց ու վճարեց Բեռլինի կոնսերվատորիայում նրա ուսումնառության վարձը: Միայն սա բավական է, որ նրա անունը դառնա սերունդների սեփականությունը: Ի դեպ, եթե չլիներ նրա աշխարհաճանաչումը, ժամանակին չծանոթանար մշակութային Եվրոպայի գանձերի հետ, ո՞վ գիտե, կհասկանա՞ր արդյոք Կոմիտասին: Իսկ գիտության ու մշակույթի գործիչներին նվիրաբերած գումարների մասին գիտենք բոլորս: Նա պարզապես բարօրություն չէր անում. ամեն արարք ուներ հասցեատեր ու նպատակ:
«Նա բոլորին հասանելի էր, իրեն չէր շրջափակում խորհրդավորությամբ և ուրիշ հարուստների նման չէր թաքնվում Եվրոպայի կուրորտներում, երբ կյանքը պահանջում էր նրա ներկայությունն ու օգնությունը հայրենիքում»,- այսպես է գրված նրա մահախոսականում և ասվածին կարելի է միայն ավելացնել. «Բարիք գործող ձեռքերը աղոթող շուրթերից առավել սուրբ են»:
Առատաձեռն էր բարերարը եկեղեցու հանդեպ, ու պատճառը ոչ միայն գիտակցումն էր, որ հայ եկեղեցին ժողովրդի ազգային ինքնապաշտպանության լավագույն զենքն է, այլև այն հանգամանքը, որ նրա արյան մեջ բաբախում էր եկեղեցու սպասավորների և, իհարկե, արքեպիսկոպոս Ֆիլիպոսի հիշողությունը: Տոհմի հիշողությունը, թեկուզ ենթագիտակցության մակարդակում, երբեմն դառնում է որոշիչ կենսագիծ: Դրա համար էլ Ռուսաստանի ու Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում երկու հարյուրից ավելի երիտասարդներ էին կրթություն ստանում: Բարերարությունը, մեկենասությունը նաև որպես հայրենասիրության տեսակ՝ հազվադեպ ենք այս երևույթը դիտարկում: Ափսոս…
Նա օժտված էր անուրանալի տաղանդով՝ կարողանում էր կրկնապատկել ու եռապատկել իր հարստությունը, բայց նաև կարողանում էր կրկնապատկել ու տասնապատկել իր փառքը, իսկ դա արդեն պատմության բաժինն է: Ու եթե նրան հարցնեին՝ «Ինչի՞ վրա ծախսեցիր քեզ բաժին հասած բարեբախտությունը», նա կարող էր ազնվորեն ու արժանապատիվ պատասխանել. «Բարի գործերի համար»:
Հեղինակային թարգմանությունը՝
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ
ՀԱՅԹՄԱԶՅԱՆՑՆԵՐԻ ՏՈՀՄԻՑ / Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ
