Իմաստուն, հեռատես Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը մի քանի հայ պատանիների, այդ թվում և` Մովսես Խորենացուն ուսումնառության ուղարկեցին Ալեքսանդրիա: Նրանք կրթություն ստանալով` պիտի վերադառնային և իրենց գիտելիքներն ի սպաս դնեին հայրենիքին: Ու նրանք վերադարձան (այսօր ոչ բոլորը կվերադառնային…): Վերադարձան, իսկ Սահակ Պարթևն ու Մաշտոցը մահացել էին և Մովսեսի «օտար», հունական իմացությունը ոչ մեկին պետք չէր: Ու նա քառորդ դար, պատկերավոր ասած` «միայն հաց ու ջրով ապրելով» գրեց իր «Պատմություն Հայոցը»:
Դաս առաջին. մեծ գործերն առավել հաճախ այդպես են ստեղծվում` «միայն հաց ու ջրով»…
Այսօր Մովսես Խորենացու մեդալ կա: Հետաքրքիր համամարդկային օրինաչափություն. ամենաբարձր համարում ունեցող շքանշանների ու մեդալների անվանական տերերը իրենց կյանքի օրոք համարյա ոչ մի պարգևի չեն արժանացել: Սա Խորենացու երկրորդ դասն է մեզ: Կա նաև երրորդը: Մեծն Պատմահայրը լավ գիտեր տաղանդի, համառության, աշխատասիրության արժեքը և դրանք արժևորել է խորիմաստ «Ու թեև փոքր ածու ենք» գնահատականով, ինչը ազգային նկարագրի դրույթներից մեկն է դարձել և այսօր ծանրակշիռ մեջբերման կարգավիճակ ստացել: Իսկ այս նախադասությունը գրվելու պահին այն միայն Խորենացու հայտնությունն էր:
Ի՛նչ առաքելություն էր հանձն առել նա` պատմության մոխիրներից փրկել այն ամենը, ինչ մնացել էր հեթանոսական ժառանգությունից: Գրառելով Վահագնի ծնունդը պատկերող ութ տողերը` նա մեզ հասցրեց հեթանոսական այդ շքեղ հիմնի հիշողությունը, որը հայ գրականության առաջին հուշարձան-կոթողն է:
«Այս Հայկը, ասում է, վայելչակազմ էր, թիկնավետ, խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների և դյուցազունների վրա տիրապետելու»:
Այդ «վառվռուն» աչքերով Հայկը… Խելք, կիրք, հայկական աչքերի անսովոր գեղեցկությունն է իր մեջ պարփակում «վառվռուն» բառը, ասես հայկական աչքերի առաջին գրական նկարագրությունն է: Նրանց մասին տեղյակ էր հին աշխարհը: Դեմքի ու աչքերի այդ տեսակն է միջնադարյան հայ մանրանկարչության մեջ: Հայկի մասին պատմությունը մոտավորապես Ք.ծնն. առաջ երրորդ հազարամյակն է, դեռևս հայերի նախացեղերն են, Հայկի հոր` Թորգոմի ալեհեր, թավամազ նախնիները: Դրանք արդեն հիշողության մեջ դրոշմվող ժամանակներն էին, բայց կախարդը դեռ պաշտամունքով չէր զատված ժողովրդից, դեռ ցեղերից վեր չէր բարձրացված: Այդ ամենի սկիզբը կդնի Հայկը: Իսկ առայժմ «հայրենիք» հասկացությունը լող է տալիս մշուշոտ գիտակցության կնքավազանում: Թեև ինչ-որ բան արդեն երևակվում է` տունը, հովիտը, այգին, արտը, վերևից առկայծող աստղը, որդու օրորոցը խրճիթի մեկուսի անկյունում, ոլորանից հայտնվող թշնամին… Թշնամին վառում է մեր ինչքը, գերեվարում ու սպանում մեզ: Դրա համար էլ ես ու իմ բոլոր ազգականները դաշտ ենք գնում նետ ու աղեղով, իսկ գիշերը զենքս գլխավերևումս է: Ահա և ձյունը նստեց լեռներին, մշուշը կլանեց ոլորանը: Հիմա մինչև գարուն թշնամին չի երևա: Կարելի է հանգստանալ: Լուռ է, ուշ աշուն: Լիություն: Մեր մերձակայքը: Հայ-րե-նի-քը:
Թավամազ այրը (արդեն` կիսաթավամազ) մի բուռ հող է վերցնում, համբուրում կենսաբեր հողը` գիտակցելով, որ այդ համբույրը երդում է որ կա: Հողին ամրանալու, արմատ տալու, այլևս` հավերժ անքակտելի միության երդում, որ տալիս է նստակյաց բնակիչը հողին: Նա հայացքով չափում է լեռների բարձրությունը, որոնց գագաթների ձյունը լուսարձակում է, ասես` արտասվում. «Ի՜նչ թանկ գին ես վճարելու քո այս երդման համար ու հայրենի հողին տածած սիրուդ համար, նախահա’յ»: Բռան հողը թափում է գետնին: Հա, այս հողի գինը թանկ է: Բայց որքան թանկ է, այնքան էլ մեծ է սերը նրա հանդեպ… մահու չափ:
Անիրականի աստիճան գեղեցիկ ամպը կախվել-քարացել էր սպիտակ լեռան վրա: Երկինքը անհավատալի խիտ կապույտով է ջնարակված: Հոկտեմբերի վերջին օրերն են: Պատմական գիտակցության նախօրեն է: Ուր որ է` կծնվի Հայկը…
Հեղինակային թարգմանությունը՝ Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ
Տա՛յ Աստուած, որ ծնի, վերածնի ու վերավերածնի Հայկը ամեն հայու մէջ։