ՀԱՅ  ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երբ Րաֆֆին ստեղծեց Մասիսյանի կերպարը «Ոսկի աքաղաղում», ելնում էր այն իրականությունից, որ գործարարի, փող դիզողի նրա հզոր կարողությունը գրոշի արժեք չունի ոչ միայն ազգի, այլև նույնիսկ ազգի ամենափոքր միավորի՝ սեփական ընտանիքի համար: Րաֆֆին ատում է Մասիսյանին, Ճանճուր Իվանիչին («Զահրումար») և նրանց կերպարները կերտելիս հաճույքով գործածում է իր երանգապնակի ամենախիտ գույները: «Կեղծավորությունը, ստախոսությունը, երդումը, հաճոյամտությունը, օտարի բարին հափշտակելը, Ճանճուր Իվանիչը անփույթ խղճմտանքով ներելի է կացուցել իրեն, համոզվելով, թե առանց դրանց ոչ միայն չէր կարելի փող դատել, այլև կյանք վարել կամ ապրել»: Մեր այսօրյա վաճառականները ոչ մի բանով ավելի լավը չեն նրանից: Իսկ թե ինչպես պետք է կարողությունը ծառայեցենել ազգին, նա շատ լավ գիտեր: Իր այս գաղափարը նա արտահայտել է «Վաճառականությունը հայերի մեջ» հոդվածում (1876 թ.): Վաճառականական դասը ազգի այն մասն էր կազմում, որ ամենաբազմազան շահավետ կապերն ուներ աշխարհի տարբեր ազգերի հետ, շատ ավելի բան էր տեսել կյանքում, գիտեր՝ ինչ է կատարվում իր ժողովրդի կյանքից դուրս: Այս իմաստով ցանկության դեպքում կամ, որ ավելի ճիշտ է՝ հեռատես լինելու դեպքում կարող էր լրացնել մտավորականության հնարավորությունները, ազգային գաղափարախոսությունների իրականացնողները լինել: Մասիսյանի և Ճանճուր Իվանիչի կուտակելու անհագ կիրքը իր անփառունակ վախճանն ունեցավ: Մեռավ «ոսկի աքաղաղը»: Նման անփառունակ ավարտի հասավ նաև Իսայ Ակիմիչը Աղասի Այվազյանի «Աղի կոմսից»՝ մեծ փառքերի հասած և բառի իսկական իմաստով «ոսկե կառքով» իր մահկանացուն կնքելով:
Գանք այսօրվա համար իր նշանակությունը ոչ միայն չկորցրած, այլև խելամիտ դիտարկման դեպքում բացառիկ կարևորություն ներկայացնող Րաֆֆու մարգարեությանը՝ մեր վաճառականության, այսօրվա տերմինաբանությամբ՝ գործարարների կամ օլիգարխների մասին: Նրանք պետք է լինեն մեր «ներկայացուցիչները քաղաքական ազգերի առաջ, նոքա պիտի լինեն մտրակող ուժը մեր մյուս, այն է՝ արհեստավոր և մշակ դասակարգի»: Փոքր-ինչ անհասկանալի է Րաֆֆու «քաղաքական ազգեր» արտահայտությունը: Գուցե դա նշանակում է «քաղաքացիական հասարակությո՞ւն» կամ «civil sotiety»: Նաև «մտրակել» ասելով Րաֆֆին ամենևին ի նկատի չուներ այսօրվա մեր օլիգարխներին, որոնք ուղիղ իմաստով են գործածում մտրակը իրենց ժողովրդի արհեստավորական, բանվորական, «համալական» խավերի նկատմամբ: Ամեն օր սրտի անասելի ցավով ենք անցնում սունկի պես բուսնող դղյակների կողքով, որոնց վրա աշխատող ոսկեձեռ բանվորների, արհեստավորների և «համալների» աշխատանքը իրավականորեն ոչ մի ձևով պաշտպանված չէ օլիգարխի մտրակից թե՛ իրական, թե՛ փոխաբերական իմաստներով: Նրանցից ամենազորեղները գոնե եկեղեցիներ են շինում և դրանով «քավում» իրենց մեղքերը, ավելի մանրերը մի խրճիթ էլ չեն սարքում անտունների համար, այլ Ճանճուր Իվանիչի պես այսպես են աղոթում.«Տե՛ր Աստված, քո հոգուն մատաղ: Դու նամարդի մոթաջ չանիս (նամարդը մեր ըմբռնմամբ իր նման մեկն է), իմ առուտուրին խեր ու բարաքաթ տաս (դա էլ այսօրվա ըմբռնմամբ ժողովրդի կաշվից դուրս բերվածն է, օր-օրի թանկացումները), իմ գործերին հաջողություն տաս (իսկ ժողովրդի օր-օրի վատացող գործերը իրենը չեն), ազատե ինձ շառեն (երբ ինքը տեղովը շառ է), հարևանի բախլեմեն (հարևանը իրենից ոչնչով ետ չի մնում), սատանի չարեն (այս պոզավոր-պոչավորը իր սրտակից ընկերն է, իր ձեռքը բռնողը ու ամեն տեղ առաջնորդողը)»: Ինչ վերաբերում է Րաֆֆու այն պատկերացմանը, թե «նրանք մեր ներկայացուցիչներն են «քաղաքական ազգերի» առջև, մենք դրա մասին շատ ավելի աղոտ պատկերացում ունենք, քան Րաֆֆին 19-րդ դարում: Արժե ավելացնել նաև, որ հայ վաճառականները հիմնականում գործ էին ունենում ճորտատիրական Ռուսաստանի հետ (որտեղ միայն վերջերս է իրավաբանորեն վերացել ճորտատիրական կարգը), իսկ Հայաստանում ճորտերը տեր չունեին և ազատ էին քրդերի, թուրքերի, սեփական հարստահարիչների «մտրակից» անվերջ այսուայնկողմ փախչելու և աշխարհով մեկ ցրվելու, ինչպես և այժմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։