Ամեն կասկածից վեր է, որ Րաֆֆու անվերապահ, խորությամբ, մեծությամբ անսահման երկրային սիրո առարկան նախ և առաջ իր ազգն էր, իր երկիրը: Բայց նրա էության մեջ իր խորհրդավոր, սքանչելի անկյունն ուներ սերը կնոջ նկատմամբ: Ոչ միայն գրականության, այլ նաև իրականության մեջ արտացոլված նրա զգացումների մասին վկայող փաստերը քիչ չեն որոշակի պատկերացում կազմելու համար հանճարի հոգու այս գունագեղ գորգ-տարածքի մասին: Հայտնի է նրա առաջին սերը՝ Սառա անունով աղջիկը, որ գուցեև առաջինը չէր, ում հանդեպ զգացած մեղքի զգացումը փորձել է մեղմել համանուն պոեմը գրելով:
Ամուսնությունը ասորի քրիստոնյա քարոզչի աղջկա՝ գեղեցկուհի Աննայի հետ Րաֆֆու արկածախնդրություններից թերևս ամենառոմանտիկն է: Աղջկան մի անգամ էր տեսել Ուրմիայի դպրոցի ավարտական հանդեսում, լսել էր նրա երգը և որոշել, որ նա է լինելու իր կինը: Աննայի նշանածը քիչ է մնում մի մեծ քարով սպանի ուրախությունից ոտքերը գետնից կտրված, իր ճամփով գնացող Րաֆֆուն: Աննան Մելիք-Հակոբյանների նշանավոր տուն ոտք էր դրել որպես մի իշխանուհի, բայց հետագայում ստիպված էր կրել գերդաստանին հասած բոլոր դառնությունները, նաև երեք զավակներից մեկի՝ Եսթերի կորուստը:
Րաֆֆին թիֆլիսյան գրեթե ամբողջ կյանքն անցկացրեց միայնակ: Մահվանից մեկ տարի առաջ՝ 1887-ին, վերջապես հաջողվել էր ընտանիքը տեղափոխել Թիֆլիս, բայց այդ շրջանում Աննայի մասին քիչ տեղեկություններ կան: Մեկը նույնիսկ ասում է, թե նրան գրեթե ոչ ոք չէր տեսել ոչ միայն հասարակության մեջ, այլև տանը: Զարմանալի է այն հոգևոր բուռն մակընթացությունը, որ տեսնում ենք Աննայի մեջ ամուսնու մահվանից հետո: Նա իր ճաշակով (սխալներ թույլ տալուց ամենևին չվախենալով) կազմում և հրատարակում էր Րաֆֆու գործերը: Ամբողջ կյանքը գավառում անցկացրած այս կինը համարձակություն ունեցավ Րաֆֆու անտիկ իրերի հավաքածոյի, նրա ձեռագրերի և որդիների հետ տեղափոխվել Անգլիա…
Ըստ Շիրվանզադեի վկայությունների, Րաֆֆին Թիֆլիսում որևէ սիրային արկած չի ունեցել: Նա համարում է, որ Րաֆֆին «կանանց հոգեբանորեն չէ ուսումնասիրել՝ դրանով պետք է բացատրել այն գեղարվեստական աններելի սխալները նրա վեպերի մեջ, երբ նա կնոջ և տղամարդի սեր է ներկայացնում»: Այստեղ Րաֆֆին ինքը կվիճեր Շիրվանզադեի հետ, վկայակոչելով տղամարդու և կնոջ այն անզուգական սերերը, որ կան իր քերթվածներում: Սալբիի և Ռուստամի սերն անգամ, որ անկասկած կրում է ռուս հեղափոխական դեմոկրատ գրողների կնիքը, յուրահատուկ է: Սալբին, ինչպես և տիկին Սալլաթինը, իրենց վարքագծի անսպասելի կտրուկ շրջադարձներով հեղափոխականներ են կնոջ ազատագրության ասպարեզում: Րաֆֆու հերոսուհիները հիմնականում մարտնչում են իրենց սիրո համար՝ Սալբի, Մարո, Մարիամ-Սյուրի, Զուբեիդա, Սառա («Դավիթ Բեկից»): Նույնիսկ տխրահռչակ Տեր Թոդիկի դաժանություններին անմռունչ ենթարկվող նրա հեզիկ դուստրը՝ Սոնան, հասավ իր կանացի երջանկությանը: Ի դեպ, հենց այս աղջկան էր, որ Ֆարհատը միանգամայն մերկ տեսավ գետում լողանալիս: Այս և էլի մի քանի էրոտիկ պատկերներ հաստատում են Շիրվանզադեի վկայությունը, թե «նրա ձգտումները ավելի զգայասիրական էին, քան հոգեսիրական»: Շիրվանզադեն նաև ակնարկում է, թե Րաֆֆու թշնամիները «այդ ժուժկալ մարդուն վերագրում էին այնպիսի ախտեր, որոնց մասին ակնարկելն անգամ ամոթալի է»: Բայց որևէ տեղ գրավոր որևէ ակնարկ չի հանդիպում Րաֆֆու սեռական «ամոթալի» հակումների մասին: Ճիշտ հակառակը՝ նրա մանկահասակ հարևանուհու, կապուտաչ գեղեցկուհի Ռոզայի մասին Հ. Տեր-Ղուկասյանի հիշողությունը հաստատումն է Րաֆֆու վարած անբասիր, անապական, պարկեշտ կյանքի: Երբ Ռոզան թեյ մատուցելու պատրվակով այցելում էր նրան, մի քանի բառ փոխանակում նրա հետ, քնքշորեն սեթևեթում, Րաֆֆին իր մի քանի սիրազեղ խոսքերը չէր քաշվում արտաբերել ուրիշների ներկայությամբ, հաստատելով, որ իրենց հարաբերությունների մեջ թաքուն բան չկա: Մի վկայություն էլ ասում է, որ Րաֆֆին մի անգամ իր հարկաբաժինը բարձրացավ շփոթված, որից հետո անմիջապես հայտնվեց Ռոզան՝ իր հետ բերելով Րաֆֆու ակնոցն ու գլխարկը: Սրան հաջորդեց հարբեցող ամուսնու գոռոցը վարի հարկից՝ «Ռոզա՜»…