ՕՊԵՐԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ
ԵՐԲ «ԳԵՂԵՑԻԿ ՉԷ» ԵՎ «ՕՐԻՆԱԿԱՆ ԷԼ ՉԷ»

Յոթ տարի առաջ, երբ մի խումբ ոչ անտարբեր քաղաքացիներով պայքարում էինք Մարգարյան ծննդատան դիմացի ծառերը կտրելու և դրանց տեղը բուտիկներ կառուցելու դեմ, ոստիկանների ու կարմիր բերետավորների եռամսյա ծաղրից ու բռնություններից հետո, մի օր իր ոտքով, իր ողջ փայլով տարածք (այդուհետ՝ Մաշտոցի պուրակ) ժամանեց ինքը՝ հանրապետության այն ժամանակվա (ոչ լեգիտիմ) նախագահը և ապամոնտաժման հրաման տվեց այն ժամանակվա (լեգիտի՞մ) քաղաքագլխին՝ արտասանելով պատմական դարձած իր «գեղեցիկ չի» բառերը:
Իսկ երբ Օպերայի և բալետի թատրոնի շրջակայքն էր բռնաբարվում տասնյակ սրճարաններով, դեռ չունեինք պայքարողների խումբ, ուստիև այն ժամանակ չհնչեց երկրում միակ որոշում ընդունողի «գեղեցիկ չի» վճռաբեկ խոսքը: Եվ ունեցանք երևանյան աղճատված, անդիմագիծ, կանաչազուրկ կենտրոնի այսօրվա տխուր պատկերը, քաղաքի անապատացումը, երբ Կարապի լճի մոտ օձ է հայտնվում… Միմիայն իրենց գերակա շահի մասին մտածող, մշակույթից ու ազգային արժեքներից հեռու, խորովածաքյաբաբային հոգեբանությամբ ղեկավարները կարող էին այդպես պղծել երկրի մայրաքաղաքը, նրա ազգային միջավայրը՝ տարիներ շարունակ «վերևներից» օրինակ բերելով, որ իբր ամբողջ աշխարհում էլ ընդունված է նման հաստատությունների ներսուդրսում ունենալ սնվելու ու զվարճանքի վայրեր: Ասողներն իրենք եղել են կա՛մ անգրագետներ, կա՛մ դիտավորյալ իրականությունը խեղաթյուրողներ, քանզի իրականում քաղաքակիրթ աշխարհում ռեստորաններն ու փաբերը հատուկ օրենքով կառուցվում են բնակելի գոտուց ու հանրային այգիներից դուրս… Հեռու չգնանք. Եվրոպայի վերջին բռնապետ հորջորջվող Լուկաշենկոն Մինսկի օպերային թատրոնի շրջակա մի քանի հեկտարը կանաչ է թողել՝ փոխանակ ՀՀ նախկին իշխանությունների պես մտածեր «տուրիզմի զարգացման» ու «աշխատատեղեր ստեղծելու» մասին…
Քանի՛-քանի՛ անգամ մեր օպերայի և բալետի թատրոնի ներկայացումների ընդմիջումից դուրս գալով՝ ականջս «խարտել են» դիմացի ռեստորանից եկող կլկլոցները, իսկ ներկայացումից հետո դրանց մոտով անցնելիս հերթական տհաճությունն եմ ապրել՝ ի տես շարված ձմերուկների, առնելով օդում տարածված ճենճահոտը…
Ու հիմա եկավ պատասխան տալու ժամանակը, սրճարանների շարքային աշխատողների մի մասը սուսուփուս աշխատանք գտավ այլ տեղերում…. ու խառնվեցին իրար, բայց ովքե՞ր: Գործազուրկ մնալու մասին պատվերով աղաղակողների ու փողոց փակողների դիմակն արագ պատռվեց, երբ նրանց շարքերում սկսեցին երևալ նախորդ իշխանությունների կամակատար տխրահռչակ սադրիչներ, «Ռոբերտ վարչապետ» ճղճղացողներ, երբ պարզվեց, թե ի՛նչ հակաօրինական ճանապարհներով են կազմակերպել այդ տարածքներում շինարարությունն ու բիզնեսը, թե իրականում քանի՛ տոկոսով են հարկային դաշտում գտնվում քաղաքի այդ յուղոտ հատվածում գործ անողները…
Անկախ «գեղեցիկ չէ»-ից՝ հանրային տարածքի չափազանց էժան ձեռքբերումով գերշահույթ ստանալն ու տասնյակ աշխատավայրերում մոտ 20 գրանցված աշխատող ունենալն օրենքի կոպտագույն խախտում է, միայն որի համար արժի, որ ողջ Օպերայի տարածքը լիովին մաքրվի անօրինական օբյեկտներից:
Բայց ինչպես մասնագիտական գնահատական է տվել իմ լավ ընկեր, ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը. «էս օպերայի կաֆեների հետ կապված իրարանցումն ընդամենը մի փոքր դրվագ է էդ վիճակի մասին… տարիներ շարունակ քաղաքաշինության ամենաթողության պայմաններում մարդկանց սովորեցրել են բառդակի մեջ յոլա գնալու հեշտասիրական, ազիատ ձևերին… արժեհամակարգից կտրված ու սոցիալական ծանր պայմաններում շատերը դարձել են լֆիկի չարչիներ… էությամբ ստրկացած, քսմսվող, լաչառ ու նյութապաշտ… նախկին իշխանությունների թողած ժառանգությունն է… էս վիճակում ակամա հայտնված ժողովրդի հետ առնչվելիս ամուր ներվեր ու թավշյա վերաբերմունք է պետք… բայց նրանց էդ օրը գցողները ամենախիստ պատիժը պետք է կրեն… այլապես էս նույն չարչիներից անընդհատ կծլեն նոր օլիգարխներ… որոնց կենսագոյացման պայմանը էլի նոր չարչիներ բուծելն է լինելու»:

 

Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ

Այդ սրճարանները ժամանակին կառուցվեցին հակառակ երևանցիների ուժեղ դիմադրության՝ արհամարհելով հազարավոր քաղաքացիների բողոքի ձայնը: Օպերայի շենքը հայ բազմադարյա ճարտարապետության մարգարիտներից է և արտահայտում է այդ ճարտարապետության լավագույն ավանդույթները՝ պարզության մեջ վսեմությունն ու համաչափությունը, զարդաքանդակային նրբագեղությունը, և ինքնին արվեստի ստեղծագործություն է, որի ամբողջ գեղեցկությունը երևում է տարածության վրա: Այն այդպես սրճարանախեղդ անելը բացարձակապես անհարիր էր քաղաքի գլխավոր հատակագծի թամանյանական նախագծին և խախտում էր ճարտարապետական, քաղաքաշինական, բնապահպանական, գեղագիտական և բարոյական բոլոր նորմերը:
Կասկած չկա, որ այն պետք է ազատագրվի սրճարանների խեղդող օղակից. դա հասարակական պահանջ է, և միայն գովելի է, որ քաղաքապետը ականջալուր եղավ այդ պահանջին:
Վստահաբար դրանց տերերը այս տարիների ընթացքում հազարապատիկ հանել են իրենց ծախսերը, իսկ բողոքող աշխատողները, որոնց մեծ մասը գրանցված չէին, հաստատ կկարողանան նման աշխատանք գտնել՝ ավելի օրինական պայմաններով:
Հուսով ենք, որ նման սկզբունքային մոտեցում կցուցաբերվի նաև Երևանի դեմքը խաթարող այլ անօրինական շինությունների ու երևույթների հանդեպ: Միայն այս կերպ կարող է վստահություն ձևավորվել, որ մենք ապրում ենք օրինական, զարգացող և քաղաքակիրթ երկրին վայել մթնոլորտում:

Անահիտ ԱՐՓԵՆ

ՆՈՐ ՏԵՐԵՐ, ՆՈՐ ԶԱՎԹՈՒՄՆԵ՞Ր

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման անհրաժեշտությունը ևս մեկ ապացույց ու պահանջ է անցումային արդարադատության իրականացման ու թալանվածի վերադարձի: Որովհետև եթե ինչ-որ բան, սխալ համարելով, քանդում են, և այդ սխալները միլիոնների վնաս են տվել պետությանը, ուրեմն՝ պետք է նաև պատժել մեղավորներին:
Որ սրճարանները խճողել են տարածքը, փաստ է: Սակայն ո՞րն է սրճարանները քանդելու հիմնական նպատակը… Արդյո՞ք անձնական գրպանի ու շահի առաջ մղման գործընթաց չկա: Արդյո՞ք փոխարենը վերականգնվելու են հաստաբուն ծառերը կամ սրճարանների տեղը զբոսայգի ու պուրակ է կառուցվելու: Այս գործում ի՞նչ տեղ ունի մշակութայինը:
Երբ այդ սրճարանները նոր-նոր էին սկսում սարքել, մոնտաժվող մետաղի ձայնը խլացնում էր մեր բողոքի ձայնը ու մեզ օրեցօր ընտելացնում նոր իմիջին՝ կանաչի ու մեր տարածքների կորուստներով հանդերձ: Հետո էլ այդ նոր պարտադրվածը սովորական դարձավ: Այլևս անհրաժեշտ է, որ մեկի թույլ տված անօրինականությունները չփոխարինվեն նոր կամայականություններով:

ՆԱՆԵ

ՀԱԿԱՍԱԿԱՆ

Ամեն բան կարծես ճիշտ է. դա այն էր, ինչ տարիներ փայփայվող մեր երազներում իր տեղն ուներ՝ հանրային, ժողո­վրդին պատկանող տարածքներում ապօրինաբար իրենց հեքիաթային հարստություններն ավելի հեքիաթային դարձնողներից ետ վերցնել «գողոնը», և առայժմ գեթ մի փոքրը՝ Օպերայի բակը: Դժվար, դանդաղ քայլերով, բայց ինչ-ինչ շտկումներ քիչ առ քիչ կյանք են դառնում, ու ավելի շատը և միանգամից ցանկացողներս, ամեն դեպքում, չենք կարող հրճվանք չապրել:
Բայց… ինչո՞ւ էր գործընթացի պատկերը՝ քանդվող շինությունների շուրջ հավաքվածների բախում-քաշքշոցն այդքան ճնշող:
Դե, հասկանալի է, որովհետև հասարակ, աշխատանքն ու գոյության միջոցները կորցնող մարդն էր ու ոստիկանը… դեմ առ դեմ: Ու չի ստացվում զուգահեռներ չտանել արդեն ապրածի այլ տեսարաններից: Էլ չասած, որ դեպքը մարտի 1-ի ցավոտ վերհուշից և հուշաքայլից մի քանի օր անց էր, և հենց նույն տեղում: Մտքերս ու հույզերս հակասական են՝ վերականգնվող արդարության պատճառած ուրախությունն ու… կրկին հին, ծանոթ ու բարկության փոթորիկներ առաջացնող տեսարանից բողոքը՝ համատեղ:
Իսկ պատճառը մեկն է՝ ճիշտ գործին ճիշտ ընթացքն է վայել: Առանց պահի հոգեբանական նրբությունները հաշվի առնելու և ըստ դրանց ցանկացած գործելակերպ առաջ տանելու, բարդություններից չես խուսափի: Իսկ դրանցից ամենածանրը ժողովրդի հիասթափությունն է, որը ոչ մի կերպ թույլ տալ չի կարելի: Չէ՞ որ կարելի էր սրճարաններում աշխատողների աշխատատեղերի ցուցակներ կազմել, որից նրանք մեկ-երկու ամիս առաջ իրենց հարմար տարբերակներ կարող էին ընտրել: Իսկ եթե դա դեռևս անհնարին է, կարելի էր այս գործընթացը հետաձգել, մինչև դա հնարավոր դառնար: Եվ այլն… և այլն…
Այո՛, ճիշտ գործին ճիշտ ընթացք է վայել, բայց ինչպե՞ս, երբ փոխվել են միայն հրահանգներն ու հրահանգողները, իսկ կատարողները նույնն են. նույնն է ոստիկանը, որքան էլ հավաստիացումներ հնչեցվեն, թե այսուհետև նրանք մեր «բարեկամներն են». նրանք դեռևս որակափոխության չեն ենթարկվել, այդ ուղղությամբ՝ ի ցույց կոչերից բացի, այլ բան չի արվել, նույնն են իշխանական կառույցներում անհիշելի ժամանակներից լավ «բնավորված» և իրենց տեղերում կրկին ամրացած, բայց հոգով մաղձոտ ու թալան երազող երդվյալ ՀՀԿ-ականները, որոնք վստահաբար իրենց ծպտյալ հրահանգողներն ունեն և ամեն բան անելու են դեռ շատ ջրեր պղտորելու համար:
Եվ… հիասթափվելու են հեղափոխություն իրականացնողները: Այնպես որ, ինչ-որ բան այն չէ և ինչ-որ բան շատ շտապ իր լուծումն է պահանջում:

Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔԱՅԼՆ ԱՐՎԱԾ Է, ԼԱՎ Է…
Ինչ-ինչ, բայց ես երբեք չէի երևակայի, որ Ազատության հրապարակում կտեսնեմ ոստիկանների ուղեկցությամբ ու զրահամեքենայի խրոխտությամբ ամբոխը ճեղքող տրակտոր և նրա անիվների տակ պառկող «հացի խնդիրը», ինչը, թերևս, անհայրենիք մարդու՝ անօրինությունից կառչելու վերջին հույսի տհաճ բեմականացում էր: Անշուշտ, այս տեսարանն ավելի կատարյալ կլիներ, եթե մեկը թռչեր տրակտորի վրա ու բոցաշունչ ելույթ ունենար, բայց նման բան չեղավ, և լավ է, որ չեղավ, չէ՞ որ մի բուռ Հայաստանում արդեն բոլորն էլ գիտեն՝ ով ով է, ով ինչ է արել և ուզածն ինչ է: Ամենքի համար պարզից էլ պարզ է, թե ազգային մշակութային դաշտն ովքեր և ինչպես են խեղաձևել, ապականել, ամայացրել, դարձրել գրպանում ծլնգացող գրոշ: Ուստի միանգամից ասեմ. ես ողջունում եմ քաղաքապետարանի որոշումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքից սրճարանների ապամոնտաժման ու դուրս հանման կապակցությամբ, որպեսզի քաղաքին վերադարձվի նրա հիշողությունը, հայրենական մշակույթով սրբագրված միայն Երևանին հատուկ ավանդական տեսքը, նրա կենսական կանաչ միջավայրը: Էական է ու խորհրդանշական, որ քաղաքի հոգևոր առողջացումը վճռականորեն սկսվում է հենց հայոց մշակութային տաճարի տարածքից: Երկու կարծիք լինել չի կարող. ազգային շահը հետապնդող պետությունը ոչ մեկի դուդուկի տակ չպիտի պարի, հետևաբար նրա որոշումն ի կատար ածվող հրաման է յուրաքանչյուրիս համար: Ուրեմն՝ քայլն արված է, շարժվենք առաջ, որ Երևանը նորից ստանա Թամանյանի, Չարենցի երազած արևային քաղաքի հմայքը՝ որպես ազնվագույն մշակույթի արարման գրավական:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.