ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը թանգարանին նվիրեց իր «Աբու-Լալա Մահարի» մեծակտավ աշխատանքը: Ավ. Իսահակյանի ստեղծագործությունները հաճախ են ներշնչանքի աղբյուր եղել հայ և օտար արվեստագետների համար, իսկ նրա գլուխգործոցը` «Աբու Լալա Մահարի» պոեմը, առավել ևս: Վարպետի տանը մտերմիկ մթնոլորտում կազմակերպված հանդիպմանը ներկա էին նկարիչը տիկնոջ հետ, ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, գրականագետ Ավիկ Իսահակյանը, բազմաթիվ հյուրեր: Բացման խոսքով ներկաներին ողջունեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը: Խոսելով նկարչի ավանդի մասին հայ գեղանկարչության մեջ` նա նշեց, որ սա նկարչի` թանգարանին նվիրած երկրորդ աշխատանքն է, առաջինը` «Անին» կտավը, նվիրվել է նկարչի կողմից դեռևս 1965 թվականին: Ռաֆայել Աթոյանի մասին ջերմ խոսքեր ասացին Ավիկ Իսահակյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, իսկ ինքը` Ռ. Աթոյանը, հուզմունքով հիշեց, որ լինելով գյումրեցի` երջանկություն է ունեցել տեսնելու ու լսելու Վարպետին: Նա հատկապես շեշտեց, որ Իսահակյանի հանճարեղ երկը միշտ էլ ոգևորել է իրեն և իր ստեղծագործական մտորումները ցանկացել է հանձնել կտավին: Եվ հեռավոր Ֆրեզնո քաղաքում, որտեղ 1991 թվականից բնակվում է նկարիչը, ի վերջո, կյանքի է կոչել իր երազանքը: Ուրախ է, որ այն նվիրում է Վարպետի տուն-թանգարանին՝ այսօր մայրաքաղաքի լավագույն մշակութային օջախներից մեկին, որտեղ պահպանվում են Վարպետի կյանքն ու գործունեությունը լուսաբանող արժեքավոր ցուցանմուշներ:
Կտավը կցուցադրվի թանգարանում, և այցելուները այն դիտելու հնարավորություն կունենան:
Անժելա ԽՈՐԵՆՅԱՆ
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի գլխ. ֆոնդապահ