Շեքսպիրի թատրոնը «Համլետը» կներկայացնի աշխարհին և Հարրի Փոթերի հեղինակի անհաջող դետեկտիվ վեպը

Շեքսպիրի թատրոնը «Համլետը» կներկայացնի աշխարհին

Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի պատվին Լոնդոնի «Գլոբուս» թատրոնը երկու տարով մեկնում է հյուրախաղերի «Համլետ» ներկայացումով: Հյուրախաղային այս աննախադեպ մարաթոնում «Գլոբուսը» մտադիր է այցելել աշխարհի բոլոր պետություններն ու ելույթ ունենալ թատրոններում, լողափերին, ջունգլիներում ու դղյակներում: Նպատակն ու խնդիրը 205 երկրում ներկայացում տալն է: Համաշխարհային հյուրախաղերի մեկնարկը կտրվի 2014 թ. ապրիլի 23-ին՝ «Գլոբուսում», իսկ կավարտվի 2016-ին, դանիական Հելսինգեր (Էլսինոր) քաղաքում:
Պիեսի ընտրությունը թատրոնի գեղարվեստական ղեկավար Դոմինիկ Դրոմգուլը բացատրում է նրա հանրաճանաչությամբ` «Համլետի» մասին գիտեն բոլորը: Պիեսի ընտրությանը հավանություն է տվել Պիտեր Բրուկը, նշելով, որ անգլերենում ամենապարզ բառերը` «to be or not to be», «Համլետից» են ու դժվար թե մոլորակի վրա գտնվի մի վայր, որտեղ այդ նախադասությունը թարգմանված չէ:

Հարրի Փոթերի հեղինակի անհաջող դետեկտիվ վեպը

Բրիտանական Orion Publishing հրատարակչության ղեկավար Քեյթ Միլլզը խոստովանել է, որ հրաժարվել է հրատարակել Ջոան Ռոուլինգի դետեկտիվ վեպը Ռոբերտ Գելբրեյթ ծածկանվամբ: Միլլզն ասել է, թե չի բացառում, որ չիմանալով իսկական հեղինակին, ուրիշ հրատարակչություններ ևս կհրաժարվեն: «Վեպն ինձ թվաց լավ գրված, բայց մի տեսակ հանդարտ… ոչնչով ինձ չտպավորեց»,- ասել է Միլլզը:
Որ այս տարվա ապրիլին լույս տեսած «The Cuckoo’s Calling»-ի («Կկվի կանչը») հեղինակը Ջոան Ռոուլինգն է, հայտնի դարձավ արդեն հունիսի 14-ին: Մինչ այդ տեղյակները երկուսն էին` հեղինակն ու նրա հրատարակիչ Դևիդ Շելլին: Լեգենդի համաձայն` Գելբրեյթը նախկին զինվորական է և թոշակի անցնելուց հետո աշխատում է մասնավոր պահակային կառույցներում: Սակայն լրագրողներն ստիպեցին հանրաճանաչ գրողին բացել գաղտնիքը, իսկ փորձագետները դրեցին «վերջակետը»` ապացուցելով «Կկվի կանչի» և Հարրի Փոթերի մասին վերջին գրքի ավելի քան ուժեղ նմանությունը:
Ռոուլինգի խոստովանությունից առաջ վաճառվել էր «Կկվի կանչի» 1500 օրինակ: Հունիսի 14-ին, կեսօրից հետո, այն արդեն գլխավորել էր Amazon-ի վաճառքի վարկանիշային աղյուսակը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։