Վահան ՍԵՎԱՆ

ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Օտար երկիր և քաղաքներ, օտար վայր,
Ուր զգում եմ ինձ մոլորված ու շվար:

Օտար դաշտեր, օտար գետեր, օտար ծով-
Փխրուն սիրտս լցնում են ծով կսկիծով:

Օտար խոսքեր, կանայք` օտար և անշուք-
Չկա սիրո հարազատ շունչ ու շշուկ:

Ուրվական եմ քաղաքներում այս շքեղ-
Որոնում ու ինձ չեմ գտնում ոչ մի տեղ:

Չկամ, չկամ ես այսուհետ և հիմա,
Ափսոս ոչ ոք իմ ցավը չի իմանա:

Տարաշխարհիկ մի էակ եմ թափառող-
Օտար երկիր, օտար վայրեր, օտար հող…

ՏԱՐԵԿԻՑՆԵՐԻՍ
Երկար ապրեցինք` լավ բան չտեսանք,
Մեզ չմոտեցավ երջանկությունը-
Ամեն-ամեն ինչ հոսեց երեսանց,
Եվ տակը մնաց նույն ճահճահունը:

Նույն չարը մնաց, նույն ծանր ձեռը,
Նույն տաքն ու պաղը և նույն ձմեռը:
Նույն դերասանը, նույն բեմն ու դերը,
Իշխանությունը` մեր գլխի տերը:

Ամեն ինչ եղավ, մենք չեղանք մերը,
Իր մութ քարայրից չելավ Մհերը,
Ցորեն հատիկը չդարձավ մասուր,
Մնաց տագնապը և նույն ցավը սուր,
Ինչպես եղել է դարերում նախորդ
Օտարները մեր ցավին անհաղորդ
Չափում-ձևում են մեր կալատեղը,
Հատիկը` զատում, թողնում՝ մղեղը:

Ստացվում է, որ մենք չենք մեր տերը,
Քարայրից չելավ խաբված Մհերը,
Ցորեն հատիկը չդարձավ մասուր,
Եվ հարց ենք տալիս.- ո՞ւր ենք գնում, ո՞ւր,
Օտարին անտես մեր տեսլականով,
Ու չենք հավատում թեկուզ այնքանով,
Որ վստահ ասենք սեփական ազգին.-
Հավատա լոկ քո ուժին ու բազկին:

ԱՊՐՈՒՄ ԵՄ ԴԵՌ
Դեռ հակված եմ հին ու բարի օրերին`
Փախած հեռու տենչից ոսկու ու նյութի,
Եվ ապրածս ամեն մի օրն ու տարին
Չեն շուլալվում մութի մեջ ու ձանձրույթի:

Գիշեր ու տիվ երազներ եմ օրորում
Եվ արթնանում արևի մեջ ու լույսի,
Մեր այս գորշ ու միապաղաղ օրերում
Ապրում եմ իմ մենությամբ ու մեկուսի:

Ապրում եմ դեռ ժամանակից, նյութից դուրս`
Պատսպարված հիշողության վանդակում,
Եվ անց կացող տարիները իմ անհույզ
Դեմքիս վրա կնճիռներ չեն քանդակում:

Ծերանում եմ իմ մենության զնդանում,
Բայց չեմ տրվում նրա ճերմակ քմայքին,
Տարիներն ինձ կարծես ձմեռ չեն տանում,
Գարնանային հանդերձներ կան իմ հագին:

ԵՐԿԲԵՎԵՌ
Հաճույք չկա ո՛չ տոներից, ո՛չ պասից,
Զի նեղվում ենք արդարության պակասից:

Հավատ չկա վերևներում ու ցածում,
Հավատի տեղ կեղծ ժպիտ ենք գործածում:

Երազ չկա: Այսօրվա մեջ ապագան
Երևում է ճահճացած ու ապական:

Աստված չկա, էլի դրամն ենք պաշտում
Ու դրա հետ ոչ մեկս դեռ չենք հաշտվում:

Պղծվել են սրբությունները բոլոր,
Ուստի մարդիկ շրջում են լուռ ու մոլոր:

Հրաշք չկա, չի լինելու, չկա դեռ,
Քանզի կյանքը միշտ լինում է երկբևեռ:

***
Երկար, երկար այրվելով,
Խավարի դեմ լարվելով`
Ջանում եմ, ջանում,
Սակայն` ցրիվ ապրելով,
Լույսի սիրուց արբելով`
Չեմ ամբողջանում:

Ցաք ու ցրիվ եմ եղել
Եվ ինձ էլ շատ եմ նեղել,
Որ չկարծրանամ,
Ուրիշների մեղքերից,
Չորությունից, ճեղքերից
Պոկվեմ, բարձրանամ:

Տե՛ր իմ, ուժ ու հույսեր տուր,
Որ ինձ փնտրեմ ամենուր
Խև ասպետի պես,
Թե չէ ծանր իմ բեռից,
Ուրիշների չար ձեռից
Ծնկի կգամ ես:

***
Հազար տարի արև կերած,
Որձաքարի հոտը ռունգերիս մեջ,
Համը` շուրթերիս վրա,
Շրջում եմ Հայաստանով:

Իմ երկիրն է-
Նրան հոտով ու համով գիտեմ,
Ոչ թե քարտեզով:

Բացեք սահմանները,
Որ փակ աչքերով գնամ
Ու գտնեմ հայրենիքս` իրական,
Աստվածատուր…

ՉՍՈՎՈՐԵՑԻ…
Հասկացել եմ, որ
Լավ կյանք փնտրել չսովորեցի,
Մենակությանը մնացի սովոր,
Ընկերներ ընտրել չսովորեցի:

Ունեցածներս տարան աջ ու ձախ,
Ինձ համար ոչինչ չպահանջեցի
Եվ ինչ-որ մեկին տեղ տալով` հաճախ
Ինքս իմ տեղից հետ նահանջեցի:

Ապրեցի այսպես-
Մենակությանը միշտ եղա ընտել,
Եվ բոլոր-բոլոր կորցրածներս
Արդ ստիպված եմ ուրիշ տեղ փնտրել…

***
Խելագարվելուց մի քայլ եմ հեռու
Եվ վախենում եմ այդ քայլը անել,
Զի տառապում եմ մտքից սևեռուն,
Իբր թե դեմս անդունդ է անել:

Դեմս անդունդ է և խավար, խավար…
Մի ոտքս արդեն կախել եմ օդում,
Ուր որ է պիտի ընկնեմ գլխիվայր,
Բայց քայլն այդ անել չեմ կարողանում:

Սիրտս սեղմում է սարսուռը վախի,
Հասկանում եմ, որ դեռ խելագար չեմ,
Բայց և անդունդի կանչող երախից
Արդեն ոչ մի կերպ չեմ կարող փախչել…

Խելագարվելուս մնում է շատ քիչ,
Բայց վերջին քայլը չեմ ուզում անել,
Քանզի գիտեմ, որ մութ խորխորատից
Ինձ ոչ ոք, ոչ ոք չի կարող հանել:

***
Ժամանակի հետ, ժամանակից ներս
Ոմանք գալիս են և ոմանք` գնում,
Եվ, վերջիվերջո, պարզ է լույսի պես,
Ապրողներին է աշխարհը մնում:

Ապրողներինն է խինդ, թախիծ ու ցավ,
Ապրողներինն է լույսը զվարթուն,
Ափսո՜ս, մի բանում Աստված զլացավ-
Անմահությունը չտվեց մարդուն:

Ամեն ինչ դրեց ժամանակի մեջ,
Ամեն ինչ չափեց իր սանդղակով,
Որպեսզի մի օր մարդկությունը խեղճ
Փորձ չանի անցնել ասեղի ծակով…

Ոմանք գալիս են և ոմանք գնում`
Իրար բոթելով և իրարամերժ,
Մահկանացուի կարգավիճակում
Ողջ մարդկությունը կմնա հավերժ:

ԼԵՌՆԵՐՆ ՈՒ ԵՍ
Լեռներն իմ մեջ, ես` լեռների –
Ծանր նստել ենք ուսին միմյանց,
Եվ զգում եմ, որ տարեցտարի
Ապականվում է շունչը նրանց:

Եվ նրանց ցավն է սիրտս կիզում,
Երբ որ տեսնում եմ ես մոտիկից,
Թե ոնց են ոմանք ոսկի դիզում
Նրանց դուրս թափված փորոտիքից:

Ծծում են նրանց հյութերը ողջ`
Չվախենալով և անպատիժ,
Ու մեկ էլ տեսար` լանջերն ամբողջ
Վերածվել են չոր անապատի:

Լեռն էլ է չոքում ուղտերի պես,
Ծառի պես ընկնում` հառաչելով…
Ա՜խ, սրա վերջը չգիտեմ ես,
Չգիտեմ էլ, թե ո՞վ գիտի, ո՞վ…

***
Հիմա, շատ հաճախ,
անցյալիս հետ են մտորումներս,
Ուր դեռ ծխում է հիշողությունը` մառախուղ որպես,
Ուր սավառնում է երազներիս չուն` ամպերի եզրով,
Ու դեռ փչում են սարերից իջած քամիները զով:

Ու ես հիշում եմ որբ մանկությունս`
չոր հացի կարոտ,
Թափառումներս` սար ու ձորերում,
կիրճերում քարոտ
Ու ինձ գտնում եմ առավոտվա մեջ` արևոտ ու ջինջ,
Լոկ ես եմ` մենակ ու տիեզերքը- էլ ուրիշ ոչինչ:

Սավառնում էի իմ երազներով ամպերից էլ վեր,
Ուր չկար ոչինչ կապույտից բացի, ու չկար ստվեր,
Եվ կապույտի մեջ զգում էի ինձ այնքան ապահով,
Որքան աստղերը` իրենց շողշողուն լուսեղեն գահով:

Ո՛չ, աստղ չէի, այլ սովորական մի անտեր մանուկ՝
Անտեր թողնված, միշտ ոտաբոբիկ, նաև սովալլուկ-
Ամեն առավոտ ելնում էր տնից` աչքերում արցունք,
Եվ վազ էր տալիս լուրթ վերևներում
բարձունքից բարձունք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.