Բոլոր մաթեմատիկոսները, որոնց հետ ինձ վիճակվել է հանդիպել դպրոցում ու դպրոցից հետո, թափթփված, թուլակամ ու բավական հանճարեղ մարդիկ էին: Այնպես որ, պնդումը, թե Պյութագորասի շալվարի փողքերը հավասարակողմ են եղել, հազիվ թե բացարձակ ճիշտ լինի:
Գուցե Պյութագորասի շալվարը հենց այդպիսին էլ եղել է, բայց հետնորդները երևի դա մոռացել ու այնքան էլ ուշադրություն չէին դարձնում իրենց արտաքինին:
Բայց և այնպես, մի մաթեմատիկոս կար մեր դպրոցում, որ առանձնանում էր մնացած բոլորից: Նրան դժվար էր թուլակամ համարել, առավել ևս՝ թափթփված: Չգիտեմ՝ հանճարե՞ղ էր արդյոք. հիմա դժվար է պարզել: Կարծում եմ՝ ավելի շուտ՝ հանճարեղ էր:
Խառլամպի Դիոգենովիչ էր անունը: Պյութագորասի պես, նա էլ ծնունդով հույն էր: Մեր դասարանում հայտնվեց նոր ուսումնական տարվա սկզբին: Մինչ այդ նրա մասին չէինք լսել ու նույնիսկ չգիտեինք, որ այդպիսի մաթեմատիկոսներ լինում են:
Նա անմիջապես մեր դասարանում օրինակելի լռություն հաստատեց: Այնպիսի ահարկու լռություն էր, որ տնօրենը երբեմն վախեցած բացում էր դուռը, քանի որ չէր կարողանում հասկանալ՝ տեղո՞ւմ ենք, թե՞ փախել ենք մարզադաշտ:
Մարզադաշտը դպրոցի կողքին էր ու մանավանդ խոշոր մրցումների ժամանակ խանգարում էր մանկավարժական գործընթացին: Տնօրենը վաղուց էր գրել ինչ-որ տեղ, որ տեղափոխեն: Ասում էր՝ մարզադաշտը նյարդայնացնում է դպրոցականներին: Բայց իրականում մեզ նյարդայնացնում էր ոչ թե մարզադաշտը, այլ մարզադաշտի պահակ քեռի Վասյան, որ անվրեպ գտնում էր մեզ, եթե նույնիսկ առանց գրքերի էինք, ու վռնդում չարությամբ, որը տարիների հետ չէր մարում:
Բարեբախտաբար մեր տնօրենին ականջ չդրին ու մարզադաշտը թողեցին տեղում, միայն փայտե ցանկապատը փոխարինեցին քարե պարսպով: Այնպես որ, մինչ այդ ցանկապատի ճեղքերից նայողներն էլ արդեն ստիպված էին մագլցելով հաղթահարել պարիսպը:
Ամեն դեպքում, մեր տնօրենն իզուր էր վախենում, թե կարող ենք փախչել մաթեմատիկայի դասից: Դա աներևակայելի էր: Դա նույնն էր, թե դասամիջոցին մոտենաս տնօրենին ու սուսուփուս տաս-թռցնես լայնեզր գլխարկը, չնայած կարգին ձանձրացրել էր բոլորին: Ամառ թե ձմեռ՝ շարունակ մագնոլիայի պես մշտականաչ այդ գլխարկով էր: Ու միշտ՝ ինչ-որ բանից վախեցած:
Կողքից նայողին կարող էր թվալ՝ ամենից շատ քաղժողկրթբաժնի հանձնաժողովից է վախենում, բայց իրականում ամենաշատը վախենում էր մեր ուսմասվարից: Դիվային կին էր: Երբևէ նրա մասին Բայրոնի ոգով պոեմ կգրեմ, բայց հիմա ուրիշ բան եմ պատմում:
Իհարկե, մաթեմատիկայի դասից ոչ մի կերպ չէինք կարող փախչել: Եթե երբևէ փախչում էլ էինք, ապա, որպես կանոն, երգի դասից:
Լինում էր, որ մեր Խառլամպի Դիոգենովիչի` դասարան մտնելուն պես, բոլորը միանգամից սսկվում էին, և այդպես՝ մինչև դասի վերջը: Լինում էր, ճիշտ է՝ երբեմն, որ մեզ ստիպում էր ծիծաղել, բայց դա տարերային ծիծաղ չէր, այլ հենց ուսուցչի կողմից՝ վերևից կազմակերպված խնդություն, որ չէր խախտում կարգապահությունը, այլ ծառայում էր նրան, ինչպես հակադարձ ապացույցը երկրաչափության մեջ:
Դա մոտավորապես այսպես էր կատարվում: Ասենք, աշակերտներից մեկը մի քիչ ուշանում էր դասից, ենթադրենք՝ զանգից կես վայրկյան է անցել, իսկ Խառլամպի Դիոգենովիչն արդեն ներս է մտնում: Խեղճ աշակերտը պատրաստ է գետնի տակն անցնել: Գուցե և անցներ էլ, եթե ուղիղ մեր դասարանի տակ ուսուցչանոցը չլիներ:
Մեկ այլ ուսուցիչ այդպիսի մանրուքին ուշադրություն չէր դարձնի, մյուսը բարկացած դիտողություն կաներ, բայց՝ ոչ Խառլամպի Դիոգենովիչը: Նման դեպքերում նա կանգ էր առնում դռան շեմին, մատյանը մի ձեռքից փոխանցում մյուսը և աշակերտի անձի հանդեպ խորին հարգանքով առլեցուն շարժումով նրան ներս հրավիրում:
Աշակերտը մոլորված է, շփոթահար կերպարանքը ուսուցչից հետո հնարավորինս աննկատ ներս խցկվելու ցանկություն է արտահայտում: Փոխարենը՝ Խառլամպի Դիոգենովիչի դեմքը ցնծագին հյուրընկալության արտահայտություն է՝ զուսպ պատշաճության և պահի կատակերգության ըմբռնումով: Նա հասկանալ է տալիս, որ նման աշակերտի բուն հայտնությունը հազվագյուտ տոն է մեր դասարանի և անձամբ իր՝ Խառլամպի Դիոգենովիչի համար, որ ոչ ոք չէր սպասում, թե նա կգա, և եթե եկել է, ոչ մեկը չի համարձակվի հանդիմանել այդ պստիկ ուշացման, չէ՛, ուշացումիկի համար, մանավանդ՝ համեստ ուսուցիչը, որը, անշուշտ, դասարան կմտնի այդպիսի երևելի աշակերտից հետո միայն ու նրա ետևից անձամբ կփակի դուռը՝ ի նշան այն բանի, որ թանկ հյուրին շուտ բաց չեն թողնի:
Այդ ամենը տևում է մի քանի վայրկյան, և ի վերջո մի կերպ ներս խցկված աշակերտը սոթ տալով անցնում է իր տեղը:
Խառլամպի Դիոգենովիչը նայում է նրա ետևից ու որևէ հոյակապ բան ասում: Օրինակ.
– Ուելսի արքայա՜զն:
Դասարանը քրքջում է: Ու չնայած չգիտենք՝ ով է Ուելսի արքայազնը, հասկանում ենք, որ նա ոչ մի կերպ չի կարող հայտնվել մեր դասարանում: Ուղղակի անելիք չունի, քանի որ արքայազները հիմնականում եղջերվի որս են անում: Եվ եթե իր եղջերուների ետևից ընկնելը ձանձրացնի էլ նրան, ու ցանկանա որևէ դպրոց այցելել, անպայման կառաջնորդեն էլեկտրակայանի մոտի առաջին դպրոցը: Որովհետև օրինակելի դպրոց է: Ծայրահեղ դեպքում, եթե որոշեր հատկապես մեզ մոտ գալ, մեզ վաղուց զգուշացրած ու դասարանը պատրաստած կլինեին այցին:
Հենց դրա համար էլ ծիծաղում էինք՝ հասկանալով, որ մեր աշակերտը ոչ մի կերպ չի կարող արքայազն լինել, առավել ևս՝ ոմն ուելսցի:
Բայց ահա Խառլամպի Դիոգենովիչը նստում է իր տեղը: Դասարանն ակնթարթորեն սսկվում է: Սկսվում է դասը:
Մեծագլուխ, կարճահասակ, կոկիկ հագնված, մանրակրկիտ սափրված՝ նա տիրական ու հանգիստ դասարանը ձեռքում էր պահում: Մատյանից բացի, մի փոքրիկ նոթատետր ուներ, ուր ինչ-որ բան էր գրանցում դաս հարցնելուց հետո: Չեմ հիշում, որ մեկնումեկի վրա բղավեր կամ համոզեր, որ սովորի, կամ սպառնար ծնող կանչելով: Նման բաների կարիքը չուներ:
Ստուգողականների ժամանակ մտքով չէր էլ անցնում վազվզել շարքերի արանքով, նստարանների տակ նայել կամ զգոն շարժումով բարձրացնել գլուխն ամեն շրշյունից, ինչպես ուրիշներն էին անում: Չէ՛, անվրդով որևէ բան էր կարդում կամ քաշում համրիչի՝ կատվի աչքերի պես դեղին հատիկները:
Նրա դասերին արտագրելը համարյա անիմաստ էր, քանի որ անմիջապես նկատում էր արտագրած աշխատանքն ու սկսում էր ձեռ առնել: Այնպես որ, արտագրում էինք միայն ամենածայրահեղ դեպքում, եթե արդեն որևէ այլ ելք չէր լինում:
Մեկ էլ տեսար՝ ստուգողականի ժամանակ կկտրվեր իր համրիչից կամ գրքից ու կասեր.
– Սախարո՛վ, տեղափոխվեք, խնդրում եմ, Ավդեենկոյի մոտ:
Սախարովը վեր է կենում ու հարցական նայում Խառալամպի Դիոգենովիչին: Չի հասկանում՝ ինչու ինքը՝ գերազանցիկ, պիտի նստի վատ սովորող Ավդեենկոյի կողքին:
– Խնայեք Ավդեենկոյին, վիզը կկոտրի:
Ավդեենկոն բութ նայում է Խառլամպի Դիոգենովիչին, ասես չհասկանալով, իսկ գուցեև իսկապես չհասկանալով՝ ինչու պիտի կոտրի վիզը:
– Ավդեենկոյին թվում է՝ ինքը կարապ է,- բացատրում է Խառլամպի Դիոգենովիչը:- Սև կարապ,- ավելացնում է անմիջապես՝ ակնարկելով Ավդեենկոյի թխացած, խոժոռ դեմքը:- Սախարո՛վ, կարող եք շարունակել,- ասում է Խառլամպի Դիոգենովիչը:
Սախարովը նստում է:
– Դուք նույնպես,- դիմում է նա Ավդեենկոյին, բայց ձայնի մեջ աննկատելի մի բան է փոխվել: Ճշգրիտ բաժնեչափված հեգնանք է ավելացել:- …Եթե, իհարկե, ձեր վիզը չեք կոտրի… սև կարա՛պ,- հաստատուն եզրափակում է նա, ասես արիակամ հույս արտահայտելով, որ Ալեքսանդր Ավդեենկոն ինքնուրույն աշխատելու ուժ կգտնի իր մեջ:
Շուրիկ Ավդեենկոն նստում է՝ մոլեգին խոնարհվելով տետրի վրա և խնդրի լուծմանն ուղղված մտքի ու կամքի զորեղ ջանք ցուցադրելով:
Խառլամպի Դիոգենովիչի գլխավոր զենքը մարդուն ծիծաղելի դարձնելն է: Դպրոցական կանոններից շեղվող աշակերտը ծույլ չի, անբան չի, խուլիգան չի, պարզապես ծիծաղելի մարդ է: Ավելի ճիշտ, ոչ թե պարզապես ծիծաղելի, դրան, թերևս, շատերը կհամաձայնեն, այլ մի տեսակ վիրավորական-ծիծաղելի: Ծիծաղելի, որը չի հասկանում, որ ծիծաղելի է, կամ ամենավերջինն է հասկանում դա:
Եվ երբ ուսուցիչը քեզ այդպիսին է ի ցույց դնում, աշակերտական համերաշխավորումն անմիջապես խախտվում է, ու ողջ դասարանը ծիծաղում է վրադ: Բոլորը ծիծաղում են ընդդեմ մեկի: Եթե վրադ մի մարդ է ծիծաղում, կարող ես ինչ-որ կերպ հաղթահարել: Բայց անհնար է ծիծաղով հաղթել ողջ դասարանին: Եվ եթե, այնուամենայնիվ, ծիծաղելի էիր դառնում, ուզում էր ցանկացած գնով ապացուցել, որ թեկուզ ծիծաղելի էլ ես, ապա ոչ այդքան անհույս ծիծաղաշարժ:
Պետք է ասել, որ Խառլամպի Դիոգենովիչը ոչ մեկին արտոնություն չէր տալիս: Ծիծաղելի կարող էր դառնալ ցանկացածը: Բնականաբար, ես էլ չխուսափեցի բոլորի ճակատագրից:
Այդ օրը տնային աշխատանքի խնդիրը չէի լուծել: Ինչ-որ հրետանային արկի մասին էր, որ ինչ-որ արագությամբ ու ինչ-որ ժամանակում թռչում է ինչ-որ տեղ: Պետք էր պարզել՝ քանի կիլոմետր կթռչի արկը, եթե թռչի այլ արագությամբ ու համարյա թե այլ ուղղությամբ:
Մի խոսքով, մի տեսակ խճճված ու հիմար խնդիր էր: Իմ լուծումը ոչ մի կերպ պատասխանին չէր բռնում: Ի դեպ, այդ տարիների խնդրագրքերում, երևի վնասարարների մեղքով, պատասխանները երբեմն սխալ էին լինում: Ճիշտ է՝ շատ հազվադեպ, քանի որ այդ ժամանակ համարյա բոլոր վնասարարներին արդեն բռնել էին: Բայց, ըստ երևույթին, ոմանք դեռ գործում էին ազատության մեջ:
Բայց որոշ կասկածներ, համենայնդեպս, դեռ ունեի: Վնասարարները՝ վնասարարներ, բայց, ինչպես ասում են, դու էլ ականջդ սուր պահիր:
Ուստի՝ հաջորդ օրը դպրոց եկա դասերից մի ժամ առաջ: Մենք երկրորդ հերթ էինք: Ամենամոլի ֆուտբոլիստներն արդեն տեղում էին: Նրանցից մեկին հարցրի խնդրի մասին, պարզվեց՝ ինքն էլ չի լուծել: Խիղճս վերջնականապես հանգստացավ: Մենք բաժանվեցինք երկու թիմի ու խաղացինք մինչև զանգը:
Եվ ահա մտնում ենք դասարան: Շունչս հազիվ տեղը բերելով՝ համենայնդեպս հարցնում եմ գերազանցիկ Սախարովին.
– Հը, խնդիրն ի՞նչ արիր:
– Հեչ,- ասում է,- լուծեցի:- Ընդ որում, կտրուկ ու խորիմաստ գլխով է անում, իբր՝ դժվարություններ կային, բայց հաղթահարեցինք:
– Ո՞նց լուծեցիր, ախր պատասխանը սխալ էր:
– Ճիշտ էր,- գլխով է անում՝ խելացի, բարեխիղճ դեմքին այնպիսի զզվելի համոզվածություն, որ այդ պահին ատեցի նրան բարեհաջողության համար, թեկուզև վաստակած, բայց և այնպես՝ տհաճ: Դեռ էլի էի ուզում կասկածել, բայց նա շրջվեց՝ ինձնից խլելով ընկնողների՝ օդից կախվելու վերջին սփոփանքը:
Դու մի ասա՝ այդ ընթացքում Խառլամպի Դիոգենովիչը հայտնվել էր շեմին, և ես չէի նկատել ու շարունակում էի թափահարել ձեռքերս, չնայած նա համարյա կողքիս էր: Վերջապես հասկացա՝ բանն ինչ է, վախեցած փակեցի խնդրագիրքն ու քարացա:
Խառլամպի Դիոգենովիչն անցավ իր տեղը:
Ես վախեցա ու նախատում էի ինձ, նախ՝ որ համաձայնել եմ ֆուտբոլիստի հետ, թե խնդիրը սխալ է, հետո էլ չեմ համաձայնել գերազանցիկի հետ, որ սխալ չէ: Ու հիմա երևի Խառլամպի Դիոգենովիչը նկատեց հուզմունքս և առաջինն ինձ կկանչի:
Կողքիս մի սուսուփուս ու համեստ աշակերտ էր նստում: Անունը Ադոլֆ Կոմարով էր: Բայց հիմա իրեն Ալիկ էր կոչում ու նույնիսկ տետրի շապիկին գրել էր Ալիկ, որովհետև պատերազմը սկսվել էր, ու չէր ուզում, որ Հիտլերով հոգու հետ խաղան: Բայց, մեկ է, բոլորը հիշում էին, թե առաջ անունն ինչ էր, ու տեղն եկած տեղը հիշեցնում էին:
Ես սիրում էի խոսել, իսկ նա սիրում էր լռել: Մեզ միասին էին նստեցրել, որ ազդենք իրար վրա, բայց իմ կարծիքով՝ դրանից բան դուրս չէր եկել: Յուրաքանչյուրը մնացել էր այնպիսին, ինչպիսին կար:
Նոր միայն նկատեցի, որ նույնիսկ նա է լուծել խնդիրը: Կռացել էր իր բաց տետրի վրա՝ խնամված, նիհար ու լուռ, և նրանից, որ ափերն անշարժացել էին ծծանին, ավելի լուռ էր թվում: Այդպիսի հիմար սովորություն ուներ՝ ափերը դնել ծծանի վրա, ինչից նրան ոչ մի կերպ չէի կարողանում հետ սովորեցնել:
– Հիտլեր կապուտ,- շշնջացի նրա կողմը: Իհարկե, ոչինչ չպատասխանեց, բայց գոնե ձեռքերը քաշեց ծծանի վրայից. էլի սրտահովանք էր:
Այդ ընթացքում Խառլամպի Դիոգենովիչը բարևեց աշակերտներին ու նստեց աթոռին: Թեթևակի քշտեց պիջակի թևքերը, քիթն ու բերանը մաքրեց թաշկինակով, չգիտես ինչու՝ դրանից հետո նայեց թաշկինակի մեջ ու խցկեց գրպանը: Հետո հանեց ժամացույցն ու սկսեց թերթել մատյանը: Կարծես՝ դահճի նախապատրաստություններն արագացան:
Բայց ահա նկատեց բացակայողներին ու սկսեց զննել դասարանը՝ զոհ փնտրելով: Շունչս պահեցի:
– Հերթապահն ո՞վ է,- անսպասելի հարցրեց նա: Դադարի համար երախտագիտությամբ շունչ քաշեցի:
Պարզվեց՝ հերթապահը չկա, ու Խառլամպի Դիոգենովիչը հենց ավագին ստիպեց մաքրել գրատախտակը: Քանի դեռ նա մաքրում էր, Խառլամպի Դիոգենովիչը նրան խրատում էր, թե ինչ պիտի անի ավագը, երբ հերթապահը չկա: Ես հույս ունեի, որ այդ առիթով որևէ պատմություն կանի դպրոցական կյանքից, կամ Եզովպոսի առակներից, կամ որևէ բան հունական դիցաբանությունից: Բայց ոչինչ չպատմեց, որովհետև գրատախտակին քսվող չոր փալասի ճռռոցը տհաճ էր, ու նա սպասում էր, որ ավագն արագ ավարտի տաղտկալի ջնջումը: Վերջապես ավագը նստեց:
Դասարանը քարացավ: Բայց այդ պահին բացվեց դուռն ու շեմին հայտնվեց բժիշկը՝ բուժքրոջ հետ:
– Կներեք, սա հինգի «Ա՞»-ն է,- հարցրեց բժիշկը:
– Ո՛չ,- բարեկիրթ թշնամանքով ասաց Խառլամպի Դիոգենովիչը՝ զգալով, որ ինչ-որ սանիտարական միջոցառում կարող է տապալել իր դասը: Չնայած մեր դասարանը համարյա հինգի «Ա» էր, քանի որ հինգի «Բ»-ն էր, այնպես վճռական ասաց «ոչ», ասես մեր միջև ընդհանուր ոչինչ չկար ու չէր կարող լինել:
– Կներեք,- նորից ասաց բժիշկն ու չգիտես ինչու անվճռական հապաղելով՝ փակեց դուռը:
Ես գիտեի, որ նրանք տիֆի դեմ սրսկումներ են անում: Որոշ դասարաններում արդեն արել էին: Սրսկելու մասին երբեք նախօրոք չէին հայտարարում, որ ոչ ոք չկարողանար ծլկել կամ հիվանդ ձևանալով՝ մնալ տանը:
Ես սրսկվելուց չէի վախենում, որովհետև ինձ լիքը սրսկել էին մալարիայի դեմ, իսկ դրանք ամենազզվելին էին գոյություն ունեցող բոլոր սրսկումներից:
Եվ ահա անսպասելի հույսը, որ ձյունաճերմակ խալաթով լուսավորել էր մեր դասարանը, չքացավ: Ես չէի կարող հաշտվել այդ կորստի հետ:
– Կարելի՞ է ցույց տամ հինգի «Ա»-ի տեղը,- վախից լկտիանալով՝ հարցրի ես:
Երկու հանգամանք ինչ-որ չափով արդարացնում էին հանդգնությունս: Ես դռան դիմաց էի նստում, և ինձ հաճախ էին ուղարկում ուսուցչանոց՝ կավիճ կամ ուրիշ մի բան բերելու: Ու նաև՝ հինգի «Ա»-ն դպրոցի բակի կողաշենքերից մեկում էր, և բժշկուհին իսկապես կարող էր չգտնել, քանի որ հազվադեպ էր լինում մեզ մոտ. մշտական աշխատանքը առաջին դպրոցում էր:
– Ցույց տվեք,- ասաց Խառլամպի Դիոգենովիչը ու թեթևակի քշտեց հոնքերը:
Ջանալով զսպել ինձ ու չմատնել ուրախությունս՝ դուրս թռա դասարանից:
Դեռևս մեր հարկի միջանցքում հասա բժշկուհու ու բուժքրոջ ետևից ու քայլեցի համընթաց:
– Ես ձեզ ցույց կտամ՝ որտեղ է հինգի «Ա»-ն,- ասացի:
Բժշկուհին ժպտաց, ասես ոչ թե սրսկում, այլ կոնֆետ էր բաժանում:
– Իսկ մեզ, ինչ է, չե՞ք սրսկելու,- հարցրի ես:
– Ձեզ՝ հաջորդ դասին,- ասաց բժշկուհին՝ շարունակելով ժպտալ:
– Մյուս դասին մենք թանգարան ենք գնում,- ինձ համար էլ անսպասելի ասացի ես:
Ընդհանրապես դասարանում խոսում էին կազմակերպված կերպով երկրագիտական թանգարան այցելելու և այնտեղ նախնադարյան մարդու բնակավայրի հետքերը դիտելու մասին: Սակայն պատմության ուսուցչուհին շարունակ հետաձգում էր արշավը, քանի որ տնօրենը կասկածում էր, թե կկարողանանք կազմակերպված գնալ:
Բանն այն էր, որ անցած տարի մեր դպրոցից մի տղա այնտեղից աբխազ ֆեոդալի դաշույն էր թռցրել, որ այդ զենքով փախչի ռազմաճակատ: Մեծ աղմուկ էր բարձրացել, ու տնօրենը որոշել էր, թե այդ ամենի պատճառն այն է, որ դասարանը ոչ թե երկուական շարք կազմած, այլ խառնախումբ էր գնացել թանգարան:
Իրականում այդ տղան ամեն ինչ նախօրոք էր հաշվարկել: Միանգամից չէր վերցրել դաշույնը. նախ պահել էր Նախահեղափոխական Չքավորի Խրճիթի ծղոտե տանիքում, հետո, մի քանի ամիս անց, երբ ամեն ինչ խաղաղվել էր, վերադարձել էր աստառը պատռած վերարկուով ու վերջնական տարել դաշույնը:
– Իսկ մենք ձեզ թույլ չենք տա,- կատակով ասաց բժշկուհին:
– Ի՜նչ եք ասում,- ասացի ես՝ սկսելով անհանգստանալ,- հավաքվելու ենք բակում ու կազմակերպված գնանք թանգարան:
– Ուրեմն՝ կազմակերպվա՞ծ:
– Այո, կազմակերպված,- անժպիտ կրկնեցի ես, վախենալով, որ նա, տնօրենի պես, չի հավատա կազմակերպված թանգարան գնալու մեր ունակությանը:
– Ինչ կա որ, Գա՛լոչկա, մտնենք հինգի «Բ», թե չէ իսկապես կգնան,- ասաց բժշկուհին ու կանգ առավ: Ինձ միշտ դուր էին եկել ճերմակ թասակներով ու ճերմակ խալաթներով այդպիսի մաքրասեր բժշկուհիները:
– Բայց մեզ ասացին՝ նախ հինգի «Ա»-ն,- համառեց Գալոչկա կոչեցյալն ու խիստ նայեց ինձ: Երևում էր, որ ամբողջ ուժով փորձում էր մեծ երևալ:
Ես նույնիսկ չնայեցի բուժքրոջ կողմը՝ ցույց տալով, որ ոչ մեկի մտքով չի անցնում նրան մեծ համարել:
– Ի՞նչ տարբերություն,- ասաց բժշկուհին ու վճռական հետ դարձավ:
– Երիտասարդը չի համբերում ցուցադրելու քաջությունը, հա՞:
– Ես մալարիկ,- ասացի՝ հերքելով անձնական շահագրգռվածությունը,- ինձ հազար անգամ սրսկել են:
– Դե, մալարի՛կ, առաջնորդիր մեզ,- ասաց բժշկուհին, ու գնացինք:
Համոզվելով, որ մտքափոխ չեն լինի, առաջ վազեցի, որ խզեմ իմ ու նրանց համատեղ այցի կապը:
Երբ մտա դասարան, գրատախտակի մոտ կանգնած էր Շուրիկ Ավդեենկոն, ու չնայած խնդրի լուծումը երեք գործողությամբ գրված էր գրատախտակին, նա լուծումը բացատրել չէր կարող: Ահա և կանգնել էր գրատախտակի մոտ, հայացքը՝ մոլեգին ու մռայլ, ասես հենց նոր գիտեր, բայց հիմա ոչ մի կերպ չէր կարողանում հիշել իր մտքի ընթացքը:
«Չվախենա՛ս, Շո՛ւրիկ,- մտածեցի ես,- դու չգիտես, իսկ ես քեզ արդեն փրկել եմ»: Մեղմ ու բարի լինել էի ուզում:
– Կեցցե՛ս, Ալի՛կ,- կամացուկ ասացի Կոմարովին,- լուծել ես այսքան դժվար խնդիրը:
Ալիկը ընդունակ միջակ սովորող էր համարվում: Նրան հազվադեպ էին հանդիմանում, փոխարենը՝ ավելի հազվագյուտ գովում էին: Ականջների ծայրերը երախտագիտությամբ վարդագունեցին: Նա նորից կռացավ իր տետրակի վրա և ափերը կոկիկ դրեց ծծանին: Մարդու սովորությունն էր, ինչ անես:
Բայց ահա դուռը բացվեց, և բժշկուհին Գալոչկա կոչեցյալի հետ մտավ դասարան ու հայտնեց, թե, այսպես ու այսպես, երեխաներին պետք է սրսկել:
– Եթե հենց հիմա է անհրաժեշտ,- ասաց Խառլամպի Դիոգենովիչը՝ հարևանցի նայելով ինձ,- չեմ կարող առարկել: Ավդե՛ենկո, անցիր տեղդ,- գլխով արեց նա Շուրիկին:
Շուրիկը ցած դրեց կավիճն ու անցավ իր տեղը՝ շարունակելով ձևացնել, թե փորձում է հիշել խնդրի լուծումը:
Դասարանը ալեկոծվեց, բայց Խառլամպի Դիոգենովիչը քշտեց հոնքերն, ու բոլորը լռեցին: Նա գրպանը դրեց իր փոքրիկ նոթատետրը, փակեց մատյանը ու տեղը զիջեց բժշկուհուն: Իսկ ինքը նստեց կողքի նստարանին: Տխուր ու փոքր-ինչ նեղացած էր թվում:
Բժիշկն ու աղջնակը բացեցին իրենց փոքրիկ պայուսակները և սրվակներ, շշեր ու թշնամաբար շողացող գործիքներ շարեցին սեղանին:
– Դե, ո՞վ է ձեզնից ամենաքաջը,- հարցրեց բժշկուհին, որ ասեղի գիշատիչ ֆշշոցով արդեն քաշել էր դեղն ու հիմա արդեն ասեղը վեր էր պահել, որ դեղը չթափվի:
Ուրախ-ուրախ ասաց, բայց չժպտացող չեղավ, բոլորը նայում էին ասեղին:
– Կկանչենք ցուցակով,- ասաց Խառլամպի Դիոգենովիչը,- որովհետև այստեղ բոլորը հերոս են:
Նա բացեց մատյանը:
– Ավդե՛ենկո,- կարդաց Խառլամպի Դիոգենովիչը ու բարձրացրեց գլուխը:
Դասարանը ջղային ծիծաղեց: Բժշկուհին էլ ժպտաց, չնայած չէր հասկանում՝ ինչու ենք ծիծաղում:
Ավդեենկոն մոտեցավ սեղանին՝ լոլոզ, անկապ, ու տեսքից երևում էր, որ այդպես էլ չի որոշել՝ որն է լավ՝ երկո՞ւ ստանալ, թե՞ առաջինը գնալ սրսկվելու:
Նա քշտեց շապիկն ու հիմա արդեն մեջքով էր կանգնած բժշկուհուն՝ առաջվա պես անկապ ու անորոշ՝ ո՞րն է լավ: Հետո, երբ սրսկեցին-վերջացրին, այդպես էլ չուրախացավ, չնայած արդեն ողջ դասարանն էր նրան նախանձում:
Ալիկ Կոմարովն ավելի ու ավելի էր գունատվում: Մոտենում էր նրա հերթը: Ու չնայած շարունակում էր ափերը ծծանի վրա պահել, երևում էր, որ դա չի օգնում:
Ես փորձում էի մի կերպ սիրտ տալ նրան, բայց ոչինչ չէր ստացվում: Րոպե առ րոպե ավելի էր պրկվում ու գունատվում: Անթարթ նայում էր բժշկի ասեղին:
– Շրջվիր ու մի՛ նայիր,- ասում էի նրան:
– Չեմ կարողանում շրջվել,- պատասխանում էր հալածվածի շշուկով:
– Սկզբում այնքան էլ ցավոտ չի լինի: Երբ որ դեղը հուպ տան ներս, նոր կցավի,- նախապատրաստում էի նրան:
– Ես նիհար եմ,- շշնջում էր ի պատասխան՝ հազիվ շարժելով ճերմակած շրթունքները,- շատ է ցավելու:
– Բան չկա,- պատասխանում էի ես,- մենակ թե ասեղը ոսկորին չհասնի:
– Ունեցածս զուտ ոսկոր է,- հուսահատ մրմնջում էր նա,- անպայման կհասնի:
– Իսկ դու թուլացիր,- ասում էի՝ մեջքին թփթփացնելով,- էդ ժամանակ չի հասնի:
Լարվելուց մեջքը տախտակ էր կտրել:
– Առանց այն էլ թույլ եմ,- պատասխանում էր նա՝ ոչինչ չհասկանալով,- սակավարյուն եմ:
– Նիհարները սակավարյուն չեն լինում,- խստորեն առարկում էի ես:- Սակավարյուն լինում են մալարիկները, որովհետև մալարիան ծծում է արյունը:
Ես քրոնիկ մալարիա ունեի, ու բժիշկներն ինչքան էլ բուժում էին, ոչինչ անել չէին կարողանում: Մի քիչ հպարտանում էի իմ անբուժելի հիվանդությամբ:
Երբ Ալիկի հերթը հասավ, արդեն լրիվ իրեն կորցրել էր: Կարծում եմ՝ նույնիսկ չէր հասկանում՝ ուր և ինչու է գնում:
Հիմա նա մեջքը դարձրել էր բժշկին, գունատ էր, ապակե աչքերով, ու երբ սրսկեցին, հանկարծ մահու պես ճերմակեց, չնայած թվում էր՝ ավելի սպիտակել հնարավոր չէ: Այնպե՜ս էր սպիտակել, որ երեսին պեպեններ հայտնվեցին, ասես դուրս պրծան ինչ-որ տեղից: Առաջ ոչ մեկի մտքով չէր էլ անցել, որ պեպենոտ է: Համենայնդեպս որոշեցի չմոռանալ, որ նա թաքուն պեպեններ ունի: Դա կարող էր պետք գալ, չնայած դեռ չգիտեի՝ ինչի:
Սրսկումից հետո նա քիչ էր մնում ընկներ, սակայն բժշկուհին պահեց ու նստեցրեց աթոռին: Աչքերը կուլ էին գնացել, մենք բոլորս վախեցանք, որ մեռնում է:
– «Շտապ օգնությո՜ւն»,- գոռացի ես:- Վազեմ՝ զանգեմ:
Խառլամպի Դիոգենովիչը զայրացած նայեց ինձ, իսկ բժշկուհին արագ ինչ-որ սրվակ մոտեցրեց քթին: Իհարկե, ոչ Խառլամպի Դիոգենովիչի, այլ՝ Ալիկի:
Նա սկզբում աչքերը չէր բացում, հետո հանկարծ վեր թռավ ու գործնական քայլով անցավ տեղը, ասես հենց նոր ինքը չէր մեռնում:
– Նույնիսկ չզգացի,- ասացի, երբ ինձ սրսկեցին, չնայած ամեն ինչ հիանալի զգացել էի:
– Կեցցե՛ս, մալարի՛կ,- ասաց բժշկուհին: Նրա օգնականը սրսկելուց հետո արագ ու անփույթ տրորեց մեջքս: Երևում էր, որ դեռ բարկանում է վրաս, որ իրենց հինգի «Ա» չեմ թողել:
– Էլի տրորեք,- ասացի,- դեղը պիտի տարածվի:
Նա ատելությամբ շփեց մեջքս: Սպիրտով ներծծված բամբակի սառը հպումը հաճելի էր, իսկ որ նա զայրանում էր, բայց համենայնդեպս ստիպված էր տրորել մեջքս, ավելի հաճելի էր:
Վերջապես ամեն ինչ ավարտվեց: Բժշկուհին ու իր Գալոչկան հավաքեցին փոքրիկ պայուսակներն ու դուրս եկան: Նրանցից հետո դասարանում մնաց սպիրտի հաճելի ու դեղի տհաճ հոտը: Կուչ եկած աշակերտները թիակներին զգույշ փնտրում էին սրսկած տեղն ու մտքեր փոխանակում տուժածների իրավունքների մասին:
– Բացեք պատուհանը,- ասաց Խառլամպի Դիոգենովիչը՝ իր տեղը զբաղեցնելով: Նա ցանկանում էր, որ դեղորայքի հոտի հետ դասարանից դուրս գար նաև հիվանդանոցային ազատության շունչը:
Խառլամպի Դիոգենովիչը հանեց համրիչն ու սկսեց մտախոհ քաշել դեղին հատիկները: Մինչև դասի վերջը մի քիչ ժամանակ էր մնացել: Նման պահերին նա մեզ սովորաբար որևէ ուսուցողական ու հին հունական բան էր պատմում:
– Ինչպես հայտնի է հին հունական դիցաբանությունից, Հերակլեսը տասներկու սխրանք է գործել,- ասաց նա ու դադար տվեց: Շը՛խկ, շը՛խկ,- երկու հատիկ քաշեց աջից ձախ:- Մի երիտասարդ հունական դիցաբանությունը շտկելու ցանկություն ունեցավ:- Շը՛խկ, շը՛խկ:
«Տես, է՜, սիրտն ինչ է ուզել»,- մտածեցի ես այդ երիտասարդի մասին՝ հասկանալով, որ ոչ ոքի թույլատրված չէ շտկել հունական դիցաբանությունը: Մեկ ուրիշ, ոչմիբանացու դիցաբանություն՝ գուցեև կարելի է, բայց ոչ հունականը, որովհետև այնտեղ վաղուց արդեն ամեն ինչ շտկված է ու որևէ սխալ լինել չի կարող:
– Նա որոշեց գործել Հերակլեսի տասներեքերորդ սխրանքը,- շարունակեց Խառլամպի Դիոգենովիչը,- ու դա նրան մասամբ հաջողվեց:
Մենք նրա ձայնից անմիջապես հասկացանք, թե դա որքան կեղծ ու անպետք սխրանք է եղել, որովհետև եթե Հերակլեսը տասներեքերորդ սխրանքը գործելու անհրաժեշտություն ունենար, անձամբ կգործեր, իսկ եթե կանգ է առել տասներկուերորդի վրա, ուրեմն այդպես էլ պետք էր, ու սեփական շտկումներով խցկվելու կարիք չկար:
– Հերակլեսը որպես խիզախ այր էր սխրանք գործում: Իսկ այս երիտասարդն իր սխրանքը գործեց վախկոտությունից…,- Խառլամպի Դիոգենովիչը մտքի մեջ ընկավ, ապա շարունակեց:- Հիմա կիմանանք՝ հանուն ինչի էր այդ սխրանքը…
Շը՛խկ: Այս անգամ միայն մի հատիկ աջից ընկավ ձախ կողմը: Նա կտրուկ հրեց մատով: Հատիկը մի տեսակ լավ չէր քաշվել: Ավելի լավ կլիներ՝ երկուսը քաշվեին առաջվա պես, քան միայն մեկը:
Զգացի, որ վտանգի հոտ կախվեց օդում: Կարծես ոչ թե հատիկ էր շխկացել, այլ փոքրիկ թակարդ փակվեց Խառլամպի Դիոգենովիչի ձեռքերում:
– …Ինձ թվում է՝ կռահում եմ,- հավելեց նա ու նայեց ինձ:
Զգացի, թե նրա հայացքից սիրտս ինչպես թափով ծեփվեց մեջքիս:
– Խնդրե՛մ,- ասաց նա ու ձեռքի շարժումով հրավիրեց գրատախտակի մոտ:
– Ե՞ս,- հարցրի՝ զգալով, որ ձայնս ուղիղ փորիցս է բարձրանում:
– Այո, հենց դուք, խիզա՛խ մալարիկ,- ասաց նա:
Ոտքերս քարշ տալով մոտեցա գրատախտակին:
– Պատմեք՝ ինչպես եք լուծել խնդիրը,- հանգիստ ասաց նա և,- շը՛խկ, շը՛խկ,- երկու հատիկ աջից գլորվեց ձախ կողմը: Ես նրա ձեռքերում էի:
Դասարանը նայում ինձ ու սպասում էր: Սպասում էր իմ տապալմանը և ուզում էր, որ հնարավորինս դանդաղ ու հետաքրքիր տապալվեմ:
Աչքի անկյունով նայում էի գրատախտակին՝ փորձելով արձանագրված գործողություններով վերականգնել այդ գործողությունների պատճառը: Բայց չէր հաջողվում: Այդ ժամանակ սկսեցի զայրացած մաքրել գրատախտակը, իբր Շուրիկի գրածը շփոթեցնում է ինձ ու խանգարում կենտրոնանալուն: Դեռ հույս ունեի, թե ուր որ է կհնչի զանգը, ու մահապատիժը չեղյալ կհայտարարվի: Բայց զանգը չէր հնչում, իսկ գրատախտակն անվերջ մաքրել անհնար է: Ես ցած դրի փալասը, որ վաղաժամ ծիծաղելի չդառնամ:
– Լսում ենք ձեզ,- առանց վրաս նայելու ասաց Խառլամպի Դիոգենովիչը:
– Հրետանային արկը,- դասարանի ցնծուն լռության մեջ եռանդուն ասացի ես ու սսկվեցի:
– Հետո՞,- քաղաքավարի սպասումով հարցրեց Խառլամպի Դիոգենովիչը:
– Հրետանային արկը,- համառորեն կրկնեցի ես՝ հուսալով այդ բառերի իներցիայով հասնել մյուս նույնքան ճիշտ բառերին: Բայց ինչ-որ բան ամուր պահում էր կապս, որը ձգվում էր հենց արտաբերում էի այդ բառերը: Ողջ ուժով կենտրոնացա՝ ջանալով պատկերացնել խնդրի ընթացքը, ու նորից ձգեցի, որ պոկեմ այդ անտեսանելի կապը:
– Հրետանային արկը,- կրկնեցի ես՝ սարսափից ու զզվանքից ցնցվելով:
Դասարանում զսպված քրքիջ լսվեց: Զգացի, որ վրա է հասել բեկման պահը, ու որոշեցի ոչ մի դեպքում ծիծաղելի չդառնալ, ավելի լավ է պարզապես երկու ստանամ:
– Ինչ է, հրետանային ա՞րկ եք կուլ տվել,- բարեհոգի հետաքրքրությամբ հարցրեց Խառլամպի Դիոգենովիչը:
Այնպես հասարակ հարցրեց, ասես հետաքրքրվելիս լիներ՝ հո սալորի կորիզ կուլ չե՞մ տվել;
– Այո՛,- արագ ասացի ես՝ զգալով ծուղակն ու որոշելով անսպասելի պատասխանով խառնել նրա հաշիվները:
– Այդ դեպքում զինղեկին խնդրեք՝ ականազերծի ձեզ,- ասաց Խառլամպի Դիոգենովիչը, բայց դասարանն առանց այդ էլ ծիծաղում էր:
Ծիծաղում էր Սախարովը՝ ջանալով այդ ընթացքում գերազանցիկ մնալ: Նույնիսկ Շուրիկ Ավդեենկոն էր ծիծաղում՝ մեր դասարանի ամենամռայլ մարդը, ում հենց ես էի փրկել անխուսափելի երկուսից: Ծիծաղում էր Կոմարովը, որը հիմա թեկուզև Ալիկ էր կոչվում, բայց ինչպես կար, այնպես էլ Ադոլֆ էր մնացել:
Նրան նայելով՝ մտածեցի՝ եթե մեր դասարանում իսկական շիկահեր չլիներ, նա շիկահերի տեղ կանցներ, որովհետև մազերը բացգույն էին, իսկ պեպենները, որ թաքցնում էր, ինչպես իր իսկական անունը, հայտնվեցին սրսկվելու ժամանակ: Բայց մենք իսկական շիկահեր ունեինք, ու Կոմարովի շիկավուն լինելը ոչ ոք չէր նկատում: Ու նաև մտածեցի, որ եթե մի քանի օր առաջ դռան վրայից պոկած չլինեինք դասարանի համարանիշով ցուցանակը, գուցե բժշկուհին մեզ մոտ չմտներ, ու ոչինչ տեղի չունենար: Ես աղոտ սկսեցի կռահել իրերի և իրադարձությունների միջև գոյություն ունեցող կապը:
Զանգը հուղարկավորման զանգահարության պես հատեց դասարանի քրքիջը: Խառլամպի Դիոգենովիչն ինձ գնահատական դրեց մատյանում ու էլի ինչ-որ բան գրանցեց իր փոքրիկ նոթատետրում:
Այդ օրվանից սկսեցի լուրջ վերաբերվել տնային աշխատանքներին ու խնդիրը չլուծած՝ ֆուտբոլիստների մոտ չէի խցկվում: Ամեն մեկին՝ իրենը:
Ավելի ուշ նկատեցի, որ համարյա բոլոր մարդիկ վախենում են ծիծաղելի երևալուց: Հատկապես՝ կանայք ու բանաստեղծները: Թերևս նրանք չափազանց են վախենում, դրա համար էլ երբեմն ծիծաղելի են թվում: Փոխարենը՝ ոչ ոք չի կարող այնպես ծիծաղելի ներկայացնել մարդուն, որքան լավ բանաստեղծը կամ լավ կինը:
Իհարկե, ծիծաղելի երևալուց չափից դուրս վախենալն այնքան էլ խելացի չէ, բայց շատ ավելի վատ է դրանից ընդհանրապես չվախենալը:
Ինձ թվում է, որ Հին Հռոմը կործանվել է այն պատճառով, որ կայսրերն իրենց բրոնզե գոռոզությամբ դադարել են նկատել, որ ծիծաղելի են: Եթե ժամանակին խեղկատակներ գտնեին (գոնե հիմարից պիտի լսես ճշմարտությունը), գուցեև նրանց հաջողվեր էլի ինչ-որ ժամանակ դիմանալ: Իսկ այսպես, հույս ունեին, թե մի բան պատահի՝ սագերը կփրկեն Հռոմը: Սակայն վրա տվին բարբարոսներն ու ոչնչացրին Հին Հռոմը՝ իր կայսրերով ու սագերով:
Ես, հասկանալի է, դրա համար բոլորովին չեմ ափսոսում, բայց ցանկանում եմ երախտագիտությամբ փառավորել Խառլամպի Դիոգենովիչի մեթոդը: Նա, անշուշտ, ծիծաղով կոփում էր մեր խորամանկ մանկական հոգիները ու մեզ վարժեցնում հնարավորինս հումորով վերաբերվելու մեր սեփական անձին: Իմ կարծիքով, միանգամայն առողջ զգացում է, և դա կասկածի առնելու ցանկացած փորձ մերժում եմ վճռականորեն ու ընդմիշտ:
Թարգմանությունը՝
Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆԻ