ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ, արձակագիր
ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Այ քեզ բան… հասա 60-ին: Երբեմն թվում է` շատ արագ անցավ, մեկ էլ հիշում եմ ինչ-որ բան ու մտածում` էն ե՜րբ էր… Կյանքս լավ չդասավորվեց. ցավը շատ էր… նաև արդեն անվերջանալի հակասություն իմ դաստիարակության ու շրջապատի, իմ մտածողության ու իրականության, իմ ցանկությունների ու ստեղծված իրավիճակի, իմ բնավորության ու… աշխարհի չարության, ստի, հավակնոտության, ագահության, կեղծության մեծ չափաբաժնի միջև: Կյանքիս մեջ արցունքը շատ էր, չնայած քչերն էին դա տեսնում, մենակությունը շատ էր, որի անվերջ գոյությունը աղջիկս էր տեսնում, հոգսը շատ էր, որ տարել եմ պարտքի նման, վազքը շատ էր, որ երկար տարիներ չէի զգում… մինչև սկսեցի հոգնել. հոգնել չդիմանալու աստիճան, հոգնել լաց լինելու աստիճան: Կարծում էի` հոգնել եմ վազքից, հոգսից, ցավից… բայց հանկարծ հասկացա, որ խեղդվում եմ հույսի պակասից: Հանկարծ հասկացա, որ դիմանում էի, որովհետև սպասում էի ինչ-որ լավ բանի… Հիմա արդեն սպասել չի ստացվում: Երևի 60-ը սահմանագի՞ծ է…
Կյանքս (ու հաստատ ոչ միայն իմը) բաժանվեց երկու մասի` մինչև 88-ը ու դրանից հետո: Հիմնական պատճառը եղբորս` Արտակի զոհվելն էր, նաև մեր կյանքի կտրուկ փոփոխությունը… 70-ականները երևի թե սովետի ամենալավ տարիներն էին. մենք հիմնականում անհոգ էինք ապրում. իրականում հրաշալի սերունդ էր, ընկերություն կար, հարազատություն, ջերմություն, գրագիտություն: Հենց այդ սերունդն էլ հող ետ բերեց… բայց ոչ մի կերպ չեմ հասկանում` որտեղի՞ց իմ սերնդի մեջ էդքան հրեշ, որ հետո ջրի երես դուրս եկան… ո՞ւր էին… Ապրելը դժվար է դարձել…
Հպարտությամբ հայտարարվեց` աշխարհը նշել է, որ մեր երկրում խոսքի ազատության լավ ցուցանիշ ունենք… իսկ ինձ մնար, թախանձագին կխնդրեի` կա՛մ «կրճատեք» այդ ազատության չափաբաժինը, կա՛մ տեր կանգնեք խոսքին, որովհետև օդի մեջ նետված, ապա գետնին հայտնված, հետո տրորված խոսքը որևէ իմաստ ու արժեք չունի, որովհետև «ազատության» հետևանքով լրատվական անտանելի տարափին դիմանալ չի ստացվում: Օրինակ` ամեն օր այդ նույն ճանապարհով բացահայտվում է մեր ազգակիցների մի մասի «կյանքն ու գործը»: Սարսա՛փ… եթե այդ ամենը ճիշտ է, ինչո՞ւ է շարունակվում, որ կործանվե՞նք… եթե այս ամենը ճիշտ չէ, ինչո՞ւ չի ժխտվում: Ի սեր բոլոր սրբերի… Էլ ապրել չի՛ ստացվում…
Ապրիլ ամսվա պատերազմի անունը դրեցին քառօրյա… 100-ից ավելի զոհ ունեցանք… իրականում պատերազմը չէր էլ դադարել… ամեն օր սահմանում ջահել էր զոհվում: Ցավը անսահման է… Մեր խեղճ ու կրակ զինվորները կանգնեցին հանուն հայրենիքի, ժողովուրդը համախմբվեց, օգնեց՝ ով ինչով կարող է, կամավորներ մեկնեցին ճակատ… Անզեն զինվորի մահը ուշքի չբերե՞ց… էլ ի՞նչ լինի, որ խելքի գանք: Հերոսին մատաղ անելով ինչքա՞ն ենք դիմանալու. հաշվելը շա՞տ բարդ է:
Ես գիտեի, որ փողն ամեն ինչ տալիս է, բայց չէի պատկերացնում, որ նաև կուրացնում ու ապուշացնում է այն աստիճան, որ չես տեսնում հայրենակցիդ խեղճությունը, որ իսպառ կորցնում ես ամոթը, որ կարծում ես, թե ապրելու ես հավերժ, որ մոռանում ես վերին դատաստանի մասին, որ, ցավոք, հաճախ տարածվում է ժառանգներիդ վրա: Ի դեպ, եթե դիզում ենք ժառանգների համար, նրանց նախ և առաջ ապահով հայրենիք է պետք… Լավ, շա՞տ բարդ է հասկանալը, որ անտուններին տուն է պետք, որ մնան մեր երկրում, որ հետո էլ գնան սահմանին կանգնեն: Այսինքն՝ սահմանին կանգնողին պետք է տեր կանգնել… վա՜յ, Աստված, դժվա՞ր է հասկանալը, որ երկրին, այսինքն՝ բոլորիս իրական տեր կանգնողը նրանք են:
Գոռալու ցանկությունից ո՞նց ազատվես…
Աշխարհի նոր բաժանում է… Սիրիան հիմնահատակ ավերեցին, զինեցին ու աշխարհի ջանին գցեցին մարդակերների մի ոհմակ, որ գլուխ կտրելով առաջ է շարժվում: Եվրոպան նիստեր է անում… հիմա էլ խեղդվում է հազարավոր փախստականներից… Աղետները, սպանություններն ու դաժանությունները կյանքի «ուղեկից» են դարձել… Իսկ «քաղաքակիրթ» աշխարհի անպտուղ ու դանդաղեցրած նիստերն անվերջանալի են: Ասում ենք` ո՞նց է Եղեռնը եղել… էսպես` աշխարհի աչքի առաջ ու թողտվությամբ… էս նույն անբարոյական աշխարհի:
Հիմա էլ ցուցակներ ենք գրում… միանում ու բաժանվում… ընդդիմություն ենք խաղում… ո՞վ… ինչի՞… հանուն ո՞ր գաղափարի: Մի հարցնող լինի` եթե կուսակցությունը որոշակի գաղափարախոսություն է, ապա տեղից տեղ անվերջանալի տեղաշարժը ինչո՞վ եք բացատրում, դո՞ւք եք փոխվում, թե՞ գաղափարները… կամ որ միանում եք, ինչի՞ շուրջ… Մեր երկրի վիճակը տեսնելով` այսօր մի գաղափար պետք է լինի` ոնց երկիրը փրկենք մեզնից… որովհետև մենք մեր ձեռքով… օրը ցերեկով… մեր երկիրը, մեր մինուճարը վարի ենք տալիս… իսկ մեր անմեղ ջահելների ամենօրյա դաժան մահը ուղղակի սպանում է…
Մի խոսքով… նեղ վանդակում փակված գազանի նման պատեպատ եմ խփվում…
Հաճախ փրկում են ընկերներս, իմ լավ ընկերները, բայց նրանք էլ նույն ցավի տակ են կքված:
Լույսը բացվում է, ու զարթնում ես (եթե քնել ես, իհարկե) ծանր սրտով… Դրսում անվերջանալի մառախուղ (էս էլ մի կրակ էր). քեզուքեզ խոսում ես` տեսնես այս տարի գարուն գալո՞ւ է: Դուրս ես գալիս տանից ու շրը՜խկ… նույն պրոբլեմները տարիներ շարունակ` աշխարհից դժգոհ ժողովրդի թափած աղբը՝ ոչ աղբամանում. ո՞վ է անում… քայքայված, իրարահան եղած երթուղայինները. մինչև ե՞րբ… ամբողջ օրը քեզ ամեն գնով խաբելու պատրաստ մարդիկ. ովքե՞ր են… Օրվա վերջում, երբ հոգնած ու հիասթափված հասնում ես տուն… «ռազբորկեքի» արդյունքում ջնջխված տղամարդկանց ու ողբացող կանանց մի հսկայական բանակ հեռուստաէկրանից… Ո՞ւմ ասես, որ «հեռուստացույցը» քաղաքականություն է, հոգեբանություն, քարոզ, մտածողություն… ընդ որում` ազգի: Տե՜ր Աստված, ո՞վ է ստիպում հարամել մեր պետականությունը, մեր ինքնությունը, մեր տեսակը, մեր գիրն ու գրականությունը, մեր երաժշտությունը… Ու ինչքա՞ն մարդ է լծվել էդ անաստված գործին ու ինչի՞ համար…
Այսօր մենք անվերջ հայհոյում ենք ու անիծում: Բայց արի ու տես, որ Աստծու դատաստանի վրա հույս դնելը երևի թե միամիտ գործ է, որովհետև անեծքը տվյալ տեսակի կամ երևույթի ժխտումն է` որպես չարիքի ծնունդ: Իսկ երբ անիծում ես, բայց այդ տեսակին կողքիդ ես պահում… Մենք Աստծուն ինչի՞ տեղ ենք դրել:
Ուզում եմ գոռալ, բարձր, շատ բարձր. «…խնդրո՛ւմ եմ, շա՛տ եմ խնդրում, մեր ու մեր ժառանգների երկրի հետ մի քիչ խնամքով….»: