Հրապարախոսական մտորումներ Պատմական անարդարություն / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

Մարդկության պատմության բոլոր ժամանակաշրջաններում մարդու կողմից շահագործելու, ստրկացնելու, սպանելու, ստորացնելու գործընթացները չեն վերացել: Մի հասարակարգին փոխարինել է ավելի բիրտ կամ ավելի բարվոք ժամանակաշրջանը: Անշուշտ, նախնադարյան մարդու ապրելակերպը չի կարելի համեմատել ժամանակակից մարդու ապրելակերպին: Ստրկատիրական հասարակարգից մինչև այսօրվա ժողովրդավարական կամ հանրապետական կարգերը շատ բան է փոխվել: Անշուշտ, դրական տեղաշարժեր կան: Բայց մի՞թե փոխվել է մարդկային բարոյականությունը, աչքակապությունը, ուժով բռնադատված արդարադատությունը, ազատությունը, ընչաքաղցությունը, խաբեությունը: Մի՞թե միապետական, թագավորական, կայսերական, ցարական, շահական, սուլթանական բռնություններն ավելի դաժան են եղել այսօրվա ժողովրդավարությունից, երբ կուսակցական, քաղաքական լծակներն օգտագործող մի խումբ մարդիկ տնօրինում են իրենց երկրների, արժանավոր մարդկանց բախտը: «Փոխշահավետ» համագործակցելով այլ երկրների (աշխարհի տերերի) հետ, որոնք կեղծիքով, կոռուպցիայով, անարդար ընտրություններով իշխանության գլուխ են գալիս և տնօրինում են ողջ աշխարհի մեծամասնության բախտը՝ ի շահ փոքրամասնության, մի քանի չընտրյալ ընտրյալների:

Միկրոեսը
Մարդկային ես-ը ինչքան էլ փորձի իրեն առանձնացնել, մեկուսացնել աշխարհից, մնում է տիեզերական Մեծ Ես-ի անբաժանելի միկրոմասը, ավելի ճիշտ՝ Միկրոեսը: Նա նույն սկիզբն ունի, նույն նախասահմանումը, նյութականության նույն ինքնադրսևորումը: Մարդուն ինչ անուն էլ տան, նրա էությունը չի փոխվում: Նա փոխվում է անվանապես, էապես չի փոխվում, նույնն է մնում՝ ուրիշների նման: Լավ կամ վատ պայմանական իրավիճակներում դրսևորում է իր մարմնական, ոգեղեն ու հոգեղեն հատկանիշները, բնավորությունը, վարքը, պահվածքը: Բայց նա, լավ կամ վատ, սևամորթ կամ սպիտակամորթ լինելով, նյութաշխարհի մարմնավորումն է և ոգեղենության թույլ կամ ուժեղ դրսևորումը, արարչական մեծ և ամբողջական ծրագրի մասնակիցը: Ծնվելիս նա լույս աշխարհ է գալիս, մահանալիս գնում է մութ աշխարհ: Բայց ծնվելուց առաջ նրա մարմնամասերը տիեզերական մեծ նյութաշխարհի բաղադրամասերն էին և մահից հետո էլ շարունակում են մնալ տիեզերքում: Նրա էներգիան, կյանքը, ձեռքբերումները, հարստությունը, փառքը, թշվառությունը, անփառունակությունը, աղքատությունը, բախտը, դժբախտությունը, տիեզերածավալ երազանքները, ներողամտությունը, հանճարեղությունը և անճարակությունը տիեզերքինն են: Խելացի, նրբանկատ, բարեկիրթ, հավասարակշռված, բարոյական, արդար, ազատ մարդ լինելու համար մենք պետք է ինքներս մեզ մաքրենք ամեն տեսակի աղտեղություններից, չարությունից, ամբարտավանությունից, մեծախոսությունից, նախանձից, չկամությունից: Պետք է լինենք ոչ թե մեր ես-ի գերին, այլ նրա տիեզերածավալ հնարավորություններից օգտվող ազատախոհը, բնական ու բանական զավակը, որ իր հոր ու մոր զավակն է, իր բնաշխարհի ու ծննդավայրի, իր հայրենիքի ու մարդկության, իր մոլորակի զավակն է, տիեզերքի ազատամիտ, լայնախոհ, արի ու բարի զավակը: Այսպես ապրելով ու գործելով մենք կգտնվենք տիեզերական առաջընթացի բնականոն ընթացքում, կգնանք մեր միկրոեսերը բարեշրջելու, նոր որակական, երազելի, տիեզերական մակրոեսը աստվածային կատարելիության հասցնելու ճանապարհով: Այսինքն՝ հնարավոր կլինի իրագործել դրախտային տիեզերքում ապրելու նախասահմանված նպատակադրումը:

Միամիտ հայորդիներ
Հայորդիների արդարամտության, ազատատենչության և անկախության գաղափարն այնքան խորն է ներթափանցված ազգային հոգեբանության ու գիտակցության մեջ, որ հասնում է միամտության և անհասկանալիության աստիճանի: Հայկ Նահապետից սկսված մինչև մեր օրերը նրա մղած հանուն ազատ գոյատևման պայքարը չի ունեցել բնական ու իրական մի այնպիսի ընթացք, որ մեր ժողովրդի համար ապահովեր խաղաղ ու բարեկեցիկ կյանք՝ արժանի իր բարոյական բարձր հատկանիշներին: Նույնիսկ արժանահիշատակ ու տպավորիչ հաղթանակներից հետո նրան խաբել են, դավաճան են դարձրել նրա զավակներից շատերին, թագավորներին գերի են տարել, նսեմացրել են, պղծել են նրա թագավորական դամբարանները և նույնիսկ ասքերում, հեքիաթներում, առասպելներում և «Սասունցի Դավիթ» էպոսում թույլ չեն տվել, որ ազգը մեծանա, սերունդ տա ու հարատևի:

Զենք ու զարդի
ճշմարտությունը
Հայորդիների համար գալիս է մի պահ, երբ սկսում են ափսոսալ, որ իրենց պապերը ոչ թե զինագործ են եղել, այլ արծաթագործ, որ իրենց պապերը ոչ թե թալանող են եղել, այլ թալանվող: Բայց ափսոսանքի հետ սովորաբար ծնվում է մի հպարտություն, որն ավելի թանկ ու ծանրակշիռ է դառնում այն վիրավորանքից, որ թույլ է տալիս իրեն հասցնել թալանող մարդը: Չգիտեմ, այս հպարտությունը բարեբախտությո՞ւն է, թե՞ դժբախտություն: Բայց մեր պապերի զավակներից ոչ մեկի մտքով երբեք չի անցել փորձելու «եթե զենք ունենաս, զարդ էլ կունենաս» ճշմարտությունը և միշտ զենք ու զարդից բացի, մեր հող ու ջուրն է տվել մեր թշնամիների զավակներին:

Հոգեկենտրոն
Կասկած չունեմ, որ երկրաբնակներիցս ամեն մեկը իր անուն – ազգանունից բացի, իր տիեզերական տարբերանշանն ունի, իր մեջ դրված հոգեկոդը, որը նրա բոլոր արարքները, մտածումներն անգամ հեռարձակում է գերագույն հոգեկենտրոնին: Ինչպես մեր մարմնի բոլոր բջիջներն են իրենց միասնականությամբ ենթարկվում ուղեղին՝ նրան հաղորդելով ցավի և ուրախության բոլոր գրգիռները, այնպես էլ տիեզերական ամբողջական մարմինը բարձրագույն կենտրոնին է հաղորդում երկրաբնակներիս բոլոր մարմնական, հուզական, զգացմունքային ու հոգեկան վիճակների կենսապատկերները:

Մտահայեցում
Այն իրականությունը, որի մեջ ապրում է մարդը, սերտորեն կապված է նրա տեսահայեցողության հետ: Իրողություն է նաև մարդկային մտահայեցողությունը: Ներքին և արտաքին, իրական և անիրական աշխարհները մարդուն հնարավորություն են տալիս իրար բաղդատելու տեսածը և պատկերացրածը, եզրահանգումներ անելիս, ճիշտ կողմնորոշվելիս և, ի վերջո, որոշումներ ընդունելիս: Անելիքը մարդ նախ պետք է մտքում պատկերացնի՝ ավելի անսխալ իրագործելու համար:

Երկրային
աստղորդիներս
Այն լուսային և մագնիսական ազդանշանները, որոնք ընդունվում են մեր մարմնամասերի կողմից, կառավարում են մեր կյանքը, երբեմն թելադրում, կարգադրում են մեզ անելու այն ամենը, ինչը անհրաժեշտ է մեր առաքելության համար: Մենք անուղղակիորեն, այսինքն՝ ենթագիտակցաբար, իրագործում ենք անձնական թվացող անանձնական գործողությունները: Աստղալույսերով, տիեզերական աներևույթ կենսահոսքերով մենք կատարում ենք աստղորդիների մեր դերը՝ մեր կենսատեսակի, մեր հոգեկերտվածքի արժանապատվության տերը լինելով հանդերձ:

Սրբազան ասելիքի
ընկալումը
Այն լուսավոր որակները, որոնք մենք կրում ենք մեր մեջ, արարչական մասնիկների, նրանց կենսաթրթիռների արդյունքն է: Դրանց միջոցով մենք հնարավորություն ենք ունենում ներշնչվելու, ոգեշնչվելու և վերին ոլորտների սրբազան ասելիքը հաղորդելու նրանց, ովքեր հոգեբանորեն պատրաստ են դրանք ընդունելու և հասկանալու համար:

Հայոց գաղափարախոսության գերնպատակը
Հայոց գաղափարախոսության նպատակը պետք է լինի ստեղծել առողջ ու բարոյական ընտանիքներով ամրապնդված ազգային պետություն: Պետք է կրթել ու դաստիարակել հայորդիներով համախմբված այնպիսի հզոր ազգազանգված, որ կարողանա հայրենիքի սահմանները համատեղել Աստծու կողմից պարգևած Հայկական լեռնաշխարհի սահմաններին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.