Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի գրողների միության բոլոր անդամներին և ողջ ստեղծագործական մտավորականությանը` Միության հիմնադրման 80-րդ տարեդարձի առթիվ:
Անցած ութ տասնամյակների ընթացքում Հայաստանի գրողների միությունը եղավ հոգու ու մտքի այն օջախը, որն իր կազմակերպական կառույցում միավորեց հայ գրի անդուլ մշակներին և նրանց ստեղծագործական հանճարն ուղղեց հայ գրականության բազմադարյա հարուստ ավանդույթների շարունակմանը, ստեղծեց նորերը, միշտ կիսեց ժողովրդի հոգսերն ու ուրախությունները, ականջալուր եղավ հասարակությանը հուզող բոլոր խնդիրներին ու գրականության մեջ որոնեց դրանց լուծման ուղիները:
Հայաստանի գրողները հարազատ ժողովրդի հետ էին Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում, համաժողովրդական ազգային-ազատագրական շարժման փոթորկալից օրերին, անկախություն կերտելիս ու Արցախյան ազատամարտի խրամատներում:
Իր բազմարդյուն գործունեությամբ Հայաստանի գրողների միությունը նպաստեց ստեղծելու գրական մնայուն ստեղծագործություններ, որոնք այլևս դարձել են հայ ժողովրդի մշտական ուղեկիցը, և սերունդների հոգում սերմանում են բարություն, ազնվություն ու հպարտություն, սեր դեպի Հայրենիքը, միաժամանակ սովորեցնելով չընկրկել փորձությունների առջև, չմոլորվել չարի ու անազնիվի հյուսած որոգայթներում և միշտ դավանել մնայուն արժեքներ, ինչի կարիքը մենք այսօր այնքան շատ ունենք:
Կրկին շնորհավորելով Հայաստանի գրողների միության 80-րդ տարեդարձի առթիվ՝ հայ գրողներին մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ և բոլոր զինծառայողների հետ սպասում Հայաստանի ու Արցախի անկախության ամրապնդումն ու Հայկական բանակի վստահ երթը պատկերող, մեր Հայրենիքը երիզող խրամատներում կանգնած զինվորների ու հրամանատարների հերոսական կերպարները ներկայացնող նոր ստեղծագործությունների:
Հարգանքով`
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆ