Անկախության դրոշակակիրը / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

Հովիկ ՎարդումյանՀիշողության կարոտաբաղձ մեղեդին դուրս էր գալիս տոնականորեն զարդարված դասասենյակից, տարածվում դպրոցի միջանցքներում: Դպրոցի նախկին սան Վարդան Պապիկյանի հարազատները, ուսուցիչները, համադասարանցիները նշում էին նրա 40-ամյակը: Լուրջ, մի քիչ թախծոտ հայացքով նայող նկարում պատանին ընդամենը 15 տարեկան է:
Երբ սկսվեց անկախության շարժումը, Վարդանը 13 տարեկան էր: Նա այն հազվադեպ ծնունդներից էր, ովքեր Հայրենիքի ազատության զինվոր են ի ծնե: Անդրանիկ զորավարի զինվոր Գևորգ պապից էր ժառանգել հայրենապաշտությունը: Երբ բեղատեղը նոր սևացող տղեկ էր, դաշնակցական, սիբիրյան աքսորի դառնությունը վաստակած Գևորգ պապի հետ առանձնանում էին և ժամերով զրուցում: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչի մասին էին այդքան խոսում. պապը փոխարինող էր պատրաստում, որ շարունակի իր կիսատ թողած գործը:
Երբ սկսվեց անկախության շարժումը, Վարդանը դեռ դպրոցն էլ չէր ավարտել, բայց արդեն ազատության պատրաստի զինվոր էր: Թերթելով նրա գրառումների նոթատետրը` զարմանում ես, թե 8-րդ դասարանի աշակերտի մեջ որտեղի՞ց այդքան ճիշտ ու առողջ հայրենասիրություն: Ֆիդայիներին նվիրված երգեր, մտորումներ, հասուն մտքեր` անկախության տանող ճանապարհների մասին: Դեռևս 1989 թվականից տպագրվող «Ազատության ավետաբեր» Հայ ազգային երիտասարդական միության պաշտոնաթերթում տպագրվել է նրա առաջին և դժբախտաբար վերջին «Չխաբվես, հայ ժողովուրդ» հոդվածը: Ուղղակի զարմանալի է, թե ինչքան ճիշտ է մտածում սեփական ազգի ներկա ու գալիք ճանապարհի մասին:
Վարդանն անհանգիստ հոգի էր: 8-րդ դասարանից սկսած՝ արդեն շարժման առաջին շարքերում էր: Առաջին անգամ դպրոցի բակում ծածանեց ազատության խորհրդանիշ եռագույնը: Դա մեծագույն հանդգնություն էր: Նրանով սկսել էին հետաքրքրվել խորհրդային օրգանները: Մայրը` Երևանի թիվ 51 դպրոցի գրադարանավարուհի ընկեր Լիդան, որտեղ սովորում էին նրա երեխաները` Վարդանը և աղջիկը` Հայկուհին, հաճախակի էր Վարդանի պատճառով նկատողություններ ստանում: Չնայած Վարդանը շատ կարդացած էր, հրաշալի գիտեր Հայոց պատմություն և անսահման հայրենասեր էր, բայց այն ժամանակներում հայրենասիրությունն այլ հասկացողություն էր` հաճախ նույնացվում էր Հայրենիքի դավաճանության հետ: Վարդանը հաճախ էր փախչում դասերից` մասնակցում ցույցերին: Ցույցերի ժամանակ էլ ճակատագիրը նրան հանդիպեցրեց Մովսես Գորգիսյանի հետ. մտերմացան, դարձան պայքարի համերաշխ մարտիկներ:
Հեռուստատեսությամբ շատերն են տեսել, թե ինչպես է բարձրահասակ, ճարպիկ պատանին բարձրանում այն ժամանակվա Գերագույն խորհրդի շենքի տանիք և այնտեղ տեղա­դրում եռագույնը: Նույն պատանուն կարելի է տեսնել ցույցերի ժամանակ` եռագույնը ձեռքին, երթի առջևից քայլելիս: Սակայն շատ քչերը գիտեն, որ այդ տղեկը հենց ինքը` Վարդան Պապիկյանն է:
Վարդանը ծնողներից թաքուն մտել էր շարժման մեջ, հաճախում էր Մովսես Գորգիսյանի գաղտնի հավաքներին, դարձել էր նրա զինակիցն ու դրոշակակիրը:
Իսկ սկսված շարժումը գնալով նոր թափ ու ձև էր ստանում: Հաճախակի էին դառնում զինված ընդհարումներն Արցախում և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում: Վարդանը մի խմբի հետ զենք-զինամթերք էր տեղափոխում Գետաշեն, Կոռնիձոր, անհրաժեշտության դեպքում՝ մասնակցում այլ գործողությունների: Ծնողների արգելքն անտեսելով՝ գնաց նաև օգնելու երկրաշարժից տուժած հայրենակիցներին, վերադարձավ ավելի լրջացած, հասունացած…
Սակայն, դժբախտաբար, շատ կարճ տևեց Վարդանի հերոսական պայքարի ուղին: 1990 թվականի հունվարի 16-ին վերադարձավ Կոռնիձորից և Գորիսից` հերթական անգամ զենք-զինամթերք էր տարել սահմանները պահող կամավորականներին: «Ճանապարհին մրսել էր, հիվանդացել, երկու օր տնից դուրս չեկավ,- հիշում է քույրը,- հունվարի 18-ին Մովսես Գորգիսյանը զանգահարեց, ասաց, որ ինքը գնում է Երասխավան, այնտեղ կռիվ է սկսվել: Վարդանն իրեն վատ էր զգում` Մովսեսը գնում է, իրեն չի տանում: Մայրս խիստ ասաց, որ ոչ մի տեղ էլ չի գնա, տնից դուրս չի գա…»:
Սակայն Վարդանը չէր կարող տանը հանգիստ նստել, երբ ընկերները գնացել էին կռվելու թուրքի դեմ: Դեռ չապաքինված, անտեսելով մոր խնդրանքը, գնաց շտաբ:
Մայրն անհանգիստ էր, անընդհատ զանգահարում էր, համոզում շտաբից դուրս չգալ, ոչ մի տեղ չգնալ` մայրական սիրտն զգում էր: Սակայն հաջորդ օրը Վարդանը գնաց Երասխավան… Ու ամեն ինչ վերջացավ… անսպասելի, անհավանական…
Հարազատներն սպասեցին, սպասեցին, մինչև օրս էլ սպասում են… Հայրն աչքը ճանապարհին, ականջը լուրի սպասելով էլ մահացավ: Մայրը ծերացել է, բայց դեռ հույսը չի կորցնում, թե մի օր կհայտնվի իր սիրելի, չարաճճի որդին… Մովսես Գորգիսյանի զոհվելու օրը անհասկանալի, կասկածելի հանգամանքներում անհետացավ նաև նրա դրոշակակիրը` Վարդան Պապիկյանը: 15-ը նոր բոլորած հերոս ֆիդային, ինչպես ինքն էր սիրում ասել, գնաց խառնվելու հերոս նահատակների փաղանգին: Գնաց` ապրողներին թողնելով իր սիրո ու նվիրումի գողտրիկ աշխարհը և մի գեղեցիկ բանաստեղծություն սիրած աղջկան` համադասարանցի Լիլիթին` չհասցնելով անգամ սիրո խոստովանություն անել:
Գնում եմ, սիրելի՛ս,
ինչ արած…
Կարդա իմ այս երգը
Եվ հիշիր, որ մեկը սիրում է քեզ:
Թե իրավ երջանիկ լինես դու,
Մոռացիր, իմացիր` չկամ ես,
Թե լինես հուսահատ ու տխուր,
Հիշիր, որ սիրում է մեկը քեզ…
Այսպես անսպասելի ու ողբերգական ավարտվեց դեռ չափահաս չդարձած մեծ հայրենապարտի կյանքը: Վերջին զանգի ժամանակ Վարդանի դասասեղանին մոմ էր վառվում: Այդ նրա հոգու պայծառ լույսն էր, որ վառվում է մինչև այսօր և կապրի հավերժ` որպես ուղեցույց և օրինակ սերունդների համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։