ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծուհի
ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ԵԿԵԼ ԵՄ ԽՐՎԵՄ ՀՈՂԴ
1
Իմ աչքերը սև, իմ մազերը սև,
Ցորնագույն մաշկս չի համատեղվում
կապուտաչյա, շեկ օտար հողի հետ:
Հրուշակալեզու ազգերի խոսքը
չի համատեղվում երկաթագրիս,
Եվ իմ աղոթքը՝ անզարդ ու անբառ
լռվում է զուգված այս տաճարներում:
Այս տաճարները անհոգ ու ճնշող,
նման չեն բնավ հպարտ բարձունքում
մենավոր կանգնած մեր մատուռներին:
Անդուռ: Երդիկը աստծո փեշն ընկած
աղավնաքար իմ Կամակատարը…
2
…Իսկ այսօր, հեռու օտար քաղաքում
եկեղեցի են բացում հայկական:
Բարձր, երգեցիկ, զանգակատնով,
ոսկեգեղեցիկ,
Հողը մերը չի, շինվածքն է մերը,
Քարը մերը չի, շարվածքն է մերը,
Խոսքը մերը չի, շաղվածքն է մերը…
Խորը մերը չի, խորալն է մերը,
Լավը մերը չի, խոր ցավն է մերը:
Օտար աչքերով
ժպտում է տերը:
***
Ծերանում ենք, Պարույր Սևակ,
Ծերանում ենք, սիրելիս,
Ծերանում ենք,
Սակայն խելքի չենք գալիս…
Պարույր Սևակ
Ծերանում ենք, անսերանում
Ու նոր խելքի ենք գալիս,
Կյանքը, գիտենք, մեզ նվեր չէ,
Էլի նվեր ենք տալիս,
Նվիրվում ենք ում որ պետք չէ
Ու նոր խելքի ենք գալիս:
Անում ենք այն, ինչ որ մենք չենք
Ու մեզ էլ չենք դուր գալիս,
Մենք ներում ենք աններելին,
Մեզ ներում էլ չեն տալիս,
Լաց ենք լինում լավ խնդալիս,
Ու նոր խելքի ենք գալիս,
Բայց ո՞ւմ է պետք եկած խելքը,
Կյանքը… էլ ետ չի գալիս:
Ծերանում ենք, վեհանում ենք,
Վերանում ենք, սիրելիս,
Ե՛վ սիրածին, և կարոտին, և ծնվելուն
Կարոտում ենք… մեռնելիս,
Մեռնելուն էլ կարոտում ենք,
Էլի խելքի չենք գալիս,
Ծերանում ենք, անտերանում
Ու նոր խելքի ենք գալիս:
Բայց ո՞ւմ է պետք եկած խելքը,
Կյանքը էլ ետ չի գալիս:
ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մանկան նման աշխուժացած
ԱՄՆ պապան,
Իր խաղալիք հրացանով աշխարհն
անում է ցիրուցան,
Ռումբ է գցում.
Պայթած փուչիկ, արյուն թափում՝
ընկած կաթիլք,
Վառում, վարում վայրիվերո
Հաղթի, պարտվի, մարդը՝ զրո:
Զրո՝ հողը, զրո՝ փողը, զրո՝
շինողն ու վարողը:
Եվ այս ամենն ընդամենը երկու բառը
զիլ ճչալու նպատակով.
– Ողջը ի՛մն է:
Ի՛մը… ի՛մը… ի՛մը… ի՛մը…
Այս է մարդու տառապանքի
երգն ու հիմնը:
***
Ես կին եմ, հիմն եմ ու բիբլիական.
Որդիներիս մոտ Մարիամ եմ ու մայր,
Սիրո աչքերում անավարտ ու վատ
մի Մագթաղինե:
ԲԱԼԼԱԴ
Որդին մեծացավ, նայեց իր շուրջը,
Իրենից հարուստ շատերին տեսավ,
Ու սիրած մորը սկսեց ատել,
Որ հարուստ չէր նա,
Եվ կոշտ աշխարհից ցավից ու ահից
Որդուն սիրով էր պաշտպանել միայն:
Մայրական սերը կաթիլքի նման
մաշեց ու սիրտը պայթեց լռությամբ:
Մայրանկարից թափվող լուռ սերը մարեց.
քարացավ,
ծաղկեփունջ դարձավ:
Տարիներ անցան, և հարստացած
որդին նկարին
Նայում էր արդեն հարուստ հայրացած.
– Ի՞նչն է պակասում այս շքեղ կյանքում,-
հարցրեց քարին՝ մոր լուռ աշխարհին.
– Որդիս, միայն սեր, ինչ որ ես
անվերջ նվիրեցի քեզ,
Բայց քեզ պետք չեկավ:
ՊԱՏԵՐԱԶՄ
Թշնամի քարտեզը տեսա…
վերագծեցի:
Միջից հանեցի բոլոր անունները՝
իրենց՝ օտար,
ինձ՝ հարազատ:
Գետ ու լիճ չթողի, տեղահան արի,
հունից հանեցի:
Թունդացրի սահմանը մուգ գրող գրիչով,
Սարը շարժեցի դեպի ինձ, անունն ուղղեցի
Օտար անուններն իրենց, մերը՝ մեզ:
Այսպես լավ է:
Ո՛չ զորք, ո՛չ զենք:
Ո՛չ ճիչ: Միայն՝ գրիչ:
Մենք այսպես ենք սովորել կռվել:
ՀԵՌՎՈՒՄ ԵՄ, ԵՐԵՎԱՆ
Դու հիմա քնա՞ծ ես, Երևան,
Քնա՞ծ ես գրկած ծառերդ ծաղկած,
Այնինչ քո ձեռքը իմ գլխի տակ է,
– Չես թողնում քնեմ,
Համբուրում ես ու խոսքեր շշնջում՝
Սիրախառը, տաք:
Ինչո՞ւ չես քնում,
Ինչո՞ւ չես թողնում ես էլ քնեմ:
Ես քեզ հետ չեմ՝ քո տանը քնած,
Քո սիրուհին եմ:
ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՆ
Տառադարանի շարքերի միջև
Դուք ծաղկագրած Մեծատառեր,
Ներե՛ք մեզ, մայրեր, Մեծատառեր,
Փոքրատառն էլ է բառի մեջ պետք: