Սարգիս Սարյան – 100

Փետրվարի 1-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ նկարչի ավագ որդու, գրականագետ Սարգիս (Սարիկ) Սարյանի 100-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Այս առիթով կազմակերպվել էր ցուցադրություն, որտեղ ներկայացվել են այն բոլոր ճեպանկարները, լուսանկարները, որտեղ Մ. Սարյանը նկարել է որդուն, ինչպես նաև նրա նամակները, ձեռագրերը, անձնական իրերը և գրքերը՝ անձնական գրադարանից:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Սարգիս Սարյանին բնութագրեց իբրև իր աշխատանքներով արվեստի խորագիտակ մարդ, ով իր մարդկային նկարագրով սարյանական մտածողության ձևն էր առարկայորեն բերում և ներկայացնում իր ժամանակակիցներին: «Հստակ, խորքային մտածողությամբ ընդգրկուն երազների և իրականության մի հետաքրքիր մոլորակ էր, որի մեջ սարյանական ոգի կա»,- ամփոփեց նա:
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն անդրադարձավ Ս. Սարյանի գրականագիտական աշխատանքներին, մասնավորապես «Հետպատերազմյան սովետահայ գրականությունը խաղաղության համար մղվող պայքարում»` նշելով, որ այստեղ ներկայացված է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդհանուր պատմական ֆոնը և դրա անդրադարձումը խորհրդային ժողովուրդների գրականության, հատկապես հայ գրականության մեջ: Բանախոսն անդրադարձավ նաև «Սովետահայ արդի պատմվածքը» գործին, որտեղ ցույց է տալիս պատմվածքի ժանրի զարգացումը վերածնության շրջանից մինչև նոր շրջանի գրականություն` վերլուծելով այդ ժամանակի հայ արձակի լավագույն նմուշները:
Ավիկ Իսահակյանը հուշեր պատմեց Սարիկի մասին` ընդգծելով, որ Վարպետը նրան համարում էր իր ժամանակի ամենակարդացած, հանրագիտարանային գիտելիքներ ունեցող երիտասարդ, սիրում էր նրա լավատեսությունը, բարի վերաբերմունքը շրջապատի մարդկանց հանդեպ և նրա որոտընդոստ ծիծաղը:
Ս. Սարյանի մասին իրենց հուշերը պատմեցին նաև Ռուզան Սարյանը, Յակով Զարգարյանը, Վիգեն Ղազարյանը, Սոֆյա Ասատրյանը և ուրիշներ:
Սեփ.լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։