«…Անին շուրթերը շարժեց, որ համբուրի շոյանքը, բայց շոյանքը բարձրացավ քթիկի վրայով, հասավ այտերին ու կանգ առավ աչուկներին: Անին բացեց աչուկները, թափահարեց թաթիկները, որ բռնի շոյանքը… Դա տատիկի շոյանքն էր»: Սա փոքրիկ մի հատված էր Շնորհիկ Շահինյանի «Անին ու քամին»՝ վերջերս լույս տեսած գրքի համանուն պատմվածքից: Ամենևին էլ ոչ պատահականորեն ընտրված հատվածը կապն է տատիկի և թոռան, անգամ նրանց մանկությունների միջև:
Գիրքն ուրույն կառուցվածք ունի. հեղինակն այն բաժանել է երկու ինքնատիպ մասերի. բավական հետաքրքիր տարբերակ՝ միմյանցից ժամանակային որոշակի հեռավորության վրա գտնվող մանկություններ: Եթե առաջին մասում գրողի փոքրիկն է իր ուրախ-զվարթ, գունագեղ մանկությամբ, ինչը, ի դեպ, առանց գունանիշ բառերի գործածության էլ ակնհայտ է, ապա հաջորդ էջերում արդեն մեկ այլ մանկություն- բնանկար է, որը գրեթե հակապատկերն է առաջինի: Փոխվում են իրականության գույները: Անիի խաղաղ, խաղերով լցված անձրևին ակամա փոխարինում է փրփրոտ-ջրագնդերով անձրևը: Այսօրվա պայծառ գույնը ասես միանգամից խունանում է: Ի տարբերություն Անիի մանկության՝ վերջինս ավելի տխուր է, լի փոթորկուն ջրերով՝ թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական իմաստով: Ծաղկաձորյան-«ծաղկանտառյան» մանկությունը կինոժապավենի նման ետ է տարվում՝ իր տեղը զիջելով թեև սև-սպիտակ, բայց կրկին լուսավոր ու բարությամբ լի մանկությանը:
Հեղինակն ընթերցողին ասես կամաց-կամաց «մեծացնում» է թոռնուհու՝ Անիի հետ. հետզհետե լայնանում է փոքրիկին շրջապատող աշխարհը: Սա գրքի հաջողության գրավականներից մեկը պետք է համարել. գրողին հաջողվել է նոր-նոր աչքերը բացած մանկիկի հայացքով ոչ միայն դիտել շուրջը, այլև ասես ձեռքից բռնած իր հետ տանել նաև ընթերցողին: Երեխայի առաջին քայլերի նկարագրությունը շնչում է մեղմությամբ: Փոքրիկ Անին մեծանում է, իսկ հեղինակը զուգահեռաբար սկսում է տեղեկություններ հաղորդել: Անցումը աստիճանական է՝ համարյա այնպես, ինչպիսի քայլերով մեծանում է փոքրիկը, հերթագայությունը՝ բնական՝ խաղալիքներ, երաժշտություն, նոր միջավայր: Հետզհետե լայնացող շրջապատը ընդգրկում է նաև Անիի եղբայրներին, և երեխայի հարազատների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում ոչ ավելի, ոչ պակաս… կոմիտասյան Սոնա յարը. թվարկման կարգով ներկայացնելով նրա երգերից մի քանիսը՝ հեղինակն ամբողջացնում է խոսքը. «Հիմա Անին արդեն ունի իր Կոմիտասը, իր երգերը՝ իր լորիկը, իր կաքավիկը, իր Սոնա յարը»: Այսպես, գրեթե թոթովախոս մի փոքրիկ, որը նոր-նոր քայլել է սկսել, արդեն կապվում է հայ երգին և երաժշտությանը: Այնուհետև բացվում է հաջորդ «հեքիաթը». Անին հայոց այբուբենն է սովորում, Տերունական աղոթքը: Այս առումով հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել հեղինակը. աղջնակի անվան հետ կապված՝ փոքրիկ նրբագծումով նա ծանոթացվող թեմատիկ շարքից անդրադառնում է հատկապես էրգրի կարոտին՝ նշելով. «Անիի պայուսակները սպասում են տունդարձին…»: Անին մեր օրերի մանուկն է՝ հեղինակային գրքեր ունեցող պապիկի և տատիկի թոռնուհին, ով մանկությունը վայելում է ծաղկաձորյան խաղաղության մեջ՝ գրքի ու գրականության մշակների հոգածու ձեռքերի ներքո և ամեն ինչի հետ յուրօրինակ սեր ու հետաքրքրություն է տածում նաև գրքի նկատմամբ:
Հետաքրքիր ու սահուն ձևով ապահովված է անցումը մի շարքից մյուսը. կապողը անձրևն է, որը մեկ տեսնում ես՝ թմբկահարում է «հանգստյան տան տանիքն ու պատուհանները» («Անին Ծաղկաձորում»), մեկ էլ հանկարծ միտքը փոխում է, և ամպերը «իլիկից փրթված թելերի նման» կախվում են սարերի ու դաշտերի վրա, իսկ «Շեկո հորթուկը իր համար մանր-մանր արածում» է արտի եզրին («Անձրևը»): Գյուղական պարզ, «մղեղոտ» մի իրականություն, կարմրուկով վարակված՝ գրեթե Անիին հասակակից մի աղջնակ, ու այնքա՜ն մաքրություն: Այստեղ գործ ունենք իրական մի հովվերգության հետ, և հեղինակը կարողանում է նրբորեն ստվերագծել այն՝ միամիտ ու լուսավոր: «Մա՜, բա զատիկը կարմրուկ հանո՞ւմ է»,- հոգեխտիղ նկարագրությունը գրողն ստանում է պատկերավոր, խոսուն, սակայն պարզ տողերի միջոցով («Կարմրուկը, լուսինն ու շիլան»):
Հեղինակի մեկ այլ գործի անակնկալ վերջաբանից հետո թվում է՝ պետք է միայն լռել: Ուրեմն՝ ժամանակային տարբեր բաժանումներ՝ գրողի մանկությունը, թոռնիկի մանկությունը, և նրանց երկուսի միջև ընկած ևս մեկ ժամանակաշրջան-տարածություն՝ իրեն բնորոշ գուներանգներով՝ Արցախյան պատերազմ, որը ներկայացված է ընդամենը երկու տողով. «Դասարանը պապանձվեց, շատերը չհասցրեցին կուլ տալ փշրանքները. Արցախում սկսվել էր պատերազմը» («Բուֆետը»): Տողեր, որոնք անժխտելիորեն թողնում են իրենց ազդեցությունը, և մի քանի էջանոց գործն ըստ էության հայտնվում է ճիշտ և ճիշտ երկու նժարների վրա. ծանրը երկտողանոց միտքն է:
Շնորհիկ Շահինյան գրողը միաժամանակ հետաքրքիր պատմողն է. ուշագրավ է նաև նրա գործածած մանկական բառապաշարը: