Ստեփան Ալաջաջյան – 90

0327stepan-alajajian
***
Հայրենիքից հեռու ապրել՝ չի նշանակում հայրենիք չունենալ: Հայրենիք ունենալով՝ հայրենասիրություն չունենալն է ամոթ… հայրենասիրությամբ չապրելն է ամոթ:

***
Ինձ համար փառքն ու ցավը երբեք հավասար չեղան: Մե՛րթ փառքն էր առավել, մե՛րթ՝ ցավը: Չեմ կարող ասել, թե չեմ պայքարել արժանավոր փառքի համար կամ չեմ պայքարել ցավերի դեմ:
Ս. Ալաջաջյան

Հոկտեմբերի 3-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում նշվեց հայ արձակի անվանի դեմքերից մեկի՝ Ստեփան Ալաջաջյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը: Ս. Ալաջաջյանը 20-րդ դարի հայ գրականության հրապարակ իջավ իր յուրատիպ մտածողությամբ և բեղուն գրչով: Դերասանուհի Մարո Հակոբյանը հակիրճ ներկայացրեց Ալաջաջյանի կյանքն ու գործունեությունը՝ ընդգծելով նրա հայրենասիրությունն ու գրական վաստակը հայրենաշինության գործում: Երեկոյին իրենց հուշերով և ողջույնի ջերմ խոսքերով հանդես եկան թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, գրականագետներ Ազատ Եղիազարյանը և Սամվել Մուրադյանը, բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, ռեժիսոր Սամվել Սարիբեկյանը: Հոբելյանական երեկոյին հնչեցին սիրված երգեր երիտասարդ երգիչներ Արմինե Խաչատրյանի և Եվա Եգանյանի, Արսեն Համբարյանի և դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանի կատարմամբ: Նրա գործերը հիմնարար կամուրջներ են հայ ժողովրդի պատմական անցյալի և ներկայի, Սփյուռքի և հայրենիքի միջև, այդ թվում՝ «Եղեգները չխոնարհվեցին», «Չսպիացած վերք» և այլն: Ս. Ալաջաջյանի ստեղծագործական ժառանգությունը և հայ մտավորականի բացառիկ տեսակը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ ի շահ սերունդների և հայ գրականության:

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։