Բոլորս հիշում ենք, թե ռուս օդաչու Օլեգ Պեշկովի` թուրքերի ձեռքով կատարված անարգ սպանությունից հետո արժանապատիվ ցասումի և արդարացի վրդովմունքի ինչ ալիք բարձրացավ Ռուսաստանով մեկ` շարքային քաղաքացիներից մինչև պետության առաջին դեմքերը: Այդ` լիովին հասկանալի անդրադարձը, փոքր-ինչ մեղմացած, շարունակվում է առ այսօր և, կարծում ենք, որ կտևի դեռ երկար, անգամ այդ ստոր արարքի բարոյական և նյութական ամբողջական հատուցումից հետո, ինչը շատ հավանական չէ:
Այժմ պատկերացրեք մի պահ, որ օդաչուի սպանությանն անմիջապես հաջորդող օրերին մեր պետության բարձրաստիճան դեմքերից մեկն իր հարցազրույցում Ռուսաստանի անդրադարձը որակեր որպես «դեմագոգիա, բառացռիկ և փսլինք»: Հազա՜ր ներողություն երկրորդ բառի համար, բայց ՌԴ փոխվարչապետն այսպես է բնորոշել մեր անդրադարձը` իր ամբարտավան հայտարարության հանդեպ՝ արված Բաքվում. словесный понос, և մենք պարտավոր ենք դրա առավել ճշգրիտ համարժեքը գտնել հայերենում:
Նման բան Հայաստանում երբեք, ոչ մի դեպքում չէր կարող լինել, բայց ենթադրենք… Ես պատկերացնում եմ, թե վրդովմունքի ինչպիսի մի նոր ալիք կբարձրանար Ռուսաստանով մեկ: Եվ ո՛չ միայն… Չէր բացառվի, որ վրդովվողների շարքում հայտնվեր նաև խնդրո առարկա փոխվարչապետը: Եվ, անշուշտ, պահանջներ կհնչեին այնտեղից ներողություն խնդրել սրբապիղծ բնորոշումների համար:
Ակամայից այս անհավանական ենթադրությունն անցավ մտքովս, երբ կարդացի ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի` «Էխո Մասկվի» ռադիոկայանին տրված հարցազրույցի սղագրությունը բնագրով:
Անմիջապես ցանկություն առաջացավ նստել համակարգչի առջև և իմ կարծիքը շարադրել, այսպես ասած, թարմ հետքերով: Սակայն տեղնուտեղը մտածեցի, որ նման վիրավորական արտահայտությունների հանդեպ մեր ղեկավարությունը չի կարող անտարբեր մնալ և կպահանջի դաշնակից երկրի փոխվարչապետից ներողություն խնդրել կամ գոնե մեկնաբանել իր ասածը: Ուստի պետք չէ իրադարձություններից առաջ անցնել և արտահայտել անձնական մի կարծիք, որն ընդամենը մի կաթիլ է լինելու ստորության անեզր օվկիանոսում: Սակայն մեր իշխանավորները լուռ էին, եթե չհաշվենք ռուս պատգամավորներին հասցեագրած դժգոհությունը Դ. Ռագոզինի` Բաքվում արված հայտարարության առիթով: Ընդհակառակը. մեր լրագրողուհիներից մեկը, կամա թե ակամա, ստանձնեց ռուս պաշտոնյայի փաստաբանի պարտականությունը՝ բավական ձախավեր բացատրություններ փնտրելով նրա վիրավորական արտահայտությունների համար:
Երևույթն առավել խորությամբ մեկնաբանելու համար պետք է իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում պետական գործչին ոչ պատշաճ լեքսիկա կիրառող այս անձը: Դմիտրի Ռագոզինը պատահական մեկը չէ և, առավել ևս, իշխանական բուրգի գագաթին սերտորեն մոտեցած «բիրդանաղա» չէ: Նա գիտական, ռազմական, վարչական, դիվանագիտական և նույնիսկ մարզական հարուստ կենսագրություն ունի: Սերում է ռուս ազնվական երկու տոհմից. նախապապերից մեկը` գեներալ-մայոր, Մոսկվայի պոլիցմեյստերն է եղել, իսկ հայրը խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ է, աներն էլ` ԿԳԲ-ի գնդապետ: Ինքը` Դմիտրի Օլեգովիչը, սպորտի վարպետ է բասկետբոլի և հանդբոլի գծով, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, գիտական ստվարածավալ գրքերի հեղինակ, գրեթե մայրենիին հավասար տիրապետում է եվրոպական հինգ լեզուների, իսկ զբաղեցրած բարձր պաշտոններից կուզեինք առանձնացնել հատկապես մեկը` արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակով մի քանի տարի նա եղել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում, որտեղ, ի թիվս մի շարք ունակությունների և պարտադիր պայմանների, պետք է հստակ իմանաս, թե ում հետ ինչպես պետք է խոսել և ինչ լեքսիկա կիրառել:
Ասել է, թե այս անձնավորությունը հրաշալի գիտի յուրաքանչյուր բառի արժեքը, ուստի եթե խախտելով, անշուշտ գիտակցված, թե՛ ազնվականական, թե՛ դիվանագիտական էթիկետը, գործածել է նման արտահայտություններ, նշանակում է հրաշալի հասկանում էր, թե ինչ է ասում և ում է ասում, և հատկապես ինչպիսի իրավիճակում է ասում: Այդ որակումները նա հնչեցրել է ապրիլի 12-ին, երբ արդեն հայտնի էին չորսօրյա պատերազմի հիմնական մանրամասները, այդ թվում և իր մուշտարի ադրբեջանցիների վայրագությունները… Իսկ եթե դրանից առաջ հարկ էր համարել գնալ Բաքու` իր առևտուրն ընդարձակելու, ապա գուցե բնավ հարկ չկար այդ մասին ի լուր աշխարհի ազդարարելու: Առանց այդ էլ բոլորը հասկացան, թե ինչու է գնացել: Սակայն նա չբավարարվեց միայն հայտարարությամբ և մի քանի օր անց հարկ համարեց հերոսական զոհեր տված սգակիր ժողովրդին անարգել: Նման դեպքերում կա՛մ ցավակցում են, կա՛մ լռում: Եվ եթե հայտարարությունը կարելի է որակել որպես ցինիզմ, ապա վերոնշյալ վիրավորական բառերը ոչ այլ ինչ են, քան մեծապետական սադիզմի արտահայտություն:
Գուցե պետք է ընդունել, որ Ռագոզինը կարծես փորձում է մեղմել իր բառերը, ասելով, թե զենքը չէ, որ կրակում է, այլ մարդը: Դեմագոգիկ այս նախադասությունը օրերս կրկնեցին նաև ՌԴ Դումայի պատգամավորները Հայաստանում:
Այդ «մարդը» տվյալ դեպքում Ադրբեջանն է, որը ցամաքով հարևան է Իրանին, Հայաստանին, ԼՂՀ-ին, Վրաստանին և Ռուսաստանին, իսկ ծովով` Ղազախստանին և Թուրքմենստանին: Բոլորը հասկանում են, որ Հայաստանից զատ մյուսների դեմ բացառվում է, որ պատերազմի, նշանակում է ռազմական այդ ահռելի ծախսերն անում է մեկ նպատակով` պատերազմ հրահրել ԼՂՀ-ի, իսկ եթե պատեհ առիթ եղավ, նաև Հայաստանի դեմ: Մի՞թե մենք բողոքում ենք, թե Ռուսաստանն ինչու է զենք ծախում Իրանին: Մենք գիտենք, որ այդ զենքը նրանք առնում են լոկ պաշտպանական նպատակներով:
Ռուսաստանում պիտի որ լավ հիշեն, որ այդ «մարդը» 1905, 1918 և 1990 թթ. հայկական ջարդեր կազմակերպեց Բաքվում, 1920 թ.՝ Շուշիում (ի դեպ, Օ. Մանդելշտամը ողբերգական մի բանաստեղծություն ունի այդ կոտորածի մասին), Սումգայիթում՝ 1988 թ.:
Ռուսաստանը պիտի լավ իմանա, որ այդ «մարդու» ախորժակը միայն հայերը չեն, այլև իրենք՝ ռուսները, ապացույց՝ 1918 թ. Շամխորի ջարդը, երբ թուրքական ռազմաճակատից վերադարձող 5000 անզեն ռուս զինվորներն անգթորեն կոտորվեցին: Իմիջիայլոց, ռուսները մեծագույն դժկամությամբ են լսում «դարավոր բարեկամի» (Դ. Ա. Մեդվեդև՝ ՌԴ վարչապետ) այս վայրագության մասին: Ռուսաստանում պիտի որ լավ հիշեն, թե Ադրբեջանն ինչպես էր ամեն կերպ օգնում չեչեններին ռուս-չեչենական առաջին պատերազմի օրերին: Դ. Ռագոզինը և բարձրաստիճան այլ անձինք պիտի որ լավ իմանան Հեյդար Ալիևի` 1998 թ. մարտի 26-ի հրամանագիրը, համաձայն որի՝ մարտի 31-ը հայտարարվում էր «ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության օր»: Եվ այդ «ցեղասպանության» մեղավորներն էին հայերն ու ռուսները: Նույն թվականի ապրիլի 19-ին ռուսալեզու «Բակինսկի ռաբոչի»-ն գրում էր. «Ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ծանոթացավ այն տեղանքին, ուր պետք է բարձրացվի հուշահամալիրը… Նախատեսված է այն ավարտել 2000 թ., և դրա բացումը հարմարեցնել հունվարի 20-ի ողբերգության 10-րդ տարեդարձին…»:
Այս առթիվ մոսկվացի լրագրող Վալերի Սենդերովը գրեց. «Մեր սահմաններից դեպի հարավ կանգնեցվում է թշնամության և ատելության համալիր: Այս անգամ արդեն ոչ թե ընդդեմ հայերի, այլ՝ ընդդեմ մեզ: Եվ ռուսները պետք է իմանան այս մասին» («Ռուսսկայա միսլ», Փարիզ, N4222, մայիսի 14-22):
Ռուսներն, անշուշտ, գիտեն այդ մասին, բայց ավելի քան հարյուր տարի համառորեն շարունակում են իրենց ինքնասպան` բյուզանդական քաղաքականությունը:
Ֆրանսիացի մեծ պատմաբան Ռընե Գրուսեն իր` «Հայաստանի պատմությունը. ակունքներից մինչև 1071 թ.» (1947 թ.) կոթողային աշխատության մեջ Բյուզանդիայի կործանման պատճառներից մեկն էր համարում Կոստանդնուպոլսի հակահայ հետևողական քաղաքականությունը, երբ հարյուրամյակներ շարունակ թուլացնելով բնական պատնեշ հանդիսացող քրիստոնյա Հայաստանը, դրանով իսկ ճանապարհ բացեց սելջուկների համար:
Ռուսաստանն իր ինքնասպան քաղաքականությամբ ավելի հեռուն գնաց. այսօր, երկիմաստ պահվածքով, նա ոչ միայն թուլացնում և նվաստացնում է իր դաշնակցին, այլև զինում, սիրաշահում և բարոյական աջակցություն է ցուցաբերում պատմականորեն ապացուցված իր թշնամուն: Արդի աշխարհում երկու պետություն կա, որ իսկապես հավատարիմ են մնացել Ռուսաստանին. Հայաստանն ու Սերբիան, մյուս, այսպես կոչված, դաշնակիցները, վճռական հարցերում տարօրինակ կեցվածք են ցուցաբերում, դրա լավագույն վկայությունը Բելառուսի որձևէգ քաղաքականությունն է, իբրև թե սլավոնական երկիր, որն աստիճանաբար գլորվում է դեպի պանթուրքիզմի ճամբարը:
Այսպես որ շարունակվի, Ռուսաստանը դե ֆակտո հայտնվելու է հպարտ մենության մեջ` զրկված նոր և իսկապես հավատարիմ դաշնակից գտնելու հնարավորությունից: Խոսքն այն մասին չէ, որ ընտրության հնարավորություն ունեցող Հայաստանը խզի իր կապերը ԵԱՏՄ-ի և մանավանդ ՀԱՊԿ-ի հետ, այլ հիշեցնի, որ հավատարմությունը պետք է լինի փոխադարձ: Դա նշանակում է նաև, որ եթե երկիրը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան վիրավորում է դաշնակից երկրի ժողովրդին, ապա դրա համար պետք է ներողություն խնդրել, ճիշտ այնպես, ինչպես մի քանի օր առաջ Կրեմլը ներողություն խնդրեց գերմանական «Զյուդոյչե ցայտունգ» թերթից, մեր կարծիքով աննշան և, ամենակարևո՛րը, ամենևին ոչ վիրավորական վրիպումի համար:
Գերմանացիք պահանջեցին և բարոյական հատուցում ստացան: Մինչդեռ մերոնք խուլուհամր ձևացան: Ափսո՜ս: Մենք կրկնակի հաղթած երկիր ենք և գերմանացիներից ավելի շատ իրավունք ունեինք պահանջելու…
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ / ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
