ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ 100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆՆ Է / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ակնհայտ է, որ 2015 թվականի ապրիլի 24-ը, հայ-թուրքական հարաբերությունների եզրույթով, ջրբաժան է աշխարհի հարյուրից ավելի երկրների համար: 20-րդ դարի մոլորակի առաջին ցեղասպանության հիշատակման արարողությունը թուրքերի թեթև ձեռքով վերածվել է քաղաքական անշնորհակալ գուշակությունների դաշտի, որտեղ էականը տարրական հաշվարկն է, թե որ երկիրը որտեղ և ինչին կմասնակցի` Ստամբուլում Դարդանելի մարտերի՞, թե՞ Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակների միջոցառումներին: Էրդողանն աշխարհին դրել է ընտրության առջև. կա՛մ նրանք 2015 թ. ապրիլի 24-ին նախապատվությունը տալիս են համամարդկային արժեքներին, այցելում են Հայաստան, կա՛մ էլ մերժում են այդ արժեքները: Թուրքիան հերթական անգամ փորձում է պատմությունը հարմարեցնել իր նպատակներին, դիմելով պարզունակ խորամանկության և ապավինելով ջայլամի կենսափորձին, որ գլուխը ավազների մեջ թաղելով, կարծում է, թե իրեն չեն տեսնում:
Թուրք հրապարակախոս Բասքըն Օրանը, «Ռադիքալ» թերթի իր հոդվածում անդրադառնալով Դարդանելի մարտերի 100-ամյակի միջոցառումներին, նշել է, որ «Դարդանելի պաշտպանական մարտերի օրը միշտ նշվել է մարտի 18-ին, բայց այս տարի նշվելու է երիտթուրք «մսագործների» կազմակերպած կոտորածների օրը խորհրդանշող ապրիլի 24-ին, ինչը խայտառակություն է»: Այդուհանդերձ, երկրների մի մասը` քաղաքական և տնտեսական շահերով պայմանավորված, երբեմն էլ թուրքական սպառնալիքին ու շանտաժին ենթարկվելով, կփորձեն ձայնակցել թուրքական դիվանագիտության նվագին, նույնիսկ այն պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այսօրվա Թուրքիային դժվար է անտեսելը, ճանաչելով նրա քաղաքականության իրական պատկերը, որի միջուկը սադրանքներն ու խարդավանքներն են: Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարում է, որ «թույլ չեն տա Հայաստանին 2015-ի դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնել», դրանով իսկ ակամայից խոստովանելով, որ այդպիսի դեպքեր եղել են և՝ այնքան սահմռկեցուցիչ, որ կարելի է դրանք ցեղասպանություն որակել: Սակայն ճշմարտությունը թուրքերին այնքան էլ չի հետաքրքրում, թեև զգում են իրենց եղերական անցյալի հետապնդումը և սարսափած են, որ հետապնդվելու են մինչև իրենց արնաքամ լինելը: Կարևորը ժխտելով պաշտպանվելն է՝ դրա համար հսկայական ֆինանսական, դիվանագիտական և հուզական ռեսուրսներ ներդնելով: Մոլագարության հասնող ժխտողականությունը, իրենց անցյալին առերեսվելու անասնական վախը ստիպում են թուրքերին հաճախ էլ կոկորդիլոսի արցունքներ թափել, իսկ ավելի հաճախ՝ ապավինել գորշ գայլերին հատուկ դարանակալելու բնազդին, երևույթներ, որոնք քաղաքակրթության տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Այս պարագայում բարեպաշտի դիմակն ամենաքիչն է սազում թուրքերին, սակայն դիվանագիտության մեջ բարեկամություն խաղալը պաշտպանության փորձված միջոցներից է, և Թուրքիա – Հայաստան հարաբերությունների այդօրինակ բարելավման միջոցառումների տխրահռչակ շարքում հայտնվում են «Պատմաբանների ընդհանուր հանձնաժողով» ստեղծելու կոչը, 2009-ի արձանագրությունների ստորագրումը, 2014-ի ապրիլի 23-ի Էրդողանի՝ բոլոր հայերին ուղղված ցավակցական ուղերձը և… Թուրքական «բարեկամությունն» ավելի խայծ է, որի որսը լինելու դեպքում անկանխատեսելի են հետևանքները: Հայերի նկատմամբ թուրքական ամենաբարի ցանկությունների հիմքում հայատյացության զարկերակն է, որ երբեք չի թուլանում: Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Ջեմիլ Չիչեքի հայտարարությունը, թե «հայկական պնդումների մասին արշավներին ի պատասխան, լուրջ ջանքեր պետք է թափենք» հավելյալ վկայությունն է, որ թուրքերի համար հայերի դեմ պայքարը ոչ թե ռազմավարություն է, այլ կենսապահանջ ու գոյության ձև, և թուրքերի հետագա սադրանքներին ևս պիտի պատրաստ լինել: Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման օրը ապրիլի 24-ին նշելը այդ ջանքերից հերթականն է, բայց ոչ վերջինը: Չփորձելով գուշակել, թե Թուրքիայի կողմից հրավեր ստացած 102 երկրների ղեկավարներից ու վարչապետներից քանիսը կընդունեն հրավերը, պիտի ենթադրել, որ անգամ բոլորի ներկայության դեպքում, բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆինսկի բնորոշմամբ՝ «մեկուկես միլիոն հայերի ուրվականները քայլելու են նրանց հետ»: Իսկ թուրք գրող, դրամատուրգ Մուրթահան Մունգանի՝ «Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հարյուր տարվա մենությունն է» բնորոշումը թերևս ներկա իրավիճակի ամենաիրական գնահատականն է: Եվ հնարավոր չէ այդ մենությունը լցնել, քանի դեռ մեղսագործը չի ընդունել իր հանցանքն ու չի ապաշխարել: Գուցե ապաշխարանքը օգնի Թուրքիային` կարողանալ իր հայացքը դեպի ճշմարտությունը շրջել ու վերջապես իր իրական դեմքը տեսնել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.