Այսօր մարդկությունը չհայտարարված պատերազմի մեջ է: Բայց սա սովորական պատերազմ չէ, որովհետև հակառակորդն անտեսանելի ու առայժմ անըմբռնելի է: Մինչև ճանաչվի, ու նրան ոչնչացնելու զենք ստեղծվի, կորոնավիրուսը կիրականացնի իր «առաքելությունը»: Սա մի թշնամի է, որը ոչ թե սպանելու է միայն հիվանդացնելով, այլև, հիմնականում, տնտեսական ճգնաժամի հետևանքներով: Աշխարհը կլցվի ոչ թե դիակների նեխահոտով, ինչպես նախկին շատ համավարակների ժամանակ, այլ՝ քաղցից մեռնողների աղաղակներով:
«Հավերժական շարժում» անտիպ վեպիս մեջ նաև այս համամարդկային պատուհասի մասին է գրված:
«21-րդ դարի աշխարհատերերը, իրենց ձեռքին կենտրոնացնելով աշխարհի կապիտալն ու լրատվամիջոցները, նորից ու նորից ցանկանում են վերակառուցել բաբելոնյան աշտարակը: 1717 թ. հունիսի 24-ին Լոնդոնում ստեղծված մասոնական օթյակը, միացած «Ֆրանսիայի Մեծ Արևելք» օթյակի հետ, միմյանցից առաջ անցնելով, Բաբելոնի ավերված շինություններն են վերականգնում: Աշխատում են ստեղծել համաշխարհային ստրկատիրություն, բանական մարդու փոխարեն՝ ռոբոտներ, մարդուն զրկել Արարչի ստեղծած պատկերից»:
«Սատանային ծառայող այդ գործակալներն իրենց ամենակարող աստվածներ են համարում, փակում Լույսի ճանապարհը, ասպարեզ հանում Սուտը և խտացնում հոգևոր խավարը: Ուղղափառ եկեղեցիներում քահանաները միասեռականների ամուսնության ծիսակատարություն են անում: Դատարկ ու անգործ տաճարները վարձով տրվում են անպատկառության շոումեններին»:
Բնական է, որ այս ամենն անհետևանք չէր կարող անցնել, և մի օր պիտի գար հատուցման ժամը:
Սակայն յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր անհատ յուրովի է ընկալում այս ամենը: Որոշ գործարարներ աշխատում են օգտվել հարմար իրադրությունից՝ հարստություն դիզել, ոմանք սնանկանում ու կործանվում են, որոշ արվեստագետներ հուսահատվում են, անգործության մատնվում, իսկ ոմանք ինքնամեկուսացումն օգտագործում են ազատ ստեղծագործելու նպատակով:
Ես այս ամիսների ընթացքում ժամանակն ավելի նպատակահարմար եմ օգտագործել: Այսօր հրատարակելու պատրաստ մի քանի գիրք ունեմ: Վերջնական տեսքի եմ բերել «Հավերժական շարժում» վեպս: Պատերազմի ավարտից մինչև հիմա մտքսումս անընդհատ պտտվում ու չէր ծնվում «Զինվորները ծնվում են մարտադաշտում» վիպակը, որի բովանդակությունը 1994 թվականի գարնան պատերազմական իրադարձություններն են: Վերջապես կարողացա գրել, արդեն գրասեղանիս է ու սպասում է իր ժամանակին:
Կորոնավիրուսն իր գործն է անում, արվեստագետն՝ իր: Դժվար, բայց ստեղծագործողի համար, կարելի է ասել, նպաստավոր ժամանակներ են: Աշխարհատերերի ժամանակն էլ հավերժական չէ, նրանք մի օր կընկնեն մարդկության դեմ իրենց լարած թակարդը: Ամեն ինչ ունի իր գալու և գնալու ժամանակը, կորոնավիրուսը նույնպես կգնա, կգան լավ, լուսավոր, ազատ օրեր: Վիրուսն իր համար բնակվելու տեղ կգտնի, զինադադար կամ հաշտության պայմանագիր կկնքվի մարդկության հետ: Արդյունքում՝ կգան նոր ժամանակներ, մարդը նույնպես կհարմարվի այդ ժամանակներին, ու կյանքը կշարունակվի նոր պայմաններում: