«Շուշա» ծաղիկը (պատասխան լրագրողին) / Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Սամվել   ԽԱԼԱԹՅԱՆԴուք ինձ հարցնում եք, թե ի՞նչ կարծիք ունեմ Ա. Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ: Դժվար է դրան պատասխանել, աղջի՛կս, անչափ դժվար, հատկապես ինձ համար: Ես կփորձեմ պատասխանել ձեզ, միայն թե համբերություն և ամուր նյարդեր պետք է ունենաք: Ես ձեզ կպատմեմ ծաղկամանի մասին:
Սովորական ծաղկաման էր, որի մեջ աճում էր «Շուշա» ծաղիկը: Ծաղկատեսակի անունը ես չգիտեմ, այսօր էլ շատ-շատերը տնաբույս այդ ծաղիկն անվանում են «Շուշա»: Թթվաշ թերերով պայծառ ծաղիկ է, որի թերերը սիրում են ուտել երեխաները: Ես էլ էի ուտում, բայց ոչ հաճույքի համար և ոչ էլ չարաճճիությունից: Սովից ստամոքսս գալարվում, մղկտում էր, ու հեռավոր Ալթայի երկրամասի Տյագուն գյուղում, ուր սկսվեց իմ գիտակցական կյանքը, երբ չորեքթաթ մոտենում էի կախովի կողպեքով փակված փոքրիկ պահարանին ու քիթս սեղմելով դրա փեղկերին` սկսում էի շնչել այնտեղ պահված հացի գերող, խենթացնող բույրը, չդիմանալով գայթակղությանը, արգելված պտուղը քաղելու պես` վախվորած, ձեռքս մեկնում էի պահարանի վրա դրված ծաղկամանին ու պոկոտում տերևները` անմիջապես բերանս տանելով ու կիսածամած կուլ տալով:
Ծաղիկը մորաքույրս էր աճեցրել:
1949 թ. հունիսի 14-ին, երբ աքսորել էին պապիս բազմանդամ ընտանիքը` կարգադրելով իրենց հետ վերցնել միայն խիստ անհրաժեշտ պարագաներ, դպրոցական մորաքույրս իր հետ վերցրել էր ուսուցչուհու հանձնարարությամբ աճեցրած «Շուշա» ծաղիկը, որը սեպտեմբերի 1-ին դպրոց պիտի տաներ: Մայրս էլ իր կրծքի տակ ինձ էր կրել, և ես, դեռ չծնված, նրանց հետ ահռելի ճանապարհ կտրելով հասել էի Տյագուն` ապագա ծննդավայրս:
Ծաղիկը, որ այդ ընթացքում փարթամացել ու բազմաթիվ ընձյուղներ էր տվել, տատս էր խնամում` փխրեցնում ծաղկամանի հողը, ջրում, իսկ 17-ամյա մորաքույրս կառուցվող երկաթուղու շինարարությունում էր աշխատում` իր քույրերի ու բախտակից աղջիկների հետ: Բահով փռում էին երկաթուղու հիմնահենքի խճավազը: Հայրս, մորեղբայրներս տայգայի խորքերում ծառ էին կտրում: Տան միակ անգործը ես էի, 2-3 տարեկան «բկլիկս», որ չէի համբերում մինչև նրանց տունդարձը, մինչև այն պահը, երբ տատս բանալիով կբացեր պահարանի կողպեքն ու յուրաքանչյուրիս չափաբաժին հացը ճաշի ափսեի կողքին կդներ:
Բայց մի օր տատս նկատեց իմ «գողությունն» ու այլայլված ճչաց` ի՞նչ ես անում, ծաղիկը կչորացնես…
Նա ծաղկամանը տեղափոխեց «շիֆոներկայի» կատարին: Դրան ես չէի կարող հասնել՝ նույնիսկ գիշերն ինձ համար մահճակալ ծառայող սեղանի վրա կանգնելով: Զուր էին իմ թնկթնկոցները, լացը, աղերսանքը` մորաքրոջս, ով այդ նույն սեղանի տակ էր քնում, որ գոնե մի տերև տա` ուտեմ: Նա վերմակը քաշում էր գլխին, ամուր փակում ականջները, որ չլսի ինձ և խուլ հեկեկում էր:
Ձեռքս ծաղկամանին չէր հասնում, բայց այն մշտապես իմ ուշադրության կենտրոնում էր, և հենց այդ պատճառով աննկատ չմնաց, որ մեր տուն այցելող վարսավիրը` տեր Սահակը, վերցնում է ծաղկամանն, ու տատիս հետ առանձնանում են: Ես համոզված էի, որ այդ դաժաններն ինձնից թաքուն ուտում են իմ բաժին տերևները, ու ատելությամբ էի լցվում թե՛ տատիս և թե՛ գյուղի նորածիններին գաղտնի մկրտող վարսավիրի հանդեպ: Ես դեռ այն տարիքում չէի, որ նույնիսկ վրեժ լուծելու ծրագրեր մտմտայի, ուստի իմ վերաբերմունքը սոսկ նրանցից վախեցած` խուսափելն էր, նրանց չսիրելը: Ես չհասցրեցի էլ հասնել վրեժխնդրության մտքի հղացման տարիքի, երբ մի օր լուր տարածվեց, որ տեր Սահակին ձերբակալել են` գյուղի նորածիններին գաղտնի մկրտելու, հանգուցյալների ափի մեջ Հայաստանից բերած հող դնելու համար: Մեծահասակները տարակուսած էին` որտեղի՞ց տեր Սահակին Հայաստանի հող, երբ նրան Սիբիր են «քշել» հենց Բաթումի նավահանգստից` հայրենադարձներին Խորհրդային Միություն բերած նավից ափ իջնելուց անմիջապես հետո: Որտեղի՞ց տեր Սահակին այդքան մյուռոն, երբ նրա սրվակը հազիվ մատնոցաչափ էր, այն էլ` այդ հեղուկով կիսով չափ լցված… Նրա տան շուրջբոլորը հավաքված տյագունցիները` թևաթափ, խեղճացած, ան­ծպտուն, հայացքով ճանապարհեցին հրացանակիրներով շրջապատված տեր Սահակին, ով ոլորանի վրա շրջվեց ու ձայնեց. «Չտխրեք, հայե՛ր… ի՞նչ պիտի ընեն, Սիբիրեն այն կողմ ո՞ւր պիտի տանին…»: Ցավոք, նա ճիշտ էր: Նրան շատ հեռու չտարան` ծեծելով սպանեցին Բառնաուլի բանտում:
Տյագունցիները տեր Սահակին շուտով մոռացան, ճիշտը` խուսափեցին նրա մասին այլևս խոսելուց, սսկվեցին, իսկ պապս դեռ շարունակում էր հուսալ, որ Մոսկվա, ընկեր Անաստաս Միկոյանին հասցեագրած իր բազմաթիվ նամակներից գոնե մեկը հասցեատիրոջը կհասնի: Այդ նամակներով նա խնդրում, պաղատում էր, որ իր պատճառով Սիբիրում հայտնված որդիներին` մորեղբայրներիս, Կարմիր բանակում ծառայելու թույլտվություն տան:
Մի օր էլ գյուղի կոմենդանտը երկու զինյալների հետ եկավ մեր տուն: Նրա գալն անակնկալ չէր, քանի որ պարբերաբար հայտնվում ու խուզարկում էր տունը` տակնուվրա անելով ամեն-ամեն ինչ: Այս անգամ, պարզվեց, որ խուզարկության չեն եկել, այլ` պապիս Բառնաուլ տանելու: Նամակի պատասխանը եկել էր…
…Տարիներ անց միայն իմացա, որ տեր Սահակը «Շուշա» ծաղկի ամանի հողն էր պտղունց-պտղունց դնում աքսորավայրում մահացած հայրենակիցների ափի մեջ, իսկ նրա անհատնում մյուռոնը պատրաստել էր տատս` գայլուկի թուրմից:
Շատ ու շատ տարիներ հետո իմացա, թե ինչու ամեն մայիսի 9-ին հայրս էր նստում սեղանի գլխին, 28-ին` պապս: Թե ինչու նրանք այդ օրերին գունաթափ, դարչնագույն վերնաշապիկներ էին հագնում` աջ ու ձախ կրծքերին անցքեր: (Այդ անցքերը հետո ծածկվեցին զինկոմիսարիատից վերադարձված շքանշաններով ու մեդալներով):
Շատ ու շատ տարիներ հետո, երբ կարդացի Ա. Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքը, հասկացա, թե ինչու պապս երեք ամիս անց վերադարձավ Բառնաուլից, պառկեց անկողնում, և տատս ու մայրս արտասվելով թրջոցներ էին դնում նրա կապտուկներով, վերքերով ծածկված թիկունքին:
Շատ ու շատ տարիներ հետո` հունիսի 14-ին, Վանաձորի երկաթուղայինների այգում բռնադատվածների հիշատակին կանգնեցված հուշարձանի պատվանդանին ես ծաղկամանով «Շուշա» ծաղիկ դրեցի:
Հիմա ես ի՞նչ ծաղիկ դնեմ Անաստաս Միկոյանի հուշարձանին, աղջի՛կս:
Ասում են` ամենամեծ դատավորը ժամանակն է: Այսօրվա ժամանակն ու ժամանակակիցներիս մեծ մասը չենք ներում քաղաքական այդ գործչի մեղսակցությունը ստալինյան բռնապետության հանցանքներում: Այդ ընթացքում շատ ջրեր են հոսել, բայց դրանք դեռ չեն լվացել նրա ձեռքերի արյունը: Նա Պիղատոս չդարձավ: Թերևս գա՞ մի ժամանակ, գա՞ այն սերունդը, որ համաժողովրդական ցանկությամբ հարկ համարի ուղղել մեր` ժամանակակիցներիս սխալն ու հուշարձան կանգնեցնի Ա. Միկոյանին: Թերևս: Բայց այդ ժամանակն ու սերունդը դեռ չեն եկել, ուստի մեր ունեցած անհանգստություններին, տարաձայնություններին, լարվածությանը պետք չէ մեկն էլ ավելացնել:
Վերջերս Ա. Միկոյանի թոռը` Վլադիմիր Միկոյանը, թղթակցի հետ զրույցում ասել է. «…Ինձ համար պապս առաջին հերթին անձնավորություն էր ոչ միայն սուր, «համակարգչային» ուղեղով, այլև շատ խորը ներաշխարհով և ապրումներով: Ահա այդպիսի մարդուն ենք մենք տեղադրում հուշարձան: Նրան հարգում էին ողջ աշխարհում: Մի՞թե հայրենիքում չի կարելի հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Դա պատմականորեն սխալ է և մարդկայնորեն՝ անարդար»:
Շատերիս ժխտողական վերաբերմունքը գուցե երբևէ դիտվի «պատմականորեն սխալ և մարդկայնորեն անարդար», սակայն, կրկնեմ` մենք չենք կարողանում ներել, չենք ներում «համակարգչային» ուղեղով այդ մարդու մեղսակցությունը անմեղ մարդկանց գնդակահարելու և աքսորելով անմարդկային տառապանքներ պատճառելու գործում:
Ուստի, ես` Ղարաքիլիսայի հերոսամարտում, այնուհետև Ղամարլուում` Լիպարիտ Մխչյանի հրամանատարությամբ մարտնչած ու այդտեղ ևս ծանր վիրավորված Ալեքսան Զոհրաբյանի թոռս, պատասխանում եմ.
– Կանգնեցրեք Անաստաս Միկոյանի արձանը հայերի համար ստալինյան քաղաքականությամբ որոշված հայրենիքում` Ալթայի երկրամասում: Դա կլինի պատմականորեն ճիշտ և մարդկայնորեն արդար: Հողն ամեն ինչ ներում է: Ո՞վ գիտե, Սիբիրում իրենց մահկանացուն կնքած հարյուր հազարավոր անմեղ մարդկանց աճյունները, որ արդեն հող են դարձել, գուցե ներե՞ն, որ իրենց վրա Անաստաս Միկոյանի արձանն է ծանրացած, ու չտապալեն դա: Այլապես, Երևանում նրա արձանը կանգնեցնելով, մենք վտանգում ենք մեր ժողովրդի միջազգային հեղինակությունը` ստիպելով նրան հուշարձան կործանող վանդալի կերպար ընդունել:
Սա սոսկ անձնական վրեժխնդությունից բխած պատասխան չէ, այլ ավելի քան 30.000 այն հայերի պատասխանը, ովքեր 1937-ին ու 1949-ին աքսորվեցին Սիբիր, հազարավոր անմեղ մարդկանց պատասխանը, ովքեր գնդակահարվեցին կամ տանջամահ եղան բանտերում ու Գուլագներում:
Այս տարի լրանում է 1949 թ. բռնադատության 65-րդ տարելիցը:
Վաղը` հունիսի 14-ին, ես «Շուշա» ծաղիկ եմ տանելու իմ բախտակիցների հուշարձանին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.