Նոր ժամանակները իրենց դաժանությամբ այլասերեցին մեր հարաբերությունները տիեզերքի հետ. կյանքն այլևս երկնային պարգև չէ, այլ պատիժ, որը մեզ համար լավագույնս ի կատար է ածվում հենց մեր հայրենիքում: Հայրենիքն այլևս մայր չէ, նա խլում է բոլոր կենսական ուժերը` փոխարենը չտալով ոչինչ, իսկ հայրենասիրությունը դարձել է շահագործման ու հարստահարման միջոց: Արժեքների ոտնահարումը, ոչնչացումը, արհամարհանքը ստեղծագործող մարդու հանդեպ, ազգային շահի և արժանապատվության ստորադասված վիճակը, կեղծիքի ու ստի պաշտամունքը այսօրվա հայաստանցուն դարձրել են անմարդկային և հուսահատ: Հոգևոր տարածքի մասին մարդը չի մտածում. հոգին կենսաբանության մեջ դեռևս մարմնի մաս չէ:
Այսպիսով, բաբելոնյան աշտարակաշինությունն սկսված է: Այդ խառնաշփոթում մենք մենակ ենք. մեն-մենակ: Մեր և երկնքի միջև այլևս թարգման չկա: Աստված մեզ համար դարձել է անըմբռնելի օտար լեզու: Մեր անզորությունն ու ամոթը կարող է ծածկել միայն մշակույթը: Բայց մենք մշակույթին ու նրա երախտավորին ապրելու տարածք տրամադրելու միտք չունենք:
Այս միջավայրում է այսօր ապրում և ստեղծագործում գրողը:
Գրողը մենակ է, ճակատագրին դեմ հանդիման: Այսօր նա չունի համախոհներ. մեզ հետ չեն`
ա) Ժամանակը. անցել է Քրիստոս կերտելու ժամանակը, մարդ լինելու չափանիշները փոխվել են: Խախտվել է տիեզերքի ռիթմը, երկինքը տառապում է սուր առիթմիայով: Թթվածնային քաղցն առկա է ամենուր. դաստիարակելու, բացատրելու, կրթելու, ըմբռնելու, առավել ևս` սպասելու ժամանակ ոչ ոք չունի. կյանքը կարճ է նման բաների համար, մարդիկ ուզում են ամեն ինչ և միանգամից, դրան հասնելու միակ հայտնի ճանապարհը՝ բռնությունը, դարձել է ապրելակերպ: Գրականությունը խոսում է այլ բանի մասին՝ ինչպես մնալ մարդ: Գրականության և ժամանակի միջև տարաձայնություն կա:
բ) Լեզուն. գրականությունը, չքարոզվելու պատճառով, անկարող է ազդել հասարակության մտածողության, լեզվի զարգացման պրոցեսի վրա: Լեզուն զարգանում է տարերայնորեն և անտրամաբանական ուղղությամբ՝ շահագործվում է, նորմալ չի սնվում, չի խնամվում, չի գործածվում. ոմանց կարծիքով` գնում է դեպի մահ: Այսօր գրական լեզուն, ինչպես և նրանով ստեղծված գրականությունը, չունի գործածության և ազդեցության ոլորտ, նույնիսկ Հայաստանի տարածքում այն գործածվում է միայն գրական գործերում և կառավարական որոշումներում: Մնացած բոլոր դեպքերում պահանջվում է օտար լեզվի գերազանց իմացություն: Փոխվել է անգամ մեր աղոթքի լեզուն: Ոչ միայն խորացել է անջրպետը գրական և խոսակցական լեզուների միջև, այլև զանգվածային արտագաղթի պատճառով նվազել է հայերեն՝ ցանկացած դրսևորմամբ, սովորողների և խոսողների թիվը:
գ) Պետությունը. այստեղ մեզ նմանները ոչնչացվում են դեռ ծննդատանը: Եթե նախորդ հասարակարգում գրողը իշխանության գաղափարախոսն էր, ապա ներկայումս` գլխի իսպառ բացակայության պայմաններում, չունենք գաղափար ու գաղափարախոսություն և այդպիսով` խոսափողի կարիք: Գրողն ու իր ստեղծածը դուրս են մղված հասարակության և երկրի կյանքից: Միտքն ու մտավորականությունը իշխանության հենարանը չեն: Նույնիսկ քոչվոր մոնղոլները դեռ միջնադարում հասկացան, որ եթե ուզում են նվաճված երկրներում տիրողներ մնալ, պետք է համագործակցեն բնակչության հետ. նրանք հիմնեցին համալսարաններ, կառուցեցին մզկիթներ, դամբարաններ, այլևայլ շինություններ, այսինքն` համագործակցեցին հոգևորականության, շինարարների, ճարտարապետների, գիտնականների՝ մտավորականության հետ: Մեր իշխանությունը դա դեռ չի հասկացել:
դ) Կինոն և թատրոնը. ևս գրողի ստեղծածը աշխարհին մատուցելու միջոց են: Բայց ժամանակակից գիրն ու գրականությունը հազվադեպ են այս ոլորտում ուշադրության արժանանում: Եթե նկարահանվում կամ բեմադրվում են, ապա կա՛մ դասական գործեր, կա՛մ իրենց իսկ գրածները:
ե) Երաժիշտները. չեն գրվում երգեր, օպերաներ և այլն գրական ստեղծագործություններով կամ դրանց հիման վրա:
զ) Լրագրողները. լրագրողը փոխել է իր կերպը. նա այլևս շոումեն է: Նրա նպատակը հասարակությանը զվարճացնելն ու էպատաժն է: Ինչ ինտելեկտուալ ներուժ էլ ունենա լրագրողը, միևնույն է, հարկ չի համարում և ոչ էլ ժամանակ ունի կես ժամանոց եթերը լցնելու կամ կես էջ գրելու համար մի քանի օր կամ ժամ որևէ գիրք կարդալ: Վերջերս նայելով տասը տարում տված իմ հարցազրույցներն ու հեռուստատեսային ելույթները` հանկարծ հայտնաբերեցի, որ այդ ընթացքում ինձ տրվել է ընդամենը երեք հարց, ու ես տասը տարի շարունակ կրկնել եմ նույն պատասխանը՝ ինչպե՞ս դարձա գրող, դժվար չէ՞ մեր երկրում լինել կին գրող և ի՞նչ կարծիք ունեմ այս կամ այն իշխանության մասին: Գրականությանը վերաբերող և ո՛չ մի հարց: Իսկ եթե հանկարծ մի քիչ շեղվես այդ կողմի վրա, անպայման խմբագրվում կամ մոնտաժվում է. դա արդիական չէ:
է) Հեռուստատեսությունն առհասարակ նման մանր-մունր բաների հետ գլուխ չունի: Ցանկացած կեղծ լուր հաղորդում են բոլոր ալիքներով, օրը մի քանի անգամ՝ առանց իսկ ստորակետի տարբերության, բայց գրական ո՛չ մի հաղորդում: Փոխարենը հինգ օր անընդմեջ կտարփողեն մի ցնդածի կամ այլասերվածի մասին` այդպիսով բարձրացնելով ժողովրդի «ինքնահարգանքը»… Հոգեթերապիայի արդյունավետ միջոց թշնամիների համար:
ը) Գրականության ինստիտուտը. իհարկե, կան գրողներ, ովքեր մահախոսականի հանգույն հուզաթաթավ ու չափազանցված գնահատումներով գրախոսականներ են պատվիրում, կազմակերպում իրենց փառքը, բայց ընդհանուր առմամբ դեռ գնահատված ու արժևորված չէ անկախության շրջանի գրականությունը: Անկախության տարիներին ասպարեզ է իջել գրողների նոր սերունդ, իսկ գրականագետները այդպես էլ չեն կարողանում «բարձրացնել» կամ «ցածրացնել» որևէ անուն, գնահատել կամ վերլուծել գրական կյանքը: Ուղղորդելու մասին խոսք անգամ լինել չի կարող:
թ) Ընթերցողը. անկախացմանը զուգահեռ մենք չնախապատրաստեցինք նոր ընթերցող, չսերմանեցինք ապրելու ճաշակ: Կա նոր կյանք, նոր գրականություն, բայց չկա նորի ընկալում: Ըստ էության, հեռուստատեսության, ռադիոյի, թատրոնների, համերգասրահների և մշակույթի այլ օջախների` հասարակությանը այսօր մատուցվողը անցյալ դարավերջի խորհրդային մշակույթի անտաղանդ կապկումն է: Կենդանուն հանգույն բոլոր հնարավոր տարբերակներով որոճում ու որոճում ենք անցյալ դարավերջի երգերը, ֆիլմերը, երաժշտությունը: Մոտավորապես ինչպես ամերիկյան բանակում` ինչո՞ւ զորավարը լինի պերճախոս, հոգեբան, ճարտասան – որպեսզի հանուն հայրենիքի զինվորին մղի մահվան: Կարելի է զինվորներին չհավաքել արևի տակ և ոգեշունչ ճառով գլուխ չտանել, դրա համար բավական է և թմրադեղի մի դոզան. դոպինգ, և հերոսը պատրաստ է: Մի զիլ «տա՜շ», և արվեստի վաստակավորի կոչումը պատրաստ է:
ժ) Գրականությունը չունի մեկենասներ. փողը կենտրոնացած է մի խավի ձեռքում, ում համար գրականությունը արժեք չէ: Իսկ եթե արժեք է, ապա միայն որպես կրծքանշան:
ի) Հանրայնացման միջոցները. հաղորդաշարեր, գրախանութներ, գրադարաններ, մշակութային մամուլի և հանդեսների բաժանորդագրություն՝ չի՛ք: Գրական մամուլը մուտք չի գործում ուսումնական հաստատություն: Կրթության նախարարությունը ժամանակակից գրական մամուլը պարզապես չի գնում կրթօջախների գրադարանների համար:
լ) Թարգմանիչները. թարգմանիչներ չեն պատրաստվում, եղածներն էլ չեն գնահատվում, չեն վարձատրվում և հեռանում են գրական միջավայրից:
Այսպես կարելի է երկար թվել, ավելի ճիշտ է ասել` և այլն…
Մենք հոգեբանորեն չկայացած հասարակություն ենք. գրողը պիտի անպայման մրցանակներ կախի իր վրա` համոզելու համար, որ ինքը գրող է, պատգամավորը պետք է անպայման գիտական կոչում գնի` պնդելու համար, որ ինքը բանական է, միլիոնատերը անպայման պետք է շատ հաստ ոսկե շղթա գցի, որ հաստատի իր հարուստ լինելը: Բոլորը ապացուցման կարիք ունեն: Իսկ կյանքն աքսիոմա է, նման ջանքերը զուր են և ծիծաղելի: Ժամանակները փոխվել են, իսկ մենք չենք ուզում փոխվել: Ոչ թե մենք ենք հարմարվում ժամանակին, այլ ժամանակն ենք հարմարեցնում մեզ` մոռանալով, որ Աստված հավերժությունն է, իսկ հավերժությունը` ժամանակ, և մեզ հարմարվելու ոչ մի պատճառ չունի: Բայց մենք ապրում ենք նախկինի պես ու համառորեն փորձում ենք հին հագուստից ինչ-որ մոդայիկ բան ստանալ: Մենք ձևում ու վերաձևում ենք ժամանակը և տանուլ ենք տալիս:
Հ.Գ. Այս ամենը կարելի էր ավելորդ անգամ չասել, եթե տարին հռչակված չլիներ Գրքի տարի, եթե հերթական անգամ չայրվեր մեր հավատի Կարթագենը: Ինչո՞վ նշանավորվեց գրողի կյանքը այս տոնական տարում: Կիլիկյան Հայաստանում զավակ չունեցող ընտանիքները գիրք էին որդեգրում, նրան կտակում իրենց ունեցվածքը և նվիրում եկեղեցուն: Դժվար չէ պատկերացնել, թե որքան հարգված պիտի լիներ այդ գրքի ստեղծողը: Մինչդեռ Գրքի մայրաքաղաքի միջոցառումների մասին տեղեկանում ենք միայն լուրերի թողարկումից, իսկ արտասահմանյան շնորհանդեսներին կամ այլ միջոցառումների մասնակցելը պետական պաշտոնյաների մենաշնորհն է, պետական պարգևները՝ սերիալների դերասանների:
Գրում եմ ու մտածում. մի՞թե գրողի վիճակն այդքան վատ է (վերջին հաշվով, մեզ տանջամահ չեն անում իրենց սմբակների տակ գցած, ինչպես վարվեցին բժշկի հետ), արդյոք սա՞ է ամենակարևորը այն պահին, երբ աշխարհում դարձյալ աճուրդի է հանված իմ ազգի ցավը: Եվ այս շարքում գլուխ է բարձրացնում ևս մի հարց՝ արդյոք աշխարհը պարտավո՞ր է լսել ձայնը մի երկրի, ուր միտքն ու մտավորականը արհամարհված են, ուր պետական լեզուն և այդ լեզվով ստեղծագործողը ստորադասված են, արժե՞ հաշվի նստել մի կառավարության հետ, ով նպատակասլաց կազմակերպում է իր իսկ ժողովրդի արտագաղթը… Այո՛, ոմանց համեմատ մենք կիրթ ենք և սպանելու շատ ավելի քաղաքակիրթ ձևեր գիտենք, քան արյուն թափելն է: Ինչ վերաբերում է թուրքի արտահանձնմանը, աշխարհում ոչինչ նոր չէ. ամեն ինչ ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ արդեն կատարվել է` անգլիացիները հայոց ցեղասպանությունից հետո դատավարության պատրվակով տեղափոխեցին այդ ոճրագործության կազմակերպիչներին ու փոխանակեցին իրենց գերիների հետ, այսինքն` ազատ արձակեցին, ու նրանք երկար ժամանակ առոք-փառոք ապրում էին եվրոպական մայրաքաղաքներում: Եվ ճի՞շտ է արդյոք ազնվություն սպասել Եվրոպայից կամ Արևմուտքից, նրանից, ում ձեռքում է այսօր աշխարհին մահ առաքելու մենաշնորհը:
Այո՛, աշխարհում ոչինչ նոր չէ, այդ թվում և մարդկային ստորությունը, այդ թվում և Աստծո հեգնանքը: