Մենք և մենք… / Ով է իրական մտավորականը Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

1990 թ.-ից սկսած, գրեթե բոլոր հանրահավաքներում մտավորականության անունը հնչել է որպես առաջնորդի, ռահվիրայի, հասարակության և ազգի վստահելի հենարանի: Անհրաժեշտ է շեշտել, որ մինչև պատերազմի դադարը՝ 1994 թ., իրոք, բացառիկ ժամանակներ են համարվել նաև հայ մտավորականության զարթոնքի համար, զորօրինակ՝ հակառակ ներկայիս Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ռ. Մարտիրոսյանի խայտառակ հայտարարությանը, թե Հայաստանն ինչպիսի երկիր է… լեզուս չի պտտվում կրկնել, սակայն չեմ կարող իրականությանը չհակադարձել մեկ ուրիշ ակադեմիկոսի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին պրեզիդենտ, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանին, ով օգտագործելով նաև իր միջազգային հեղինակությունը, Սոս Սարգսյանի ու Զորի Բալայանի հետ, ղարաբաղյան խնդրին արդարացի լուծում տալու պահանջով, Մոսկվայի հյուրանոցներից մեկում հացադուլ էր հայտարարել: Ահա իրական մտավորականների կերպարները. նրանցով միշտ հպարտանալու են ապագա սերունդները: Անշուշտ, նույն խնդրի շուրջ քաջաբար պայքարեցին նաև Սիլվա Կապուտիկյանը, Վարդգես Պետրոսյանը, «Գարուն» կարի միավորման տնօրեն Գոհար Ենոքյանը և այլք: Այս կարճ անդրադարձի խորքերում շատերը կան՝ Վազգեն Սարգսյանից, Սամվել Շահմուրադյանից մինչև Լեոնիդ Ազգալդյան… պատերազմի բովով անցած այն բյուրեղյա մտավորականների անունները, որոնք այսօր սրբացված են մեր հաղթանակների դրոշներին՝ որպես նպատակ ու հայրենիք:
Ազգային-ազատագրական շարժման առաջին փուլում հայ մտավորականությունը և՛ գրչով, և՛ զենքով իր ուսերին վերցրեց պատերազմի ու քաղաքական պայքարի ողջ պատասխանատվությունը՝ խստագույնս հաշվետու լինելով սեփական ժողովրդին: Նրանց մասին է, որ պետք է ասել՝ անանձնական նվիրումի տեր անհատականություններ: Ցավոք, նրանցից շատերն այսօր մեր կողքին չեն, սակայն մեր ոտքի տակ նույն հայրենի հողն է, որտեղ ծնվել էին նրանք, և որտեղ ծնվել ու ապրում ենք մենք: Այն հողը, որ ի փառս հայոց քաջերի, ոչ միայն անկախություն ձեռք բերեց, այլև հաղթանակ տարավ իր պատմության ամենաոխերիմ թշնամու դեմ և սկիզբ դրեց հայոց նոր՝ անկախ պետականության: «Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին»,- ասել է մեր ժամանակի մեծերից ավագագույնը՝ Մարտիրոս Սարյանը: Ոսկե վրձնի վարպետն ի՛նչ իմանար, որ անկախ պետականություն ունեցող հայրենիքի հայը կարող է լքել հողն ու հայրենիքը, մոռանալ իր լեզուն ու հոգին այն մարդկանց պատճառով, որոնց կյանքի համար ինքը վճարել է իր զավակի ու իր կյանքով: Ցավոք սրտի, երկու տասնամյակ է արդեն, արժեքների արժեզրկման հեղեղը ոչ միայն սրբություն սրբոց գիրքն է էժան վաճառքի հանել՝ փռելով մայթերին, այլև կապիտալիզմի ձեռագրով՝ մարդը մարդու հանդեպ դարձրել է գազան: Սուրբ օրենքների հինավուրց երկիրը նույնպես վերածելով աղանդավորների, զանազան «իզմերի» ու կուսակցությունների, խաչագողերի ու ընդերքագողերի, քաղաքական ծաղրածուների ու կեղծ հայրենասերների, վերջապես՝ սահմանում զոհված քսան տարեկան մեր տղաների երկիր: Բարեգործության ծրագրի տակ ուղղորդվող գրանտներով, աշխարհը կառավարող ուժերը, սոցիալական ծանր ռեժիմի տակ ճնշված ժողովրդին դարձրին անորոշության ետևից գնացող ՀՀ քաղաքացիներ:
Այս անցանկալի ներկապնակի վրա վաղուց գունաթափվել է անկախ պետականության մտավորականի, երկրի համար մտահոգ ու պատասխանատու քաղաքացու ամենաազդեցիկ գույնը, որը վերագտնելու հույսով պարբերաբար վերջին շրջանում բողոքների ալիք է բարձրանում՝ շեշտելով երկրում մտավորականության սովի առկայությունը: Իսկ այդ սովն առկա է՝ մտավորականը, որն ունի վաստակ և հեղինակություն, չի փորձում այդ ծանրաբեռ զենքով պայքարել ներկա հակահասարակական երևույթների դեմ, ինչպիսիք են՝ թունավոր նյութերով լցված հանքային պոչամբարները, երկրից անօրինական դուրս բերվող միլիարդավոր դոլարները, ահռելի արտագաղթի պատճառով դատարկվող գյուղերն ու քաղաքները և ուրիշ տխուր երևույթներ. նշանակում է, իսկապես, Հայաստանում այսօր մտավորականության դեֆիցիտ է:
Ո՞ւր ես, մեր օրերի հայ մտավորական: Վերջին մոհիկանը Տիգրան Մանսուրյանն է, բավական է հիշել «Սասնա ծռերի» հետ կապված միջադեպում նրա արժանապատիվ կեցվածքը, և նրա վաստակն ու արժանապատվությունը բարձր գնահատեց ինքն իր տառապանքների մեջ խորովվող ժողովուրդը: Հայաստանը ազնիվ ու բարի ժողովրդի երկիր է: Մտավորականը միայն գրագետ ու մի քանի բարձրագույն կրթության դիպլոմ ունեցողը չէ: Դուք ինքներդ տեսաք «դիպլոմավոր» թաղապետերի ու մարզպետների վերաբերմունքը սեփական ժողովրդի հանդեպ: Իրականում ինձ համար հնագույն ժողովրդական ասքերն ու պատմությունները ներկայացնող հասարակ գյուղացին ավելի մտավորական է, քան նրա հանդեպ արհամարհանքով լցված «դիպլոմավոր» հրամայողը:
Իրական մտավորականը հայրենիքի սահման պահող զինվորն է, դժվար դարում օրինավոր սերունդ դաստիարակողն է, ազգային գաղափարախոսության ջատագովն ու տարածողն է, երկրի հոգևոր աշխարհին լույս ու ջերմություն տվողը, փողոցային լեզվաարտահայտություններից մինչև ազգային խորհրդարան, հայոց լեզվի համար խնկարկողը: Սա է գոյություն ունեցող հայ մտավորականի հայեցի պահվածքը: Միքայել Նալբանդյանը, խոսելով հայի ու հայկականության պահպանության խնդիրների մասին, գրում է. «Հայ երիտասարդը կարող է հիմնավոր կրթություն ստանալ Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, բայց հայ լինելու արվեստը կարող է ստանալ միայն հայոց դպրոցում»: Հրաշալի ժառանգություն ունենք մեր հանճարներից ժառանգած, ցավոք սրտի, մեզ հասել է նրանց գրավոր իմաստնությունը, բայց ոչ իմաստն ընկալելու ունակությունը: Ինչո՞ւ, ահա այստեղ է, որ որոշեցի փակագծեր բաց անել: Բոլորս էլ գիտենք, որ այսօր չունենք ազգային դրոշակակիր մտավորական, որը ոչ միայն ունենա բավարար կրթություն, քաղաքական հասունություն, տիրապետի նորագույն զարգացումների լեզվին, լինի պետականամետ, սակայն ազգասեր ու ժողովրդասեր, կարողանա ժողովրդի վաղվա օրվա համար զոհաբերել իր այսօրվա ձեռք բերած անձնական հնարավորությունները, նաև՝ իր բարոյական բարձր վարքով ու անշահախնդիր գործունեությամբ՝ ճշմարտության ուղի դառնալ պետական օղակների համար…
Եթե չունենք նման բյուրեղյա մտավորականը, նշանակում է՝ չունենք ազգային պետականություն, որովհետև ազգային մտածող մտավորականությունն է ստեղծում ազգային պետականություն: Եթե չկա ազգային պետականություն և այն կիսաազգային է, ուրեմն մտավորականությունը նրա հայելին է: Եվ եթե կան խնդիրներ, որոնց դեմ նա պետք է հանդես գա՝ ի պաշտպանություն ազգի ու ժողովրդի, ապա ելնելով ժամանակի հրամայականներից, նա այդ չի անի, պարզ է՝ եթե պաշտոն շնորհեն, կլռի, մրցանակներ կտան՝ կխոնարհվի, որդուն կամ բարեկամին աշխատանքի կտեղավորեն՝ աչքերը կփախցնի իր գործազուրկ ընկերոջից, մտերիմների շրջապատում կասի այն, ինչ մտածում է, իսկ հասարակական միջավայրում ու հեռուստաեթերներում կբարբառի այն, ինչ թելադրում են:
Մտավորական դաշտի պահանջարկ պետք է ունենա ինքը՝ ազգային պետությունը, որը 21-րդ դարում, որպես ազգերի կայացման կարևոր գործոն, վերածվել է բացարձակ արժեքի: Պատմությունից գիտենք, որ ո՛չ Թուրքիայում, ո՛չ Ցարական Ռուսաստանում, ո՛չ Խորհրդային Միությունում և այլուր, ազգային մտավորականություն չի ձևավորվել: 1915 թ., երբ Գրիգոր Զոհրապը Թուրքիայի ազգային խորհրդարանում իր հերթական իրավաբանական ծրագրերն էր ներկայացնում, երբ նրան տեղյակ են պահում, որ հայկական ջարդեր են սկսվել, չի հավատում, որովհետև այնքան ազնիվ էր, որ, լինելով Թուրքիայի քաղաքացի, արտահայտում էր թուրքական պետության շահերը: Այսօր էլ աշխարհով մեկ սփռված հայությունը ապրում, երազում է հայրենիքի մասին, սակայն տարբեր կուսակցությունների և կազմակերպությունների բաժանված լինելով, այդպես էլ չի կարողանում ձևավորել համահայկական ազգային մտավորականություն, որի խնդիրը մեծ և հզոր ազգային պետականության ստեղծումը պիտի լինի: Մեզ բախտ է վիճակվել այսօր ունենալ հայոց պետականություն, որն իր ազգի ու ժողովրդի հույսն է՝ ներկա ու գալիք հաղթանակների ջահակիրը: Մենք, գիտակցելով մեր ազգի գլխին կախված պատերազմի՝ «դամոկլյան սրի» առկայությունը, սահմաններից եկող մահաբեր գույժերը նաև ներկա պայմաններում, ավելի համարձակ ու տեր պետք է զգանք մեր հայրենիքին, հասկանալով և համոզվելով, որ մենք գալիք հաղթանակների կրողներն ենք և պետք է կարողանանք այսօր կուտակած ողջ էներգիան նպատակամղել հայոց պետականության հզորացման համար, որպես մեր պետության, որը մեր և մեր ժառանգների՝ մեր երկրում ապահով ու արժանապատիվ ապրելու միակ երաշխավորը պետք է լինի: Մտավորական դաշտի ստեղծումը պարտադիր ահազանգ է ներկա օրերում, որը պետք է հիմնվի, անշուշտ, ազգային փորձի և համաշխարհային հավաքական գիտությունների նորագույն ձեռքբերումների վրա: Թիմային գործունեությունը, բաժան-բաժան՝ 80 կուսակցություն, 4 հազարից ավելի հասարակական կազմակերպություն և այլն, մեզ ոչինչ չեն տալու, եթե հիմքում նստած չէ ազգային-պետական բյուրեղյա գաղափարախոսությունը: Այլապես՝ ինչու ենք կանգնել հաղթանակ տարած երկրի ժողովրդի ամոթալի արտագաղթի առաջ, սիրելի՛ մտավորականներ…
Նոր ժամանակներ են գալիս, բոլորովին նոր հարաբերություններ են ձևավորվում: Մարդկության ու պետությունների ոչնչացումը, արաբական գարունները, Հալեպի կործանումը խոսում են այն մասին, որ աշխարհը կառավարող ուժերը ոչնչի առաջ կանգ չեն առնելու:
Վերևում ու ներքևում ապրողներ չկան, կա մեկ ազգ, ազգային պետականություն և համազգային մտավորականություն ստեղծելու խնդիր, որի համար մենք պետք է դուրս գանք այս երկարատև թմբիրից:
Ճշմարիտը սա է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։