Երբ լսեցի՝ Կարինե Ռաֆայելյանը պատրաստվում է պատմվածքների ժողովածու լույս ընծայել, ցանկացա նախապես կարդալ: Այդ պատումներից մի քանիսն ինձ ծանոթ էին «Գրական թերթի» էջերից, իսկ հեղինակին ճանաչում եմ գրեթե ամբողջությամբ՝ որպես երկարամյա ընկեր: Իհարկե, ինձ համար ամենակարևորը գիրն է, գրվածքը, սակայն բնավ անկարևոր չէ, այլ նույնքան կարևոր՝ ով է գիրն արել, ինչ մարդ է, ինչ հայ, ինչ քաղաքացի, քանզի վաղուց գիտեմ, որ գրողն ու իր գրականությունը ներթափանցված են և պայմանավորում, լրացնում են միմյանց:
Կարինե Ռաֆայելյանի մեջ խաչվում են մի քանի ճանապարհներ, որոնց նա հավատարիմ է բարձր պատասխանատվությամբ: Գրականագետ, ժուռնալիստ, թարգմանիչ, բանասեր. նրա դեպքում սրանք գրի տարբեր ասպարեզներ չեն, այլ՝ հետաքրքրությունների ու նվիրվածության մեկ միասնական դաշտ: Եվ, թերևս, ամենագլխավորը. նա Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրենն է, հայերիս մեծ դասականի ստեղծագործության ու կյանքի լավագույն գիտակներից մեկը, որ ամեն Աստծու օր ջանադրորեն ծառայում է «Քաջ Նազարի» և «Վարդանանքի» հավերժական հեղինակի հավերժությանը: Կարինեի շնորհիվ այս թանգարանը դարձել է ներկայումս դժբախտաբար համր ու մթամած մեր մշակութային մթնոլորտի բարձրախոս և լուսավոր վերնատներից մեկը, որտեղ հաճախակի տեղի են ունենում նաև ընդհանուր գիտական, հոգևոր, կրթական բազմաբնույթ միջոցառումներ:
Մի քանի նախադասություն էլ խոսեմ «Մենիկ» գրքի մասին: Այստեղ զետեղված պատումներն ունեն ընդգծված տարբերվող շերտեր՝ ընտանեկան-հուշավավերագրական, Արցախյան պատերազմի դրվագներ, պարզ կյանքագրություն, խոհական մտորումների շարք:
Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե Կարինե Ռաֆայելյանն այս ճանապարհներից ո՞ր մեկում է իրեն ավելի «հարմարավետ» զգում՝ իբրև ճանապարհորդ, ո՞ր մեկն է նրան առավել բնորոշ ու սիրելի: Գուցե չեմ սխալվի, եթե ասեմ՝ բոլորն էլ: Նա նվագում է ոչ թե մեկ-երկու, այլ շատ ու տարբեր լարերով նվագարանի վրա, լսում և մեզ լսելի է դարձնում յուրաքանչյուր լարի հնչեղ արձագանքը: Տեսե՛ք բազմանկյուն, անկեղծ, մարդամոտ հոգեկերտվածքով Կարինեին:
Վեպը թագավորական ժանր է, պատմվածքը՝ իշխանական: Ինչպես պատմության քառուղիներում, այնպես էլ գրականության մեջ եղել են իշխաններ, որոնք ավելի բարձր են գտնվել իրենց թագավորներից, և պատմվածքներ՝ շատ վեպերից բարձր ու կարևոր: Սա նաև արդիական ու շարունակելի մի ընթացակարգ է թե՛ քաղաքականության և թե՛ հոգևոր մշակույթի տիրույթներում: Չեմ ցանկանում ասել, թե պատմվածք գրելն ավելի դժվար է, քան՝ վեպ: Գրականության ու արվեստների մարզում ամեն լավ բան դժվարությամբ է աշխարհ գալիս, ինչպես ամեն նորածին: Այսուամենայնիվ, պատմվածքով հղիանալը և պատմվածք ծնելը հեշտ չէ, դու պետք է տառապես: Դու պետք է շնորհք ունենաս նվազագույն տարածության ու սահմանափակ ժամանակի շրջանակում ընթերցողին տալու առավելագույն տեղեկություններ կյանքի և մարդկային հարաբերությունների վերաբերյալ, պատմվածքն ինչ-որ չափով վիպայնացնես: Ինձ բավականություն է իմանալ Կարինե Ռաֆայելյանին նաև իբրև հիշարժան պատմվածքների հեղինակի, ճանաչել որպես գրողի:
Ես երբևէ չեմ վերապատմել արձակ երկեր՝ ո՛չ գրավոր, ո՛չ իսկ բանավոր: Դա աշակերտական վերաբերմունք է գրականության հանդեպ: Չեմ էլ կարող իմ այս տարիքում դառնալ աշակերտ, եթե նույնիսկ շատ ցանկանամ: Միշտ փորձել եմ ստեղծագործության գեղարվեստական հատկանիշների, բովանդակության ու ձևի վերլուծություն անել ինձ հարազատ արժեքայնության չափանիշներով: Այս պահին էլ չեմ ասելու՝ ինչ ֆաբուլաներ ունեն Կարինե Ռաֆայելյանի պատմվածքները: Դուք իմացեք, հարգելի՛ ընթերցող:
Միայն նշեմ հետևյալը. այստեղ հեղինակային լեզուն ունի գրական հայերենի օրինակելի մակարդակ: Սա շատ կարևոր է, որովհետև գրականությունը մեր մայրենիի պահպանման գլխավոր համալսարանն է, որ բազմիցս հաստատել է և Դերենիկ Դեմիրճյանը: Այո՛, մեր հայրենիքը մեր լեզուն է, որն այսօր ենթարկվում է վտանգավոր փորձությունների: Ճիշտ է, մեր բարբառները հայերենը հարստացնող աղբյուր են եղել, կան ու կլինեն, բայց պետք չէ դրանք չարաշահել անգամ հերոսների խոսվածքում, զերծ մնանք նաև որոշ հակագրական, կենցաղային բառերից և քերականական ձևվածքներից, որոնք լեզուն այլասերում են: Շատ գործեր գեղարվեստական կառուցվածք ունեն, հոգեբանություն, մարդկային համոզիչ հարաբերություններ, պատկերային համակարգ («Կայարան՝ առանց գնացքների», «Արուսի տատն ու մադամ Դընյովը», «Բումերանգ», «Համայնական արտաքնոցների հմայքը», «Ջրի բերած-ջրի տարած» և այլն): Հիշեցի Զոհրապի գրքերից մեկը՝ «Կյանքը ինչպես որ է»: «Մենիկ» ժողովածուում ևս թանձր կյանք կա, և սա, թերևս, նրա գլխավոր առավելությունն է: