«Պիղատոսի արցունքները» (2014 թ.) ժողովածուն, որ բաղկացած է համանուն և «Հեքիաթներ առանց հեքիաթի» բանաստեղծական շարքերից, արդեն գրեթե կեսդարյա ստեղծագործական ճանապարհ անցած Ղուկաս Սիրունյանի հոգեկան ճշմարիտ արձագանքն է մեր ժամանակի ամենաբազմազան երևույթներին, կենսական արմատների որոնումն ու արդիական կեցության ճշգրտումը, յուրատեսակ ինքնախոստովանություն՝ հյուսված դառնության և հույսի, տառապանքի ու երազի, հուսալքման ու լավատեսության անկեղծ պահերից: Կարելի է ասել, այս ժողովածուն բանաստեղծի նախորդ՝ ավելի քան մեկուկես տասնյակ, գրքերի ասելիքի հանրագումարն է՝ հարստացած հեղինակի անձնական կյանքի փորձով, որն, անշուշտ, ներհյուսված է հարազատ ժողովրդի ու հայրենիքի նորօրյա պատմությանն ու կենսագրությանը:
Ղ. Սիրունյանը ամեն ինչի իմաստը տեսնում է շարժման մեջ: Նրա համար աշխարհը, կյանքը նման է Մեծ Ժամանակի անչափելի ոլորտներում անվերջ գլորվող անիվի, որը, չնայած բոլոր փորձություններին, ուրախ է, «քանի որ շարժվում է» («Անիվը»): Ընդ որում՝ ժողովածուից ժողովածու բանաստեղծի մտքի և հոգու շարժումը ընթանում է որոշակիից դեպի ընդհանրացում, մակերեսից՝ խորքը: Մարդու և մարդկայինի որոնումը նա սկսում է հենց իրենից՝ աստիճանաբար, իր համար էլ, թերևս, անսպասելի, հենց ինքը դառնալով իր հերոսը, որին նայում է վերևից՝ մանրամասնություններն ու ամբողջությունը ընդգրկող հայացքով, դրա համար էլ նրա ասելիքը ձեռք է բերում նաև հումորի, ինքնահեգնանքի տարրեր, կյանքի ու ճակատագրի լրջագույն հարցերը քննելու «թեթևություն»: Բնորոշ է ՂՈՒԿԱՍ անվան վերծանումը՝ որպես «հինգ հոգանոց խումբ»՝ որը «գալիս է աշխարհի վերջից և գնում է դեպի սկիզբը՝ հոսանքին հակառակ, որի համար մարդկանցից վաստակում է ծիծաղ, իսկ Աստծուց՝ քմծիծաղ», քանզի սովորական աչքին «տարօրինակ» է նրա կերպարը, ով «նույնիսկ ոսկին ու կրակը չի տարբերում իրարից»: Բայց… այս «տարօրինակ» խումբը որոշակի առաքելություն ունի մարդկանց պրագմատիկ ու ռացիոնալացված աշխարհում՝ բանաստեղծ է ու պատգամախոս, ուրեմն և՝ «քար մի գցեք» նրան, «թող մոտենա, բան կունենա ձեզ ասելու, նա վերջից է գալիս աշխարհի»:
Այսինքն՝ ի՛ր անունն է, որոշակի ժամանակի կրողը, բայց նաև ընդհանուր՝ որպես Հայ, որպես Մարդ:
Այս իմաստով, բովանդակության տեսակետից, գրողի ասելիքը բազմաշերտ է, որը հնարավորություն է տալիս բանաստեղծության լեզվով բացելու կյանքի հեքիաթի իրականությունն ու իրականության հեքիաթը: Այսինքն՝ լայն ու խոր հայացքով դիտելու և արտացոլելու մեր կյանքը, ինչպես որոշակի ներկայի, այնպես էլ ժամանակի մեծ չափումների մեջ: Բանաստեղծության հերոս է դառնում հեքիաթն ինքը, քանզի մարդիկ հետ են վարժվել հեքիաթներից, կյանքը դարձել է պրոզայիկ ու տխուր: Ահա թե ինչու բանաստեղծը ուզում է բացահայտել իրականության հեքիաթը, որը լքված նոր սերնդից, քաղաքի օտարոտի փողոցներում «քերծված քիթումռութով,// արցունքների մեջ կորած», ի վերջո, խնդրում է նրան՝ «թող գամ մոտդ, վերջին անգամ պատմեմ՝ գնամ» («Կար-չկար մի հին հեքիաթ կար»): Այսինքն՝ Հեքիաթի ապաստանը բանաստեղծական սիրտն է, բանաստեղծական հոգին: Զ.Սիրունյանը այդ հոգու աչքերով է նայում կյանքի իրերին, էակներին ու երևույթներին՝ գեղարվեստական խոսքի միջոցներով բացելով ազգային, միջազգային, հասարակական, անհատական կյանքի բազմազան կողմերի ու ոլորտների դրական ու բացասական միջուկը: Դրա համար էլ կարողանում է կյանքի մեծ տրոփը տեսնել ու բացահայտել նաև «փոքր ու աննշան» թվացող ամեն գոյի մեջ: Այդպես «Հայաստանի մոռացման հովիտներում» լքված տունը՝ սկսում է երգել, երբ այնտեղ ծնվում, ապրում ու մեռնում է «մի բանաստեղծ, որ ծնվելու համար տուն էր փնտրում», կարճ տողը, որի անունը ոչ ոք չէր կարողանում տալ մեծ քաղաքի թոհուբոհի մեջ, երբ բարձրանում է լեռները, խոտերի ցողուններից խմում «անապակ ցող», դառնում թիթեռ, մանուկը նկատում է նրան «և թիթեռորսիչը պարզած, երջանիկ ճխոցով» ընկնում հետևից՝ «կանչելով անունը նրա՝ «Ի՜նչ լավն ես դու…»: Այսինքն՝ Բանն ու անունը գտնում են իրար, երբ տոգորվում են բանաստեղծականությամբ՝ անարատ զգացմունքով և ճանաչվում անարատ էակից: Նաև երազը, որ ոչ մեկինը չէր, «մի թեթև երազ էր»՝ ընկած «երևանյան զբոսայգու ծառուղու մաշված տերևների մեջ»: Բայց… դա հենց այն ամենակարևոր երազն է, որ անհրաժեշտ է մարդուն, հայրենասերին, քաղաքացուն՝ երկիրը, ազգն ու հասարակությունը ազնվացնելու համար՝ վաղորդյան անարատ լույսով ու մաքրությամբ թաթախված անարատ ու առողջ սիրտ, որը և հիմքն է բոլոր երջանկությունների…
Գեղարվեստական մտածողության նշված հատկանիշներով Ղ. Սիրունյանի ստեղծագործությունը հարազատության եզրեր ունի, մասնավորապես, Զահրատի պոեզիայի հետ: Բայց, թերևս, մի տարբերությամբ՝ Սիրունյանը նկատում է երևույթի նաև հակառակ կողմը՝ ոչ միայն բարին, այլև չարը: Փոքր էակները երբեմն դրսևորում են իրենց ոչնչով չհիմնավորված մեծ հավակնությունները, ինչպես՝ աննշան պիծակը, որ անմահանում է Սարգիս գրիչի հետ միասին, բարդու ճյուղին ամեն առավոտ նստող և աշխարհի կարգ ու սարքին հետևող, կարգադրություններ անող ճնճղուկը, նաև բլոճն ու մրջյունը, որոնք ժողովածուում հաճախակի հանդիպող հերոսներից են և շատ ավելի վտանգավոր՝ երկիրը ուտող բոլոր էակներից (բնակիչ, հարևան, իշխող ու նվաճող, զորեղ ու մորեխ…), քանզի աննկատ ու անդադար են ուտում երկիրը՝ «Աստծո թխվածքը անբիծ» («Կար-չկար մի երկիր»): Այդ շարքից դուրս չէ նաև պուճուր մարդը՝ զահրատյան կիկոների հակապատկերը… ու պատահական չէ, որ մինչ բնության մեջ ամեն բան անձրևից և արևից սնվելով, ծիլ է տալիս ու ծաղկում, միայն նա է սպասում, «որ Աստվածը ինքը իջնի իր մոտ//և խնդրի ծիլ տալ»…: Ճիշտ է, Զահրատի քերթվածներում ևս կան լվի, մժեղի կերպարները, որոնք նույնիսկ շատ ագրեսիվ են պահում իրենց, սակայն բանաստեղծի վերաբերմունքը, մի տեսակ, բարեհոգի-ներողամիտ, մինչև անգամ հումորային է նման էակների նկատմամբ, մինչդեռ Ղ. Սիրունյանի դիրքորոշումն ավելի կոշտ է չարիքի ամեն տեսակի կրողների հանդեպ:
Ղ. Սիրունյանի «Տապանի վրա» (1996 թ.) ժողովածուի ծրագրային բանաստեղծություններից մեկում («Ճակատագիր») այսպիսի տողեր կան.
Ես մի ծաղիկ եմ քաղել մանկությանս միջոցին /ժայռի ծերպից ահալի, անդունդի եզրից. / ցածում մահն էր գրկաբաց, ինձ կանչում էր տենդագին, / վերում՝ դեմս, դողում էր Գեղեցիկն անբիծ:
Այս նոր ժողովածուում առավել ընդլայնվել են բանաստեղծական ասելիքի ընդգրկման սահմանները. կյանքը նման է մազե կամուրջի, որը պահում է արդեն ոչ միայն գրողի անհատական կյանքի և էության, այլև տիեզերական ողջ կարգուսարքը՝ նյութականն ու աննյութականը, «տիեզերքի գահավեժ անդունդներից կախ»: Կյանքի առօրեական, տեսանելի ու արտաքին նշանային պատկերը դրվում է հարաբերականի զուգահեռի վրա: Այստեղ արդեն Մարդը իր ճակատագրով հայտնվում է «կա-ի ու չկա-ի», ձախ-ի ու աջ-ի արանքում, Գիտեմն ու Չգիտեմը, ի վերջո, նույն Վերջին են հանգում: Խորքային էության մեջ նույնանում են նաև ներսն ու դուրսը, լուն ու ուղտը, անտերև ծառն ու անծառ տերևը, ձայնն ու խլությունը, աղմուկն ու լռությունը, վերևն ու ներքևը…
Այս չափումների մեջ բանաստեղծի համար չափազանց կարևորվում է յուրաքանչյուր անհատի լիարժեք ինքնադրսևորման, փոխադարձ հարաբերությունների հստակության խնդիրը: «Հազար բան է մնում մարդկանց մեջ իրար չասած» և «Ինչքան բաներ են ասվում մեզ, որ մենք չենք հասկանում…». ահա նրա գլխավոր մտահոգություններից մեկը, որը, թերևս, կարող էր բնաբան ծառայել ոչ միայն այս ժողովածուի, այլև Ղ. Սիրունյանի ամբողջ ստեղծագործության համար: Իսկ պատճառն այն է, որ բոլորը շարունակ ինչ-որ տեղ են շտապում, ժամանակ չունեն միմյանց հետ անկեղծորեն հարաբերվելու, «խոսելու», մինչդեռ «այդ խոսքերը գուցե հենց մեր մասին են»: Ընդ որում, խնդիրը քննվում է բացառապես Մեծ Ժամանակի չափումների մեջ, որտեղ միաձուլվում են ազգայինն ու համամարդկայինը և արդեն ոչ միայն ամեն մի հայի, այլև յուրաքանչյուր մարդու համար են կարևորվում հարյուր տարի առաջ թուրքական եղեռնագործությանը զոհ գնացած միլիոն ու կես հայերի վերջին ակնթարթին չասված խոսքերը, քանզի նրանց մեջ բարբարոսաբար սպանվել է «Խոսքը՝ Աստծո մեծ ներկայությունը մարդու մեջ»:
Ասացինք, որ Ղուկաս Սիրունյանի պոեզիայում անձնականը սերտորեն շաղկապված է ընդհանուր մարդկայինին, նրա ժողովածուներից մեկը հենց այդպես էլ կոչվում է՝ «Իմ թվերը» (2013 թ.), որտեղ բանաստեղծի, նրա ծնողների ու ժողովրդի կենսագրության կարևորագույն դրվագները խորհրդանշող թվերի տակ բացահայտվում են ընդհանրապես Մարդուն անհրաժեշտ արժեքները, որոնցից ամենագլխավորը Սերն է ու նաև մարդկային կարեկցանքը, սփոփող Խոսքը: Ահա այստեղ ևս «Պիղատոսի արցունքները» շարքի «Լքյալ դրախտում» բանաստեղծության մեջ, միայնակ ու մտամոլոր՝ կյանքի սպասվող ձմռան առջև, բանաստեղծը թակում է միակ դուռը, որին հասնում է ձեռքը՝ Սերը: Իսկ «Միշտ եղավ մեկը» քերթվածում՝ չնայած կյանքում կրած բոլոր դժվարություններին ու տառապանքներին, բանաստեղծը գոհ է իր ապրածից, քանզի միշտ եղել է մեկը, որ ժպտացել է նրան փշերի միջից, կանգնեցրել մեկնած գնացքը և ասել՝ բարձրացիր, մեկը, որ տեղ է պահել նրա համար իր կողքին, լցրել գավաթը ու խմել կենացը, որը սիրել է նրան, երբ ինքը գուցեև «բոլորովին արժանի չէր» սիրո: Եվ հիմա՝ կյանքի խոր աշնան մեջ կամ ձմեռնամուտի շեմին, նրանց բոլորին նա ասես շնորհակալություն է ուզում հայտնել, բայց… չունենալով այլ միջոց, քան իր սրտի «վերջին տաքությունը», ցանկանում է դրանով ծածկել նրանց ուսերը՝ մաղթելով, որ չմրսեն, որ գիշերը բարի լինի ամենքի համար…
Ասվածից պարզ է դառնում, որ ժողովածուի հիմնական մոտիվը, ըստ էության, հայրենասիրությունն ու մարդասիրությունն է, որն արտահայտվում է ոչ թե պաթետիկ, բարձրագոչ բառերով, այլ բխում է բանաստեղծական խոսքի ակունքներից, որովհետև Ղ.Սիրունյանը կարողանում է միտքը, խոհը թրծել իր ներսում փոթորկվող զգացմունքների հնոցում, որից ծնվում են պատկերային գյուտեր, ինքնատիպ ընդհանրացումներ, որոնք հենց այդ հատկությունների շնորհիվ էլ հեշտությամբ հասնում են ընթերցողի մտքին ու սրտին:
Ոճի առումով՝ յուրացրած լինելով հայ դասական պոեզիայի ավանդույթները, կիրառում է ինքնադրսևորման ձևեր ու միջոցներ (ազատ, ասելիքի ներքին կշռույթի վրա հիմնվող, փոքր ծավալի մեջ խիտ ու իմաստալից բանաստեղծություն), որն առավել հարազատ է աշխարհընկալման նոր, արդիական կերպերին, միաժամանակ մնալով յուրօրինակ՝ իր տեսակին հավատարիմ: