Սիրո մենախոսություն կամ խոսք Վարդ Արծափեի «Լինել Երեք Հարությամբ» առաջնեկ գրքի ծննդյան առթիվ Սուրեն ԴԱՎԹՅԱՆ

Այս գիրքը բանաստեղծուհի Վարդուհի Գևորգյանի՝ Վարդ Արծափեի առաջնեկն է, թեպետ կարող էր լինել հերթականը: Այն սիրո, կարոտի, սպասման և հավատարմության աղոթագիրք է: Մեկ-մեկ էլ ռոք երաժշտության ռիթմերով բողոք է մենության, անարդարության, սիրո պակասի, չստացված տենչերի դեմ, նաև հայրենիքի հանդեպ մայրական սիրո անմնացորդ նվիրում է առ Արցախ աշխարհ: Արդարացի կլինի Վարդուհու գիրը անվանել անսեռ: Քանի որ Արարիչը չունի տարբերանշան արական և իգական ասպեկտներով: Այս գիրքը, որ միանգամից առանձնանում է ուրույն ձեռագրով, անհնարինը մտապատկերներով իրագործելու հրաշք է, ինքնաորոնման, ինքնաճանաչման ճանապարհ, որը լի է ինքնաձաղկման անկեղծությամբ: Տողերը հոսում են զգացմունքների ջերմությամբ, ամեն տող ապրված է, հոգուց է գալիս, գեղարվեստական պատկերները մարմին են առնում և տեսիլաթիթեռներ դառնում հավատարմության ամրոցում: Մարմնական խռովքը վեր է բարձրանում, փոխակերպվում հոգևոր էներգիայի, և այդ մաքուր էքստազի մեջ Ոչինչ է ամենը՝ և՛ հուշ, և՛ կյանք, և՛ կիրք, և՛ երկրային թրթիռներ: Հավերժին է ձգտում բանաստեղծուհին, և նա լավ գիտի՝ ինքնաճանաչման դժվարին ուղուց չկա վերադարձ, որովհետև արթնության ակնթարթները, որ տրվում են նրան, բացահայտում են վերամարմնավորման անտեսանելի ուժը:

«Դայլայլումի սովորույթը ճիգ էր արթնացումի,//Շռայլումս՝ պատարագվող փրկություն վաղվա մեջ… //…Ես բոկոտն անցնում եմ միջովս ու էլ չեմ փորձում ինձ…»։

Վարդուհին գիտի, դեռ չի հասել ճամփաբաժանին. «Դեռ սկզբում եմ, ամենասկզբում, լողս հավատ է. մեկ է կճանկեմ ինձ հար ուղեկից սատանորդուն, որ գայթակղում է… Ես Լևիաթանն եմ՝ որսորդ ծննդյան օվկիանոսի մեջ, իսկ օձը խնձոր չի գցել երկնից, որ գլխի ընկնեմ՝ որսը իմ պոչն է, խաղն անգիտակից, ու հենց բռնեցի, աշխարհաշարժ է…»:

Սա հավերժական պայքարի խորհրդանիշն է, որը և՛ ներաշխարհում, և՛ արտաքին աշխարհում նույն կերպ է գործում, սեփական պոչը խայթող օձի կերպարը, մարդու մարմնական և հոգևոր, բնազդային և կամային, արական և իգական սկիզբները բնորոշող դրական ու բացասական բևեռների՝ միմյանց ձգտելու տիզերական օրենքն է: Որը եթե երբևիցե Տիեզերքում իրագործվի, կբերի հնի կործանման և Նոր աշխարհի ձևավորման, իսկ մարդ-աշխարհում այդ միաձուլումից կծնվի հոգևոր Մարդը:

«…հոգիս անազատ հոգնել է բանտված,//և ամեն ժամի նորեն խաչվում է Քրիստոսը նրա մեղքում աղոթիչ,// որ հասնե, լույսին իմ ալեհորձան վերջնապարի մեջ…»: «Օրս» բանաստեղծության մեջ (էջ 33) – թվում է նարցիզմի հասնող վտանգ կա գիշերվա վախերից ահագնացող ներքին ապրումներում, և կարծես մեղքից փրկվելու համար պարփակվել է պետք սեփական ներաշխարհում. «Սկսվում եմ գիշերից, բարիլույսին դեմքի փոխարեն ոտքերս եմ ջրում,//ամաչում եմ մթնոտ ոտքերից՝//լույս են կոխ տալու…//Առավոտում, որ լուսացրեց մենությունը,//ես համբուրել եմ զարմանք-պտույտով պարանոցս մերկ… պարում եմ ինձ հետ,//պարում եմ ես… ինձ//չեն կարող խլել իմ զոր թևերից…//Ոչ ոք վախեցավ սիրել ինձ իմ պես…»:

Բայց նաև ճիշտ է Վարդ Արծափեն, եթե մարդ ինքն իրեն չսիրի, ի զորու չէ ուրիշի սիրել, անգամ իր Աստծուն: Այս հոգեվիճակը նման է «Լույսը՝ Լույսով Օրհնյալ» (էջ 32) բանաստեղծության ապրումներին, որն ավարտվում է հետևյալ տողով. «…Ես լույս եմ հոսուն, ի լույս եմ հոսում…»:

Այս երկու բանաստեղծությունների ավարտը «Ինքնամաքրում» (էջ 34) բանաստեղծության տողատակերում է, որտեղ սեփական հոգու հետ հանդիպման ձգտող բանաստեղծուհին զգում է, որ «բանական արարածը» դեռ պիտի իր մեջ վերածնվի «շապկահան փոխակերպումում… որպես Մարդ, իբրև լույսի անդրադարձ// լույսից լույս՝ Աստված…»։

Բանաստեղծությունից բանաստեղծություն փոխվում են Արծափեի զգայական կենսադաշտի ոլորտները՝ ընդգրկելով ավելի լայնն ու համամարդկայինը:

(Էջ 42). «Ճոճվել են աղավնաթույր անուրջները ներսիս,// բացարկել անժամկետությունս…//ու ես՝ աղջիկս, որ մեծերի մոտ էի փոքր,// հիմա մեծ քաղաքներում եմ փոքրանում…//Փակում եմ դուռս հաշտության,// գնում իմ մեջ մերկանալու,//որ նորից ոտաբոբիկ անցնեմ անմեկնելին…»: Եվ սա կյանքն է, իրականն է, որից չես կարող փախչել, բայց կարող ես դու քո մեջ գտնել Աստծուն ու մաքրվել՝ չտրվելով մեծ ու փոքր քաղաքների առևտրին, որտեղ, էջ 43. «…մարդիկ սնկեր են՝ մեն ոտ, անարմատ// գլխարկ անգլուխ,//ու պտտվում են շուրջն անսրտության, դառնում անանցյալ,//այլասերվելով սուտ, ինքնամեծար աստվածության մեջ…// ես վախենում եմ//նոր քարեդարյա արյունից օտար,//ես վախենում եմ… չմարդացումից»:

Ճիշտ է զգում բանաստեղծուհին իր իններորդ զգայարանով, որ մարդուն ծրագրավորում են այնպես, որ նա չարթնանա նիրհից, մնա անմարդկային, անզգացմունք, անտարբեր կենդանի, և սա քարեդարից էլ վատ է, որովհետև տեսակի պահպանման խնդիր չէ սա, այլ՝ այլասերման և լսող ռոբոտների վերափոխման դիվային ծրագիր: «Լուսանցում» շարքը ամբողջովին հոգու, լույսի, ինքնաճանաչման, սեփական եսի տեսանելի և անտեսանելի «մարմնացումն է իր երազում», որտեղ (էջ 42) «Ավերանոցիս երկայնքով//ուրուներ են պտտվում. //այսչափ մենակ չեմ մնացել…/ամենուր աչքեր են, անսիրտ աչքեր…//բոլոր ուրուները ես եմ,//բոլոր աչքերը ես եմ,//բոլոր սրտերը ես եմ,/ես՝ ավերակ-մենակ,// վաղը չկա,//երեկը չկար,// այսօրն է հավիտյանը՝//մեջս պապանձված հավերժությունը… (էջ 47) …հեռանում եմ՝ լույսի սրտում մկրտվելու// կանթեղ եմ ես, ճրագալույց.// հարություն է…»:

Եվ լավ է, որ հոգևոր այս փորձության ժամին բանաստեղծուհին, երբ քայլում է անորոշության քիվերով, իբրև հավատավոր, չի դավաճանում ինքն իրեն, իր ավանդականին՝ հայկականին: Ի վերջո գիտակից մարդու, մտավորականի, որոնող բանաստեղծի նպատակը Աստծուն իր հոգում որոնելն է, ճանաչումն ու կայացումը: Որի համար կամք է պետք, հավատ և ներքին հաշտություն, թե չէ տեղապտույտում կարող է և՛ լույսը, և՛ ճանապարհը միրաժի նման փայլփլող անհետանալ՝ թողնելով հուսահատության անտանելի ցավն ու դատարկությունը, էջ 51. «…ես տեսանող եմ//և չեմ հմայվում անմեղ-մեղավոր//հմայիլներով սինամ-հավքերի,// ես որսագող չեմ.//փնտրող հայացքս Վերինն է էլի…//Ու փորձության մեջ իբրև հատուցում//բացվում է դուռս,//և բարեխոսի ճերմակ թևերով//հագած մարմինը մի բարեկամիս// հայտնվում է Նա՝ օրհնության-սրբոց//ու ներսս լցվում՝ իբրև նշխար-հաց…//Երանելի է՝ ում մեջ Նա կգա…//Երանելի է ՝ ում մեջ… կգնամ…»:

«Իմ տունը քո գիրկն է» շարքում շարունակվում են բանաստեղծուհու հոգևոր բացահայտումները, մի նոր խորությամբ և հարցապնդումներով: Ինչպես լինում է որոնողներից շատերի հետ, նրան էլ է թվում, ինչին որ հասել է կա՛մ իրական չէ, կա՛մ ողջը սիրո պատրանքի անդրադարձ է… (էջ 55), «Յոթ կյանք շտապեցի, յոթ արթնություն//ճերմակ քողով վազեցի ջրերովս//ձկան աչքում փայլող նշանի հետևից,//միջովս շորորաց շիկնանքը,// ծուփ եկա սպասում ու հիրիկալեզվովս շոյեցի ինձ ալեկոծող ձկնկուլներին,//որ չտրվեն հիացքին հիմա, երբ հասել եմ այլաշխարհիկ քեզ,//վախենում եմ, հանկարծ միֆ է…» և այսքանից հետո, երբ թվում է՝ կայացել է հանդիպումը հոգու հետ, (էջ 56), «Աստծո մաղի անժամության մեջ այնքան տարուբերվեցի,//մինչև զառամեց հորինածս ժամանակը…//Տեղ չհասա. Թևերս մաղվող ավազից էին,//ընկել եմ մի տան մեջ,//ուր կահ-կարասի կա,//շունչ ու… անձայնություն,//ասում ես՝ իմ տունն է,// իբր միշտ իմն է եղել…// Հիմա թռիչքս առանց անկարգել է, թևերս՝ ասեղնագործ,// իսկ ես նույնը՝ փախչող եմ// ու գրկիցդ փախչում եմ… գրկիդ մեջ…», ահա սիրո, Լույսի տան գտնված ապարանքը: Տպավորություն է, թե Վարդուհին իր սերն ու կարոտը այնքան է թաքցրել իր խորքում, որ ամեն ինչ երազաիրականի միֆ է գեղեցիկ հյուսված, բայց չէ, նա չի վախենում աշխարհին հրապարակել սիրո անվաճառության, հավատարմության, անառիկության իր հրովարտակը: Էջ 57, «Քո տված քաղցրից, Ադա՛մ,// զտվել է հողահամդ տտիպ՝ ողողելով քիմքս,// ատամներիս տակ լացող լեզուս// փորձում է մոռանալ այն, իբրև անցյալ համ,// բայց դու միշտ նորոգ ես,// որովհետև ես եմ ագահ…// հողահամդ՝ հավետ անհագուրդ// կմնա հողացումիս մեջ անգամ…»: Սրանից զատ էլ ինչպես խոստովանել, որ սիրում ես հոգով, մարմնով և ողջ էությամբ:
…Եվ սիրատոչոր այս ապրումներում էլ հենց բանաստեղծուհին անսահման կարոտի անհնարին պահերին, կարողանում է փոխվել հոգու գանձարանում և «լինել երեք հարությամբ», (էջ 95), «Սկիզբս որտե՞ղ էր,// երբ ավարտվում եմ էլի-ների մեջ//երազից երազ դեգերումներում…//ես մերժեցի ինձ երեք արթնությամբ,//ամենքում կաթիլ Աստված է խառնված, ու կաթնահամ եմ…//չեմ ուզում կորցնել նոր հարությունս//երիցս ծնյալ փշե վարդունու,// սիրիր ինձ հիմա, հանկարծ վաղվա մեջ կթնդի ճախրս,//ծածանումներս երկինք կհանեն,//ու ինձ կմերժեմ ետ վերադարձում…»:

Ինչ խոսք, հոգևոր երաժշտություն հիշեցնող բանաստեղծությունները երբեմն ընդմիջվում են երազաիրական-զգացմունքային բանաստեղծություններով, բայց շարքից շարք նա վերագտնում է փնտրվածը և շարունակում փնտրել Լույսը, գիտենալով, որ «հոգին աղավնի է ու պատրաստ է ճերմակ թռիչքի»…

Ներքին հակադրություն չկա բանաստեղծական շարքերի միջև, այլ կա մեկը մյուսին լրացնելու հարահոսության զգացում: Մտածող, սիրող, որոնող կնոջ խոստովանություն է Վարդուհու գիրքը: Այստեղ դրական և բացասական բևեռները միահյուսվելով մոտենում և հեռանում են իրար նույն կիզակետում՝ ապահովելով բխվածքը անվերջանալի էներգիայով: Հոգեբանական աբստրակցիա կա նրա բանաստեղծություններում, թեպետ գիրը հեռու չէ ռեալիզմից, քանի որ արտահայտում է գրողի իրական ապրումներն ու ներաշխարհը: Մարդը, չկարողանալով հասնել հոգու ճանաչմանը, սկսեց տիեզերքի անսահմանության մեջ ինքն իրեն որոնել, լավ գիտենալով, որ աչքը ինչ էլ տեսնի, չի տեղավորվելու իր մահկանացու սրտի փոքրիկ պրիզմայում և նույնիսկ ներքնատեսության կանացի շնորհով՝ բանաստեղծության տողատակերում: Եվ բանաստեղծուհին ճչում է՝ լինե՛լ, քանզի վերադարձ չկա մահվան թմբիր: Այստեղ «նոր հարությունը երեք արթնությամբ» Աստծո հայտնաբերումն է հոգում, նրա ներկայությունը, և արդեն վերադարձը իրերի աշխարհ անհնարին ու ցավոտ է Արծափեի համար այնքան, որ «ծառ ծնվելու» դեպքում էլ «մի կացին է ճոճվում կանաչ պարանոցիս»…

Բանաստեղծությունը գրողի համար ճանապարհ է դրսից՝ ներս և ներսից՝ ներս: Այն անձնականի վերապրումն է վերանձնականում՝ տրանսցենդենտալ դաշտում, որտեղ հոգին բարձրագույն Գոյի՝ Ոգու վերամարմնավորման էմանացիան է: Կարդալով գիրքը՝ հանկարծ հայտնաբերում ես, որ առաջին կամ վերջին տողերը կարող են սկիզբ և ավարտ լինել կամ ամփոփել գրողի թաքնաթաքուր զգացմունքները, բայց և ամեն տող կարող է ինքնուրույն գեղարվեստական պատկերավոր մտածողություն լինել և լինել մի ամբողջական պատկեր, որը կողքի տողերի հետ ոչ մի կապ չունի, սակայն իբրև շնչող, ապրող կատարյալ մի մարմին, կարող է համահունչ լինել ողջ բանաստեղծությանը: Խորհրդանիշերը հոգու տեսողական դաշտում են, այստեղ սովորական աչքի համար փակ են դռները, և նույնիսկ սա է հասկանալի հոգուն, չէ որ ամենը նրանում է, իսկ ինքը չկա իրերի աշխարհի համար, նա ավելի բարձր ոլորտներում է էներգետիկ առումով:

Գիրքը Վարդ Արծափեի հոգեհայելին է, այն է, ինչ կա, ինչին ձգտում է հասնել ու վերածնվել երեք հարությամբ՝ որպես եռաչյա կին-աստվածուհի:

Դժվար է վերծանել կին-առեղծվածին, իսկ բանաստեղծուհուն հասկանալը՝ գրեթե անհնար մի բան: Բնության պահապանի՝ Իսիդայի ուղերձին ծանոթ է բանաստեղծուհին, գիտի, որ այլևս չկա վերադարձ անհոգևոր աշխարհ, որովհետև բանաստեղծական տեսիլքը իրական հայելում ցույց է տվել իր դեմքը… և դա գրողի հոգին է՝ մերկ ու թափանցիկ:

Գրքում, ճիշտ է, երբեմն բացահայտ, երբեմն թաքնված երևում է խմբագրի աշխատանքը, բայց այն չի խանգարել բանաստեղծուհուն պահպանել սեփական ձեռագրի յուրահատկությունը:

Այս գիրքը Վարդ Արծափեի ո՛չ առաջին և, հուսամ, ո՛չ էլ վերջինն է լինելու, այն նրա հոգում հնչող սիմֆոնիայի բառարարումն է, որը գալիս է կին-տիեզերքի անպարփակելի խորքերից՝ բացահայտելու և բացահայտվելու իբրև բանաստեղծական հայտնություն և Ոգու Հարություն:

Բարի ծնունդ և բարի երթ գրքիդ, սիրելի՛ Վարդ Արծափե:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։